«Մեմորիալ» միջազգային ընկերակցությունը հիմնադրվել է 1989 թ․ Թբիլիսիում՝ մարդկանց մահվան պատճառ դարձած ոստիկանական ռեյդերի դեմ անցկացվող ցույցերի ժամանակ։
1991 թ․ այն ավելի ինստիտուցիոնալացված կառուցվածք ստացավ՝ ստանձնելով մարդու իրավունքների և պատմական հետազոտությունների ու կրթության վրա կենտրոնանալու առաքելություն։ Սկսվեցին պետական տեռորիզմի մասին ապացույցների սիստեմատիկ հավաքագրման աշխատանքները․ նպատակը Խորհրդային կառավարության գործած ու թաքցրած հանցանքների բացահայտումն էր։ Բազմաթիվ քաղաքներից հավաքագրվեցին փաստաթղթեր ու հուշագրություններ, սղագրվեցին բազմաթիվ բանավոր վկայություններ, ճանաչողական այցելություններ կազմակերպվեցին դեպի գուլագներ։ Տասնյակ հազարավոր մարդիկ տրամադրեցին իրենց ունեցած փաստաթղթերը։ Ձևավորվեց ռեպրեսիաների ժամանակաշրջանի մասին լուրջ արխիվ։ «Մեմորիալի» աշխատակիցները համարում են, որ «անցյալի ողբերգական իրադարձությունները մոռանալը հավասար է սեփական հիշողությունը լքելուն»՝ ավելացնելով, որ «առանց հիշողության հասարակությունը կհանձնվի ցանկացած դեմագոգի, և նման հասարակությունում մարդիկ ընդամենը դառնում են պետական մեքենայի ատամնանիվներից մեկը»։
Կենտրոնը հրապարակել է ավելի քան 50 «Հիշողության գիրք» ու մահապատժի ենթարկված զոհերի բազմաթիվ ցուցակներ։ Ռեպրեսիաների դարաշրջանին վերաբերող բոլոր փաստաթղթերն ու տպագիր նյութերը ի մի են բերվել կենտրոնի մոսկովյան գրադարանում։ Կենտրոնը բացել է նաև թանգարան, որտեղ ցուցադրված են բանտարկյալների ստեղծագործությունները, որոնք կրում են համակենտրոնացման ճամբարներում կյանքի հետքերը։
Ընկերակցությունն իր գործունեությունը վարում է շատ հետխորհրդային երկրներում՝ դա անելով իրական վտանգի ու սպառնալիքների ներքո։ Նրանք սկսեցին իրենց տեղեկատվական արշավը Լեռնային Ղարաբաղից, շարունակեցին Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Ռուսաստանում ու Չեչնիայում։
Չեչնիայում գտնվող նրանց գրասենյակը հաճախ է իրավապահ մարմինների կողմից ռեյդերի ենթարկվել։ 2009 թ․ Նատալյա Էստեմիրովան՝ հայտնի իրավապաշտպանը, որ հետաքննում էր երկրում սպանությունների ու առևանգումների դեպքերը, ինքն առևանգվեց ու հետագայում սպանված հայտնաբերվեց։ Ընկերակցությունը ստիպված եղավ ժամանակավորապես կասեցնել իր գործունեությունը Չեչնիայում, որպեսզի չվտանգի աշխատակիցների կյանքերը։
«Մեմորիալ» ընկերակցությունը լայն հանրությանը դիմում է, որ այն ոչ միայն առերեսվի մարդու իրավունքների՝ անցյալում տեղ գտած խախտումներին, այլև ներկայիս իրավախախտումներին։ Նրանք ուշադրություն են հրավիրում զինված բախումների գոտիներում մարդու իրավունքների խախտումների վրա, իրազեկում են հանրությանը։ Նրանք աշխատում են հանուն ներգաղթյալների, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, նպատակ են հետապնդում փոխակերպել միգրացիոն ծառայությունները, որպեսզի դրանք ոչ թե պետության շահերը պաշտպանեն, այլ փախստականների իրավունքները։ Նրանք հռչակում են, որ «Մեր պատմությունը ոչ թե պետության, այլ՝ ժողովրդի պատմությունն է, իսկ հաճախ՝ նաև մարդու իրավունքների նկատմամբ բռնանալու պատմություն։ Ուստի, երբ աշխատում ենք պատմության հետ, իմանում ենք մարդու իրավունքների մասին։ Սա հնարավորություն թույլ կտա նվազեցնել այսօր տեղի ունեցող իրավախախտումները․․․» Ընկերակցությունը զորակցում է բոլոր նրանց, ովքեր պայքարում են իրենց իդեալների համար, վտանգների է դիմում՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության։ Պատմության նկատմամբ նրանց աշխարհայացքը բոլորիս համար ոգեշնչման աղբյուր է։
Բարի երեկո,
Մեծ պատիվ է մեզ համար, որ Հրանտ Դինքի անվան մրցանակը հանձնվում է «Մեմորիալին»՝ ընկերակցությանը, որը ներկայացնում եմ ես։
Մեծ պատիվ է մեզ համար ոչ միայն այն մարդու ճակատագրի առումով, ով իր անունն է տվել մրցանակին, այլ նաև այն պատճառով, որ այս մրցանակին արժանի են համարվել այսքան հիանալի մարդիկ։ Անշուշտ, այսօր Մեմորիալի անունից այս բեմում գտնվելու արժանի շատ ուրիշ մարդիկ նույնպես կան։
Մեր կազմակերպության ակունքները ձգվում են 25 տարի առաջ՝ 1987 թ․, որպես մարդկանց կազմավորում, ովքեր մտահոգված էին տեռորի զոհերի, Խորհրդային Միությունում տոտալիտար կոմունիստական համակարգի զոհերի հուշերը պահպանելով։
Սկզբում մեր կազմակերպությունը փոքր նախաձեռնություն էր՝ հիմնադրված երիտասարդ ակտիվիստների կողմից։ Սակայն շատ արագ այս երիտասար ակտիվիստները համախմբեցին իրենց ուժերը «հին ռեժիմի ընդդիմադիրների» հետ, ովքեր 1960-ականներին պայքարում էին մարդու իրավունքների ու տոտալիտար պետությունում պատմական հիշողության համար։ Նրանք շատ ռիսկերի են դիմել, զոհաբերել են իրենց հանուն ազատ ապրելու իրավունքի մի երկրում, որն ազատ չէր։
Մեմորիալ միջազգային ընկերակցության ներկայիս նախագահ Արսենի Ռոգինսկին ազատազրկվել է այժմ պատմական հուշագրություն դարձած գիրքը՝ «Հիշողությունը» գրելու համար, Ռուսաստանյան Մեմորիալի նախագահ Սերգեյ Կովալյովը տասը տարվա ազատազրկման է դատապարտվել «Այսօրեական իրադարձությունների քրոնիկոն» վերտառությամբ իրավապաշտպանական գրքույկի սրբագրիչը լինելու համար։ Դեռևս 1968 թ․ Մեմորիալի առաջին համանախագահը՝ Անդրեյ Դմիտրևիչ Սախարովն ուրվագծեց այն տեսությունը, որ այնպիսի գաղափարներ, ինչպիսիք խաղաղությունը, զարգացումն ու մարդու իրավունքներն են, մեկ անմասնատելի ամբողջության մաս են, ինչի համար էլ արտաքսման ենթարկվեց իշխանությունների կողմից։
Մեմորիալին ներկայացված այս մրցանակը պետք է դիտվի նաև իբրև մրցանակ՝ տրված մյուս բոլոր մարդկանց, ովքեր մաս են կազմել ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների համար պայքարին։
1980-ականների վերջին Մեմորիալ շարժումը թերևս ամենալայնատարած զանգվածային շարժումն էր Խորհրդային Միությունում։ Ինչո՞ւ։ Որովհետև Մեմորիալը հոմանիշ դարձավ երկրի այն պատմության վերագնահատման, որն արգելված էր ու մինչ այդ՝ համարժեք ազատազրկման։
20-րդ դարի Ռուսաստանի պատմությունը հաղթական կոմունիստական ուտոպիայի պատմությունը չէ միայն, այն նաև պետական տեռորիզմի, սոցիալական հյուսվածքի միտումնավոր ոչնչացման, մարդկանց հարկադիր գաղթերի ու վտարումների պատմությունն է։ Այն նաև գիտակցման ու դիմադրության պատմությունն է։ Պատմության դասերը երբեք չպետք է անտեսվեն կամ մոռացվեն, հակառակ դեպքում դասընթացը ավարտված չի կարող համարվել։
Սակայն այն ժամանակ՝ դեռ սկզբներում, Մեմորիալը գիտակցեց հետևյալը․ անհնար է խոսել անցյալի շրջանի հանցանքների մասին, սակայն նույնչափ անհնար է աչք փակել «հիմա ու այստեղ» մարդու իրավունքների զանգվածային խախտումների վրա։
1987 թ․՝ գորբաչովյան շրջանում, ազատ արձակվեցին քաղբանտարկյալները։ Սակայն բոլոր խորհրդային հանրապետություններում ծիլ առած անկախության շարժումները գրեթե միաժամանակ վերածվեցին միջէթնիկ կոնֆլիկտների․ էթնիկ անջատողականությունը հանգեցրեց վայրագությունների, զինված բախումների ու գաղթականների ալիքների։ Այս ամենը դարձավ 1991 թ․ հիմնադրված Մեմորիալ մարդու իրավունքների կենտրոնի աշխատանքի կիզակետն արդեն ավելի քան քսան տարի։
1991 թ․ օգոստոսին փլուզվեց ԽՍՀՄ կոմունիստական վարչակարգը։ Դիկտատուրան վերականգնելու դիմադրությունը տևեց երեք օր, մահացավ երեք մարդ․ սա հաղթանակի համար վճարված գինն էր։ Սա նաև ոչ-բռնի խաղաղ շարժման հաղթանակն էր, որին մասնակցեց նաև Մեմորիալը։ Այնուհետև Խորհրդային Միությունը ցրիվ եկավ։ Շատերն էին կարծում, թե ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները կլինեին Ռուսաստանի նոր կառավարության արժեքները զուտ այն պատճառով, որ այդպես էր հռչակվել։ Շատերը նաև կարծում էին, թե նորանկախ պետություններում հրահրված պատերազմները կմնային Ռուսաստանի սահմաններից դուրս։
Սակայն երազախաբ եղած մարդկանց հույսերը չարդարացան։ Նույն տարվա օգոստոսին ճգնաժամը, որը սկսվել էր Չեչնիայում չեչենական անկախության հռչակումով, գրեթե վերածվեց պատերազմի։ 1992 թ․ աշնանը, սկսվեց օսերի ու ինգուշների միջև արյունոտ բախումը, սպանվեցին կամ անհետացան հարյուրավոր մարդիկ։
1993 թ․ աշնանը Մոսկվայում տեղի ունեցավ «փոքր քաղաքացիական պատերազմ»՝ նախագահի ու խորհրդարանի միջև բախումը հաղթահարվեց այսպես ասած՝ «բարիքի ուժերի» կողմից՝ հարյուր հիսուն մարդու կյանքի գնով։ 1994 թ․ սկսվեց Առաջին չեչենական պատերազմը։ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինն այն սկսեց իբրև իր ժողովրդականությունը բարձրացնելու փորձ։ Այս պատերազմում, որում Ռուսաստանը պարտվեց, մահացավ հիսուն հազար քաղաքացիական անձ։ Ռուսաստանն իրականում այս բոլոր տարիներին պատերազմել է․ ռազմական ճնշումներն ու բռնությունը գրեթե նորմա են դարձել։
1990-ականներին սկզբներին մարդկանց ընդհանուր հետարքրվածությունն իրենց իսկ ոչ վաղ անցյալի պատմության ու դրա սովորեցրած դասերի նկատմամբ կարծես անհետացավ։ Տպավորություն էր, թե երկիրը թռիչք է կատարել մի ամբողջ հարյուրամյակի վրայով՝ նախահեղափոխական դարաշրջանից մինչև 1991 թ․։
Ցավալի փորձառությունն ըմբռնելուց հրաժարվելը պարզվեց՝ թանկ գին ունի։ Պատմությունը նման բաներ չի ներում։ Եվ ինչպես հայտնի ասացվածքն է ասում, բնությունն ատում է վակուումը։ Այս վակուումն այժմ լցվեց խորհրդային անցյալի նկատմամբ թախծագին կարոտով։ Եվ բնականաբար, իշխանության եկավ նախկին ՊԱԿ լեյտենանտ-գնդապետը, ով մարդկանց առաջարկեց անվտանգություն՝ ազատության դիմաց։ Եվ 13 տարի առաջ՝ 1999 թ․ սկսվեց Երկրորդ չեչենական պատերազմը՝ «հակաահաբեկչական օպերացիա» անվան ներքո։
Իշխանության եկավ մի մարդ, ով ԽՍՀՄ փլուզումը համարում էր 20-րդ դարի աշխարհաքաղաքական ամենախոշոր աղետը, մարդ, ով խորհրդային շրջանում աշխատել էր գաղտնի ոստիկանական համակարգում։ Հետախուզական ծառայությունների աշխատակիցն այժմ իր համար տեղ գտավ նոր վարչակազմում։
Հետագա 13 տարիները ռևանշի շրջանն էին։ Տեռորիզմի ու էքստրեմիզմի դեմ պայքարի շղարշի ներքո մարդկանցից շարունակաբար խլվում էին նրանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
Ոչ, ոչ, ոչ․․․ Խորհրդային Միության ժամանակները չենք վերադարձել, այսօր շատ բան է փոխվել։ Բայց մինչ ԽՍՀՄ օրոք «պետության թշնամիները» ազատազրկվում էին, 21-րդ դարի Ռուսաստանի առաջին տասնամյակում հասարակական ակտիվիստներն ու լրագրողներն ուղղակի սպանվում են իրենց ոչ-բռնի գործողությունների համար։
Իմ հասկացողությամբ՝ այս մրցանակը տրվում է Հրանտ Դինքի նման մարդկանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են այսպիսի իդեալների համար։
Ուրեմն, այս մրցանակը Աննա Պոլիտկովսկայայի համար է, ով իբրև լրագրող գրում էր Կովկասում ու Չեչնիայում իմ երկրի մղած պատերազմի մասին և ով 2006 թ․ հոկտեմբերի 7-ին սպանվեց Մոսկվայում։
Այս մրցանակը Ստանիսլավ Մարկելովի համար է՝ երիտասար ու տաղանդավոր իրավաբանի ու լրագրողի, ով պաշտպանում էր ռազմական հանցանքների զոհերին, բնապահպաններին, ձախերին ու աշխատողների իրավունքների ակտիվիստներին և ով սպանվեց 2009 թ․ հունվարի 19-ին Մոսկվայում։
Այս մրցանակը Նատալյա Էստեմիրովայի համար է, Մեմորիալի իմ ընկերոջ, ում հետ գրեթե տասը տարի աշխատել ենք և ում 2009 թ․ հուլիսի 15-ին առևանգեցին ու նույն օրը սպանեցին։ Այդ տասը տարվա ընթացքում Նատալյա Էստեմիրովան բացահայտել էր ռուսական Առաջին բանակի, այնուհետև տեղական կառույցների տեռորը Չեչնիայում։
Այս երեք անձինք՝ Էստեմիրովան, Պոլիտկովսկայան ու Մարկելովը մի ընդհանուր բանի հասան․ նրանց ջանքերը հանգեցրին նրան, որ ոստիկանության մի ռուս աշխատակից, որը Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ պատասխանատու էր մի մարդու խոշտանգման ու առևանգման համար, դատապարտվեց։ Ընդամենը մեկ ոստիկանության սպա՝ երեք հազար առևանգումների ու սպանություններ համար։ Սա հանրայնացրած երեք հոգին, բոլոր երեքն էլ սպանվեցին։ Ուշադրություն դարձրեք, խնդրեմ, թվաբանությանը։
Իբրև մարդ, ով այս հիանալի անձանց այժմ ձեզ է ներկայացնում, շատ լավ եմ հասկանում նրանց, ովքեր սպանվել են իրենց գաղափարների ու ոչ-բռնի գործունեության համար։
25 տարի առաջ Մեմորիալը սկսեց պայքար հանուն պատմական հիշողության, որպեսզի մեր ողբերգական պատմությունը չկրկնի ինքն իրեն։ Արդյո՞ք պարտվել ենք այդ պայքարում։
Մեկ տարի առաջ Ռուսաստանում սկսվեց ցույցերի նոր շարժում, որի նպատակը ընտրակեղծիքների դեմ պայքարն էր։ Հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ։ Սակայն ընտրակեղծիքների մեքենան չտապալվեց, Վլադիմիր Պուտինը վերընտրվեց պետության գլուխ, իսկ հազարավոր ցուցարարներ ձերբակալվեցին։
Այո, այսօր կրկին ունենք քաղբանտարկյալներ։ «Փուսի Ռայըթ» փանկ երաժշտական խմբի դատավարությունն ամբողջ աշխարհով է եղել։ Նրանք բանտում են նրա համար, որ եկեղեցում երգել են հիմն, որում ասվում է․ «Աստվածամա՛յր Մարիամ, ազատի՛ր մեզ Պուտինից»։ Բանտերում մարդիկ են, որոնք Պուտինի երդմնակալության նախօրեին՝ մայիսի 6-ին զանգվածային խռովություններ էին ստեղծել։ Սակայն ցույցերը շարունակվում են։ Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Մոսկվայի կենտրոնում կրկին հազարավոր ցուցարարներ էին հավաքվել։ Ես ներկայացնում եմ նրանց՝ ցուցարարներին ու ցույց անելու համար բանտ ընկած մարդկանց։
