Իսմայիլ Բեշիքչին ծնվել է 1939թ․ Չարումում՝ ազգությամբ թուրք, դավանանքով՝ սուննի-հանաֆիական ընտանիքում։ 1962թ․ ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը, զինվորական ծառայությունն անցկացրել Բիթլիսում։ Շեմդինլիում ու Յուքսեկովայում առիթն է ունեցել մոտիկից դիտարկելու քուրդ ժողովրդի կյանքը։
Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո կարճ ժամկետով աշխատել է որպես քաղաքացիական ծառայող Թունջելիում։ 1965թ․ ասպիրանտական հետազոտություն է սկսել Ալիքան ցեղախմբի սոցիալական կառուցվածքի վերաբերյալ։ Դաշտային հետազոտություններն անցկացնելիս 7 ամիս ապրել է քոչվոր քրդական ցեղախմբի հետ։
1967 թ․ մասնակցել է Թուրքիայի Աշխատավորների կուսակցության բացօթյա հանդիպումներին, որոնք հայտնի են «Արևելյան հանդիպումներ» անվամբ և արդյունքում հրապարակել իր դիտարկումները «Շեյխի ու աղայի (կալվածատիրոջ) ինստիտուտը Արևելյան Թուրքիայում» գրքում՝ առաջ բերելով անկախ ու հզոր վերլուծություններ, ինչի համար ահռելի խիզախություն էր անհրաժեշտ, որպեսզի բարձրաձայնվեին այն ժամանակվա Թուրքիայում տիրող պայմանները։
Իր աշխատանքում նա անդրադառնում էր ստատուս քվոյին․ «Կարող եք, որքան ուզում եք հավաստել, թե թուրքերենի ու քրդերենի միջև որևէ զանազանում չի կարող դրվել, պնդել, որ այս երկրի հողում ապրող բոլոր մարդիկ թուրք են, միևնույն է, ձեզ երբեք չի հաջողվի թաքցնել մի պարզ ու հստակ սոցիոլոգիական փաստ․ պնդեք, որքան ուզում եք, որ քրդերենն իբրև կարգին լեզու գոյություն չունի, որ այն թուրքերենի, արաբերենի ու պարսկերենի խառնուրդ է, միևնույն է, չեք փոխի սոցիոլոգիական փաստը․․․ Նման փաստերը թաքցնելը երկարաժամկետ իմաստով կհանգեցնի մեր երկրի համար վնասակար ու անբարենպաստ հետևանքների»։
1968 թ․ գործընկերոջ գրության հիման վրա Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանն սկսում է նրան համալսարանից հեռացնելու գործընթացը։ Մեղադրվելով մարքսիստական պրոպագանդայի ու ռեգիոնալիզմի մեջ՝ նրա դասախոսությունները չեղարկվում են։ Նա, սակայն, շարունակում է իր այցելություններն ու դիտարկումներն Արևելքում։ 1969 թ․ նա հրապարակում է «Արևելյան Անաթոլիայի կարգը․ սոցիալ-տնտեսական ու էթնիկ հիմքերը» գիրքը՝ Թուրքիայում հասարակագիտական պատմության ամենանշանավոր աշխատանքներից մեկը։ Գրքի հրատարակումից հետո նրա կապերը համալսարանի հետ վերջնականորեն խզվում են։
1971 թ․ մարդի 12-ի ռազմական հեղաշրջումից կարճ ժամանակ անց Իսմայիլ Բեշիքչին ձերբակալվում է ու ուղարկվում Դիարբեքիրի ռազմական բանտ։ Իր կյանքի ընթացքում ութ անգամ ազատազրկվել է ու ընդհանուր 17 տարի անցկացրել ճաղերի հետևում։ 1999 թ․ իրավական համակարգի վերակազմավորումից հետո ազատ է արձակվել։ Բեշիքչին քրդական հարցի մասին հրատարակել է 36 գիրք, որոնցից 32-ը Թուրքիայում զանազան արգելքների է ենթարկվել։
Չնայած ստատուս քվոյի պատճառով ճնշումների ու հետապնդումների ներքո ապրելուն՝ Բեշիքչին դարձավ ճշմարտության ձայնն ու մեծ ռիսկի դիմեց իր համար ճիշտ բաների համար մի ժամանակաշրջանում, երբ «քուրդ» բառն ընդհանրապես չէր կարող արտաբերվել առօրյայում ու նույնիսկ քուրդ ժողովրդի գոյությունն իսկ հերքման առարկա էր։
Այն օրվանից սկսած, ինչ նա հասկացավ քրդական հարցի սոցիալական ու քաղաքական բնույթը, փութաջանորեն փորձում էր լուծում գտնել։ Իր ողջ կյանքի ընթացքում ենթարկվել է խոշտանգման, սպառնալիքների, անմարդկային վերաբերմունքի, սակայն հրաժարվել է լռել ու շարունակել է իր աշխատանքը։ Հանուն նրա, որ հանրությունն առերեսվի իր խնդիրներին, նա շարունակում է իր հետազոտական գործունեությունը, գրքեր է գրում, պայքարում է ու շարունակում է փոխակերպել։
Հրանտ դինքի միջազգային հիմնադրամի հարգարժան նախագահ,
մրցանակաբաշխության հանձնաժողովի հարգարժան նախագահ,
հարգելի հյուրեր․․․
Ողջունում եմ բոլորիդ սիրով։
Սիրով ոգեկոչում եմ Հրանտ Դինքին։
Մեծ բարեհաճություն ու պատիվ է ձեզնից 2012 թ․ Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը ստանալը․ մրցանակ, որը միշտ գալիս է որոշակի պատասխանատվությամբ։ Պետք է փորձեմ պատվով ուսերիս կրել այս պատասխանատվությունը։ Շնորհակալ եմ։
Առիթից օգտվելով՝ ուզում եմ «Մերձավոր Արևելք» եզրույթի հակիրճ գնահատականով հանդես գալ։ Մերձավոր Արևելք եզրույթն գործածության մեջ է բյուզանդական ժամանակաշրջանից ի վեր։ Բյուզանդական կայսրությունը Ստամբուլից արևելք ընկած երկիրը բաժանել էր երեք մասի՝ Մերձավոր Արևելքի, Միջին Արևելքի ու Հեռավոր Արևելքի։ Մերձավոր Արևելքի մեջ էին մտնում այնպիսի տարածաշրջաններ, ինչպիսիք էին՝ Անատոլիան, Պոնտոսն ու Լազիստանը սևծովյան շրջանում, Կապադովկիան, Հայաստանը, Քուրդիստանը, Կիլիկիան, Միջագետքը և Տուր Աբդինը։ Անատոլիա եզրույթով ի նկատի ունենք տարածաշրջանը, որն այժմ մենք անվանում ենք Էգեյան շրջան․ իրականում՝ Էգեյան շրջանի մի փոքր մասը։ Միջին Արևելքը ծածկել է Եգիպտոսից մինչև Հնդկաստան, Սառուցյալ օվկիանոսից մինչև Օմանի ծոց տարածաշրջանը։ Իրանը գտվել է Մերձավոր ու Միջին Արևելքների արանքում։ Հեռավոր Արևելքը վերաբերում էր այնպիսի աշխարհագրական տարածաշրջանների, ինչպիսիք Չինաստանն էին, Մանչուրիան, Կորեան, Ճապոնիան ու Ինդոնեզիան։
Մերձավոր Արևելքն ավերվել է հեռավոր երկրներից եկածների կողմից։ Մերձավոր Արևելքի բնիկ ժողովուրդները՝ պոնտոսցի հույները, հայերը, ասորիները, լազերը ու եզդի քրդերը․․․ ոչնչացվել են հեռավոր երկրներից եկածների կողմից։ Ուզում եմ հակիրճ կենտրոնանալ նրա վրա, թե ինչպես է ծավալվել այս պատմական գործընթացը։
Միության ու առաջընթացի կոմիտեն մշակել էր Օսմանյան կայսրությունը թուրքական էթնիկ ինքնության հիման վրա վերակազմավորելու պլան։ Օսմանյան տնտեսության ազգայնացումը հաջորդ նշանակալի թիրախն էր։ Կոմիտեն նախատեսում էր մի կայսրություն, որը ձգվում էր Ադրիատիկ ծովից մինչև Խաղաղ օվկիանոս։ Այդուհանդերձ, դա լինելու էր Թուրքական կայսրություն։ Հույները, հայերն ու մյուս քրիստոնյա ժողովուրդներն այս նախագծի իրագործմանը լուրջ խոչընդոտ էին ներկայացնում։ Կարևոր էր նաև այն ժողովուրդների, ասենք՝ քրդերի կարգավիճակը, որոնք մահմեդական էին, բայց ոչ՝ թուրք։ Ղզլբաշների (ալևիների) կարգավիճակը, որոնք թուրք կամ քուրդ էին, բայց ոչ՝ մահմեդական, նույնպես հաշվի առնվեց։
Միության ու առաջընթացի կոմիտեն մեծ կարևորություն էր տալիս այս ծրագրին ու մշակեց այն ինչպես բաց, այնպես էլ՝ փակ ժողովներում։ Բալկանյան պատերազմում օսմանյան պարտությունից հետո նրանք է՛լ ավելի մեծ ուշադրությամբ ու վճռականությամբ կենտրոնացան ծրագրի վրա․ մշակեցին մանրամասն պլաններ ու նախագծեր։ Պոնտոսցի, կապադովկիացի ու էգեյան հույները պետք է հարկադրաբար արտաքսվեին դեպի Էգեյան կղզիներ ու Հունաստան։ Հայկական բնակչությունը պետք է փոշիանար հարկադիր գաղթի շղարշի ներքո։ Քրդերը պետք է ձուլվեին թրքությանը, իսկ ղզլբաշները՝ իսլամացվեին։ Նմանատիպ քաղաքականություններ պետք է իրականացվեին քրիստոնյա մյուս ժողովուրդների՝ ասորիների նկատմամբ, ինչպես նաև եզդի քրդերի։ Արտաքսված հույների ու ցեղասպանությունից փոշիացված հայերի հարստությունն ու անշարժ գույքը բռնագանձվելու էր ու հանձնվելու մահմեդական թուրք մեծամեծների վերահսկմանը։
Առաջին համաշխարհային պատերազմը կոմիտեին ներկայացրեց ծրագիրն իրագործելու առիթը։ Այն պահին, երբ սկսվեց պատերազմը, սկսվեց պոնտոսցի հույների արտաքսումը, իսկ պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում հայ բնակչությունը ենթարկվեց ցեղասպանության՝ «հարկադիր գաղթի» շղարշի ներքո։ Ծրագրի մյուս երկու խնդիրները լուծելու ուղղությամբ սիստեմատիկ կերպով աշխատանքներ են տարվել հանրապետության տարիներին կառավարությունների կողմից, որոնք Միության ու առաջընթացի կոմիտեի հետնորդներն էին։ Հայերի ու հույների թողած անշարժ գույքի հսկայածավալ, լայնատարած թալանի օպերացիա տեղի ունեցավ։ Ահա այսպես ազգայնացվեց օսմանյան կամ թուրքական տնտեսությունը։ Սա Օսմանյան կայսրությունից Թուրքիայի Հանրապետություն անցման ամենանշանակալի հանգամանքներից մեկն է։
Այսօր թուրքական խոշոր բուրժուազիայի հարստության աղբյուրը հայերի ու հույների գույքն է։ Քրդական շրջաններում քուրդ աղաների, ցեղապետների ու շեյխերի հարստության աղբյուրը կրկին հայերի ու ասորիների գույքն է։
Ահա այսպես է ավերվել Մերձավոր Արևելքը։ Գերմանացիներն ակտիվորեն աջակցել են Միության ու առաջընթացի կոմիտեին Մերձավոր Արևելքի ոչնչացման մեջ։ Անշուշտ Գերմանիան պարտվեց Առաջին համաշխարհայինում, սակայն 1919-1920-ականներին՝ Ազգերի Լիգայի ժամանակաշրջանում, կայսերական գերտերությունները՝ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան նույնպես նշանակալի դեր ունեցան Մերձավոր Արևելքի ոչնչացման մեջ։
