Սամար Բադավին ծնվել է 1981 թ. Սաուդյան Արաբիայում։ Իրավունքների համար իր պայքարը սկսել է շատ վաղ տարիքից, երբ դատի տվեց հորը, որ տասնհինգ տարի շարունակ իրեն ֆիզիկական բռնության էր ենթարկում։ Հակադրվելով տղամարդ խնամակալ ունենալու օրենքին, ըստ որի ցանկացած տարիքի կին պետք է ունենա տղամարդ խնամակալ, նա դատի տվեց սեփական հորը, որը թույլ չէր տվել իրեն ամուսնանալ։ Հոր հակահայցի արդյունքում, որն իր անհնազանդության վերաբերյալ էր, Սամար Բադավին 2010 թ. ապրիլի 4-ին ձերբակալվեց։ Սաուդյան «Մարդու իրավունքների առաջին ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը նրա ազատազրկումը հայտարարեց «անհամաչափ ու ապօրինի»։ Տեղի ու միջազգային զորակցության արշավների օգնությամբ նույն թվականի հոկտեմբերի 25-ին նա ազատ արձակվեց, իր նկատմամբ խնամակալությունը փոխանցվեց մորեղբորը։
Բադավին ներգրավվեց կանանց ընտրական իրավունքին վերաբերող իրավական նախաձեռնություններում։ Երբ 2011 թ. սեպտեմբերին կայանալիք տեղական ընտրություններից առաջ ընտրողների գրանցման կենտրոնը մերժեց գրանցել նրան, Բադավին հայտարարեց, որ չկա որևէ օրենք, որով արգելվում է կանանց քվեարկությունը և առաջադրումը ընտրություններում, ուստի այդ մերժումն անօրինական էր։ Դրան հետևեց Մունիցիպալ ու գյուղական հարցերի նախարարության դեմ Բողոքարկման խորհրդին ներկայացված հայցը։ Հղում կատարելով Մարդու իրավունքների մասին արաբական խարտիայի տարբեր հոդվածներին, որոնցով արգելվում էր խտրականությունն ընդհանուր առմամբ՝ նա պահանջեց քվեարկելու ու ընտրովի պաշտոններում առաջադրվելու իրավունք։ 2011 թ. ապրիլի 27-ին Խորհուրդը համաձայնեց գործը քննել ավելի ուշ, սակայն վերջնական արդյունքում վճռեց, որ հայցը հիմքեր չուներ։
2011 և 2012 թթ. նա իր մասնակցությունն ունեցավ ավտոմեքենա վարելու՝ կանանց իրավունքին նվիրված պայքարին։ 2011 թ. հունիսին տեղի ունեցած գլխավոր արշավից հետո նա շարունակեց ավտոմեքենա վարելու արշավը Ջեդդայում, օգնեց մյուս կին վարորդներին ոստիկանների ու դատարանների հետ քաշքշուկներում։ Մատնանշելով, որ կին վարորդների նկատմամբ պատժամիջոցների որևէ իրավական հիմք չկա, Բադավին ու այս ուղղությամբ պայքարող մյուս կին իրավապաշտպան ակտիվիստները դատի տվեցին Սաուդյան Արաբիայի երևեկության ընդհանուր վարչությանը, որ վերջինս մերժել է վարորդական վկայագրեր ստանալու իրենց դիմումները։ 2012 թ. մարտին ԱՄՆ պետքարտուղարությունը նրան շնորհեց Խիզախ կանայք միջազգային մրցանակը՝ խնամակալության օրենքին ընդդիմանալու, ընտրական իրավունքի դատական հայցերի ու իր պայքարների համար, որոնցով նա այլ կանանց համար խիզախության ու ոգեշնչման աղբյուր էր հանդիսանում։
2014 թ. Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում իր ելույթի ժամանակ Բադավին խոսեց Սաուդյան Արաբիայում իրավապաշտպանների խաղաղ քաղաքական ցույցերի ճնշման մասին, իր ամուսնու՝ իրավաբան ու իրավապաշտպան Վալիդ Աբդուլխայիրի ձերբակալման մասին։ Միացյալ Նահանգներում նա սենատորներին ու իրավապաշտպան կազմակերպություններին պատմում էր իր ամուսնու ու այլ քաղբանտարկյալների դրության մասին։ ԱՄՆ այս այցելության ընթացքում նա Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունից ստացավ բացեիբաց սպառնալիք, որով նախազգուշացվում էր, որ նա դադարեցնի իրավապաշտպանական իր գործունեությունը։ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո նրա անձնագիրը բռնագրավվեց։ 2014 թ. դեկտեմբերին նա գնաց Քինգ Աբդուլազիզ օդանավակայան, որպեսզի ճամփորդի Բրյուսել, որտեղ կայանալու էր Մարդու իրավունքների վերաբերյալ Եվրամիության ՀԿ-ների 16-րդ ֆորումը, սակայն նրան օդանավակայանում կանգնեցրին, քանի որ Արտաքին գործերի նախարարությունը նրա անունով ճամփորդական արգելք էր արձակել։ Չնայած արտասահման դուրս գալու արգելքին ու բազմաթիվ այլ խոչընդոտներին՝ Սաման Բադավին շարունակում է իր պայքարը՝ հանուն իրավունքների։