Գարնանն ու ամռանն անցկացված նոր օրենքներն ըստ էության խաղաղ հավաքներ կազմակերպելը դարձնում են անօրինական։ Զրպարտության մասին նոր օրինագիծը, որն արդեն վավերացվել է, չեզոքացնում է մամուլի ազատությունն ու անչափահասների պաշտպանության քողի ներքո հնարավոր դարձնում ինտերնետային կայքերի արգելափակումը։ Վերջապես, միջազգային ֆինանսավորում ստացող հաստատություններից պահանջվում է կամավորապես ընդունել, որ նրանք օտարերկրյա գործակալներ են, որոնք ծառայում են առեղծվածային, բայց դավաճան թշնամիներին։ Մենք չենք պատրաստվում հանձնվել նման ապօրինի պահանջների։ Ուստի, ամենայն հավանականությամբ առաջիկա ամիսներին Մեմորիալը այցելություններ կանի դատարանների շենքեր։ Այստեղ գտնվողները երևի գիտեն՝ ինչ եմ ասում։ Հին կայսրություն, թռիչք դեպի ապագա, հետո հետընթաց դեպի նոր դիկտատուրա։ Չպատժված հանցանքներ, որոնք այդքան էլ հին չեն, ու մարդկության դեմ կատարված հանցանքներ․․․
Բալտասար Գարսոնը, Հրանտ Դինքի նախորդ մրցանակակիրը, մեծ խիզախություն է դրսևորել երկու իրավիճակներում։ Նախ, նա քննել է 70-80-ականներին Լատինական Ամերիկայի ռազմական գործիչների գործողությունները։ Սա անելու համար, նա գործի է դրել համընդանուր իրավունքի մի մեխանիզմ, համաձայն որի՝ հանցանքի համար նախատեսված է պատիժ, անկախ նրանից, թե հանցանքն աշխարհում որտե՛ղ է տեղի ունեցել։ Երկրորդ, նա վերացրել է 1936-ից սկսած՝ Ֆրանկոյի ռեժիմի ժամանակ տեղ գտած տեռորի ու քաղաքացիական պատերազմի նկատմամբ լռության քողը։ Սա նույնպես հեշտ գործ չի եղել։
Իսմայիլ Բեշիքչին, ով այսօր մրցանակակիրներից մյուսն է, իր կյանքի 17 տարին անց է կացրել բանտում՝ քրդական հարցի մասին գրելու համարձակության համար։ Իրադարձությունների նման ընթացքը մեզ Ռուսաստանում շատ լավ է ծանոթ։
Ցավոք, երբ Ռուսաստանում այսօր հիշատակում են Թուրքիա կամ Իսպանիա, սրանք ընկալվում են միայն իբրև արձակուրդներ անցկացնելու վայրեր։ Մարդիկ մոռանում են, որ դրանք սեփական պատմություն ու խնդիրներ ունեցող սուբյեկտներ են։ Երկու երկրներում էլ Ռուսաստանի հետ նմանություններ կան՝ կապված իրենց պատմության ու խնդիրների հետ։ Բազմազանության հետ մեկտեղ, մենք կարողանում ենք զգալ, որ կա ընդամենը մեկ աշխարհ, ու սա մեզ կօգնի լուծել միմյանց խնդիրները։
Երբ չեչենական դեպքերի հետ կապված Մեմորիալն իր առաջին հայցերն ուղարկեց ՄԻԵԴ, մենք օգտվում էինք Թուրքիայի դեմ քրդական գործերով, ինչպես նաև Միացյալ Թագավորության դեմ Հյուսիսային Իռլանդիայի գործերով բացված ու հաղթած վճիռներից։ Գարսոնի փորձը մեզ համար հավասարապես կարևոր է։ Եվ հավանաբար մեր փորձն ու առաքելությունն էլ հետաքրքիր կլինի ձեզ համար։
Մենք մեր իսկ պատմությունն ու ժամանակակից կենսակերպը դիտում ենք մի տեսանկյունից, որը ոչ բոլորին դուր կգա․ դա կոշտ ու զանգվածային մարդու իրավունքների խախտումների պատմության ու Դիմադրության պատմության տեսանկյունն է։
Մենք մեր պատմությունն ու դարաշրջանը դիտարկում ենք այն մարդկանց ճակատագրի տեսանկյունից, ովքեր դիմադրել են։ Սա կարևոր է այն առումով, որ թույլ չտանք, որ ողբերգությունները փոխակերպվեն վիճակագրության։
Մենք գիտակցում ենք, որ ողբերգական անցյալի մերժումը միշտ գործիքայնացվում է մերօրյա բռնությունները և ապագայի հանցանքների պլանավորումն արդարացնելու ու լեգիտիմացնելու համար։
Մեմորիալը երախտագիտությամբ է ընդունում Հրանտ Դինքի անվան մրցանակը․ այն անկասկած մեզ կոգեշնչի շարունակել մեր գործը։