Թուզլայի հայ երեխաների ճամբար՝ զավթման մի պատմություն, Մարդու իրավունքների միության ստամբուլյան մասնաճյուղ, 2000թ․
Մի առավոտ մեզ տարան, 13 երեխա էինք...Քայլեցինք Գեդիկփաշայից մինչև Սիրքեջի... Դեպի Հայդարփաշա անցանք նավով... Հետո այնտեղից գնացքով հասանք Թուզլայի կայարան... Հետո մեզ ոտքով տարան մի հսկա հարթ վայր, որը լճի ու ծովի արանքում էր: Այն օրերին Թուզլան հարուստների ու բյուրոկրատների առանձնատներով կառուցապատված չէր, ինչպես այսօր... Վայրի մնացած լճափ՝ մանր ավազով, ծովից կտրված... Մի երկու տուն, իրարից հեռու հատուկենտ թզենիներ ու ձիթենիներ ու ձորակով մեկ ձգված մոշի փշոտ թփեր...
Եվ մեկ էլ մեր՝Կարմիր մահիկից օգնություն ստացած վրանները...
13 վտիտ երեխաներս՝ 8-12 տարեկան, այլևս բանտարկված չէինք Գեդիկփաշայի որբանոցի բետոնապատ այգում:
Գիշերվա հեռուներում քաղաքի կայծկլտացող լույսերին նայելիս միայն հիշեցինք մեր ընտանիքներն ու մտերիմներին: Քաղաքի լույսերը նմանեցնում էինք հին աստղերի, որոնք թափվել ու կույտ էին դառել:
Երեք տարի շարունակ արթնանում էինք ծեգին ու աշխատում մինչ կեսգիշեր, որպեսզի ավարտին հասցնենք ճամբարի շինարարությունը: Մեզնից կարճահասակը՝ «Քյություքը» (Քոթուկը, այդպես էինք անվանում Զաքարին) մեն մենակ կարողանում էր ցեմենտի պարկը գրկել ու բարձրացնել կտուր: Գիշերներն այնքան հոգնած էինք լինում, որ միզում էինք տակներս:
Ութ տարեկան էի, երբ գնացի Թուզլա: Այնտեղ անցկացրած 20 տարիների ընթացքում տքնաջան աշխատել եմ: Այնտեղ եմ հանդիպել կնոջս՝ Ռաքելին: Միասին ենք մեծացել: Այնտեղ էլ ամուսնացել ենք: Մեր երեխաներն էլ են այնտեղ ծնվել... Սեպտեմբերի 12-ից հետո մեր ճամբարի տնօրենին տարան «հայ զինյալներ դաստիարակելու» պատճառաբանությամբ: Կեղծ մեղադրանք էր: Մեզնից ոչ մեկին չեն դաստիարակել իբրև հայ զինյալ: Ես ու այնտեղ դաստիարակված ընկերներս լծվեցինք անտեր մնացած ճամբարն ու մանկատունը փակվելու վտանգից փրկելու գործին:
Օրերից մի օր մեր ձեռքը դատական մի թուղթ խցկեցին:
«Պարզվում է, որ դուք՝ փոքրամասնությունների հաստատություններդ, անշարժ գույք գնելու իրավունք չունեք: Մենք ժամանակին սխալվել ենք ձեզ թույլտվություն տալու հարցում: Այս տարածքն այսուհետ պատկանում է իր հին սեփականատիրոջը»:
Չնայած մեր հինգամյա պայքարին՝ մենք պատրվեցինք... Ցավոք, մեր հակառակորդը պետությունն էր:
Ո՜վ մարդկություն, բողո՛ք ունեմ ես...
Նրանք մեզ վտարեցին մեր իսկ ստեղծած քաղաքակրթությունից:
Նրանք գողացան այստեղ մեծացած 1500 երեխաների ջանքը: Նրանք ուզուրպացրին մանկական մեր աշխատանքը: Եթե նրանք դա կրկին վերածեին աղքատ երեխաների մանկատան, եթե օգտագործեին իբրև ճամբար աղքատ կամ հաշմանդամ երեխաների համար, անկախ նրանց ինքնությունից՝ օրհնանքներ կհղեի: Բայց չեմ կարող օրհնել, երբ իմ աշխատանքն այս կերպ չարաշահվել է:
Հիմա մեր ստեղծած «Թուզլայի աղքատ երեխաների» ճամբարը, մեր «Ատլանտիդայի քաղաքակրթությունը» ավերակների է վերածվել...
Այնժամ, երբ երեխաների քչփչոցը վերացավ, ջրհորի ջուրն էլ չորացավ... Շենքի ուսերը ծալվեցին... Հողն ամուլ է... Ծառերը՝ նեղացած...
Ըմբոստությանս ցասումը նույնքան հուժկու է, որքան ցած սուրացող ծիծառնակինը, որի՝ այդքան խնամքով կառուցած բույնը մեկ հարվածով քանդում են...
Բայց՝ անօգնական...