Չիլիացի նկարիչ Կլաուդիո Կաստիլյոյի հիմնադրած «Տղամարդիկ, ովքեր հյուսում են» խումբն իր գործունեությամբ քննադատում է նահապետական հասարակական կարգը և ուշադրություն հրավիրում ԼԳԲՏ անձանց հանդեպ խտրականության վրա: 26-42 տարեկան տասներկու տղամարդիկ հանդիպում են ամիսը մեկ օր՝ քաղաքի բացօթյա տարածքներում գործելու համար:
2004թ․ Դիարբեքիրի մերձակա Ուզունովա գյուղից Նեսիմ Օներն իր անասուններն արածեցնելիս կանգնեց ականի վրա, կորցնելով մեկ ձեռքն ու մեկ աչքը: Վեց տարի անց մարզասրահի մարզիչների քաջալերանքով սկսեց վազել: Երկու տարվա ընթացքում նա դարձավ պարալիմպիկ խաղերի մարզիկ՝ 1500 մետրանոց մրցավազքում ոսկե մեդալ նվաճելով պարա-աթլետիկայի Եվրոպայի առաջնությունում:
Նիդեռլանդներում մեկնարկած Startblok նախագիծը Հոլանդիայի 18-28 տարեկան քաղաքացիներին և փախստականներին ցածր վարձակալությամբ բնակարաններ է տրամադրում, որտեղ նրանք կարող են միասին ապրել: Բնակարանները, որտեղ 500 երիտասարդ մի կողմ են դնում իրենց նախապաշարմունքները՝ միասին իրենց ապագան ստեղծելու համար, ներառում են սոցիալական ոլորտներ, որոնք թույլ են տալիս երիտասարդներին տեղեկանալ միմյանց մշակույթներից:
Ռուանդայում տասնմեկ երիտասարդների հիմնադրած «Ապագայի տեսլական» ակրոբատների խումբը մեկտեղ է բերում հասարակության անապահով խավերի երիտասարդներին: Փոխվստահության վրա հիմնված խմբային մարմնամարզությունն ու ակրոբատիկ շարժումները երիտասարդներին օգնում են ձերբազատվել 1994թ. ցեղասպանություն վերապրած այս երկրի տարբեր խմբերի միջև միմյանց հանդեպ անվստահությունից:
«Լիցեն արդարություն է որոնում» հարթակը ձևավորվեց՝ ի պատասխան ճշմարտության բացահայտման և 1993 թ. հոկտեմբերի 22-ին Դիարբեքիրի Լիցե շրջանում անցկացված ռազմական գործողության ընթացքում մարդու իրավունքները ոտնահարողների դատավարություն երաշխավորելու պահանջների: Կազմավորվելով զոհերի հարազատների կողմից 2013թ․ հոկտեմբերի 22-ին, այն օրը, երբ պետք է ավարտվեր դատավարությունը` գործի վաղեմության սահմանափակումներով պայմանավորված, պլատֆորմն անխոնջ կերպով աշխատում է հետաքննության շրջանակն ընդլայնելու, նոր վկաներ գտնելու, հասարակությանը տեղեկացնելու և արդարադատություն հաստատելու ուղղությամբ:
Միացյալ Նահանգներում հիմնականում սոցիալական մեդիայի միջոցով կազմակերպվող ներգաղթյալները «Օր առանց ներգաղթյալների» արշավ անցկացրին Վաշինգտոնում և այլ քաղաքներում՝ ի նշան Թրամփի ներգաղթի քաղաքականության դեմ բողոքի: Շատ ռեստորաններ, ատաղձագործական և բանջարեղենի խանութներ փակեցին դռները, որպեսզի ուշադրություն հրավիրեն այն բանի վրա, թե Ամերիկայում ներգաղթյալների բացակայությունն ինչպես կազդի տնտեսության վրա:
Սաուդյան Արաբիայի ֆեմինիստ երգիչ Մաջեդ Ալ-Էսան տեսանյութ նկարահանեց՝ ուշադրություն հրավիրելու համար համակարգի վրա, որը տղամարդկանց տալիս է կանանց աշխատանքի, ճամփորդության, առողջության և ամուսնության վերահսկման իրավունքներ: «Hwages» («Մտահոգություններ») խորագրով տեսանյութում Ալ-Էսային ուղեկցող կանայք արհամարհում են հասարակության կողմից իրենց պարտադրված դերերը՝ սքեյթբորդեր վարելու, բասկետբոլ խաղալու, պարելու համար և ծաղրում կանանց մեքենա վարելու արգելքը և ճամփորդելու իրավունքի սահմանափակումները։
Ստամբուլում Çorbada Tuzum Olsun («Մատը կարկանդակի մեջ») ասոցիացիան, ամեն տարիքի, դասի և քաղաքական հայացքների կամավորների աջակցությամբ, ամեն երեկո մոտ 150 մարդու ապուր է բաժանում Թաքսիմ շրջանում, իսկ իրենց բացած օթևանում անվճար ապաստան են տրամադում երեսուն հոգու:
Նիգերիայում Վիկտորիա Էմահն իր հիմնադրած բարեգործական կազմակերպությամբ դարձել է ՁԻԱՀ-ի պատճառով որբացած երեխաների հույսի փարոս: Աշխատելով հավատքի ավանդական համակարգի դեմ, որը մարդկանց վրա հասած դժբախտությունները վերագրում է «սատանայական ուժերին» և ստիպում այդ երեխաներին կախարդ որակել, նա փորձում է հասարակությանը բացատրել, որ ՁԻԱՀ-ն առողջական խնդիր է:
Անգլիայում Օքսֆորդի համալսարանի մի խումբ ակտիվիստներ, նկատելով, որ մի հանրակացարան 2015 թվականից չի օգտագործվում, գրավեցին շենքը և վերածեցին անօթեւանների համար ապաստարանի: 2010 թվից սկսած անօթեւանների աճող թվի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով մի քանի արշավ կազմակերպելով՝ ակտիվիստները հանդիպեցին համալսարանի ղեկավարության հետ` հավաստիանալով, որ շենքը կշարունակի ծառայել անօթեւաններին:
Ստամբուլում DEF RAP խումբը, որը ստեղծվել է հասարակության խուլ և լսողության խանգարումներ ունեցող և մնացած անդամների միջև երաժշտությամբ և պարով անդունդը հաղթահարելու համար, թողարկեց իր առաջին երգը՝ «Eller Konuşur» («Ձեռքերը խոսում են»): Խումբը ժեստերի լեզվով ռեփ երաժշտություն կատարելով՝ նպատակ ունի այդ լեզուն ավելի լայնորեն տարածել և թույլ տալ, որ լռության դատապարտված չորս միլիոն մարդ մասնակցի առօրյա կյանքին:
Երբ Միացյալ Նահագներում նախատեսվեց մի նավթամուղի անցկացումը Հյուսիսային Դակոտայի Կանգուն Ապառաժ Սյու ցեղի կողմից սրբազան համարվող տարածքով, հազարավոր բնիկ ամերիկացիներ և բնապահպաններ դիմադրություն սկսեցին նախագծի դեմ, որը կործանարար ազդեցություն կունենար ցեղի մշակութային ռեսուրսների վրա և սպառնալիք կդառնար նրանց ջրամատակարարմանը: Ամիսներ տևած բողոքի ցույցերի ավարտին նախագիծը կասեցվեց և հայտարարվեց, որ ուսումնասիրվում են այլընտրանքային ուղիներ:
Ստամբուլում Okmeydanı սոցիալական աջակցության և համերաշխության ասոցիացիայում հանդիպող սիրիացի կանայք կիսվում են ոչ միայն Կինը-Կնոջը Փախստականների Խոհանոցում իրենց պատրաստածով, այլև լիահույս են, որ այդ փոխադարձ աջակցությունը կշարունակվի՝ ի նշան «կանանց համերաշխության՝ ընդդեմ պատերազմի, աքսորի ու սահմանների»: