2003թ. Շ. Փավեյն աշխատել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակում: 2003-2010թթ. աշխատել է մարդասիրական առաքելություններում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ալժիրը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Լիբանանը, Սիրիան, Եմենը, Հունգարիան: 2010-2011թթ. աշխատել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակում՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի քարտուղար: 2011-2017թթ. եղել է պատգամավոր՝ ներկայացնելով հանրապետական ժողովրդական կուսակցությունը: Թուրքիայի խորհրդարանում երբևէ ընտրված առաջին հաշմանդամ կինն է։ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հանձնաժողովի անդամ է:
Ներկայումս համաշխարհային և հաշտեցման գործունեություն է ծավալում խորհրդարանական դիվանագիտության, տեղական ինքնակառավարման մարմինների, հավատքի ու որոշում կայացնողների միջև:
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիլոփի շրջանում՝ հայկական ընտանիքում, ծնված Ռ. Դինքը տասնյակ երեխաների հետ Անատոլիայից տեղափոխվել է Ստամբուլ` հայկական դպրոցներում կրթություն ստանալու համար: Հրանտ Դինքի հետ հանդիպել է Քեմփ Արմենում, որտեղ ամառներն անցկացնում էին հայ որբ կամ ընտանիքից հեռու գտնվող երեխաները: Հետագա տարիներին Ռաքելն ու Հրանտն ամուսնացան և դարձան Քեմփ Արմենի առաջնորդները այնքան ժամանակ, մինչեւ պետությունը բռնագրավեց գույքը:
2007թ. հունվարին՝ Հրանտ Դինքի մահից հետո, Ռ. Դինքը իր կյանքը նվիրեց ամուսնու ժառանգության պահպանմանը: 2007թ. հիմնեց Հրանտ Դինք Հիմնադրամը` Թուրքիայում մարդու իրավունքները պաշտպանելու և սատարելու, փոքրամասնությունների ինքնությունն ու մշակույթը պահպանելու, բևեռացման հարցը լուծելու և հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու առաքելությամբ: Ռաքելը շարունակում է լավատես լինել և հավատում է, որ չնայած բազում փորձություններին, որոնք ստիպված է եղել հաղթահարել իր կյանքի ընթացքում, շրջապատված է եղել սիրով և բարությամբ: Նա լիահույս է Թուրքիայի ապագայի հարցում և ուրախություն է գտնում իր աշխատանքում և ընտանիքում: