«Դժվար անցյալների հաղթահարման գործելակերպեր. Գերմանիայի, Լեհաստանի և Ալբանիայի փորձառությունները» խորագրով քննարկումը կազմակերպվել է 2018 թ. դեկտեմբերի 20-ին, Հրանտ Դինք հիմնադրամի «Հավաք» սրահում։ Քննարկումը վարում էր թանգարանի մանկավարժ և գրող Հյուսնե Ռեա Չիղդեմը: Որպես բանախոսներ քննարկմանը մասնակցում էին Լարիսա Միխալսկան Գալիցիայի Հրեական թանգարանից, Սառա Հիրոնը Բեռլինի Հրեական թանգարանից, Էտլևա Դեմոլարին «Տերևների տուն» թանգարանից և Միրիան Բլաչին «Մշակութային ժառանգություն առանց սահմանների» հիմնադրամից:
Իր ելույթում Լարիսա Միխալսկան նշեց, թե ինչպես է Գալիցիայի թանգարանը որդեգրել հրեական պատմությունը ներկայացնելու նոր տեսակետ՝ նպատակ ունենալով մարտահրավեր նետել Լեհաստանում հրեական անցյալի հետ կապված կարծրատիպերին ու թյուրըմբռնումներին, կրթել լեհերին և հրեաներին իրենց պատմության մասին, միաժամանակ խրախուսելով նրանց մտածել ապագայի մասին: Նա ներկայացրեց Գալիցիայի Հրեական թանգարանում կազմակերպված ընտրված ծրագրերը, միջոցառումները և աշխատանքները: Նա նաև մասնակիցներին հաղորդակից դարձրեց Գալիցիայի Հրեական թանգարանում մանկավարժների աշխատանքում առկա մարտահրավերների, դժվարությունների և հնարավորությունների մասին իր մտքերին և խորհրդածություններին։
Բեռլինի Հրեական թանգարանի աշխատակից Սառա Հիրոնը ելույթը սկսեց Բեռլինի Հրեական թանգարանի ընդհանուր ակնարկով: Նա խոսեց Բեռլինում և Գերմանիայում թանգարանի դերի, առաքելության, այցելուների և հավաքածուի մասին: Այնուհետև նա նկարագրեց կրթության և իրազեկման ծրագրերում իրենց որդեգրած մեթոդներն ու մոտեցումները: Վերջում նա քննարկեց այն նորարարական եղանակները, որոնցով կարողանում են գերմանական հասարակության շրջանում հետաքրքրություն արթնացնել թանգարանի թեմաների հանդեպ:
Էտլևա Դեմոլարին՝ Տիրանայի «Տերևների տուն» Գաղտնի հսկողության ազգային թանգարանի տնօրենը, խոսեց Ալբանիայում կոմունիստական ժառանգության հանդեպ վերաբերմունքի, ինչպես նաև «Տերևների տուն» թանգարանի մասին՝ որպես Ալբանիայի նորագույն թանգարանի, որն զբաղվում է կոմունիստական դժվար անցյալով: Նա բացատրեց թանգարանի առաքելությունը՝ հիշել և հարգանքի տուրք մատուցել այն քաղաքացիներին, որոնց նկատմամբ կոմունիստական վարչակարգի օրոք նախկին Պետական անվտանգության ծառայության միջոցով հոգեբանական բռնություն ու հսկողություն է գործադրվել՝ խրախուսելով քաղաքացիների հետ և քաղաքացիների միջև երկխոսությունը անցյալի, ներկայի և Ալբանիայի ապագայի վերաբերյալ:
Քննարկման վերջին բանախոսը Միրիան Բլաչին էր: Իր ելույթում նա խոսեց նախկին Սպաչի բանտի՝ տխրահռչակ աշխատանքային ճամբարի մասին, որը հիմնադրվել էր Ալբանիայի կոմունիստական կառավարության կողմից 1968 թ.-ին՝ պղնձի և պիրիտի հանքավայրում: Տարածելով վերապրածների պատմությունները՝ հիմնադրամը ցանկանում է ավելի շատ լույս սփռել բռնապետական համատեքստում քաղաքական հետապնդումների և դիմադրության պատմության առումով դրա կարևորության վրա: Նա նշեց Սպաչը երկխոսության և գործողությունների վայրի վերածելուն ուղղված երկխոսության վրա հիմնված և շարունակական ջանքերը։ Ինչպես ընդգծեց նա, Սպաչը ոչ միայն կարևոր է իր պատմական նշանակությամբ, այլև եզակի վայր է՝ խոսելու հանուն մարդու իրավունքների մղվող այսօրվա պայքարի, ինչպես նաև այդ պայքարի` մարդկանց վրա ներգործության մասին, որպեսզի նրանք անհատական պատասխանատվություն ստանձնեն ներկայիս հասարակության ժողովրդավարական առողջության համար: