«Ակօս», 2004թ․ հունիսի 4
Արևմուտքում բազմամշակութայնությունն իրական իմաստով ներմուծվել է միայն վերջերս: Նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը բազմազան մշակույթների թերևս ամենամեծ հնոցն է, ընդամենը երկու հարյուր տարեկան է:
Մյուս կողմից, «ուրիշի հետ ապրելու» փորձառությունը Եվրոպայում այսպես ասած՝ լաբորատոր փորձարկումների արդյունք է:
Ու քանի որ Եվրոպան չունի բազմամշակութային կյանքի խորն արմատացած ավանդույթ, այն հաճախ է ապուշ կտրում այնպիսի խնդիրներից, ինչպիսին գլխաշորի հարցն է, որը մեզ համար ընդամենն իրողություն է (!), իսկ իրենք չգիտեն՝ ինչ անեն:
Ֆրանսիան տիպիկ օրինակ է: Դպրոցներում կրոնական խորհրդանիշներ կրելու արգելքի մասին օրենքն անցկանցելու ժամանակ առաջացած ցավերը մինչև հիմա դեռ իրենց զգացնել են տալիս:
Բայց անհնար է նրանց դատապարտել սրա համար, քանի որ չնայած փորձի պակասին, նրանց հաջողվում է օրըստօրե բարելավել իրենց դիրքորոշումը միամշակութայնությունից դեպի բազմամշակութայնություն, մեկուսացումից՝ ներառում:
Ինչ վերաբերում է մեզ, մենք ունենք փորձը, բայց ոչ՝ պատրաստակամությունը:
Բազմամշակութայնության գաղափարը չսիրողներն իհարկե շատ անհանգիստ են․ եթե մեր տարբերություններն ընդգծվեն, դրանք կվերածվեն հումորի ու կատակների, ու դրանից հետո կվտանգվի մեր միասնականությունն ու հավաքականությունն իբրև ազգ:
Միասնականության ու հավաքականության կարգախոսների ներքո իրականում փորձ է արվում քողարկել մեր միատեսակությունը:
Հիշում եք չէ՞ հետևյալ խոսքերը․ «Արա՛, ի՞նչ խճանկար, մարմա՛ր»... Ահա պնդումը:
Չնայած սրան, մենք մատնաչափ անգամ հետ չենք կանգնում այն դիրքորոշումից, թե՝ «մենք արդեն ունենք բազմամշակութայնություն, նորի կարիքը ընհանրապես չկա»:
Ասվում է, որ ժամանակին միասին ապրելու հանդեպ մեր սերն այնքան մեծ էր, որ մեր տարբերություններից կատակներ ու հումոր էինք անում, իրար հոգու հետ էինք խաղում:
Թուրքը, քուրդը, հայը, հրեան ու հույնը հենց հավաքվում էին, նրանց էլ ոչինչ չէր կանգնեցնի:
«Երեք ընկեր՝ քուրդը, թուրքը, հայը փողոցով քայլում են...» Այսպես էինք սկսում, հանաքներ ու խաղեր անում: է՜հ, ի՜նչ օրեր են եղել: : Փոխանակ մեր տարբերությունների պատճառով ափերից դուրս գայինք, մենք դրանք հանաքի էինք վերածում:
Տարբերությունը վերածել հումորի... Սա թերևս կարող է լինել մարդկային քաղաքակրթության իսկական ցուցիչ:
Բայց հետո... Եկավ մի օր, երբ սկսեցինք իրարից վախենալ ու այլևս չէինք կարողանում իրար պատմել մեր կատակներն ու պատմությունները:
Հանուն «միատեսակությանն» ոչ միայն կորցրինք մեր հարստությունը, այլ կորցրինք նաև մեր խինդը:
Կարո՞ղ ենք արդյոք հետ բերել այդ օրերը:
Որտեղի՞ց սկսենք:
Միգուցե մի կո՞ղմ թողնենք վախենալու բառերը, ինչպիսին «քաղաքականությունն» է, ու սկսենց կրթությունի՞ց:
Միգուցե կրթական ծրագրե՞ր ներդնենք, հետազոտական թեմանե՞ր ներառենք դպրոցական դասագրքերում, որոնք հավիտյան կդաջեն մեր տարբերությունները մեր հիշողություններում:
Երևի ամենաճիշտն այբբենարանից սկսելն է:
Օրինակ, «Ալին գնդակը նետի՛ր Վելիին» նախադասության կողքը գրենք՝ «Ալին գնդակը նետի՛ր Հակոբին»:
Ժամանակին այս հարցերը բարձրացրել եմ «Բեյօղլու» (Beyoğlu) թերթի խմբագրատանը փոքրամասնությունների մասնակցությամբ կազմակերպված մի հանդիպման ժամանակ:
Ընկերս՝ Միխայիլ Վասիլադիսը, ով «Հետկեսօր» (Apoyevmatini) թերթի գլխավոր խմբագիրն է, իմ վերը նշած նախադասությունն այբենարանում ներառելու առաջարկը կատակի վերածեց:
«Անկեղծ եմ ասում, քեզ կրակի մեջ ես գցելու», - ասաց նա:
«Ասում ես՝ Ալին գնդակը նետի՛ր, բա որ Ալին գնդակ բառը սխալ հասկանա՞ ու ասենք՝ զինվորական ծառայության ժամանակ Հակոբի վրա ուղղի հրացանի՞գնդակը: Կարող է չէ՞ իր գործողությունը հիմնավորել՝ ասելով, որ, դե գիտեք ինչ, տարրական դասարանում ինձ դա են սովորեցրել»:
Մի լավ ծիծաղեցինք:
«Ուզածս հենց սա էր», - մտքումս մտածեցի, - «հենց սա»:
Նույնիսկ եթե վերևի օրինակս ցույց է տալիս տարբեր մեկի տրավմատիկ կամ պարանոյիդ տրամադրության աստիճանը, միասնականության կհասնենք այն ժամանակ, երբ կկարողանանք կատակի վերածել մեր տարբերությունները: