2019 թվականի հունվարի 21-23-ը Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի Արվեստի և դիզայնի և MEF համալսարանի Արվեստի, դիզայնի և ճարտարապետության ֆակուլտետների հինգ գիտնականներից բաղկացած խումբը՝ ներառյալ պրոռեկտորներ ու ամբիոնի վարիչ, այցելեցին Հայաստան: 

Նպատակ ունենալով ընդլայնել երկու հարևան երկրների միջև գիտական ​​և մասնագիտական ​​համագործակցությունը ճարտարապետության ոլորտում, այցը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) և MEF ու Քադիր Հաս համալսարանների նախորդ նախաձեռնությունների շարունակությունն էր: 2018 թվականի փետրվարին ՃՇՀԱՀ-ի մի խումբ գիտնականներ այցելեցին Ստամբուլ` ճարտարապետության ոլորտում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու համար: Այս այցը ճանապարհ հարթեց 2018 թվակաինի հունիս-հուլիս ամիսներին իրականացված համատեղ ամառային դպրոցի համար, որի շրջանակում ՃՇՀԱՀ-ի և MEF համալսարանի ճարտարապետության ուսանողները նախագծեցին և կառուցեցին մի խաղահրապարակ Ստամբուլում գտնվող հայաստանցի միգրանտների երեխաների համար՝ իրագործված MEF համալսարանի «Դիզայն և կառուցում» ստուդիայում:

 

Այս այցի շրջանակում Թուրքիայի գիտնականները հյուրընկալվեցին ՃՇՀԱՀ -ի կողմից։ Համալսարանում կարճ շրջայցից հետո երեք համալսարանների գիտնականները կլոր-սեղան հանդիպում ունեցան և մտքեր փոխանակեցին իրենց հաստատությունների միջև հետագա ակադեմիական համագործակցության մասին, միմյանց իրազեկեցին համալսարանների բակալավրիատի և մագիստրոսական ծրագրերի մասին և քննարկեցին երկու երկրների ճարտարապետության ուսանողների համար Երևանում համատեղ ամառային դպրոց կազմակերպելու հնարավորությունը: Թուրքիայից ժամանած գիտնականները ելույթ ունեցան ՃՇՀԱՀ -ում անցկացված բաց դասախոսության շրջանակում, որի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ Սինան ճարտարապետի աշխատանքներին ու ժառանգությանը, Թուրքիայում ժամանակակից արվեստին և քաղաքային տարածքին, ինչպես նաև MEF համալսարանի «Դիզայն և կառուցում» ստուդիայի փորձին ու աշխատանքային սկզբունքներին:

Ծրագրի ընթացքում մասնակից գիտնականները հանդիպումներ ունեցան նաև «Ստորակետ» և «Սքիլշոփ» ճարտարապետական ​​ստուդիաների հետ և ծանոթացան տարբեր մասշտաբների նրանց նախագծերին: Խումբը հյուրընկալվեց նաև Հայաստանում IDeA հիմնադրամին և ծանոթացավ նրանց ճարտարապետական ​​և վերանորոգման գործունեությանը: Այս հանդիպումների շնորհիվ մասնակիցները կարողացան ընդհանուր պատկերացում կազմել Հայաստանում ճարտարապետության, դրա հիմնական միտումների մասին, ինչպես նաև ուսումնասիրել հայաստանյան իրենց գործընկերների հետ ակադեմիական և մասնագիտական ​​համագործակցության հնարավորությունները:

Ծրագրի շրջանակում խումբը նաև արվեստի պատմաբան Արա Պետրոսյանի ուղղորդմամբ բացահայտեց Երևանի գլխավոր ճարտարապետական ​​և մշակութային վայրերը: Երևանի բազմաշերտ մշակութային և ճարտարապետական ​​ժառանգությանը ծանոթանալու համար մասնակիցները շրջայց կատարեցին Երևանի նշանավոր թանգարաններում, տեսարժան վայրերում և ճարտարապետական ​​շենքերում, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում, Փարաջանովի թանգարանում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, Կասկադ համալիրում, Կաթողիկե եկեղեցում, Օպերայի և բալետի շենքում, Հանրապետության հրապարակում, ինչպես նաև Կոնդ թաղամասում: Խումբը կարճ ճանապարհորդություն ունեցավ նաև Երևանից դուրս՝ այցելելու Գառնիի տաճար և Գեղարդի վանական համալիր:

 

Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրերի շարքն իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը Գյումրու
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ Միացյալ Թագավորության կառավարության
Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:
#ukcssf

Ծրագրի մշակութային բաղադրիչն իրականացվել է «Քրեստ» հիմնադրամի աջակցությամբ: