Բուդապեշտում հազարավոր մարդիկ հավաքվել էին կամուրջների վրա և հրապարակներում՝ բողոքելով ԼԳԲՏԻ+ միջոցառումներն արգելող և մասնակիցներին դեմքի ճանաչման տեխնոլոգիայի միջոցով նույնականացնելու թույլտվության նոր օրենքի դեմ: Քաղաքապետը հայտարարեց, որ «Հպարտության երթը» կլինի քաղաքային միջոցառում՝ ցույց տալով արգելքների վերաբերյալ իր դիրքորոշումը: «Մոխրագույն հպարտություն» կոչվող ցույցերի միջոցով ցուցարարները ստեղծագործական և լայնածավալ պատասխան տվեցին ռեժիմի կիրառած ավտորիտար որոշումների դեմ:
Ֆրանսիայում Ժիզել Պելիկոն, որը տարիներ շարունակ ենթարկվել է սեռական բռնության, ձեռնամուխ եղավ տասնյակ հանցավորների քրեական հետապնդման՝ հայտարարելով. «Ամոթը պետք է կողմը փոխի»։ Դատական լսումները անցկացվել են հրապարակայնորեն։ Ժիզել Պելիկոն քաջաբար բարձրացրել է իր ձայնը հանցագործությունը թաքցնող սոցիալական կառուցվածքի դեմ։ Նա ուժ է տվել միլիոնավոր մարդկանց սեռական բռնության դեմ պայքարում։
«Մադլին» օգնության նավը Իտալիայից ուղևորվեց դեպի Գազա՝ Իսրայելի կառավարության կողմից Գազայի շրջափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի վրա ուշադրություն հրավիրելու և շրջափակումը վերացնելու կոչերը ուժեղացնելու նպատակով: Ակտիվիստներից, քաղաքական գործիչներից, լրագրողներից և առողջապահության ոլորտի աշխատողներից բաղկացած տասներկու հոգանոց անձնակազմը նպատակ ուներ խզել շրջափակումը՝ մարդասիրական օգնության խորհրդանշական առաքմամբ: Իսրայելի նավատորմը կանգնեցրեց նավը միջազգային ջրերում և ձերբակալեց ակտիվիստներին, սակայն այնուհետև ստիպված եղավ ազատ արձակել նրանց: Այս գործողությունը Գազայի ժողովրդին իրենց համերաշխությունը հայտնելու հազվագյուտ խորհրդանիշ էր, որը կոչ էր համաշխարհային հանրության խղճին։
Ստամբուլի փաստաբանական ասոցիացիան թիրախավորվեց Սիրիայի հակամարտության գոտիներում քուրդ լրագրողների սպանությունների արդյունավետ հետաքննության կոչի համար: Մինչ փաստաբանական ասոցիացիան լույս էր սփռում քաղաքացիական անձանց սպանությունների վրա, որը միջազգային իրավունքի համաձայն ռազմական հանցագործություն է, նրա գործադիր խորհրդի դեմ դատական հայց է ներկայացվում՝ «ահաբեկչական քարոզչության» մեղադրանքով: Դատարանը որոշում էր կայացրել Փաստաբանական ասոցիացիայի նախագահի և խորհրդի անդամների պաշտոնանկության վերաբերյալ, սակայն փաստաբանները «Պաշտպանությունը չի լռեցվի» կարգախոսով իրենց բողոքի ակցիայով դեմ կանգնեցին այս որոշմանը՝ պաշտպանելով մասնագիտական պատիվը։
Կոնգոյի Հանրապետության Պուանտ-Նուար շրջանում գտնվող մարտկոցների վերամշակման կենտրոնը երկար ժամանակ աղտոտում էր տարածաշրջանի հողն ու օդը՝ սպառնալով վինդուլու ցեղի մարդկանց առողջությանը: Սիրիլ Տրաորե Նդեմբիի և նրա ընտանիքի կողմից սկսված այս սպառնալիքի դեմ պայքարը տարածվեց և ընդլայնվեց՝ հանգեցնելով կենտրոնի փակմանը: Համայնքը ոչ միայն պաշտպանեց իր սեփական բնակելի տարածքը, այլև օրինակելի հաղթանակ տարավ շրջակա միջավայրին վնաս հասցրած միջազգային կապիտալի դեմ։
Հարավային Կորեայում կանայք մեկնարկեցին «4B» շարժումը՝ որպես հասարակության կողմից կանանց վրա պարտադրվող դերերի դեմ դիմադրության նոր մեթոդ: Շարժումը, որը մերժում է ժամադրությունները, սեռական հարաբերությունները, ամուսնությունը և երեխաներ ունենալը, դեմ է երկար տարիների կնասպանությանը, թվային բռնությանը և հասարակության ճնշող գենդերային քաղաքականությանը:
Իզմիրում և Բիրմինգհեմում, որոնց բաժանում է 2700 կիլոմետր տարածություն, քաղաքային աշխատողները նմանատիպ պահանջներով գործադուլ հայտարարեցին: Թուրքիայի Իզմիր քաղաքում աշխատողները բողոքում էին անարդար աշխատավարձի չափի և աշխատանքային ծանր պայմանների դեմ, մինչդեռ Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում գործադուլի հիմնական պատճառներն էին ապրուստի համար ծախսերի աճը և աշխատանքի անվտանգության բացակայությունը: Այս պայքարներով, որոնք նույն ուղերձն էին փոխանցում տարբեր աշխարհագրական շրջաններում, աշխատողները բարձրաձայնեցին իրենց պահանջները:
Սերբիայում հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ Նովի Սադ երկաթուղային կայարանի առաստաղի փլուզումից հետո, որը խլեց 16 մարդու կյանք, այն անվանելով անփութության, վերահսկողության բացակայության և կոռուպցիայի արդյունք: Բողոքի ցույցը գլխավորող ուսանողները փակեցին կամուրջներ և լուռ ակցիաներ անցկացրեցին «Կոռուպցիան սպանում է» կարգախոսով: Շուտով ցույցերին միացան գյուղացիները, աշխատավորները և արվեստագետները: Խաղաղ զանգվածային բողոքի ցույցը հույս ներշնչող քայլ է պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու և Սերբիայում արդարություն փնտրելու ուղղությամբ:
Ստամբուլի համալսարանի ուսանողները Ստամբուլում բողոքի ցույցեր անցկացրին համալսարանի տարածքում, երբ ընտրված քաղաքապետերը և հատկապես Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և քաղաքապետարանի աշխատակիցները հեռացվեցին պաշտոններից և կալանավորվեցին մինչև դատավարությունը: Ոստիկանական պատնեշները հաղթահարելով՝ ուսանող-ցուցարարները դարձան վախի պատերի քանդման հզոր խորհրդանիշ: Ցույց տալով ժողովրդավարական արժեքները պաշտպանելու իրենց վճռականությունը՝ ուսանողները բոյկոտեցին դասերը և բարձրացրին իրենց ձայնը հրապարակներում: Այս երիտասարդական շարժումը եկավ ներկայացնելու հույսի և դիմադրության նոր դեմքը Թուրքիայի ժողովրդավարական ապագայի համար:
Պերուում Կուկամա ժողովուրդը հաղթանակ տարավ Մարանյոն գետը փրկելու պայքարում, որը նրանք սրբազան են համարում: Իր հարուստ էկոհամակարգով գետը կուկամա ժողովրդի կյանքի աղբյուրն է, սակայն նրա գոյությանը վտանգ էր սպառնում, նավթի արտահոսքերից: Մարի Լուսի ղեկավարությամբ կազմակերպված կուկամա ժողովրդի կանանց վճռականությունն ու երկարատև պայքարը հասավ դատարանի պատմական որոշման, որը ճանաչեց Մարանյոն գետի «գոյություն ունենալու, հոսելու և ապրելու առանց աղտոտման» իրավունքը:
Նոր Զելանդիայում մաորի ժողովուրդը ներկայացնող պատգամավորները կատարեցին ավանդական հակա պարը՝ ի նշան խորհրդարանում բնիկ ժողովուրդների իրավունքները սահմանափակող օրինագծի դեմ բողոքի: Այս խաղաղ ակցիայի մասնակիցներն արժանացան երկրում երբևէ կիրառված ամենաերկար խորհրդարանական կասեցման: Խորհրդարանական բողոքի ցույցը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Նոր Զելանդիան ականատես էր լինում իր պատմության մեջ ամենամեծ զանգվածային ցույցերին: Այս ցույցերը կազմակերպվել էին մաորի ժողովրդի և նրանց ներկայացուցիչների կողմից՝ ի պաշտպանություն իրենց մշակութային ինքնության և հավասար քաղաքացիության իրավունքների, որոնք ի վերջո հանգեցրին օրինագծի մերժմանը: