ՇԵԲՆԵՄ ՔՈՐՈՒՐ ՖԻՆՋԱՆՋԸՆ ծնվել է 1959 թ․ Ստամբուլում։ Ջերահփաշայի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո նա խորացրեց մասնագիտացումը դատաբժշկության ոլորտում։ 1987-ից 1990 թվականը ուսումնասիրել է Դասական հնագիտություն Ստամբուլի համալսարանի գրականության ֆակուլտետում։ 1992 թ․ համահիմնադրեց Դատաբժշկական մասնագետների ընկերակցությունը, որի նախագահն էր 1993-1996թթ․։ Նա նաև Թուրքիայի քրեական իրավունքի միության հիմնադիր անդամներից է։
Շեբնեմն իր մասնագիտական կարիերան նվիրել է խոշտանգումների ու կտտանքների դեմ պայքարին և Թուրքիայում այս ոլորտի առաջամարտիկը դարձել։ 1990-ականներին, երբ Թուրքիայում կտտանքները տարածված էին ու իշխանությունների կողմից կոծկվում էին, պետությունը նրան ճնշումների ու արգելանքների ենթարկեց, քանի որ նա գրում էր բժշկական էթիկայի մասին հոդվածներ ու կտտանքները վավերագրող զեկույցներ։ Լրագրող Ուղյուր Մումջուի սպանության գործով մեղադրյալների մասին զեկույց հրապարակելուց հետո նա հայտարարեց, որ իշխանություններն իրեն սպառնացել են։ Շուտով հայտնվեց նաև գաղտնի պաշտոնական փաստաթուղթ, որ դրվել է նրան պաշտոնից հեռացնելու պահանջ։ Երբ Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Մեհմեթ Աղարը, Շեբնեմն ակտիվորեն պայքարում էր, որպեսզի կանխի Դատաբժշկագիտության ինստիտուտի վերածումը պետական հաստատության, որտեղ սիստեմատիկ կերպով ոչնչացվում էին փաստաթղթեր, ինչպես Սուսուրլուկի դեպքն էր։
1997 թ․ նա զբաղեցրեց Ստամբուլի բժշկական համալսարանի դատաբժշկության բաժնի ղեկավարի պատշոնը։ 2004 թ․ նա հեռացվեց այդ պաշտոնից, սակայն վերականգնվեց 2005 թ․՝ Վարչական դատարանի վճռի ու Բարձրագույն կրթական խորհրդի որոշման հիման վրա։ Մի քանի անգամ նրան հեռացրել են իր մյուս՝ Դատաբժշկական մասնագիտության խորհրդի իստիտուտի նախագահի պաշտոնից, որը նա վերստին զբաղեցրել է դատավարություններ հաղթելուց հետո։
1996 թ․ նա մասնակցել է Բոսնիայի Քալեսիցա շրջանի զանգվածային գերեզմանների արտաշիրիմումներին՝ որպես ՄԱԿ-ի միջազգային քրեական տրիբունալի կողմից նշանակված խմբի անդամ։ 1999 թ․ նա համահեղինակեց Ստամբուլյան պրոտոկոլ փաստաթուղթը, որը ՄԱԿ-ի կողմից ճանաչվեց իբրև կտտանքների գնահատման միջազգային ուղեցույց։ Նա այնուհետև տարբեր երկրներում դասախոսություններ կարդաց պրոտոկոլի կիրառման վերաբերյալ։ 2000 թ․ մասնակցեց «Բժիշկներ հանուն մարդու իրավունքների» միջազգային ծրագրին Հարավային Աֆրիկայում, իսկ 2002 թ․ ներգրավվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կանանց նկատմամբ սեռական բռնության հետազոտման ու ուղեցույցի կազմման ծրագրում։
Կտտանքների զոհերի ռեաբիլիտացիայի միջազգային խորհրդի (IRTC) անունից ծպտյալ տուրիստի կարգավիճակով այցելեց Բահրեյն ու երիտասարդ մի տղամարդու դիակից վերցրեց նմուշներ։ Ոստիկանության պաշտոնական վարկածով ծովում հայտնաբերված երիտասարդը խեղդվել էր։ Բերելով մասունքները Թուրքիա՝ դիահերձման արդյունքում հաստատեց, որ նա խոշտանգվել ու սպանվել էր կալանավայրում, ինչպես պնդում էին նրա հարազատները։
Շեբնեմն ապացուցեց, որ Ադիլ Սերդար Սաչանը՝ Կազմակերպված հանցավորության մասնաճյուղի նախկին տնօրենը, կտտանքներ էր իրականացնում։ Շեբնեմը նաև ներգրավված է եղել Էրգենեքոնի գործով․ դիմում էր գրել միջամտել այն հիմքով, որ իր հեռախոսազանգերը գաղտնալսվում ու իր անձնական տվյալները հավաքագրվում էին Էրգենեքոն կազմակերպության կողմից՝ այդպիսով դառնալով միակ միջնորդություն ներկայացնող կողմը Էրգենեքոնի գործում։
Շեբնեմը հանրայնացրել է հիվանդություններ ունեցող մեծ թվով կալանավորների խնդիրները, որոնք պաշտոնական հաշվետվություններ էին պահանջում Արդարադատության նախարարությունից ու Դատաբժշկության ինստիտուտից, հրավիրել է ուշադրություն Դատաբժշկության ինստիտուտի անկախ լինելու կարևորության վրա։ Չնայած պաշտոնական հակադարձումներին, նա բացեիբաց պնդում է, որ ամբողջովին վերանայվի Դատաբժշկության ինստիտուտը, որպեսզի իրավական համակարգը Թուրքիայում պատշաճ գործի։ Չնայած սա ձեռնտու չէ իշխանություն ունեցողներին, քանի որ պետության կողմից իրականացվող իրավախախտումները Շեբնեմի ուշադրության կենտրոնում են, նա չի դադարեցրել կտտանքների դեմ իր պայքարը, շարունակում է խոսել ճշմարտությունը՝ չնայած տարատեսակ ճնշումներին ու սպառնալիքներին։
Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն դասավանդում է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի դատաբժշկության բաժնի, ինչպես նաև Գալաթասարայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի ավարտական ու ասպիրանտական կուրսերին, Ստամբուլի համալսարանի դատաբժշկագիտության ինստիտուտի մագիստրոսական ու ասպիրանտական ավարտական աշխատանքների խորհրդատուն է։
2009 թ․ ի վեր նա Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամի նախագահն է։
Սիրելի՛ ընկերներ,
Ողջունում եմ բոլորիդ սիրով ու ընկերաբար և կարոտով հիշում աշխարհով մեկ սփռված մեր բոլոր ընկերների ու բարեկամների հիշատակը, որոնք դարձել են պետությունների բռնի սպանությունների զոհեր, մեր խռովված ու այս հողում անպաշտպան մնացած աղավնիների, և հատկապես՝ այդ հիանալի մարդ արարածի՝ Հրանտ Դինքի հիշատակը։ Ես բժիշկ եմ և միշտ հավատացած եմ եղել, որ բժիշկ լինելը կենսակերպ է։ Այս կենսակերպն ընտրելիս սովորեցի պայքարել մարդկության համար, մարդկության կողմը բռնել։ Նաև միշտ մտածել եմ, որ այլ կերպ լինել չէր կարող։
Այսօր և՛ անհարմար եմ զգում, և՛ ինձ համար մեծ պատիվ է։ Անհարմար եմ զգում, քանի որ մրցանակ եմ ստանում մի բանի համար, որ փորձում եմ պարզապես մարդ լինելու իմ պարտականությունն իրականացնել։ Մեծ պատիվ զգալուց բացի՝ անհարմար եմ զգում, որովհետև ստանում եմ նույն մրցանակն, ինչ Շաբաթօրյա ցուցարար մայրերը, որոնք տարիներ շարունակ պետության կողմից անհետացած իրենց հարազատներին են փնտրում։ Անհարմար եմ զգում, քանի որ այս մրցանակը շատ մեծ նշանակություն ունի։ Անհարմար եմ զգում, որովհետև մտածում եմ՝ արել եմ՝ ինչ պետք էր անել, իսկ դա մրցանակի արժանի չէ։ Անհարմար եմ զգում, քանի որ այն, ինչ պետք է արվի, այս հողում դեռևս պատրաստակամորեն չի արվում։ Այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը դեռևս քննարկվում է փակ դռների հետևում, քրդերի մերժումը, նրանց ոչնչացումը, փաստը, որ այս հողերի բնիկներին ոչնչացնելն ամեն տարի տոնվում է, որ ապրում ես ամոթով, որ շարունակաբար նոսրացող հայկական համայնքի թաղամասում դպրոցը Թալեաթ Փաշայի անունով է, փողոցը՝ Էրգենեքոնի, նրբանցքը՝ Թուրք Բեյի, որ զգում ենք բոլոր ճնշված մարդկանց աղաղակը մեր սրտերում, բայց ձախողել ենք դարման դնել նրանց վերքերին։ Անհարմար եմ զգում այս ամենից․․․
Պատիվ եմ զգում, իսկապե՛ս պատիվ։ Այս մրցանակը՝ շնորհված սիրելի Հրանտ Դինքի անունով, մի մրցանակ է՝ նվիրված պայքարին, որին միասին մասնակցել ենք մեծ վճռականությամբ։ Փաստը, որ ինձ արժանի են համարել մի մրցանակի, որը տրվում է մարդկանց, ովքեր «գործունեություն են վարում հանուն մի աշխարհի, որը ձերբազատված է խտրականությունից, ռասիզմից ու բռնությունից, ովքեր իրենց իդեալների համար վտանգում են իրենց, ովքեր խաղաղության լեզու են օգտագործում և դրանով ոգևորում ու խրախուսում մյուսներին», պատիվ է իմ պայքարի համար։ Ինձ համար պատիվ է նաև լինել ընկերների հետ միասին նույն ջերմ միջավայրում։ Այս սրահից դուրս կգամ ավելի մեծ ուժով՝ իմանալով, որ մենք մենակ չենք, դուրս կգամ վստահությամբ։ Այս հողում պայքարելու է՛լ ավելի մեծ փութաջանությամբ, որտեղ ցավալիորեն մարդկային տառապանքը հանապազօրյա է։ Մաքուր խղճով, որ անում եմ ճիշտ բան, մարդ եմ մնում․․․
Այս անվերջ պայքարում միշտ ինձ ընկերներով շրջապատված եմ զգացել, ջերմությամբ պարուրված։ Ինձ դիմադրելու ուժ է տվել հենց այս ջերմ ընկերությունն ու զորակցության ոգին։
Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ այս մրցանակին ինձ անվանակոչելու, այն ինձ շնորհելու ու ձեր ջերմ ներկայությանն ինձ արժանացնելու համար։
Ապրում եմ հուսով լի։