«Ակօս» 1997թ․ նոյեմբերի 21
Համաձայն Սուրբ Գրքի՝ արգելված պտղին դիպչելուց հետո մարդը զրկվում է աստվածային շնորհներից ու սկսում դառնալ մարդկային արարած: Երբ Եվան արգելված ծառից պոկեց խնձորն ու առաջարկեց Ադամին, նրանք գիտակցեցին, որ մերկ են ու ծածկեցին մերկությունը թզենու տերևներով: Աստծո զայրույթն ահարկու է․ կին տեսակին նա պատժեց երկունքի ցավերով, տղամարդուն՝ տքնաջան աշխատանքով մինչև մահ:
Այդ պահից հետո բազմապատկված ու քանակապես շատացած մարդկության էվոլուցիոն գործընթացն ընթացել է նույն կերպ, ինչ մարդկանց միջև հասարակական ու քաղաքական հարաբերությունների գործընթացը: Դրա իրական բացատրությունը պետք է փնտրել պատմության ընթացքում անթիվ անհամար արգելքներ դնելու ու մարդկության կողմից դրանց դեմ ըմբոստանալու ու պայքարելու մեջ: Միևնույն ժամանակ համառորեն իր գոյությունն է պահպանում«անձեռնմխելի» տաբուների հարատև ու հիմնարար մի իրականություն, որին բախվում են այս գործընթացը վերլուծելու փորձ անողները: Ինչպես և նախկինում, որոշ բաներ շարունակում են մնալ անհասանելի, որոշ մարդիկ՝ անձեռնմխելի:
Եվ պարզվում է, որ մեր սիրելի Թուրքիայում, 21-րդ դարի սկզբում պատգամավորական անձեռնմխելիությունը շարունակում մնալ արդիական խնդիր:
Մեր երկիրը հռչակել է մաքուր հասարակություն դառնալու մտադրության մասին, սակայն անձեռնմխելիության այս վահանը հսկայական խոչընդոտ է հենց իրեն՝ պետությանը մաքրելու ճանապարհին: Բոլորս հետևում ենք զարգացումներին․ խնդիրն անցել է անձանց անձեռնմխելիության սահմանը, արդեն բանավեճի առարկա է դարձել պետության անձեռնմխելիությունը: Ո՛չ արդարադատական համակարգը, ո՛չ էլ իշխանական որևէ ուժ ի զորու չեն հասնել ու դիպչել անձեռնմխելիներին: Այդուհանդերձ, հստակ է, որ անհնար կլինի կասեցնել անձեռնմխելիներին ձեռք տալու հասարակական պահանջը: Այս շաբաթ Թուրքիայի ազգային մեծ ժողովում նստած պատգամավորները մի այնպիսի փորձության առջև են, որին բացարձակապես սովոր չեն ․պետք է քվեարկեն ու ասեն՝ «Թող մե՛նք էլ ձեռնմխելի լինենք»: Արդյոք կզրկվե՞ն նրանք անձեռնմխելիությունից: Չափից դուրս լավատեսություն է պետք ակնկալելու, որ կհայտնվի կախարդական փայտիկ, ու սա տեղի կունենա մի խորհրդարանում, որտեղ քանակական հավասարակշռությունը մշտապես փոփոխվում է: Սակայն ճշմարիտ է նաև, որ եթե դա այսօր տեղի ունենա, շատ լավ կլինի, բայց եթե տեղի չունենա էլ, ապագայում ինչ-որ ժամանակ անձեռնմխելիությունը վերանալու է: Իսկ այդ օրը հեռու չէ: Ի վերջո դրանք կվերացվեն, ինչպես և պետք է:
Քանի խոսում ենք անձեռնմխելիությունից, անհրաժեշտ է դառնում մի քանի տողով նաև քննարկել մեր հասարակական կյանքի թեման, դիպչել այս դաշտի անձեռնմխելիներին նույնպես: Մեր հասարակական կյանքում արդյոք չե՞նք տեսնում, որ որևէ անձի կամ հաստատության հանդեպ նույնիսկ ամենաթեթև քննադատությունը հնչեցնելիս ջրի երես են դուրս գալիս նույն անձեռնմխելի տաբուները: Կարծում եմ՝ եկել է տաբու համարվող նման հարցերին առերեսվելու ու խավարում մնացած քարերը շրջելու ժամանակը: Փորձում ենք, որքան հնարավոր է, դիպչել այդ տաբուներին: Գիտակցում ենք, թե ինչ ծանր ճիգ է դա: Գիտենք՝ որքան դժվար է հաստատել նման ավանդույթ այնպիսի հասարակությունում, ուր չկա քննադատության սովորույթ: : Բայց մենք այդ հարցումհետևողական ենք լինելու:
Ինչո՞ւ պետք է չվախենանք դիպչելուց:
Կենդանաբան և էթոլոգիայի* տեսաբան Դեսմոնդ Մորիսն իր «Ինտիմ վարք» գրքում բացատրում է, թե ինչպես է ստացվել, որ ավելի ու ավելի խիտ բնակեցված մեր աշխարհում սկսել ենք մոռանալ իրար դիպչել, և խոսում է «անձեռնմխելիության» վտանգների մասին: Երկարուձիգ բացատրելով, թե ինչպես է ընկերաբար մարդու ուսին խփելը տիպիկ մարդկային ու արժեքավոր ժեստ, Մորիսը շարունակում է փաստարկել, որ այն իրականում սիրո արտահայտման նշան է: Նա ասում է․ «Հպումը մեր ամենահիմնարար զգայարաններից է, այն նկարագրվում է իբրև զգայարանների մայր: Ցավոք, և ավելին, առանց գիտակցելու դա, մենք դառնում ենք ավելի քիչ դիպչող մարդկություն ու իրարից ավելի ենք հեռանում»:
Մենք համաձայն ենք Մորիսի հետ, երբ նա կապում է հպումը սիրո հետ: Ուրեմն, եթե իրոք սիրում եք... իսկապես սիրում եք, մենք ձեզ խնդրում ենք «դիպչել» ու «չվախենալ, երբ ձեզ դիպչեն»: «Մի՛ վախեցեք դիպչել․ դուք այդժամ կդեմոկրատանաք»: