Դանիելա Կարրասկոն Չիլիում հանուն մարդու իրավունքների կազմակերպված ցույցերի խորհրդանիշ է։ Ձերբակալությունից հետո նրան մահացած են գտել իր տանը: Այս սպանության վրա ուշադրություն հրավիրելու համար Չիլիի ֆեմինիստական շարժում «Լաս Թեսիս»-ը պարելով բողոքի ցույց կազմակերպեց: Ամբողջ աշխարհում կանայք այս ցույցը կրկնեցին իրենց լեզուներով՝ բողոքելով կանանց սպանության և նրանց դեմ սեռական ոտնձգությունների և բռնությունների դեմ:
Ինդոնեզիայում «Voice of Baceprot» մետալիկ ռոք խումբը հիմնադրած երիտասարդ կանանց մեղադրում էին իսլամին ոչ հարիր պահվածքի համար: Ի հեճուկս մահվան հարյուրավոր սպառնալիքներին՝ նրանք շարունակում են գրել երաժշտություն, որով պաշտպանում են գենդերային հավասարությունն իրենց հասարակության մեջ:
Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում չորս կին նկարիչ իրենց նկարներով ծածկում են պատերի վրա արված սեքսիստական անպարկեշտությունը: Անպարկեշտությունների վրա նկարելով կանանց ավանդական կերպարներ՝ այդ կանայք արվեստի միջոցով մարտահրավեր են նետում սեքսիզմին:
Գերմանիայում 71-ամյա Իրմելա Մենսահ-Շրամը Բեռլինի փողոցներում ացետոնով հեռացնում է նեոնացիստական դեկալները, մածկիչով (սպաթուլա) փորում նացիստական խորհրդանիշերն ու ռասիստական գրաֆիտիները, իսկ ատելություն հրահրող պատկերները ծածկում ներկով:
TikTok-ի ալիքում դիմահարդարման իր ուսուցողական շարքի շրջանակներում ԱՄՆ-ից Ֆերոզա Ազիզը սկսել է բարձրաձայնել Սինցզյան քաղաքում Չինաստանի կառավարության ճնշող քաղաքականության մասին՝ ուշադրություն հրավիրելով այնտեղի ույղուրների կրած մարդու իրավունքների ոտնահարումների վրա:
Հունաստանում «Աջակցեք արվեստի գործիչներին» նախաձեռնությունը տեսանյութ է հրապարակել՝ ի պաշտպանություն Grup Yorum-ի, որի անդամների դեմ հարուցված գործը դեռ ընթանում է, և որի ավելի քան 120 համերգ արգելվել է: Ավելի քան 120 արվեստագետ հավաքվել էր Աթենքում և կատարել Kardeş Türküler խմբի «Tencere Tava Havası» երգը` համերաշխության ուղերձ հղելով գրաքննության և ճնշումների դեմ:
Հոնկոնգում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել՝ բերման ենթարկված կասկածյալներին դատելու համար Չինաստան ուղարկելու առաջարկի դեմ: Նկատի առնելով, որ Չինաստանի արդարադատության համակարգը թափանցիկ չէ, և որ այս պրակտիկան կարող է վտանգել իրավապաշտպաններին ու լրագրողներին՝ բողոքողների ձայնը լսելի դարձավ ամբողջ աշխարհով մեկ կազմակերպվող սատարող ցույցերի շնորհիվ:
Ստամբուլում 18-րդ շքերթն իրականացվեց առցանց: #BenNeredeyim (Ուր եմ ես) թեմայով երթի համար պատրաստված քարտեզի վրա մասնակիցներն ընտրեցին ցանկալի տեղանքը, դրոշը և կարգախոսը՝ ցույց տալու համար, որ իրենք «ամենուր» են:
Միացյալ Նահանգներում սպիտակամորթ ոստիկանի կողմից Ջորջ Ֆլոյդի սպանությունը բողոքի լայն ալիք բարձրացրեց։ Ուշադրություն հրավիրելով խորը արմատավորված խտրականությանը, որին ենթարկվում են աֆրոամերիկացիները՝ «Black Lives Matter» շարժումը շարունակում է իրազեկություն խթանել և վերահսկել համակարգի փոփոխությունները։
Երբ հայտարարվեց, որ Թուրքիան դուրս է գալու Ստամբուլյան կոնվենցիայից, որը նախատեսում էր կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի կանխարգելում և պատժում, երկրի տարբեր անկյուններում կանայք բողոքի ցույցեր սկսեցին: Չնայած ոստիկանության կողմից կիրառվող բռնություններին ու արգելքներին՝ բոլոր տարիքի կանայք ամեն քաղաքից պահանջում են իրենց կյանքի իրավունքը՝ «Մենք չենք կորցնի ևս մեկին» կարգախոսով:
Բողոքի ցույցեր սկսվեցին ընդդեմ Հնդկաստանի նոր քաղաքացիության մասին օրենքի, որը քաղաքացիություն էր շնորհում Պակիստանից, Աֆղանստանից և Բանգլադեշից ժամանած տարբեր կրոնական խմբերի պատկանող փախստականների, բայց մերժում էր այդ իրավունքը մահմեդականներին: Չնայած պարետային ժամին, հեռախոսների և փոխադրումների արգելքներին և տեղական կուսակցության անդամների ձերբակալություններին՝ բողոքի ցույցերը շարունակվում են:
Թուրքիայի հարյուրավոր փաստաբաններ և փաստաբանների միությունների նախագահներ շարժվեցին դեպի Անկարա՝ փորձելով խափանել «Բազմակի փաստաբանների միությունների» մասին օրինագիծը, որի նպատակն է անարդյունավետ դարձնել փաստաբանների միությունները: Չնայած բոլոր խոչընդոտներին՝ փաստաբաններին հաջողվեց հավաքվել Անկարայում և շեշտադրել դատական համակարգի բացարձակ անկախությունն ու օրենքի գերակայության անխուսափելի բնույթը:
Լիբանանում` Բեյրութի նավահանգստում, տեղի ունեցած պայթյունից հետո, որը շուրջ երկու հարյուր մարդու կյանք խլեց ու հազարավորների անտուն դարձրեց, Բեյրութից ու այլ քաղաքներից մարդիկ մեկտեղեցին օգնություն հավաքագրելու ջանքերը: Չնայած դժվարին հանգամանքներին՝ կամավորներն արագ ինքնակազմակերպվեցին՝ սննդով ու ջրով օգնելու նրանց, ում տները քանդվել էին, մաքրելու փլուզված շենքերն ու փողոցները, օգնելու գտնել կորած իրեր և անօթևան մնացածներին ապաստարան ապահովելու համար:
Մինչ 2020 թ. համավարակի փորձության միջով ենք անցնում, մարդիկ, ովքեր դիմակներ են կարում իրենց տներում ու արհեստանոցներում, եռաչափ տպիչներով դեմքի վահաններ են պատրաստում առողջապահության ոլորտի աշխատողների համար, ցանցեր են ստեղծում սննդի և հիգիենայի կարիքները հոգալու համար, և հասարակությանը ոգեշնչում երաժշտությամբ, խավարի մեջ լույսեր են: Հարգանք ու երախտագիտություն ենք հայտնում աշխարհի բոլոր բուժաշխատողներին, ովքեր համաճարակի դեմ պայքարում բախվել են դժվարին պայմանների և անհամար խոչընդոտների: