Երկխոսային հանդիպումներ
Հրանտ Դինքի հուշավայրի նախնական ծրագրի ընթացքում ձգտում ենք իրականացնել ներառական գործընթաց: Նախնական ծրագրի շրջանակում «Սեբաթ» շենքում կազմակերպում ենք երկխոսային հանդիպումներ և մեկտեղում ենք մասնագետների և անհատների՝ մի շարք գիտակարգերից, ոլորտներից և խմբերից: Ընդհանուր առաջարկությունները հավաքելուց և մասնակիցների ակնկալիքները լսելուց բացի, նաև հավաքում ենք առաջարկություններ հուշավայրի բովանդակության, շրջանակի, պատումների, հույզերի, պատմությունների, տևականության, լսարանի և կրթական ծրագրերի վերաբերյալ: Երկխոսային հանդիպումները, որոնք կազմակերպվում են արվեստագետների, կուրատորների, սոցիոլոգների, հաղորդակցման մենեջերների, ճարտարապետների, «Ակօս» թերթի աշխատակազմի, Դինքի ընտանիքի անդամների և հետազոտողների մասնակցությամբ, կշարունակվեն նախնական գործընթացի ողջ ժամանակահատվածում։
Աշխատաժողովներ
«Սեբաթ» շենքում միջազգային փորձագետների և նրանց փորձագիտության ներգրավմամբ աշխատաժողովների կազմակերպումը նախնական ծրագրի կարևոր և շահեկան հենասյուներից է: Մենք խորհրդակցում ենք միջազգային փորձագետների հետ և հայցում նրանց առաջարկությունները հուշավայրի պատումների, թեմաների, պատմությունների, հայեցակարգի, ցուցահանդեսների կազմակերպման մեթոդների և ձևավորման վերաբերյալ: Օգտվում ենք միջազգային փորձագետների պատկերացումներից՝ կապված մեր հուշավայրի լսարանի և կրթական ծրագրերի հետ, ինչն էական դեր կխաղա մեր հուշավայրը երկխոսության և փոխշփումների վայր դարձնելու գործում՝ այդպիսով մեր վայրին հնարավորություն տալով խթանելու փոխըմբռնումը: Աշխատաժողովները ոչ միայն արժեքավոր ներդրում են ունենում հուշավայրի հետագա քայլերը ձևավորելու գործում, այլև հստակ հնարավորություն են տալիս փոխանակել գաղափարներ հայտնի միջազգային փորձագետների հետ՝ հնարավոր հետագա համագործակցության համար: