2013 թ․ մրցանակը ստացել են Շաբաթօրյա ցուցարար մայրերը/մարդիկ, ովքեր Թուրքիայում պահանջում են, որ կալանավորվելուց հետո հարկադրաբար անհետացած անձինք գտնվեն, մեղավորներն արդարադատության առջև կանգնեն։ 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՇԱԲԱԹՕՐՅԱ ՑՈՒՑԱՐԱՐ ՄԱՅՐԵՐԻ/ՄԱՐԴԿԱՆՑ խումբը ձևավորվեց այն ժամանակ, երբ մի խումբ կանայք միավորվեցին պահանջի շուրջ, որ կալանքի տակ գտնվող և հարկադրաբար անհետացած անձինք գտնվեն, իսկ մեղավորները կանգնեն արդարադատության առջև։ Նրանք իրենց առաջին նստացույցն անցկացրին 1995 թ․ մայիսի 27-ի կեսօրին Ստամբուլում՝ Գալաթասարայի ավագ դպրոցի առջև։   

1995 թ․ մարտի 20-ին Հասան Օջակը պետք է տուն վերադառնար, բայց արդեն 55 օր էր՝ իր գտնվելու վայրի մասին որևէ լուր չկար։ Հետո հայտնի դարձավ, որ Օջակի մարմինը, որի վրա խոշտանգման հետքեր կային, հայտնաբերվել էր Ստամբուլի անտառներից մեկում, այնուհետև թաղվել անօթևանների համար նախատեսված գերեզմանում։ Օջակի դեպքը «անհետացման» առաջին դեպքը չէր, սակայն այս անգամ կային շատ ականատեսներ ու ապացույցներ։ Կալանավայրերից հարկադրաբար անհետացած մարդկանց հարազատները՝ շուրջ 30 հոգի, միախմբվեց և հանրության ուշադրությունը գրավելու համար որոշեց նստացույց անցկացնել Գալաթասարայի հրապարակում։

Նրանք ոչ միայն պահանջում էին իրենց հարազատների դիերի ոսկորները, այլև պատասխանատվության ու արդար դատի էին կանչում հարկադիր անհետացումների համար պատասխանատուներին, որպեսզի ճանապարհ բացվեր դեպի նոր Թուրքիա։ Այս նպատակով յուրաքանչյուր շաբաթ օր, նրանք կես ժամով նստում էին նույն վայրում՝ անկախ եղանակային պայմաններից, անձրևից, ձնից, քամուց կամ արևից։ Նստացույցին պահում էին իրենց «անհետացած հարազատների» լուսանկարներով պաստառներ, կարդում էին մամլո հաղորդագրություններ ու լուռ ցրվում էին։ Այս լուռ պայքարն աճում էր, մասնակցում էին Դիարբեքիրում, Բաթմանում, Ուրֆայում ու Ջիզրեում հարկադրաբար անհետացած մարդկանց հարազատները։ Նստացույցերի սկսվելուց հետո առաջին ամսվա ընթացքում իսկ ոստիկանությունը ճնշում է ակցիան։ Ճնշումներն ու սպառնալիքները կրկնվում էին ամեն շաբաթ։ Տարբեր տեսակի ճնշումների էին ենթարկվում նաև իրավապաշտպանները, ովքեր ի նշան զորակցության միանում էին ցուցարարներին։ 

Նստացույց անողների անկոտրում դիմադրությունը հանգեցրեց Թուրքիայի իշխանությունների նկատմամբ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին ճնշման․ պահանջվում էր պաշտոնապես հաշիվ տալ հարկադրաբար անհետացածների կապակցությամբ։ Միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունները հատուկ բաժին էին հատկացնում «Թուրքիայում կալանքի ընթացքում անհետացումների» թեմային, խնդիրն օրակարգում էր լինում միջազգային մակարդակի կառավարական հանդիպումների ժամանակ։ Այս բոլոր տարիների ընթացքում՝ նստացույցերի մեկնարկից ի վեր, ցուցարարները կանխեցին, որ հարկադրաբար անհետացածները դառնան զուտ վիճակագրություն, նրանք ստիպեցին, որ մարդիկ ճանաչեն անհետացած անձանց իբրև միս ու արյուն ունեցած մարդկանց։ 1999 թ․ ակցիաների նկատմամբ կոշտ պետական ճնշումից ու ոստիկանական հարձակումներից հետո հավաքները դադարեցին՝ վերսկսելով 2009 թ․։ Այդ տարվա հունվարի 31-ից, նրանք շարունակում են իրենց լուռ նստացույցը՝ երբեմն նաև պարզելով 1915 թ․ «անհետացած» հայ մտավորականների լուսանկարները։ 

Այս մարդիկ, որ շարունակաբար փնտրել են կալանավայրերում հարկադրաբար անհետացած իրենց հարազատներին ու ուզում են, որ նրանք նվազագույնը գերեզման ունենան, Թուրքիայում մարդու իրավունքների համար պայքարի պատմության մեջ բեկում են մտցրել։ Նրանք աննախադեպ դիմադրություն են դրսևորել հանուն նրա, որ ուրիշները նմանատիպ ցավից չտառապեն։ Նույնիսկ, երբ նրանք բռնության էին ենթարկվում՝ իրենց լուռ ճիչերն արձակելով, դառնում էին ու շարունակում էին լինել ճշմարտության պաշտպաններ։

Էմինե Օջաք

Երանի մեր երեխաները մահացած չլինեին, ու մենք այստեղ չգայինք։ Թող երեխաները չմահանան ու չթաղվեն։ Այս հողը մեր բոլորինս է, մեր երեխաներինն է։ Սա որբերի հողն է, սիրո հողը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Մեր երեխաներին հողին են հանձնում հիմա, հետ եմ ուզում նրանց, նրանց համար գերեզմաններ եմ ուզում։ 

Հանիմ Թոսուն

Այս մայրը (ի նկատի ունի Էմինե Օջաքին) փորձեց զսպել իրեն։ Մայրական բարությամբ, սիրով ու հարգանքով ողջունում եմ բոլորիդ Շաբաթօրյա բոլոր մայրերի անունից։ Թույլ տվեք շարունակել ելույթս քրդերեն։ 

Հարգանքներս ու ողջույններս բոլորիդ Շաբաթօրյա ցուցարար մայրերի անունից։ Ես նրանց բոլորին շնորհակալ եմ, քանի որ նրանք արժանացան այս մրցանակին, բայց երանի չլիներ այդ առիթը, հանուն որի կտրվեր մեզ այս մրցանակը, երանի մեր երեխաները, մեր անհետ կորածները մեզ հետ լինեին։

Անշուշտ տխուր ենք, բայց մյուս կողմից՝ շատ հպարտ ենք Հրանտ Դինքի կողքին լինել։ Հրանտ Դինքը միշտ մեզ հետ է, և մենք էլ միշտ կլինենք Հրանտ Դինքի հետ։ 

Թող վառ լինի Ափե Մուսայի, Վեդաթ Այդինի ու Հրանտ Դինքի հիշատակը, որ սպանվել են ճշմարտության մասին գրելու համար ու երբեք չեն դադարել գրել ճշմարտությունը, համառորեն շարունակել են գրել ճշմարտությունը։

Այսօր նաև հիշում եմ Ահմեթ Քայային։ Նա կորցրեց իր կյանքը, քանի որ ուզեց երգել քրդերեն։ Հիշում եմ նաև մյուս բոլոր մարդկանց, որոնք սպանվել կամ ազատազրկվել են իրենց լեզվից՝ քրդերենից երբեք չհրաժարվելու համար։ 

Ահմեթ Քայան պատրաստվում էր Շաբաթօրյա ցուցարար մայրերի անունից մրցանակ ստանալ, ու այդ պատճառով ինքնադատաստանի ենթարկվեց։ 

Այս բեմից ոգեկոչում եմ բոլոր նրանց, ովքեր պայքարել են անհետ կորածների համար, ովքեր պաշտպանել են մարդու իրավունքները, ովքեր շարունակում են մնալ բանտերում կամ այդ ճանապարհին արդեն մահացել են։ Կոչ եմ անում ազատ արձակել նրանց, ովքեր դեռևս բանտում են։ Երանի կարողանայի գոնե օրինակի համար մեկի անունը հիշատակել, բայց շատ շատերն են բանտում։ Մուհարեմ Էրբեյը բանտում է հիմա, որովհետև պայքարել է անհետ կորածների, զանգվածային գերեզմանների համար։ Ահմեթ Քարայի նման, ընդունում եմ այս մրցանակը մարդու իրավունքները պաշտպանող բոլոր անձանց կողմից, ողջունում եմ նրանց բոլորին խորին հարգանքով։ Ուզում եմ, որ նա շուտափույթ ազատ արձակվի։ 

Իքբալ Էրեն

Հրանտ Դինքի ընկերնե՛ր, բարև ձեզ, 

երբ իմացա, որ այս տարվա մրցանակը մեզ է շնորհվել՝ Շաբաթօրյա ցուցարար մայրերիս, ուրախացա ու կրկին անգամ մտածեցի Հրանտ Դինքի մասին։ Մտածեցի նրա ծրագրերի մասին, դիտեցի, կարդացի նրա հարցազրույցները։ Ինչ էլ անում էի, գալիս էի նույն եզրակացությանը։ Ուրեմն, սրանք են Հրանտից ինձ մնացած հիշողությունները։ Որո՞նք են դրանք։ Իր յուրաքանչյուր խոսքում Հրանտը խոսում էր ժողովուրդների եղբայրության մասին, խոսում էր խաղաղության մասին։ Նա խաղաղության մասին ոչ միայն խոսում էր, այլև փութաջանորեն այն պաշտպանում։ Իր կարճ կյանքը նա այնքան լցրեց խաղաղության ու եղբայրության ճանապարհով․․․

Ու երբ ես սկսեցի մտածել ու ինքս ինձ հարց տալ, թե ինչու է այս պարգևն այսօր շնորհվում Շաբաթօրյա ցուցարար մայրերին, նայեցի նախկին մրցանակակիրների ցուցակն ու մրցանակաբաշխության չափորոշիչները ու գտա, որ «մրցանակը տրվում է անձանց, հաստատությունների ու խմբերի, որոնք չեն տածում խտրականություն, ռասիզմ ու բռնություն»։ Այս հողերում իշխողները միշտ զրկել են իրավունքից նրանց, ում կարծիքները տարբերվում էին իրենցինից՝ անկախ կրոնից, լեզվից ու էթնիկ ծագումից։ Իբրև Շաբաթօրյա ցուցարար մայրեր՝ անկախ կրոնից, ցեղից կամ էթնիկ ծագումից, նստացույցեր անցկացնելով՝ հարցադրում ենք մեր հարազատների ճակատագրի մասին, որոնք պետության ոստիկանական ուժով կալանավորվել են, ու պատասխանատվություն ենք պահանջում։ Այս համատեքստում կարելի է ասել, որ «արժանի ենք» այս մրցանակին։ 

Մրցանակաբաշխության մասին նաև ասվում է, որ «մրցանակը տրվում է նրանց, ում գործունեությունն ուղղված է ավելի արդար ու ազատ աշխարհ ունենալուն»։ Անհետ կորած մեր հարազատներին ստիպել են անհետանալ, քանի որ նրանց գործունեությունն ուղղված էր ավելի ազատ ու արդար աշխարհ ունենալուն։ Ամեն շաբաթ մենք հայտարարում ենք մեր անհետ կորածների նկատմամբ հանցանք գործածների մասին ու մերժում նրանց հանցանքները։ Երբ այդ հանցավորները կանգնեն արդարադատության ու մեր առջև, մենք մի քայլ կատարած կլինենք դեպի ազատ ու արդար աշխարհ։ Ուրեմն, կրկին անգամ մենք արժանի ենք այս մրցանակին։ 

Հետո շարունակվում է․ «մրցանակը տրվում է նրանց, ովքեր դուրս են գալիս սովորականի շրջանակներից»։ 1995 թ․ մարտի 20-ից ի վեր մայրերը դուրս են եկել սովորականի շրջանակներից՝ կազմակերպելով աշխարհում ամենաերկարատև շարունակական ցույցը։ Ուրեմն, սա նշանակում է, որ մենք արժանի ենք մրցանակին։ 

18 տարվա մեր պայքարում գտել ենք խոշտանգված մեր եղբայր-քույրերի, ամուսինների ու երեխաների մարմինները անանուն գերեզմաններում․ Հասան Օջակ, Ռիդվան Քարաքոչ, Ֆերհաթ Թեփե, Վեջդի Ավջիլ։

Մենք գնացել հասել ենք մեր երեխաների, ովքեր իրապես դեռ երեխա էին, այրված մարմիններին մինչև մահվան դժոխք․ ինչպես Սեյհան Դողանինը կամ Մեհմեթ Էմին Ասլանինը։ Կան այնպիսինները, որոնք առանց որևէ հետքի փոշիացել են, ու մենք չենք կարողացել նրանց գտնել․ Քենան Բիլգին, Ջեմիլ Քիրբայիր, Հայրեթին Էրեն, Նուրեթին Եդիգյոլ, Բեհմի Թոսուն, Հուսեյին Թասքարա, Աբդուռահիմ Դեմիր, Քասիմ Ալփսոյ, Մուրատ Յիլդիզ, Հասան Գյուլունայ։ Բազմաթիվ ականատեսներ կան, թե նրանց ինչպես են կալանավորել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում արձանագրվել է նրանց կալանավորվելու գործընթացը։ JITEM-ի ու MIT-ի անդամների վկայություններից ակնհայտ է դառնում, որ նրանց սպանել են, նետել ջրհորները, թաղել առանց նույնականացնելու, ուղղաթիռներից նետել ժայռերի վրա։

Երկար տարիների մեր պայքարի ընթացում տեսել ենք, որ սիստեմատիկ կերպով անհետացած մեր երեխաների, ամուսինների, քույր-եղբայրների ու ծնողների ճակատագրերը համառորեն թողվել են խավարի մեջ։ Չնայած մենք ամեն շաբաթ Գալաթասարայի հրապարակում, Դիարբեքիրում, Բաթմանում ու Ջիզրեում հայտարարում ենք նրանց նկատմամբ հանցանքներ գործածների անունները, արդյունք տվող որևէ քննություն չի անցկացվում, նրանց արդարադատության առջև չեն կանգնեցնում։ Հասարակությունը չի կարող իրացնել խաղաղության ու ժողովրդավարության մեջ ապրելու իր իրավունքը, քանի դեռ ճշմարտությունը բացահայտելու, արդարություն ապահովելու ու մարդկության դեմ նման հանցանքների կրկնումը կանխելուն միտված մեխանիզմների ու օրենքների ներդրման ուղղությամբ մեր պահանջները չեն կատարվել։ 

Մենք չենք պայքարում միայն մեր երեխաների համար, ովքեր կալանքի ժամանակ հարկադրաբար անհետացել են։ Միաժամանակ մենք պայքարում ենք այս հողի երեխաների համար, ճշմարտության հասնելու համար, որ նրանք լինեն ազատ, հավասար, արդար ու արժանապատիվ մարդ արարածներ։ Մենք պայքարում ենք, որպեսզի դիմադրենք այս հողերում մարդկության դեմ բոլոր հանցանքներին ու վերջ տանք նման հանցանքների հիմքում ընկած մտածողությանը։ Դա է պատճառը, որ 442-րդ շաբաթն է, ինչ Գալաթասարայում ենք։

Ուզում ենք մեր անհետ կորածներին, ինչպես նաև ճշմարտություն։ Ուզում ենք մեր անհետ կորածներին, ինչպես նաև ժողովրդավարություն։ Ուզում ենք մեր անհետ կորածներին, ինչպես նաև խաղաղություն։ 

Շնորհակալ ենք Հրանտ Դինք հիմնադրամին ու ժյուրիին, որ հաշվի առան 442 շաբաթական մեր պայքարը հանուն արդարության։ 

Շատ կազմակերպություններ ու ընկերներ են մեզ աջակցել մեր պայքարում, բայց այսօր հիշելու ենք մեկի անունը։ Այս մրցանակը նվիրում ենք Մուհարեմ Էրբեյին՝ Մարդու իրավունքների միության Դիարբեքիրի մասնաճյուղի նախկին ղեկավարին՝ չնույնականացված մարդասպանների կողմից սպանությունները հետաքննելու ու զանգվածային գերեզմանները գտնելու նրա ջանքերի համար։ Երջանիկ կլինեինք, եթե նա ընդուներ այն։ 

Եվս մեկ անգամ շնորհակալ ենք մրցանակի համար։