Էրեն Քեսքինը ծնվել է 1959 թ. ապրիլի 24-ին Բուրսա քաղաքում։ Հայրը քուրդ է, իսկ մայրը՝ չերքեզ։ Ընտանիքի ազդեցությամբ՝ նրա մոտ համակրանք է ձևավորվել ձախական քաղաքականության նկատմամբ։ Սովորելով Ստամբուլի համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ նա իրականացրել է փաստաբան դառնալու իր երազանքն ու սկսել քաղաքական ուղղվածություն ունեցող դատական գործեր վարելու պրակտիկան։ Նա 1989 թվականից անդամակցում է Մարդու իրավունքների միությանը, ինչ-որ ժամանակ ստանձնել է նաև միության նախագահի պաշտոնը։
1990-ականներին հաստատված ռազմական դրության ժամանակ, երբ քրդաբնակ տարածաշրջաններում պետականորեն իրականացվում էր պարեկային ռեժիմ, հովանավորվում էին գույքի հրկիզումները, չբացահայտվող սպանություններն ու մարդկանց անհետացումները, նա անդամակցում էր տարածաշրջանում մարդու իրավունքների աղաղակող ոտնահարումների դեմ պայքարող կոմիտեների։ Տարածաշրջան կատարած իր այցերի ժամանակ նա ենթարկվել է բանավոր և ֆիզիկական, ներառյալ՝ զինված հարձակումների։
1990-ականների ընթացքում գրեթե 200 գործ է հարուցվում նրա դեմ, իսկ 1995 թվականին նա մեղադրվում է դրանցից մեկով։ Նա վեց ամիս ժամկետով ազատազրկվում է թուրքական «Ազատ օրակարգ» (Օզգյուր Գյունդեմ) օրաթերթում իր հրապարակած «Աշխարհը պարտք է քուրդ ժողովրդին» վերնագրով հոդվածում «Քուրդիստան» բառն օգտագործելու համար։
Քեսքինը պայքարել է նաև կանանց նկատմամբ սեռական բռնության դեմ։ 1995 թվականի բանտարկության ընթացքում նա բացահայտել է, որ գրեթե բոլոր կանայք, որոնց մի մասը նախկինում իր պաշտպանյալներն են եղել, բանտում ենթարկվել են սեռական բռնության։ 1997 թվականին ազատ արձակվելուց հետո այս խնդրին անդրադառնալու նպատակով նա հիմնել է Կալանավայրերում սեռական բռնության և բռնաբարության դեմ իրավական աջակցության գրասենյակը։ Քսան տարվա ընթացքում գրասենյակն աջակցել է հարյուրավոր կանանց և մինչ օրս շարունակում է գործել։
2002 թվականին Գերմանիայում իր ելույթներից մեկում նա անդրադառնում է պետական համակարգում տեղի ունեցող սեռական կտտանքներին, ինչի առնչությամբ նրա դեմ հարուցվում է քրեական գործ «Թուրքական զինված ուժերի բարոյական կերպարը վիրավորելու» հիմքով և նա դատապարտվում է տասն ամսվա ազատազրկման։ Ազատազրկումը փոխարինվում է տուգանքով, որը վճարվում է Մարդու իրավունքների միությանը կատարված հանգանակություններից։ Նույն տարվա ընթացքում Թուրքիայի փաստաբանների միության կարգապահական խորհուրդը մեկ տարի ժամկետով կասեցնում է նրա փաստաբանական գործունեությունը։ Այս ընթացքում լայն տարածում ունեցող լրատվամիջոցները վարկաբեկիչ արշավ են սկսում նրա անձի դեմ։
Ծանր ճնշումների տակ հայտնված «Օզգյուր Գյունդեմ» օրաթերթին աջակցելու նպատակով նա երեք տարի շարունակ հանդես է գալիս որպես օրաթերթի գլխավոր համախմբագիր։ Այսօր նրա դեմ հարուցված է 143 գործ, որոնցից մեկի հիմքում իր ելույթներից մեկն է, իսկ մյուսները հարուցվել են այս կամավոր աշխատանքը ստանձնելու կապակցությամբ։
Նա խիզախորեն և անզիջում շարունակում է պաշտպանել Թուրքիայում մարդու իրավունքները՝ կանգնելով ոտնահարումներից տուժածների կողքին՝ սատարող հաստատությունների հիմնադրման, ինչպես նաև անհատական նախաձեռնությունների և ջանքերի միջոցով։ Կառավարությունը քննադատելու համար Քեսքինը բազմիցս ստացել է մահվան սպառնալիքիներ, ենթարկվել է ֆիզիկական հարձակումների, հայտնվել ատելության քարոզի հորձանուտում, այդուհանդերձ, նա շարունակում է վտանգի միջով անցնելով՝ բերել մարդու իրավունքների ոտնահարումները հանրային օրակարգ՝ հանուն Թուրքիայի ժողովրդի ու աշխարհում ապրող մարդկանց։