Այս գործընթացում քրդերի կարգավիճակի ու դիրքորոշման մասին պետք է խոսել՝ գործընթացը երկու փուլի բաժանելով։ Հիմնական կանոնը պետք է լիներ քրդերին թուրքերին ձուլելը։ Նախ, Միության ու առաջընթացի անդամները, այնուհետև Քուվա յե Միլիեյի անդամները (քեմալիստները) օգտագործեցին քրդերին իբրև հայերին ու ասորիներին ոչնչացնող հրացանակիրներ։ Մերձավոր Արևելքի հարցերով Լոզանի կոնֆերանսը վերջին առիթն էր, որտեղ պաշտոնապես գործածվեց Մերձավոր Արևելք տերմինը միջազգային փաստաթղթում։ Անատոլիան դարձավ այն եզրույթը, որը պետք է նշանակեր Թուրքիայի Հանրապետության ասիական հողերը։ Երբ հիմնադրվեց Թուրքիայի Հանրապետությունը և Լոզանի պայմանագրով տրվեց նոր պետության ինքնորոշման միջազգային ճանաչում, սկսվեց ու մինչ օրս շարունակվում է քրդերի մերժումն ու ոչնչացումը։
Քաղաքական գործիչները երբեմն ներողություն են խնդրում։ Ներողությունները երբեք որևէ խնդիր չեն լուծում։ Այս խնդիրները հաղթահարելու միակ եղանակը այս ժամանակաշրջանի մասին լուրջ հետազոտություններ ու հետաքննություններ իրականացնելն է։ Այս բոլոր հարցերը փոխկապակցված են․ քրդական հարցը կապված է հայկական հարցի հետ։ Ինչպե՞ս։ Բիթլիսի, Մուշի, Դիարբեքիրի, Սղերդի ու տարածաշրջանի հայկական անշարժ գույքը բռնագրավել են քուրդ աղաներն ու ցեղերը։ Ուստի, այս գույքը պահելու համար, նրանք անշուշտ «այո» ասացին պետության պաշտոնական դիրքորոշմանը։ Ինչ էլ պետությունն ասի քաղաքական ու սոցիալական հարցերի կապակցությամբ, պետք է ասել «այո», քանի որ ինքդ ես թալանել այդ գույքը։ Իսկ եթե «այո» չասես, անխոս պետությունը թույլ չի տա գույքը պահել քեզ։ Ուստի, այս խնդիրների հիմքում պատճառն ու հետևանքը միանաժամանակ նույն բանն են։ Անձինք, ովքեր կօգնեն մարդկանց մեջ ստեղծել հասարակական գիտակցություն, պատմական գիտակցություն, կսնեն ավելի լավ ըմռնում, իսկ մարդիկ գիտակցաբար ձեռնպահ կմնան իրար վնաս տալուց։
Եթե ազգը պատմության որոշակի ժամանակահատվածում դառնում է մասնատման, կազմաքանդման, այլ ազգերի կողմից իշխելու արդյունքում բաժանման թիրախ, այդ ազգին այնուհետև չի հաջողվում ինքն իրեն նորից ժողովել։ Հայերը, ինչպես քրդերը, ունեն այդ խնդիրը։ Թուրքահայաստանն ու Ռուսահայաստանը կոտրել են հայերի ուժը։ Իրանի, Օսմանյան ու Ռուսական կայսրությունների արանքում հայերին չհաջողվեց ձևավորել միասնություն։ Այսօր նույնի ականատեսն ենք քրդերի դեպքում։ Միջին Արևելքում կա շուրջ քառասուն միլիոն քուրդ բնակչություն, բայց նրանց չունեն միջազգային քաղաքական կարգավիճակ․ նրանք տարանջատված են ականապատված տարածքներով, փշալարերով ու պահակադիտանոցներով։ Իսկ ստատուս քվոյի նպատակն այս բաժանումն ու մասնատվածությունը տարածելն ու խորացնելն է։
Այս ամենը կարող ենք հաղթահարել հետազոտությունների միջոցով։ Արտահայտվելու ազատությունն այս առումով ահռելի կարևորություն ունի։ Արտահայտվելու ազատությունն արդի, քաղաքակիրթ հասարակության կամ պետության հիմնական ցուցիչն է։ Նոր ճանապարհները, ջրամբարները, գործարանները, խոշոր շենքերը արդի քաղաքակրթության ցուցիչ չեն։ Եթե արտահայտվելու ազատությունն ու ազատ և անկախ քննադատությունը ինստիտուցիոնալացվում են որոշակի հասարակությունում, ապա դրանում պաշտոնական գաղափարախոսություն չի լինում։ Պաշտոնական գաղափարախոսությունն ամենամեծ խոչընդոտն է ժողովրդավարության առջև։ Արտահայտվելու ազատության ինստիտուցիոնալացումը ցույց է տալիս, որ հասարակությունը կամ պետությունը չունեն մի բան, որի համար մեղավոր կզգան։ Արտահայտվելու ազատության ինստիտուցիոնալացումը նշանակում է կոռուպցիայի, կեղծիքի ու կաշառքի բացակայություն․․․ կամ՝ ուժեղ ռեակցիա, իսկ այդ դեպքում՝ պատշաճ դատական գործընթաց։
Թուրքիայում հասարակական գործընթացների նկատմամբ հզոր ճնշում կա։ 1940-ականներին ճնշումների էին ենթարկվում մարդիկ, ինչպիսիք են Բեհիջե Բորանն ու Նիյազի Բերքեսը։ 1970-ականներին նմանատիպ օպերացիաների զոհ էին Օյա Բայդարն ու իր ընկերները։ Այսօր ճնշման համանման տակտիկայի են ենթարկվում երիտասարդ հետազոտողներ Փընար Սելեքն ու Մյուգե Թուսջուօղլուն։ Մյուգեն, ի դեպ, 2012 թ․ մարտից ազատազրկված է Դիարբեքիրի բանտում։ Ի՞նչ էր արել Մյուգեն։ Սամրաշըք միության (Կենսակայուն զարգացման ու աղքատության դեմ պայքարի միության) ու Գոչ-Դերի (Միգրանտների ու տեղահանվածների սոցիալական աջակցության ու մշակութային միության) հետ էր աշխատել։ Անշուշտ, նման հարցերում ներգրավված լինելը նշանակում է տալ հարցեր, թե «ինչպե՞ս են տեղի ունենում չբացահայտվող սպանություններ, ինչպե՞ս են կրակի մատնվում գյուղերը, ինչպե՞ս են զոհավորման ենթարկվում ընտանիքները»։ Գյուղում հող ունեք, ջուր էլ ունեք, բայց ձեզ թույլատրված չէ դրանցից օգտվել, դուք հարկադրված եք ապրել զոհի կյանքով մեծ քաղաքների արվարձաններում։ Սրանք բոլորը հարցեր են, որոնց մասին պետությունը, կառավարությունը չի ուզում, որ մենք խոսենք։ Ահա, թե ինչու է սահմանափակվում արտահայտվելու ազատությունը․ որպեսզի կանխվի մարդկանց կողմից ճշմարտության մասին խոսելը, կանխվի այս հարցերի շուրջ գիտակցության առաջացումը․․․
Թուրքիայում դատական իշխանությունը հաշվի չի առնում սոցիալական դինամիկան կամ սոցիալական պահանջները։ Նրանք նման դեպքերում կիրառում են անհամաչափ քրեական սանկցիաներ։ Կուզեի, որ այս պահից սկսած՝ Թուրքիայի դատարաններն այս արժեքները հաշվի առնեն, որդեգրեն ոչ թե արգելիչ, այլ այնպիսի դիրքորոշում, որը կխրախուսի նման դինամիկայի ու պահանջների կազմավորումն ու զարգացումը։
Հարգանքներիս հավաստիքը բոլորի՛դ։
Կրկին անգամ սիրով ոգեկոչում եմ Հրանտ Դինքի վառ հիշատակը։