Այ Վեյվեյը ծնվել է 1957 թվականին Պեկինում։ Մաո Ցզե-Դունի մահից և Մշակութային հեղափոխության ավարտից հետո նա ընտանիքի հետ վերադարձել է Պեկին։
Այը Պեկինի կինոակադեմիայում սովորել է անիմացիա։ 1983 թվականին նա մեկնել է Նյու Յորք, որտեղ շարունակել է կրթությունը արվեստագիտության ոլորտում։ Նա թողել է ուսումը և սկսել ապրուստ հայթհայթել փողոցային դիմանկարչությամբ և տարբեր տեսակի աշխատանքներ կատարելու միջոցով։ Այս շրջանում նա ծանոթացել է Մարսել Դյուշանի, Էնդի Ուորհոլի և Ջասպեր Ջոնսի պես արվեստագետների աշխատանքներին և սկսել է ստեղծագործել կոնցեպտուալ արվեստի շրջանակներում։
1993 թվականին նա վերադառնում է Չինաստան։ 2008 թվականին Սիչուանի երկրաշարժից տասն օր անց նա այցելում է տարածաշրջան իրավիճակին ծանոթանալու և կատարվածը տեղում նկարահանելու համար։ Այցի ընթացքում նա գիտակցում է, որ կառավարության հրապարակած տեղեկությունները ճշգրիտ չեն ներկայացնում տիրող իրավիճակը։ Նա ստեղծում է «Քաղաքացիների հետաքննություններ» կայքէջը և հրապարակում տեղեկություններ պետական դպրոցների կառուցման ընթացքում տեղ գտած շինարարական սխալների և ստանդարտներին չհամապատասխանող շինանյութի օգտագործման վերաբերյալ, որոնք էլ երկրաշարժի ընթացքում բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ էին դարձել։ Նա նաև հրապարակում է զոհված աշակերտների պատմություններ և երկրաշարժի շուրջ իր կատարած հետաքննություններին վերաբերող մի շարք հոդվածներ։ Այս գործունեության պատճառով Չինաստանի կառավարությունը փակում է կայքը։ 2010 թվականին որոշում է կայացվում ապամոնտաժել Շանհայում Այի նորակառույց ստուդիայի շենքը, որտեղ նա նախատեսում էր ճարտարապետության դասընթացներ կազմակերպել։ Որոշումը կայացվում է ի հեճուկս այն հանգամանքի, որ կառուցապատումն իրականացվել էր բոլոր անհրաժեշտ պետական թույլտվությունների առկայության ապահովմամբ։ Նա հայտարարում է, որ որոշումը կայացվել էր այն պատճառով, որ ինքը «հիասթափեցրել» էր Շանհայի քաղաքապետարանին «զգայուն» թեմաների վերաբերյալ իր վավերագրականներով։ Նրա նկատմամբ տնային կալանքի կիրառման հրաման է արձակվում, և չնայած այն փաստին, որ հրամանը չեղարկվում է հաջորդ օրը, դրան հաջորդում են նրա՝ երկրից հեռանալուն խոչընդոտելու մի շարք փորձեր։ 2011 թվականի ապրիլին, երբ նա պատրաստվում էր մեկնել Հոնկ Կոնգ, նրան բերման են ենթարկում օդանավակայանում։ Նրա ստուդիան խուզարկում է ոստիկանությունը, հավաքագրած նյութերն ու համակարգիչն առգրավվում են, նրա աշխատակիցները կալանավորվում են։ Նա անազատության մեջ է պահվում երեք ամիս։ Չնայած մինչև 2015 թվականը շարունակվող խիստ պետական վերահսկողությանը և ճամփորդելու սահմանափակումներին՝ նա շարունակում է իր արվեստի միջոցով քննադատել սոցիալական անհավասարությունը։
2015 թվականից ի վեր նա ստեղծել է պատերազմների հետևանքով Միջին Արևելքից Եվրոպա փախչող մարդկանց թեմայով գեղարվեստական ինստալիացիաներ, որպեսզի աշխարհի ուշադրությունը հրավիրի փախստականների գոյապայքարի վրա։ Փախստականների խնդիրներին նա անդրադարձել է տարբեր եղանակներով, օրինակ՝ 2015 թվականի աշնանը լուսանկարահանվելով սիրիացի փախստական երեխայի՝ Ալան Կուդրիի կերպարով, որի մարմինը նավաբեկությունից հետո ալիքները նետել էին Բոդրումի ափ, 2016 թվականի փետրվարին Բեռլինի կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված՝ «Կինոն հանուն խաղաղության» ընթրիքի ընթացքում հոլիվուդյան աստղերին ծովային ճանապարհով գաղթած փախստականներից վերցված ծածկոցներ բաժանելով, Բեռլինի դրամատիկական թատրոնի սյուների վրա փրկարար բաճկոններ տեղադրելով, և վերջապես՝ իր «Մարդկային հոսքը» վավերագրական ֆիլմի միջոցով։
Ժամանակակից արվեստի, լուսանկարների և ֆիլմերի միջոցով իր քաղաքական և մշակութային քննադատությունն արտահայտելով՝ նա հանրության ուշադրությանն է ներկայացնում աշխարհում տեղի ունեցող անհավասարությունը և մարդու իրավունքների ոտնահարումները։ Չնայած նրան, որ իր մայրենի երկրի՝ Չինաստանի կառավարության հակաժողովրդավարական և մարդու իրավունքները ոտնահարող գործունեությունը քննարդատելու համար նա ենթարկվում է ծայրահեղ ճնշումների, նա անտրտունջ շարունակում է մարդկությանն ի ցույց դնել հայելապատկերային իրականությունը և այդպիսով բարձրացնել հանրային իրազեկվածությունը։
Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս կարևորագույն մրցանակաբաշխության արարողությանը և դառնալ Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակի դափնեկիր։ Սա իրոք մեծագույն պատիվ է ինձ համար։ Հիմնադրամի գործունեությունը մարդկության պաշտպանության, ճշմարտության բացահայտման, մեր հիշողությունների պաշտպանության ուղղությամբ և հավատ ներշնչելով, որ մարդկությունը «մեկ» տեսակի է լինում, իսկապես տպավորիչ է։ Երբ մարդկության նկատմամբ ոտնձգություն է տեղի ունենում՝ անկախ վայրից, անձից, անկախ ժամանակից, մենք բոլորս խոցվում ենք, և սա է պատճառը, որ մենք պարտավոր ենք պաշտպանել յուրաքանչյուր մարդու իրավունք՝ ուր էլ նա լինի։
Շնորհակալ եմ։