Թանգարանների միջազգային օրվա առթիվ ողջ աշխարհում մեկ շաբաթ շարունակ կազմակերպվում էին համընթաց միջոցառումներ: Այս աշխատանքների շրջանակներում մայիսի 17-ին Հրանտ Դինքի հուշավայրում կազմակերպվեց «Առարկաների հիշողությունը» աշխատաժողովը: Աշխատաժողովը ղեկավարեցին գերմանացի նկարիչներ Հորսթ Հոհայզելը և Անդրեաս Քնիցը, ովքեր հակահուշարձաններ են նախագծել Գերմանիայում, Եվրոպայում և Հարավային Ամերիկայում և իրականացրել հիշատակների ոգեկոչման ստեղծագործական աշխատանքներ։ Աշխատաժողովին ներկա էր տասներեք անձ՝ տարբեր գիտակարգերից և տարիքային խմբերից:
Ի պատասխան Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ներկային և անցյալին առնչվող առարկաներ բերելու առաջարկին՝ մասնակիցները բերել էին առարկաներ և պատմեցին այդ առարկաների պատմությունները: Մասնակիցները, ովքեր բացատրեցին իրենց բերած առարկաների պատմությունը և այդ առարկաների նշանակությունը իրենց հիշողություններում, հնարավորություն ստեղծեցին արդյունավետ զրույցների և հաճելի հաղորդակցման համար:
Աշխատաժողովի ավարտին մասնակիցները գրի առան իրենց բերած յուրաքանչյուր առարկայի պատմությունը, ինչպիսիք էին, օրինակ, նռան գինու շիշը, Հայաստանից բերված դուդուկը, 105 տարի առաջ հայկական այբուբենով օսմաներեն գրված Աստվածաշունչը, Հայաստանից բերված՝ ավանդական մոտիվներով ձևավորված սուրճի գավաթը, Հայաստանում հավաքված լեռնային ուրցը:
Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Հրանտ Դինքի հուշավայրն ամբողջ օրը բաց էր: Մայիսի 18-ին ցուցադրվեցին «Առարկաների հիշողությունը» աշխատաժողովին բերված առարկաները՝ ուղեկցվելով իրենց պատմություններով: Հրանտ Դինք հիմնադրամի աշխատակազմը և «Ակօս» թերթի հայերեն էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը զրույց ունեցան Հուշավայրի այցելուների հետ: