Որպես Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրի մաս, որն իրականացվում է Հրանտ Դինք հիմնադրամի կողմից՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ, 2018 թվականի հունիսի 25-ից հուլիսի 13-ը Ստամբուլի MEF համալսարանը հյուրընկալել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հինգ ուսանողներից և երկու դասախոսներից բաղկացած խմբին:

MEF համալսարանի «Դիզայն և կառուցում» ստուդիայի շրջանակներում ՃՇՀԱՀ -ի խումբն աշխատում էր համալսարանի Արվեստի, դիզայնի և ճարտարապետության ֆակուլտետի 2 պրոֆեսորների և 9 ուսանողների հետ: Երեք շաբաթվա ընթացքում նրանք միասին նախագծեցին ու կառուցեցին խաղահրապարակ՝ նախատեսված Ստամբուլում ապրող հայաստանցի միգրանտների երեխաների համար։ Կոլեգիալ ուսուցման միջավայրում աշխատելով՝ Թուրքիայի ու Հայաստանի մասնակից ուսանողները ոչ միայն միասին աշխատելու և արդյունք գրանցելու բերկրանք ապրեցին, այլև երկու հարևան երկրների միջև սահմանը հատող ընկերություն կառուցեցին:

MEF համալսարանը «Դիզայն և կառուցում» ստուդիան ստեղծել է Արվեստի, դիզայնի և ճարտարապետության ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսի ուսանողների համար, որտեղ նրանք անապահով խմբերի մարդկանց տարածական կարիքներին ուղղված նախագծեր են գծագրում ու կառուցում: Երկու երկրների ուսանողները պատասխանատու են նախագծման և կառուցման ողջ գործընթացի համար` համագործակցելով մասնագետների, տարբեր հաստատությունների և ՀԿ-ների հետ: Առաջին անգամն էր, որ MEF համալսարանի «Դիզայն և կառուցում» ստուդիան նախագիծ իրականացրեց արտերկրից գործընկեր համալսարանի մասնակցությամբ:

Նպատակ ունենալով խրախուսել Հայաստանի և Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կայուն համագործակցությունը՝ ծրագիրը երկու հարևան երկրների պետական և մասնավոր համալսարանների միջև ներգրավվածություն ստեղծելու նախկին ջանքերի շոշափելի արդյունքն է:

«Դիզայն և կառուցում» ստուդիայի շրջանակներում ՃՇՀԱՀ -ի ուսանողներն ու գիտնականները երկու շաբաթ անցկացրին MEF համալսարանում: ՃՇՀԱՀ -ի և MEF-ի ուսանողներին աջակցում էին MEF-ի դասախոսներ Արեն Էմրե Քուրթգյոզուն և Յասեմին Բուրջու Բալօղլուն, ինչպես նաև ՃՇՀԱՀ -ի դասախոսներ Արթուր Եղիկյանն ու Գրիգոր Բաբաջանյանը: ՃՇՀԱՀ-ի խումբը նաև հնարավորություն ունեցավ հանդիպել Արվեստի, դիզայնի և ճարտարապետության ֆակուլտետի հիմնադիր դեկան պրոֆեսոր Արդա Ինջեօղլուին:

Ստամբուլում 3-շաբաթյա այցի ընթացքում ՃՇՀԱՀ-ի խումբը եղավ նաև Քադիր Հաս համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետում: Համալսարանի պրոռեկտոր պրոֆեսոր Արզու Էրդեմը հյուրընկալեց խմբին և նրանց տեղեկացրեց կրթական ծրագրերի և Քադիր Հաս համալսարանում առկա փորձի փոխանակման հնարավորությունների մասին: Խումբը նաև հնարավորություն ունեցավ շրջայց կատարել համալսարանի շենքում, որը Հովսեփ Ազնավուրի կողմից կառուցված ծխախոտի նախկին գործարան է եղել, ինչպես նաև այցելեց Ռեզան Հաս թանգարանի «Երկրի ժառանգությունը» ցուցահանդես, որը ներկայցնում է մ.թ.ա. 1-ին դարի ցուցանմուշներ։ Խումբը նաև ուսումնասիրեց Ստամբուլի ճարտարապետական և մշակութային գլխավոր վայրերը, այդ թվում՝ քաղաքի հայկական մշակութային ժառանգությունը:

Ծրագրի ավարտին MEF-ի և ՃՇՀԱՀ-ի ուսանողներն ու դասախոսներն իրենց մասնակցության վկայակաները ստացան անձամբ պրոֆեսոր Գյուլսուն Սաղլամերից, ով հնարավոր դարձրեց այս համագործակցությունը` խրախուսելով և ներգրավելով երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններին ճարտարապետության ոլորտի համագործակցության մեջ:

Հայաստան- Թուրքիա երկխոսության ծրագրին աջակցում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամը: Խաղահրապարակի կառուցման համար օգտագործված նյութերը ձեռք են բերվել «Քրեստ» հիմնադրամի աջակցությամբ:

«Դիզայն և կառուցում» ստուդիային մասնակցած MEF-ի և ՃՇՀԱՀ-ի ուսանողներն ու դասախոսները
Իլայդա Ակդեմիր
Գրիգոր Բաբաջանյան
Մելսիդա Բաբայան
Յասեմին Բուրջու Բալօղլու
Դենիզ Բաշկալեմ
Ալարա Չեթինկայա
Ջեմրե Չորուհլու
Ֆաթիհ Էկեն
Սոնյա Հարությունյան
Սենա Կարաթոփրակ
Զեյնեփ Էջէ Քիշիօղլու
Արեն Էմրե Քուրթգյոզու
Մարատ Մեժլումյան
Արիֆ Շահին
Արգամ Շահբազյան
Կուտլուհան Թյուզուն
Սերլի Վարդապետյան
Արթուր Եղիկյան

Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրերի շարքն իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը Գյումրու
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների,
կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:
#ukcssf


Խաղահրապարակի կառուցման համար օգտագործված նյութերը ձեռք են բերվել
«Քրեստ» հիմնադրամի աջակցությամբ: