Թուրքիայում Galata Fotoğrafhanesi-ն և Լուսանկարչության Հիմնադրամն Էլմադերե գյուղում կազմակերպեցին «Սոմայի լուսանկարիչ երեխաները» սեմինարը՝ Սոմայի հանքավայրի մեծ աղետից հետո, որպեսզի աջակցեն երեխաներին նրանց առջև ծառացած դժվարին գործընթացում, օգնել արտահայտվել լուսանկարչության միջոցով և որոշ չափով մեղմեն երեխաների կրած տրավմաները: Սեմինարի նպատակն էր երեխաներին սովորեցնել լուսանկարել, հավաքականորեն նայել, տեսնել և հասկանալ:
Պաղեստինյան ADDAMEER (արաբերեն՝ խիղճ) հասարակական կազմակերպությունն աջակցություն է տրամադրում Իսրայելի և Պաղեստինի բանտերում պահվող պաղեստինցի քաղբանտարկյալներին: Վիճակագրության համաձայն՝ Իսրայելի ռազմական բանտերում «վարչական կալանավոր» իրավական կարգավիճակով ավելի քան 200 բանտարկյալ է պահվում առանց մեղադրանքի: Ձերբակալվածների մի մասը հացադուլ է հայտարարել: ADDAMEER-ը շարունակում է պաշտպանել մարդկային արժանապատվությունն ընդդեմ պաղեստինցիների նկատմամբ կիրառված հավաքական պատժի, որը տեղի ունեցավ 2014 թ. հունիսի 12-ին 3 իսրայելցի վերաբնակիչների անհետացման դեպքից հետո:
Ta’ayush-ը [արաբերեն՝ «ապրել միասին») հիմնադրվել է 2000 թ․ մի խումբ պաղեստինցիների և հրեաների կողմից՝ ամենօրյա ոչ բռնի գործողությունների միջոցով իսրայելական օկուպացիային վերջ դնելու և քաղաքացիական լիարժեք հավասարության հասնելու համար: Ta’ayush-ն աշխատում է կանխել իսրայելական բանակի աջակցությամբ վերաբնակիչների կողմից գյուղացիների տեղահանումը։ Ta’ayush-ի ակտիվիստներն ուղեկցում են պաղեստինցի հովիվներին, երբ վերջիններն օգտագործում են իրենց անցման իրավունքը: Արևմտյան Ափի շատ խմբեր արտակարգ իրավիճակներում նախ Ta’ayush-ի օգնությանն են դիմում, քանի որ խումբը ձգտում է հաստատել համակեցության հիմքերը:
Ադրբեջանում լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը հիմնադրվել է 2006 թ.՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ ընդդեմ արտահայտվելու և մամուլի ազատության պետական սահմանափակումների: Ինստիտուտը ջանում է վերափոխել լրագրողների նկատմամբ բռնության անպատժելիության մշակույթը և վերահսկում է լրագրողների անվտանգությունը: Ինստիտուտի զեկույցները օգնում են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում մամուլի ազատության հետ կապված խնդիրների վրա:
Թուրքիայում Կազովայի աշխատողները գրավեցին իրենց աշխատավայրը, երբ գործարանը փակվեց և նրանք աշխատանքից հեռացվեցին առանց փոխհատուցման, ու շարունակեցին արտադրությունը: Առաջին պատվերը, որ նրանք ստացան, ֆուտբոլային մարզաշապիկների հավաքածու էր Կուբայի և Բասկերի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղի համար: Կազովայի աշխատակիցներն իրենց սեփական խանութը բացեցին՝ «Դիմադրի՛ր․ Կազովայի ջեմպերներ և մշակույթ» անվան տակ, որտեղ վաճառվում են իրենց անկախ արտադրանքները:
2013 թ․մարտի 16-ին Հունաստանում AEK Athens-ի և AC Triglia Rafinas-ի միջև խաղի ընթացքում AEK-ի աջակիցների Original 21 խումբը մի պաստառ բացեց: Էգեյան ծովի երկու ափերին ոստիկանական բռնության զոհ դարձած Ալեքսանդրոս Գրիգորոպուլոսին և Բերքին Էլվանին պատկերող պաստառը հիշեցում էր ամենքին, որ ֆուտբոլը ոչ միայն մրցակցության, այլև համերաշխության միջոց է:
Ճապոնիայում մի խումբ քաղաքացիներ թուրքերեն տեսանյութ պատրաստեցին՝ ի արտահայտություն ամոթի, որ զգում էին Ճապոնիայի վարչապետի պատճառով, իրենց կառավարության կողմից Թուրքիային ատոմակայանի վաճառքի հետ կապված: Տեսանյութում Ֆուկուշիմայի միջուկային աղետը վերապրածները Թուրքիային նախազգուշացնում են հավանական աղետի մասին, որը կարող է բերել Թուրքիայի համար նախատեսված ատոմակայանը:
Ի պատասխան կառավարության կողմից ցույցերի ճնշման 1996 թ․ Բելառուսում հիմնադրված «Վիասնա» մարդու իրավունքների կենտրոնն օգնություն է տրամադրում քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքներին: Կենտրոնը ենթարկվել է տարբեր կամայական ճնշումների, ինչպիսիք են կայքի արգելափակումն ու պաշտոնական կարգավիճակի չեղարկումը։ Կենտրոնի նախագահ Ալես Բիալիացկիի ձերբակալությունը կենտրոնը դրեց մարդու իրավունքների միջազգային օրակարգում: Խումբն ապահովեց Բիալիացկիի ազատ արձակումը և շարունակում է աշխատել Բելառուսում բոլոր քաղբանտարկյալների ազատման համար:
Թուրքիայում «Հողե սեղաններն» առաջին անգամ կազմակերպվել են Ստամբուլի Իշթիքլալ փողոցի երկայնքով՝ 2013 թ․ Գեզի այգու դիմադրությունից անմիջապես հետո Ռամադան ամսվա ընթացքում՝ ի նշան բողոքի ընդդեմ հինգ աստղանի հյուրանոցներում կազմակերպված շքեղ խնջույքների: 2014 թ․ Ռամադան ամսվա ընթացքում ևս եղավ «Հողե սեղանների» կոչ՝ առանց դրոշների, պաստառների և հովանավորների: Չնայած ոստիկանության հարձակումներին՝ մարդիկ միավորվեցին գետնի վրա իրենց պատրաստած սեղանների շուրջ՝ ընդդեմ շահագործման և ճնշումների։
Պակիստանի Bytes for All-ն աշխատում է ինտերնետում խոսքի ազատության և գենդերային բռնության կանխարգելման համար, ինչպես Պակիստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Իր «Հետ վերցրեք տեխնոլոգիան» արշավով, որը հետևում էր սոցիալական ցանցերում ատելության խոսքին, խումբը 2014 թ. փետրվարի 11-ը հայտարարեց «Օր, երբ մենք պայքարում ենք»`ինտերնետում գաղտնիության իրավունքի համար։ Նրանք նաև դեմ են արտահայտվում Պակիստանի կառավարության կողմից հեռախոսային հաղորդագրությունները գրաքննելու փորձերին։
2013 թ․ սեպտեմբերի 1-ից սկսած ավելի քան 2 շաբաթ Բուխարեստում և Ռումինիայի շատ այլ քաղաքներում մեծ թվով ռումինացիներ բողոքում էին ընդդեմ մի օրինագծի, որով թույլատրվում էր ոսկու և արծաթի արդյունահանման՝ Rosia Montana նախագծի մեկնարկը լեռնային Ռոսիա Մոնտանա տարածքում: Լինելով բաց հանքավայրի նախագիծ, այն անապատի կվերածեր շրջակա տարածքը, և քանի որ նախատեսվում էր օգտագործել ոսկու ցիանիդացման տեխնիկան, բնական աղետի պատճառ կհանդիսանար և կքանդեր հին հռոմեական հանքարդյունաբերության թունելները։ Այնուամենայնիվ բողոքողների հակազդման արդյունքում 2014-ի հունիսին օրենքը մերժվեց Ռումինիայի Խորհրդարանի Պատգամավորական Պալատի կողմից:
«Querer no ver» կամ «Չուզենալ տեսնել» անվանումով գործողությունը կազմակերպել էին գեներալ Պինոչետի գլխավորած 1973 թ․ սեպտեմբերի 10-ի ռազմական հեղաշրջման 40-ամյակին Սանտիագոյում հավաքված ակտիվիստները։ Խումբն ընտրել էր գործողության պարզ, բայց արդյունավետ մեթոդ և ներկայացնում էր այն 1210 անձանց, ովքեր բռնի կերպով անհետացան հեղաշրջման ընթացքում և դրանից հետո։ 1210 հոգի հավաքվել էին մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցում, ապա պառկել մայթին՝ կազմելով մարդկային շղթա: Ցուցարարները 11 րոպե դեմքով դեպի վեր պառկեցին գետնին՝ իրենց առօրյայով զբաղվածներին հիշեցնելով, թե ինչ ասել է ապրել ռազմական բռնապետության ներքո:
Oy ve Ötesi` Քվեներ և Ավելին անվանումով շարժումը, որ նախաձեռնվել էր Թուրքիայում 2014 թ․տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին անկախ դիտորդներ գտնելու նպատակով, հաշվի առնելով իշխանական ընտրակեղծիքների լայն տարածվածությունը, 2014 թ․ապրիլին վերածվեց ասոցիացիայի: Կամավորները, ովքեր ցանկանում էին, որ քվեարկության գործընթացը՝ որպես ժողովրդավարական կյանքի կարևորագույն մաս, ընթանա հավուր պատշաճի, հանդես եկան որպես քվեարկության գործընթացի, տեղամասերի բացման, հաշվարկի և քվեների տեղափոխման ականատեսներ: «Քվեներ և Ավելին»-ի կամավորները ակտիվ էին նաև նախագահական ընտրությունների ժամանակ. անգամ քնում էին քվեատուփերի վրա և օգնում լսելի դարձնել ամենքի ձայնը:
Իտալիայում «Հուլիսի 21-ի ասոցիացիան» հավատարիմ է Իտալիայի գնչու և սինտի համայնքների իրավունքների պաշտպանության գործին և գործունեություն է ծավալում այդ համայնքների նկատմամբ խտրականության վերաբերյալ իրազեկման բարձրացման ուղղությամբ: Ասոցիացիան մերժում է Իտալիայի պետական հաստատությունների ֆինանսական աջակցությունը՝ խոսքի ազատությունը պահպանելու համար և պայքարում է գնչու և սինտի համայնքների տեղահանության դեմ, երբ վերջիններս հարկադրված են լինում ապրել թշվառ պայմաններում, և լրատվամիջոցներում խտրական դիսկուրսը դիտարկելով և փաստաթղթավորելով՝ ճանապարհ է հարթում համակեցության համար:
2014 թ․ ապրիլին քաղաքապետարանը բուլդոզեր ուղարկեց Էդիրնեի Մուրատ թաղամասի մի փոքրիկ զբոսայգի` այն քանդելու և սրճարանի վերածելու նպատակով: Սակայն շրջակայքի բնակչուհի 75-ամյա Քյիմետ Պեկերը աթոռը քաշեց ու նստեց բուլդոզերի առջև: Նա հրաժարվեց տեղից շարժվել այնքան ժամանակ, քանի դեռ խոստում չստացավ քաղաքապետից, որ այգին այգի է մնալու: Մորաքույր Քյիմեթն ասում է, որ ուզում է տեսնել, թե իր թոռներն ինչպես են խաղում այգում։ Եվ այժմ նրա անունը նաև իր պաշտպանած այգու անունն է: