Հորդանանում կանայք վերամշակման գործունեություն են նախաձեռնել՝ իրենց տնտեսական ինքնուրույնությունը բարձրացնելու և շրջակա միջավայրը պաշտպանելու նպատակով: Երկրում, որտեղ կանանց իրավունքների խախտումները համատարած են, այս նախաձեռնությունը փորձում է սոցիալական փոփոխություններ բերել և բարձրացնել իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների մասին։ Թեպետ իրենց անմիջական միջավայրը փոխակերպելիս կանայք բախվում են բազմաթիվ մարտահրավերների, նրանք վճռական են շարունակելու իրենց գործունեությունը:
Թուրքիայում «Մենք ուսանողներ ենք» ասոցիացիան տարածք է տրամադրում երիտասարդների գիտական, մշակութային և սոցիալական զարգացման համար՝ լայն հնարավորություններ ընձեռելով նրանց, որպեսզի նրանք հավասար հասանելիություն ունենան և ակտիվ մասնակցեն մշակութային միջոցառումներին։ Կրթության, արվեստի և գիտության ոլորտներում բազմաթիվ նախաձեռնությունների միջոցով նրանք խրախուսում են երիտասարդներին պաշտպանել իրենց իրավունքները: Այն երիտասարդներին ստեղծագործական նախագծերում ազատ արտահայտվելու հարթակ է տրամադրում:
Հունաստանում խորհրդարանի կողմից մասնավոր բուհերի բացումը թույլատրող օրինագծի հաստատումից հետո տասնյակ հազարավոր ուսանողներ բողոքի ցույցեր են կազմակերպել՝ քննադատելու վիճահարույց բարեփոխումները: Ոստիկանության միջամտությունն ու բռնությունը չեն կարողացել կասեցնել նրանց ցույցերը։ Բողոքի դուրս եկած ուսանողների ու դասախոսների համոզմամբ՝ նման քայլը կխոչընդոտի կրթության հավասար հասանելիությանը և բարձրագույն կրթության առևտրայնացման համար հիմք կհանդիսանա:
Թուրքիայում աշխատանքից ազատվել են «Ագրոբայ» ջերմոցում անբարենպաստ և վտանգավոր աշխատանքային պայմանների դեմ պայքարող անձինք, ովքեր միացել են Գյուղատնտեսության աշխատողների արհմիությանը (Tarım-Sen)՝ իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար: Աշխատողները երթ էին կազմակերպել Իզմիրից դեպի Անկարա՝ ուշադրություն հրավիրելու իրենց աշխատանքային պայմանների և իրավունքների ոտնահարման վրա։ Պնդելով, որ իրենց սահմանադրական իրավունքները ոտնահարվել են՝ աշխատողներն ամիսներ շարունակ պայքարում էին իրենց իրավունքների պաշտպանության համար։
Քենիայում հրապարակված ֆինանսական օրինագիծը, որը նպատակ ուներ հավելյալ հարկերի միջոցով հանրության ուսերին դնել ինքնիշխանության պարտքի բեռը, բազմաթիվ քաղաքներում երիտասարդների կողմից զանգվածային բողոքի ցույցերի հանգեցրեց: Ցույցերի մասնակիցների կարծիքով՝ օրինագիծը տնտեսական լարվածությունը և ապրուստի ծախսերն էլ ավելի կբարձրացներ մի բնակչության համար, որն արդեն իսկ ֆինանսական դժվարությունների մեջ է: Նրանց պայքարի արդյունքում օրինագիծը հետ կանչվեց։
Թուրքիայում «Նեհնա» հարթակը, որը հիմնադրվել է Անտիոքի ուղղափառ քրիստոնեական համայնքի վաղուց մոռացված ավանդույթները, լեզուն և պատմությունը վերակենդանացնելու նպատակով, իրականացնում է Անթաքիայի պատմությունն ու մշակույթը խթանելու նախաձեռնություններ: Փետրվարի 6-ի [ավերիչ] երկրաշարժերից հետո «Նեհնա»-ն ստեղծեց համայնքային խոհանոցներ և վավերագրեց խոհարարական մշակույթը: Ստեղծելով քաղաքի հիշողության թվային քարտեզներ՝ տեղի բնակիչների հետ միասին նրանք շարունակում են Անթաքիայի բազմամշակութային էությունը պահպանելու ջանքերը:
Շվեյցարիայում «KlimaSeniorinnen» նախաձեռնության շուրջ համախմբված կանայք ուշադրության են հրավիրում տարեցների վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցութունը՝ քննադատելով կառավարության ոչ համարժեք կլիմայական քաղաքականությունն ու պաշտպանելով կյանքի իրավունքը: Խումբը հայց է ներկայացրել կառավարության դեմ՝ պահանջելով նվազեցնել ածխածնի արտանետումները՝ գլոբալ տաքացման շեմին համապատասխան: Ըստ դատարանի եզրակացության՝ Շվեյցարիան չի կատարել իր պարտականությունները և արձանագրել է, որ երկրի կլիմայական թիրախների սահմանումը պետք է գիտահեն լինի։ Այս նախաձեռնության շնորհիվ կլիմայական գործողություններն առաջին անգամ դիտարկվեցին մարդու իրավունքների հետ զուգահեռ, ինչը նշանակալից ձեռքբերում է հետագա կլիմայական դատավեճերի համար:
Ավստրալիայում կանանց նկատմամբ բռնությունների և կնասպանությունների աճին զուգահեռ՝ տեղի ունեցան համազգային զանգվածային բողոքի ցույցեր՝ պահանջելով հայտարարել արտակարգ դրություն և սահմանել ավելի խիստ օրենքներ: Ցույցերի մասնակիցներն ընդգծում էին, որ կանանց անվտանգության մասին խոսելու փոխարեն տղամարդկանց կողմից կիրառվող բռնության դեմ պայքարելն է հրամայական։