Շնորհակալությո՛ւն քեզ, Հրանտ Դինք։
Երբևէ չեմ մոռանա Ռաքել Դինքի ձայնը, երբ նա զանգահարել էր ասելու՝ «Այս տարվա մրցանակը քեզ է շնորհվում, ուզում էի անձամբ քեզ տեղեկացնել»։ Այնպիսի պահ էր իմ կյանքում․․․
Այնպես էի հուզվել, որ ատասվեցի։ Այս մրցանակը գուցե ամենագեղեցիկ պարգևն է, որ երբևէ շնորհվել է ինձ։
Ինձ համար Հրանտ Դինքը միամտության և խիզախության մարմնացումն է։
Խիզախությունը միշտ չէ, որ արտահայտվում է արմատական քայլերով կամ խոսքերով։
Կարելի է միամիտ և խիզախ կերպով ուղղակի հնչեցնել ճշմարտությունը, որը մարդիկ երբեք չեն ուզում լսել և ընդունել։
Սա՛ է արել Հրանտ Դինքը և իր կյանքն է նվիրաբերել այս գործին։
Դարի մեծագույն ոճրագործությանը՝ Հայոց ցեղասպանությանը։
Եվ այդ մեծագույն ոճրագործության վրա կառուցված համակարգին, պետությանը։
Հասարակությանը, որն իր աջական, ձախական և ազատական քաղաքականությամբ մեղավոր է Ցեղասպանության համար։ Հասարակությանը, որը ձևավորվել է իթթիհատական (Երիտթուրքերի) գաղափարախոսությամբ։
Իրապես չափազանց դժվար գործ է եղել խոսելը։
Փաստացի չափազանց բարդ է եղել խոսել նրանց հետ, ովքեր դարձել են հանցակիցն այդ ոճրագործության՝ ընտրելով եղելության մերժման, լռության, մոռացության և անտեսման ճանապարհը։
Հրանտ Դինքն ընտրեց այս բարդ ճանապարհը և իր կյանքը զոհեց հանուն այդ ուղու․․․
Միլիոնավոր մարդիկ եկել էին իրենց հարգանքը մատուցելու այդ ՄԻԱՄԻՏ ԽԻԶԱԽՈՒԹՅԱՆԸ՝ մասնակցելով նրա թաղման արարողությանը․ արարողություն, որն իր ծավալներով գուցե նմանը չունենա այս տարածաշրջանում։
Լինելով անձ, ով 13 տարեկանում բացահայտեց իր «արգելված ինքնությունը», երեխա տարիքում ես հանդիպեցի մեկ այլ «արգելված ինքնության»։
Իմ հորեղբայրն ամուսնացել էր հայ կնոջ հետ։ Պապիկս, ով օրինապաշտ էր և միևնույն ժամանակ ինքն իրեն հռչակել էր դեմոկրատ, պայման էր դրել, որ հորեղբորս կինն ընդունի իսլամը։
Այդ տարիներին իմ մանկական միտքն անկարող էր ընկալել այդ անարդարությունը։
Տարիներ անց, երբ հասունացա, բացահայտեցի հայ ազգի հետ տեղի ունեցածի անտանելի ծանրությունը։
Ես այն մարդկանցից եմ, ովքեր հավատացած են, որ մեր տարածաշրջանում ժողովրդավարության հաստատման առաջին և թերևս գլխավոր նախապայմանը 1915 թվականի Ցեղասպանության հետ առերեսումն է։
Ճանաչումն ու հատուցումը ոչ միայն կնպաստեն մեր անցյալն իմաստավորելուն, այլև կնպաստեն, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները կարողանան ազատ գոյատևել միմյանց նկատմամբ սիրո մթնոլորտում։
Վախի այսպիսի հասարակության մեջ բոլորովին հեշտ չէ խոսել ճշմարտության մասին, որից պետությունն ամեն կերպ խուսափում է։ Հատկապես, երբ լրագրողներն ու մարդու իրավունքների պաշտպանները բանտարկված են, հատկապես հիմա, երբ իմ դեմ հարուցված 143 քրեական գործերից ցանկացածով կարող եմ ամեն պահի հայտնվել բանտում։ Հեշտ չէ, ընկճող է։
Ինչպես Հրանտ Դինքն է գեղեցիկ ձևակերպել․ «աղավնական խռովքի, վախվորածության մեջ ենք»։
Սակայն այդ խռովքը չպետք է խանգարի, որ խիզախորեն արտահայտենք այն, ինչին իրապես հավատում ենք․․․
Այնպես, ինչպես դա արեց Հրանտ Դինքը։
Շնորհակալ եմ քեզ, Հրանտ Դինք, մեզ թողած քո ժառանգության համար՝ սիրո, բարության և խիզախության․․․