«Հրանտ Դինք» հիմնադրամն անդամակցեց «Հիշողությունների եվրոպական դիտարան» (EUROM) անդրազգային ցանցին, որի մեջ մտնում են հիշատակների ոգեկոչման հանրային քաղաքականությունների վերլուծությամբ և առաջմղմամբ զբաղվող կառույցներ և կազմակերպություններ։
EUROM-ը նպատակ ունի խթանելու միջգիտակարգային հետազոտությունները և հանրային հիշողության կառուցմանն առնչվող գիտաուսումնական գործունեությունը, նպաստելու հիշողության քաղաքականության վերլուծությանն ու կառավարմանը, ինչպես նաև ազդելու քաղաքացիների՝ հիշողության ժառանգությունն օգտագործելու և մեկնաբանելու իրավունքի վրա, խորհրդածելու Եվրոպայում ժողովրդավարության և ազատության համար մղվող պայքարի նորագույն պատմության շուրջ, քարոզելու հիշողությունների բազմակարծություն։ EUROM-ն աշխատում է տարբեր երկրների զանազան քաղաքական ռեժիմների, բռնապետությունների և այդ ռեժիմների դեմ դիմադրության շարժումների, հանուն քաղաքացիական իրավունքների պայքարի, եվրոպական մի շարք երկրներում ժողովրդավարամետ շարժումների և անցումային գործընթացների մասին հանրային հիշողությունների կառուցման վրա: Անցյալի վրա լույս սփռող և անցյալի հետ առերեսումը խրախուսող իր նախագծերի և ծրագրերի շնորհիվ Հրանտ Դինք հիմնադրամը դարձավ EUROM-ի անդամ` հանդիսանալով 19 տարբեր երկրների 45 գործընկեր կազմակերպություններից մեկը: