ԱՀՄԵՏ ԱԼԹԱՆԸ ծնվել է 1950թ․, սովորել տարբեր միջնակարգ ու ավագ դպրոցներում, ընդունվել է Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարան, սակայն ավարտել Ստամբուլի համալսարանի տնտեսագիտության բաժինը։ 24 տարեկանում նա դարձել է լրագրող՝ զբաղեցնելով լրագրողից մինչև գլխավոր խմբագրի պաշտոններ։ Սյունակներ է գրել «Նոքտա» շաբաթաթերթում, «Հյուրիեթ», «Գյունեշ», «Միլիեթ» և «Յենի Յուզյըլ» օրաթերթերում։
Համակարգի իր խիստ քննադատությունից ենթադրելի էր, որ նա հաճախ կենթարկվի հետապնդումների ու դատապարտումների, ստիպված կլինի լքել աշխատանքը․ բայց նա իր պայքարից ձեռք չքաշեց։
Ահմեթ Ալթանի առաջին վեպը՝ «Աշնան չորս եղանակները», հրատարակվեց, երբ դեռ 27 տարեկան էր ու ստացավ «Ակադեմի» հրատարակչատան գլխավոր մրցանակը։ Երկրորդ վեպը՝ «Հետք ջրի վրա», որ լույս էր տեսել 1985 թ․, արգելվեց անպատկառության պատճառով։ Երկու տարի շարունակ ընթացավ դատավարություն։ Վեպի մի քանի էջեր ճանաչվեցին անպատկառ տեսարաններ պարունակող, և հրահանգվեց բռնագրավել ու ոչնչացնել գիրքը։ Գիրքը վերահրատարակվեց «կեղտոտ» հատվածների հեռացումից հետո։ 1996 թ․ հրատարակված «Վտանգավոր հեքիաթներ» գիրքը դարձավ բեսթսելլեր։ 1998-ին լույս տեսած՝ «Ինչպես սրի վերքը» շահեց «Յունուս Նադի» վիպագրության մրցանակը։ 2001-ին լույս տեսավ «Սերն ապստամբության ժամանակ» վեպը, 2002-ին՝ «Ստելը», 2005-ին՝ «Ամենաերկար գիշերը»։
2007 թ․ նոյեմբերին Ահմեթ Ալթանը Ալև Էրի հետ միասին հիմնադրեց «Թարաֆ» թերթը։ Թերթի հիմնադրման պատճառի մասին մի հարցազրույցում նա ասել էր․ «Եթե բռնեք անկեղծության կողմնապահությունը, ապա իրադարձություններին դեմ հանդիման լինելու ժամանակ կկարողանանք անկողմնապահ լինել։ Ի՞նչ է անկողմնապահությունը․ լինել հավատարիմ փաստերին, ճշմարտությանը, երբ լուր ես հաղորդում․․․ Սրա կողմը պետք է բռնել․․․ Մենք վճռական ենք հրապարակելու այն ամենն, ինչ այլ թերթեր չեն հրապարակում կամ չեն էլ հրապարակելու»։
Ալթանն այժմ «Թարաֆի» գլխավոր խմբագիրն է, վարում է «Hourglass» ամենօրյա սյունակը։ Նա ձեռնոց է նետում «բանակի խնդրին», Հանրապետության հիմնադրումից ի վեր այդ հիմնական խնդրին՝ հարցադրելով ու քննադատելով ռազմական իշխանությունը, որին վերապահված է ժողովրդավարության հաստատման գործը: Չնայած արգելքներին, ճնշումներին ու սպառնալիքներին, նա շարունակում է պայքարը հանուն իր բարձրագույն գաղափարների և խիզախ լրագրության օրակարգ սահմանելու։ Ուշադրությունը բևեռելով ժողովրդավարության վրա՝ նա չի վարանում ռիսկի գնալ ու փոխակերպել քաղաքական դաշտը։
Շնորհված մրցանակը ցանկացած մեկը կընդուներ հպարտությամբ, սակայն այսօր ես այն վերցնում եմ ամոթով։
Այս մրցանակն իմ կյանքում կմնա իբրև անպատժելիության ցավոտ հուշարձան, հիշեցում չքավված մեղքի մասին։
Այսօր ստացած մրցանակս լավ մարդու անունն է կրում։
Այսօր ստացած մրցանակս սպանված լավ մարդու անունն է կրում։
Ինչպես այս երկրում ապրող ցանկացած մարդ, կրում եմ մեղքի ու մեղսագործության զգացում, որ չկարողացա փրկել Հրանտ Դինքին մահվանից։
Ինչպես այս երկրում ապրող ցանկացած մարդ, ես մեղավոր ու մեղսագործ եմ, որ չկարողացա ապահովել Հրանտ Դինքի սպանության իրական սանձազերծողների կալանավորումը։
Նա սպանվեց ճիշտ մեր աչքի առջև։
Նա բռնության զոհ չի դարձել՝ բռնության կողմնակից լինելով, նա արհավիրքի զոհ չի դարձել՝ արհավիրքներ քարոզելով, նա թշնամության զոհ չի դարձել՝ թշնամություն սերմանելով։
Նա սպանվեց, որովհետև կողմնակիցն էր խաղաղության ու ընկերության։
Նա սպանվեց, որովհետև մի ցեղից էր, ցեղ, որից հարյուր հազարավորները կորսվեցին բռի ու անարդար ջարդերում, սակայն չմոռանալով հանդերձ այդ սպանությունները և դրանց ցավը շարունակելով կրել, նա չէր հավատում, որ այդ սպանությունների հաշիվը կարելի է փակել նոր սպանություններ հրահրելով։
Նա սպանվեց, որովհետև ուզում էր կամուրջ կառուցել մութ ու արյունոտ անցյալի ու ընկերությամբ վերալիցքավորված ապագայի միջև։
Այսօր մենք քայլում ենք դեպի այդպիսի ապագա՝ քայլելով նրա մարմնի վրայով, որը կարծես մեր առջև սփռված դատարկության մեջ լույսի այդ կամուրջը լինի։
Գուցե Հրանտ Դինքը մեն մենակ կրի յոթանասուն միլիոն մարդու ծանրությունը դեպի առաքինի ապագա, յոթանասուն միլիոն մարդ, որոնք կրում են հարյուր հազարավոր անմեղ զոհվածների բեռը։
Նա իրեն հատուկ այնպիսի՜ ուժ ունի։
Նա սպանվեց այդպիսի ուժ ունենալու համար։
Մենք ավելի ու ավելի լավ ենք հասկանում Հրանտ Դինքի կարևորությունը մի երկրում, որտեղ դեռևս տեղի են ունենում ջարդեր, սպանություններ, բախումներ, որտեղ դեռևս լսում ենք բռնություն քարոզող ու մահ փառաբանող ձայներ։
Նա չդարձավ նրանցից մեկը, ով վարկանիշ է հավաքում արհավիրքների ու բռնության հաշվին։ Հակառակը, նա ընտրվեց իբրև զոհ զուտ այն պատճառով, որ ուզում էր վարկանիշ տալ խաղաղությանն իր իսկ հաշվին, իր սեփական գոյության, իր հոգու հաշվին, ու այդ ջանքը գործադրելիս ռիսկերի էր գնում։
Դուք ինձ հանձնում եք իր անունը կրող մրցանակ։
Շատ շնորհակալ եմ ձեր բարության համար, այդուհանդերձ չեմ կարծում, որ արժանի եմ, որ իմ անունը գրվի իր անվան կողքին։
Նման մրցանակին արժանի լինելու համար պետք է կարողացած լինեի նրան պաշտպանել։ Այս պատվին արժանանալու համար պետք է կարողացած լինեի ապահովել, որ նրան սպանողները բացահայտվեն։ Եթե թույլ կտաք, ես այս մրցանակը կվերցնեմ որպես ի պահ դրված մրցանակ։
Երբ գա օրը ու այս երկրում հայտնվի այն խիզախ, անկեղծ ու արժանապատիվ քաղաքական գործիչը, ով կփակի այս բռի սպանության հաշիվը, այն ժամանակ ես ինձ մոտ ի պահ դրված մրցանակը կփոխանցեմ նրան մեծ ուրախությամբ, հենց այստեղ, այս լսարանի առջև։ Այդ մարդը կլինի այս մրցանակի իրական տերը։
Մինչև այդ օրը գա, կպահեմ այն իբրև ցավի խորհրդանիշ, որը զգում եմ մի շատ լավ մարդու հանդեպ, որպես խոցված խղճի խայթի խորհրդանիշ, խիղճ, որի վրա սպի թողեց նրան մահվանից չփրկելու ձախողումը։
Երազում եմ, որ այդ օրը վերջապես գա, մինչ այդ ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել ինձ այս մրցանակն ի պահ տալու առատաձեռնության համար, թեև ես դրան արժանի չեմ։