Ստեղծվել է Դիարբեքիրում 1927 թ.: Հատկապես վերջին 30 տարիներին այն դարձել է տարածաշրջանի ամենակարևոր քաղհասարակական կազմակերպությունը: 1988-2002 թթ. այն աշխատանքներ է նախաձեռնել գյուղերի տարհանման և հրդեհման, խոշտանգումների, չբացահայտված սպանությունների և բռնի անհետացման դեպքերի մասին տեղեկատվություն հավաքագրելու և դրանք տվյալների բազայում ներառելու ուղղությամբ, ինչպես նաև աջակցել է անվտանգության ուժերի կիրառած բռնության զոհերի ընտանիքներին և նման դեպքերի վրա աշխատող իրավաբաններին: Ասոցիացիան բարձրացրել է նաև իրազեկումն այն փաստի շուրջ, որ հանցագործներից շատերը և նման խախտումների համար այլ պատասխանատուներն անպատիժ են մնացել: Շնորհիվ իր անաչառության, մարդու իրավունքների խնդիրների հանդեպ զգայունության, բռնությանն ընդիմանալուն՝ անկախ, թե ով է այն կիրառում և ինչ պատճառով, ասոցիացիան տարածաշրջանում օրինակելի երևույթ է: Յուրաքանչյուր հնարավորության դեպքում ասոցիացիան ընդգծում է օրենքի գերակայությունը և ձգտում է պահպանել անկողմնակալության սկզբունքը: Այն պայքարում է իրավախախտումների արդյունավետ քննության համար և նպատակադրված աշխատում է կանխել գործերի ժամկետների խախտումն ու մեղավորների անպատիժ մնալը:
Մալավիի իր տարածաշրջանում նա արգելել է ամուսնական ճամբարները և հիսուն ցեղերի ղեկավարներին համոզել է հրաժարվել ավանդույթներից, որոնք խրախուսում են վաղ ամուսնությունը: 2015 թ. նա աշխատանքից ազատեց չորս տարածաշրջանային ցեղապետերի, ովքեր շարունակում էին երեխաների ամուսնության գործունեություն ծավալել՝ չնայած ազգային օրենքի փոփոխությանը, և արգելեց նրանց վերադառնալ իրենց պարտավորություններին, մինչև որ կհամաձայնեն հարգել օրենքը: Շարունակելով իր աշխատանքները՝ Թ. Կաչինդամոտոն զրույցներ է վարել տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև դեմ առ դեմ հանդիպել է իր ցեղի անդամների, մայրերի, ուսուցիչների և կրոնական առաջնորդների հետ: Նա հաջողությամբ կարողացել է արգելել վաղ ամուսնություններն ընտանիքի մասին ազգային օրենքում: Մինչ այժմ նա կարողացել է չեղյալ հայտարարել 850 երեխայի ամուսնություն՝ հնարավորություն տալով երեխաներին շարունակել իրենց կրթությունը: Երեխաների մարդու և կրթական իրավունքների համար աշխատող այս կին ցեղապետը պայքարում է նաև վաղ ամուսնությունների պատճառ հանդիսացող տնտեսական դժվարությունների դեմ: Նա աշխատում է աղքատ ընտանիքների դուստրերի կրթության վճարի համար ֆոնդ ստեղծելու ուղղությամբ և խրախուսում է դպրոցական կյանքի հետ երեխաների ունեցած կապերի ամրապնդումը:
Ռեժիսոր, գրող և կինոարտադրող: Իր 16 գեղարվեստական ֆիլմերում և հեռուստածրագրերում «օտարման» և «մեկուսացման» թեմաները բացահայտելով՝ նա բազմաթիվ մրցանակներ է ստացել, այդ թվում Կաննի կինոփառատոնից և Ջինի մրցանակաբաշխությունից: Նրա ֆիլմերը ցուցադրվել են ողջ աշխարհում բազմաթիվ հետահայացների ժամանակ՝ ներառյալ Փարիզի «Պոմպիդու» կենտրոնում նրա կարիերայի ողջ ճանապարհի մասին ցուցադրությունը, Մադրիդում «Ֆիլմոտեկա Էսպանյոլ» միջոցառումը, ինչպես նաև Նյու Յորքի Շարժական պատկերների թանգարանում: Էգոյանը Շարժական պատկերների արվեստի և գիտությունների ակադեմիայի, Ամերիկայի ռեժիսորների միության, Կանադայի ռեժիսորների միության, Ամերիկայի գրողների միության, Կանադայի գրողների միության և Կանադայի Արվեստի թավագորական ակադեմիայի անդամ է: Ստացել է Կանադայի Ազգային շքանշան, իսկ 2015 թ. արժանացել է Կատարողական արվեստի գլխավոր նահանգապետի մրցանակին:
Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության գլխավոր տնօրենն է: 1994 թ. ավարտել է Եվրոպայի միջազգային բիզնես դպրոցը: 2008-2012 թթ. ղեկավարել է Փարիզի Լրագրության կրթական կենտրոնը: Աշխատել է բազմաթիվ թերթերում և հեռուստաալիքներում, ինչպիսիք են «Արտեն», «LCI» -ը: Աշխատել է նաև որպես խմբագիր «Le Point» շաբաթաթերթում և ֆրանսիական հայտնի հրատարակչությունում՝ «Flammariont»-ում: 2012 թ. ի վեր ղեկավարելով Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը՝ Դելուարն աշխատում է հանրային ողջ տեղեկատվության համաշխարհային հասանելիության իրավունքի հաստատման և պաշտպանության համար:
Մարքսիստ փիլիսոփա և գրող է: 1960 թ. ուսումը սկսել է Բարձրագույն դպրոցում, ուր եղել է Լուի Ալտյուսերի աշակերտը: Նա շարունակել է ուսումը փիլիսոփայության ոլորտում Փարիզի 1 Պանթեոն-Սորբոնում: Տարբեր համալսարաններում նա դասավանդել է իմացաբանություն, փիլիսոփայության պատմություն և քաղաքական փիլիսոփայություն: Ներկայումս դասավանդում է քաղաքական տեսություն Նանտերի և Կալիֆորնիայի համալսարաններում: Իր բազմաթիվ գրքերում և հոդվածներում Բալիբարը կենտրոնանում է մարքսիստական փիլիսոփայության, էթիկայի և քաղաքագիտության փիլիսոփայության վրա: Նրա հայտնի և կարևոր գործերից մեկը Ալտյուսերի հետ համահեղինակած «Կարդալով կապիտալը» աշխատությունն է: Բալիբարը ֆրանսիական մարքսիստական մտքի կարևորագույն ներկայացուցիչներից մեկն է համարվում:
Փիլիսոփա, գրող և ակադեմիկոս: Փիլիսոփայություն է սովորել Փարիզի Բարձրագույն դպրոցում: 1992-2013 թթ. դասավանդել է հասարակական փիլիսոփայություն Քաղաքագիտության փարիզյան ինստիտուտում: Նա «Esprit» և «Nouvelles d'Arménie» ամսագրերի վերլուծական հանձնաժողովի անդամն է և այս ամսագրերում հրապարակել է հայկական հարցի վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ: Նա Ֆրանս-հայկական համերաշխության ասոցիացիայի (1983 թ.) և Ընդհանուր երազանքի կոլեկտիվի (2014 թ.) համահիմնադիր անդամն է: Նրա հիմնական աշխատանքներից մեկը՝ «Երկխոսություն հայկական տաբուի շուրջ» աշխատությունը, հրատարակվել է Ֆրանսիայում 2009 թ., իսկ 2011 թ. թարգմանվել է թուրքերեն:
Բանաստեղծ, գրող և գրաքննադատ է: Ուսումնասիրել է թատրոնի արվեստ Անկարայի համալսարանում՝ այս ոլորտում ստանալով բակալավրի և մագիստրոսի կոչումներ: Նա որպես դրամատուրգ է աշխատել Անկարայի պետական թատրոնում և Ստամբուլի քաղաքային թատրոններում: Աշխատելով քաղաքային թատրոններում՝ նա կազմակերպել է ամենամյա փառատոններ, ներկայացումների ռեժիսոր է եղել: Մունգանը գրականության գրեթե բոլոր ժանրերում բազմաթիվ աշխատանքներ է ստեղծել: Բազմաթիվ ակնարկներում և ամսագրերում հրապարակել է բանաստեղծություններ, պատմություններ, էսսեներ, քննադատություններ. երգի բառեր է գրել: Իր բանաստեղծությունների և պատմությունների հիման վրա ստեղծված ներկայացումները ցուցադրվել են ողջ աշխարհում: Որպես թուրքերենի ամենաբեղուն անուններից մեկը՝ Մունգանը նաև հայտնի է տեղական և արտասահմանյան գրողների պատմությունների անթոլոգիաներով:
Ֆեմինիստ, գրող, թարգմանիչ, ակտիվիստ է: Բակալավրի կոչումը ստացել է Լոզանի համալսարանի քաղաքագիտության և հասարակագիտության բաժնում: 1967 թ. դարձել է Ստամբուլի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոսական կազմի առաջին կին անդամը: 1978 թ. առաջինն էր, ով գրեց դասախոսի թեկնածուական թեզ Թուրքիայում կանանց քաղաքական մասնակցության մասին: Քանի որ, ինչպես ինքն էր կարծում, 1980 թ. հեղաշրջումից հետո ստեղծված Բարձրագույն կրթության խորհուրդը զրկել էր համալսարաններին գիտական հետազոտությունների հնարավորությունից, 1981 թ. նա ավարտեց 13 տարի տևած իր ակադեմիական գործունեությունը: Նա շարունակեց իր պայքարը տեսական և գործնական ասպարեզներում՝ նպատակ ունենալով բարձրացնել Թուրքիայի ֆեմինիստական շարժման իրազեկվածությունը: Նա արտասահմանյան աղբյուրները թուրքերեն թարգմանելով՝ աշխատել է կանանց հարցերը և ֆեմինիստական տերմինաբանությունն առավել տեսանելի դարձնել: Նա Թուրքիայի ֆեմինիստական շարժման ամենակարևոր անուններից մեկն է դարձել:
Ռաքել Դինքն սկսեց զբաղվել իրավապաշտպանական գործունեությամբ իր ամուսնու՝ պոլսահայ հայտնի լրագրող և Ակօս թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանությունից հետո: Ծնվել է Թուրքիայի հարավ-արևելյան Սիլոփի քաղաքում, հայկական ընտանիքում: Անատոլիայի բազմաթիվ երեխաների պես Ռաքելը տեղափոխվեց Ստամբուլ՝ հայկական դպրոցում կրթություն ստանալու համար: Նա հանդիպեց Հրանտ Դինքին Քամփ Արմենում, ուր հայ երեխաները, որբերը կամ ընտանիքներից հեռու գտնվողներն անցկացնում էին իրենց ամառները: Ռաքելն ու Հրանտը ամուսնացան և գալիք տարիներին՝ մինչ պետության կողմից ճամբարի սեփականության բռնագրավումը, ղեկավարեցին Քամփ Արմենը: 2007 թ.՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո, Ռաքելն իր կյանքը նվիրեց ամուսնու գործը շարունակելուն: 2007 թ. նա ստեղծեց Հրանտ Դինք հիմնադրամը՝ Թուրքիայում մարդու իրավունքները պաշտպանելու, փոքրամասնությունների ինքնությունն ու մշակույթը պահպանելու, բևեռացումը կանխելու, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու առաքելությամբ: Ռաքելը շարունակում է լավատես լինել և հավատալ, որ չնայած իր կյանքում հանդիպած բոլոր խոչընդոտներին՝ նա շրջապատված է սիրով և բարությամբ: Նա լիահույս է Թուրքիայի ապագայի հանդեպ և իր ուրախության աղբյուրն է համարում իր աշխատանքը և ընտանիքը: