Ամիրա Հասսը ծնվել է Երուսաղեմում 1956 թ.։ Հոլոքոսթը վերապրած ու իրեն մինչև կյանքի վերջը սատարած կոմունիստ ծնողների (մայրը՝ Յուգոսլավիայից, հայրը՝ Ռումինիայից) միակ դուստրն է։ Երբ հարցնում են, Ամիրան պատմում է, որ սովորական ընտանիքից չի սերում, այսինքն՝ ոչ մի տարօրինակ կամ ըմբոստ կամ հանդուգն բան չի արել՝ տեղափոխվելով ապրելու պաղեստինցիների հետ կամ գրելով Իսրայելի քաղաքականությունների դեմ։
Բազմակի անգամներ ձախողելով ուսումը շարունակել է համալսարանի պատմության բաժնում, 1989 թ․ Հասսը սկսում է աշխատել իսրայելական «Հաարեց» օրաթերթում՝ սկզբում իբրև սրբագրիչ-խմբագիր, այնուհետև իբրև լրագրող։ 1993 թ․ վերջերից ի վեր նա գրում է պաղեստինյան օկուպացված տարածքների թեմաներով։ Նույն ժամանակաշրջանում տեղափոխվեց ապրելու Գազայում, իսկ 1997 թ․՝ Արևմտյան Ափ՝ Ռամալլահ, ուր բնակվում է մինչ օրս։
Ամիրա Հասսը հեղինակ է մեկ գրքի ու հոդվածների երկու ժողովածուի։ «Խմելով ծովը Գազայում․ օրերն ու գիշերները պաշարված հողում» գիրքը (հրատարակիչ՝ Հենրի Հոլթ, 2000 թ․, ԱՄՆ) թարգմանվել է մի քանի լեզուներով։ «Լրագրություն Ռամալլահից» ժողովածուն (հրատարակիչ՝ Semiotext, 2003 թ․, անգլերեն ու այլ լեզուներով) «Հաարեց»-ում 1997-2002 թթ․ տպագրված հոդվածների ժողովածուն է, իսկ «Domani Andra Peggio»-ն («Վաղը ավելի վատ կլինի», իտալերեն ու գերմաներեն) հիմնված է իտալական «Internazionale» թերթում հրապարակված իր սյունակների վրա։
Երբ իրեն հարցնում են, Հասսն ասում է, որ «պաղեստինցիների» փորձագետ չէ, նման հավակնություն ունենալու համար, շատ ավելին է պետք իմանալ մի ամբողջ ժողովրդի մասին, բայց ինքը լավ գիտի իսրայելական օկուպացիայի մասին։ Ավելին, քան որևէ այլ լրագրող՝ լինի նա իսրայելցի, պաղեստինցի թե արտասահմանցի, Հասսը խորացել է Իսրայելի կողմից տեղաշարժման սահմանափակումների իսրայելական sui generis (յուրօրինակ) համակարգի մեջ։ Նա հույս ունի ավարտին հասցնել պաղեստինցիներից տեղաշարժման իրենց իրավունքից զրկող՝ Անցաթղթային համակարգի ներդրման մասին իր գիրքը։
Ամիրա Հասսի մայրը Բերգեն-Բելսենի համակենտրոնացման ճամբարում օրագիր է պահել։ Թեև նախկինում օրագիրը մի քանի անգամ տպագրվել էր, այն վերջերս վերահրատարակվեց ԱՄՆ-ում գործող ձախական հրատարակչատան՝ Haymarket Books-ի կողմից։ Գրքում զետեղված են նաև Հասսի երկու էսսեներն իր մոր ու հոր կյանքի մասին, ինչպես նաև երիտասարդ յուգոսլավ-հրեա գիտնականի՝ Էմիլ Քերենջիի պատմական ակնարկը։
Դժվարանում եմ շնորհակալություն հայտնել այս պարգևի ու խրախուսման համար, որոնցով այսօր ինձ պարգևատրում եք, քանի որ դրանք Հրանտի մահվան հետևանքով են։ Թեև իսկապես, Հրանտի ծննդյան օրն ու գոյությունը, ներկայությունն ենք այսօր տոնում, բայց այն այս կերպ չէր տոնվի, եթե նա չսպանվեր։
Բայց նույնիսկ եթե ձեզ ու Հրանտին հանդիպեի այլ՝ ավելի հեշտ հանգամանքներում, մեզ միևնույն է՝ կկապակցեր մշտական տխրության ու վշտի նույն զգացողությունը, որն այսօր զգում եմ։ Դա մշտական տխրություն է, որը զգում են ինձ պես մարդիկ՝ երեխաներն այն սերնդի, որը վերապրել է Մարդասպանության գերմանական ինդուստրիան։ Տխրություն, որը երբեք մեզ չի լքում, այդ նույն տխրությունը, որը երբեք չի լքում հայերին։
Մի ուրիշ զգացում, որ միավորում է ինձ ու այսօր այստեղ հավաքվածներին, զայրույթն է, զայրույթ այն ամենի հանդեպ, որը մեր կառավարություններն ու իշխանությունները անում են մեկ ուրիշ ժողովրդի նկատմամբ։ Տխրությունն ու բարկությունը դժվար է բառերով նկարագրել՝ տարօրինակ է, որ ես՝ լրագրողս եմ դա ասում։
Բառերը, սակայն, որոնք ես գործածում եմ, ինձ նույնիսկ նվազագույն չափով չեն դնում այնպիսի վտանգների տակ, ինչպիսիք սպառնում են լրագրողներին Թուրքիայում, ինչպես ես բացահայտեցի վերջին 24 ժամվա ընթացքում։ Մենք Իսրայելում չունենք 301 հոդվածը, կարող ենք պաշտոնական քաղաքականությունների դեմ խստագույն քննադատություն հրապարակել ու չենթարկվել դատական հետապնդման կամ ազատազրկման, էլ չասած՝ բացեիբաց սպանության։ Այսօր ՄԱԿ-ը հրապարակել է Գազայի վրա հարձակման մասին զեկույցը․ այն հաստատում է, որ Իսրայելը գործել է պատերազմական հանցանքներ ու հնարավոր է՝ հանցանքներ մարդկության դեմ։ «Դա պետք է, որ զարմանալի չլինի ցանկացած մեկի համար, ով կարդացել է քո հոդվածները», - այսօր ինձ խմբագրությունից մեկն ասաց։ Բայց շատերն են որոշել չկարդալ իմ հոդվածները կամ անտեսել դրանք։
Եվ ուրեմն մենք՝ իսրայելցի լրագրողներս, որոնք հետևում են օկուպացիայի իսրայելական ռեժիմին, ունենք մի ուրիշ բնույթի խնդիր՝ չլսված, մարդկանց ականջին չհասած լինելու մարտահրավերը։
Սնափառությունից չէ, որ ուզում ենք լսված լինել, այլ նրա պատճառով, որ միշտ կա հույս, որ դաժանության մանրամասնությունների ու իշխելու վտանգավոր քաղաքականությունների մասին իրազեկված լինելը կարող է օգնել կանխել ապագա աղետը։