Թուրքիայում Խղճի ու համոզմունքի հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվելու շարժումը ծնվեց այն ժամանակ, երբ Թայֆուն Գյունուլն ու Վեդաթ Զենջիրը «Սոկակ» ամսագրի միջոցով հայտարարեցին, որ մերժում են զինվորական ծառայությունը․ առաջինը դա արեց 1989թ․ դեկտեմբերին, մյուսը՝ 1990 թ․ փետրվարին։
Այս շարժման միջոցով Թուրքիան առաջին անգամ դառնում է հակամիլիտարիստական պայքարի ականատեսը։ «Ո՛չ զինվորական ծառայությանը» արշավը, որ սկսվեց 1990թ․, հանգեցրեց Հակապատերազմական միությունների հիմնադրմանը Իզմիրում 1992թ․ դեկտեմբերին և Ստամբուլում 1993թ․։ Այնուհետև սկսվեց «Ո՛չ զինվորական դատավարություններին» արշավը, որը հանրային ուշադրություն հրավիրեց ռազմական դատարաններում քաղաքացիական դատավարությունների վրա։
Ահա այսպես է ձևավորվել շարժումը․․․Նրանց երկար ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կային․ նրանք բախվել են ուժեղ հետապնդումների ու գրաքննության 1994-1999 թթ․, դատական հետապնդումների են ենթարկվել ռազմական դատարաններում, այնուհետև դատապարվել «մարդկանց զինվորական ծառայությունից ապախրախուսելու» և «ազգային տոկունությունը կոտրելու» համար։ Նրանք չեն հանձնվել, շատացել են ու ավելի մեծ թափ տվել իրենց գործողություններին։
2002թ․ Մեհմետ Բալն առաջին մարդն էր, որ հայտարարեց զինվորական ծառայությունից հրաժարվելու մասին՝ լինելով արդեն զինվորագրված։ Երբ 2004թ․ Հալիլ Սավդային տարան զորամաս, նա նույնպես հայտարարեց զինծառայությունից հրաժարվելու մասին․ նրա դատավարությունն ընթացավ իր կալանավորման ժամանակ։ Մեհմետ Թարհանը, ում ձերբակալեցին ու տարան զորամաս 2005 թ․, ի տարբերություն նախորդ դեպքերի, մեղադրվեց «հրամաններին հրապարակայնորեն ու շարունակաբար չհնազանդվելու և զինվորական ծառայությունից այդպիսով ամբողջովին հրաժարվելու» համար, ու դատապարտվեց 11 ամսվա ազատազրկման ռազմական կալանավայրում։
Դատապարտված և խոշտանգումների սպառնալիքների տակ լինելով հանդերձ՝ նրանք լսված լինելու համար փողոցներում կազմակերպում էին ստեղծարար ու ոգևորիչ միջոցառումներ։ 2004 թ․ մայիսի 15-ին նրանք կազմակերպեցին «միլիտուրիզմ փառատոնը» և նույն տարում «զինծառայությունից հրաժարվողների բրնձի փառատոնը» հոսպիտալ-զորանոցի դրմաց։ Այս ժամանակահատվածում Ստամբուլի մարդու իրավունքների միության ներքո ստեղծվեց «Խղճի ու համոզմունքի հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվելու հանձնաժողովը»։
Նրանց ձայնը լսվել է նաև Եվրոպայում։ 2006 թ․ սկզբին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր ճանաչեց Օսման Մուրատ Ուլքեի գործով ու խղճի հիմքով զինծառայությունից հրաժարվողների նկատմամբ թուրքական պետության կողմից գործադրված ճնշումը նկարագրեց իբրև «քաղաքացական մահ»։ 2007 թ․ Էնվեր Այդեմիրը դարձավ առաջին մարդը Թուրքիայում, որը զինվորական ծառայությունից հրաժարվեց դավանանքի հիմքով։ Վերջին չորս տարիներին Եվրոպական խորհրդի խորհրդարանական հանձնաժողովը վեց ամիս պարբերականությամբ զգուշացումներ է ուղարկում Թուրքիային, որ այն ընդունի խղճի, դավանանքի, համոզմունքի հիմքով զինծառայությունից հրաժարվելու մասին օրենսդրական նոր կարգավորումներ։ 2010թ․ զինծառայությունից այս հիմքերով հրաժարվողների թիվը հասել էր 121-ի, ներառյալ 24 կին ու տեսողական խնդիրներ ունեցող 5 անձ։
«․․․ կարճ ասած, հրամանատարնե՛ր, ասելքս սա է․ իմացել եմ, որ կա խղճի, համոզմունքի հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունք։ Ես օգտվում եմ այդ իրավունքից․․․ Ուզում եմ իմանաք, որ ձեռքս երբևէ որևէ զենք չեմ վերցնելու, նույնիսկ եթե դա ուղղվի ձեր դեմ, որովհետև գիտեմ, որ իմ բառերը կխոցեն ձեզ փամփուշտի նման: Նախընտրում եմ մեռնել, քան սպանել։ Դե ուրեմն այստեղ եմ, ձեզ եմ սպասում»։
Սրանք Ինան Սուվերի՝ զինծառայությունից հրաժարվելու խոսքի վերջին բառերն են։ Օգոստոսի 5-ից նրան պահում են Իզմիրում՝ Սիրինյերի ռազմական կալանավայրում, որը հայտնի է իր խոշտանգումներով։
Պատիվ է ու խրախոսող այս մրցանակը ստանալ բոլոր այն հրաժարվողների անունից, ովքեր ընտրեցին, ինչպես Հրանտը, ապրել «խռովված հոգեվիճակով, բայց ազատ» և ինչպես Հրանտը, լավատեսորեն կառչեցին ցուցադրաբար այստեղ գոյություն ունենալուց ու այստեղ մնալուց։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխության հանձնաժողովին ու ժյուրիին։
Խղճի ու համոզմունքի հիմքով զինծառայությունից հրաժարվողներն արդեն քսան տարի այս երկրում դատապարտված են՝ բանտ-զորանոց-ռազմական դատարան արատավոր շրջապտույտին, ու եթե նրանք նույնիսկ չեն ազատազրկվում, ապա ենթարկվում են «քաղաքացիական մահվան», ինչպես սահմանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Նրանց ասածն իրականում հետևյալն է․ կամ լռում եք/հանձնվում, կամ թույլ եք տալիս, որ մենք ձեզ խարանի ենթարկենք «ծառայությանը ոչ պիտանի» ցուցակներում ներառելով, կամ դուք փակվում եք ձեր տներում ու ինքներդ ձեր սեփական բանտը կառուցում կամ էլ՝ հեռանում եք երկրից։
Հրանտն ասաց․ «Թողնել «այրվող դժոխքը» ու վազել դեպի «պատրաստի դրախտը»՝ ինձ համար չէր»։ Մենք նրանցից ենք, ովքեր ձգտում են իրենց ապրած դժոխքը վերածել դրախտի։ Միայն կարողանում ենք շարունակել քայլել պայքարի մեր ճանապարհը՝ լցված պատասխանատվության զգացումով այն մարդկանց հանդեպ, ովքեր ի վիճակի են նման խոսք հնչեցնել։
Մենք կարողանում ենք ճամփան շարունակել այն կին հրաժարվողների ոգեշնչումով, ովքեր փոխում են «խաղի» կանոններն ու նույնիսկ փչացնում են խաղը՝ հայտարարելով իրենց հրաժարումը։
Մենք կարողանում ենք ճամփան շարունակել այն բոլոր մարդկանց խրախուսմամբ, ովքեր հետևողականորեն չեն փակում աչքերը, ովքեր պատասխանատվություն են ստանձնում մեր պայքարը տեսանելի դարձնելու համար։
Խղճի ու համոզմունքի հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվելու յուրաքանչյուր մանիֆեստ նշանակում է անձնական նվիրում միլիտարիզմի դեմ պայքարին և խաղաղության լեզվով խոսելուն։ Այս մրցանակով, մենք այժմ մեր խոսքն ենք տալիս Հրանտին․
Հրա՛նտ, խոստանում ենք մեր խոսքի տերը լինել։
Շնորհակալություն