Թուրքիայում Սոցիալական խաղերի և փողոցայի արվեստի միությունն աշխատում է պատերազմներից, համաճարակներից և աղետներից տուժած խոցելի խմբերի հետ և նպաստում սոցիալական համերաշխությանը՝ տարբեր խաղերի և արվեստի նախաձեռնությունների միջոցով: Իրենց գործունեության մեջ նրանք յուրօրինակ կերպով օգտագործում են արվեստի գործիքներ՝ խրախուսելով ստեղծարարությունն ու համատեղ հզորացումը:
Միացյալ Թագավորությունում ֆաշիզմի դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ ի պատասխան միգրանտներին և էթնիկ փոքրամասնություններին թիրախավորող ծայրահեղ աջակողմյան անկարգություններին։ Ցուցարարները հավաքվել են բազմաթիվ քաղաքներում և իրենց պաստառներով թիրախային համայնքների հետ համերաշխությամբ ապրելու կոչեր արել, դատապարտել ռասիզմն ու ռասիստական սպառնալիքները և պահանջել ներառական քաղաքականությունների մշակում:
Թուրքիայում և Հունաստանում բողոքի ալիքներ են բարձրացել՝ առափնյա տարածքների սեփականաշնորհման և հանձնման հետ կապված։ Թուրքիայում տեղացիները շարունակում են բողոքել Էգեյան ծովի և կղզիների առափնյա տարածքների մասնավոր օգտագործման հանձնման դեմ՝ «Ափամերձ տարածքները պատկանում են ժողովրդին» կարգախոսով։ Հունաստանում «Սրբիչի շարժում»-ը կոչ է անում ափամերձ տարածքների առնվազն 50%-ը պահել հանրային օգտագործման համար՝ քայլեր ձեռնարկելով օրենքների կիրարկման համար:
Իրանում «Բարոյականության ոստիկանության» կալանքի տակ գտնվող Մահսա Ջինա Ամինիի մահը զանգվածային բողոքի ցույցեր առաջացրեց՝ խորհրդանշելով կանանց համակարգված ճնշումները երկրում: Չնայած դաժան պատժամիջոցներին՝ ներառյալ մահապատիժը, շատ խմբեր, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպաններ, արվեստագետներ, իրավաբաններ և ուսանողներ, շարունակում են բարձրաձայնել իրենց պահանջները՝ կանանց իրավունքների, խոսքի ազատության և [երկրում] կտրուկ փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ:
Լատինական Ամերիկայում Անվտանգ աբորտի միջազգային օրը՝ հղիության արհեստական ընդհատման իրավունքի համար պայքարի շրջանակում, կանայք կանաչ գույնով ներկել են փողոցները։ Մեքսիկայում Գերագույն դատարանի՝ հղիության արհեստական ընդհատումը ապաքրեականացնելու որոշումը նշվեց հանրային միջոցառումներով, միչդեռ Արգենտինայում զանգվածային բողոքի ցույցեր էին տեղի ունենում՝ ընդդեմ նորընտիր նախագահ Խավիեր Միլեի՝ աբորտների դեմ նրա դիրքորոշման պատճառով: Բացի հղիության արհեստական ընդհատումից՝ բողոքի ակցիաները նաև ուշադրություն էին հրավիրում գենդերային բռնության և ԼԳԲՏՔ+ անձանց իրավունքների ոտնահարման վրա:
Բանգլադեշում պետական սեկտորում աշխատատեղերի քվոտաների դեմ ուսանողների բողոքի ցույցերը վերածվեցին համատարած ընդվզման, որի արդյունքում վարչապետը հրաժարական տվեց: Բողոքի ցույցերի նախաձեռնողներն ուսանողներն էին, որոնց հետագայում միացան աղքատության դեմ տարիներ շարունակ պայքարող մարդիկ՝ ճանապարհ հարթելով պատմական իշխանափոխության համար։
Թուրքիայում թափառող շներին սատկացնելու մասին օրինագծի հրապարակումից հետո կենդանիների իրավունքների պաշտպանները բազմաթիվ քաղաքներում միաժամանակ բողոքի ցույցեր կազմակերպեցին։ Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից նախաձեռնված արշավները, օրինագծի դեմ անասնաբույժների կողմից արված հայտարարությունները, ինչպես նաև անհատների կողմից կազմակերպված ցույցերը մարդկանց համախմբվածության հիանալի օրինակ եղան: Պայքարը շարունակվում է հանուն ապագայի, որտեղ բոլոր կենդանի էակները արժանավայել կվերաբերվեն և որտեղ նրանց կյանքի իրավունքը պաշտպանված կլինի:
Իսրայելում և Պաղեստինում բռնության դեմ հանդես եկող մարդիկ և կազմակերպությունները, ինչպես նաև նրանք, ովքեր համակեցության կոչեր են անում, ցեղասպանության դեմ բողոքի ցույցեր են իրականացնում՝ մարդասիրական ճգնաժամերի վրա ուշադրություն հրավիրելու համար ռիսկի դիմելով, կյանքի իրավունքի ու մարդու իրավունքների համար անողոք պայքար մղելով: Մենք ողջունում ենք բոլոր խիզախ իրավապաշտպաններին, ովքեր համառորեն փորձում են միասին ապրելու ուղիներ փնտրել՝ անկախ շարունակվող բռնության քաղաքականություններից: