Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցի կապակցությամբ Հրանտ Դինքի «23,5» հուշավայրի կողմից Երևանում բացվեց նրա կյանքն ու պայքարը ներկայացնող «Հրանտ Դինք․ հոս և հիմա» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացված էր քաղվածք Ստամբուլում գտնվող Հրանտ Դինքի «23,5» հուշավայրի ընտրանուց։ Երևանում այցելուները հնարավորություն ունեցան ավելի լավ ճանաչելու Հրանտ Դինքի երազանքները, խոսքը և պայքարը այնպիսի արժեքների համար, ինչպիսիք են երկխոսությունն ու համակեցությունը: Ինչպես Ստամբուլի Հրանտ Դինքի «23,5» հուշավայրում, այնպես էլ Երևանում, Հրանտ Դինքն ինքն էր ցուցահանդեսի պատմողն ու ուղեկցորդը՝ ներկայացնելով իր պատմությունն ու արդարության ճանապարհին հասնելու իր որդեգրած արժեքները։ Ցուցահանդեսի առանձին բաժիններ անդրադառնում էին այնպիսի թեմաների, ինչպիսիք են հիշողությունը, արդարությունն ու Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքները։
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) հյուրընկալված «Հրանտ Դինք․ հոս և հիմա» ցուցահանդեսը այցելուների համար բաց էր ս.թ. մայիսի 7-ից մինչև սեպտեմբերի 11-ը։ Ի լրումն ցուցահանդեսին ծանոթանալուն և Հրանտ Դինքի պայքարին նրա իսկ ձայնով ականատես լինելուն՝ երևանյան այցելուները հնարավորություն ունեցան շփվելու Ստամբուլում գտնվող Հրանտ Դինքի «23,5» հուշավայրի այցելուների հետ։ Երկու վայրերի միջև ստեղծված թվային կամրջի միջոցով նրանք կարողացան ձայնագրել իրենց անձնական պատմությունները և լսել Ստամբուլի հուշավայրում արվածները, ինչպես նաև ուսումնասիրել «Ակօս» շաբաթաթերթի 1996-2007 թվականների արխիվը:
Ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվեցին նաև այլ միջոցառումներ, որոնք անդրադառնում էին ցուցադրության հիմնական թեմաներին։ 2022 թվականի մայիսի 6-ի բացման միջոցառումից հետո, որին հրավիրված էին շուրջ 300 հյուր, հուլիսի 14-ին շրջագայություն և ընդունելություն կազմակերպվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի արվեստագետների համար։ Հուլիսի 29-ին տեղի ունեցավ «Երկխոսություն արվեստի և հիշողության միջև» քննարկումը՝ անդրադառնալով, թե ինչպես կարող են արվեստն ու մշակույթը, արվեստագետներն ու մշակույթի գործիչները նպաստել տրավմատիկ պատմությունների և դժվար անցյալի հաղթահարման փորձին՝ կամուրջ հանդիսանալով մարդկանց միջև: Ցուցահանդեսի գլխավոր միջոցառումը, որը կայացավ սեպտեմբերի 3-ին, «Օգտագործելով «փափուկ վրեժ»-ի ուժը» խորագրով քննարկում էր՝ դատավոր Ալբի Սաքսի հետ։ Միջոցառման ընթացքում Ալբի Սաքսը և Լարա Սեդրակյանը միասին փորձեցին բացահայտել «փափուկ վրեժ»-ի գաղափարը՝ անդրադառնալով ազատության համար մղվող պայքարներին, անցյալի հետ առնչվելու և համակեցությունը խթանելու հարցում հիշողության վայրերի ունեցած դերին, հավասարությունն ու ազատությունը ապահովելու հարցում ժողովրդավար սահմանադրություն ունենալու կարևորությանը, ինչպես նաև խոսեցին անցյալից դասեր քաղելու անհրաժեշտության մասին՝ որպես գործուն քայլեր իրականացնելու միջոց։
Զուգահեռ անցկացվող տարաբնույթ միջոցառումների հետ մեկտեղ, չորսուկես ամիսների ընթացքում ցուցահանդեսն իր առաջին միջազգային կանգառում՝ Երևանում, ընդհանուր առմամբ հյուրընկալեց շուրջ 1500 տեղացի և միջազգային այցելուների։ Ցուցահանդեսի միջազգային շրջագայությունը կշարունակվի:
«Հրանտ Դինք․ հոս և հիմա» ցուցահանդեսն իրականացվել է Քրեսթ հիմնադրամի և Ուլոֆ Պալմե միջազգային կենտրոնի աջակցությամբ: