ՄՈԶՆ ՀԱՍՍԱՆԸ ծնվել է 1979թ. Սաուդյան Արաբիայում՝ եգիպտացիների ընտանիքում: Տասնչորս տարեկան հասակում ընտանիքի հետ վերադարձել է Եգիպտոս: Ալեքսանդրիայի համալսարանում ստացել է հունահռոմեական ուսումնասիրությունների բակալավրի աստիճան, Կահիրեի համալսարանում և Կահիրեի Ամերիկյան համալսարանում ստացել է քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան: Ներկայումս սովորում է Կահիրեի Ամերիկյան համալսարանի համայնքային հոգեբանության մագիստրատուրայում։
2007թ. Մ. Հասսանը և եգիպտացի ևս տասը երիտասարդ կին ակտիվիստներ հիմնեցին քաղացիական հասարակության կազմակերպություն` «Նազրան հանուն ֆեմինիստական ուսումնասիրությունների» անվանումով: «Նազրա»-յի գործունեության միջոցով Հասսանի աշխատանքը լույս է սփռում հասարակության ներսում իշխանական հարաբերությունների վրա՝ ուշադրություն դարձնելով դրանց ազդեցությանը կանանց քաղաքական, սոցիալական և տնտեսական կարգավիճակի վրա: Կանանց քաղաքական մասնակցության ակադեմիայի ծրագրի հետ միասին «Նազրա»-ն ձգտում էր ֆեմինիստական տեսակետ մտցնել միությունների, քաղաքական շարժումների, քաղաքական կուսակցությունների և տեղական ինքնակառավարման մարմինների մեջ, ինչպես նաև ավելի հզոր ձայն տալ այս կազմակերպությունների կին թեկնածուներին։ Իր Ֆեմինիստական դպրոցում «Նազրա»-ն երիտասարդ կանանց և տղամարդկանց ուսուցանում է հասարակության մեջ իրենց անձնական ազատությունների և գենդերի մասին: «Նազրա»-ն աջակցում է արվեստի այն նախագծերին, որոնք ֆեմինիզմը ներկայացնում են հասարակության տարբեր շերտերին։ «Նազրա»-ն հավաքում և տարածում է Եգիպտոսի ֆեմինիստների պատմությունները: Այն զորակցում է կին քաղաքական գործիչներին և իրավապաշտպաններին հասարակական և քաղաքական ոլորտներում իրենց դեմ գործադրված բռնության և խտրականության դեմ պայքարում:
Մոզն Հասսանը «Նազրա»-յի միջոցով և ինքնուրույնաբար փաստագրել է 2011թ. եգիպտական հեղափոխության ժամանակ Թահրիր հրապարակում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները: Նա աշխատել է տեղական կազմակերպությունների հետ՝ պաշտպանելու այն կանանց իրավունքները, ովքեր Թահրիր հրապարակում ենթարկվել են սեռական բռնության և խմբակային բռնաբարությունների։ Համակարգել է կանանց բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն ցուցաբերելու ջանքերը, հետևել է սեռական բռնության դեպքերին: Հեղափոխությունից հետո «Նազրա»-ն ստեղծեց թեժ գիծ՝ սեռական ոտնձգությունների ենթարկված կանանց համար:
Հեղափոխությունից հետո Մոզն Հասսանը մասնակցել է կանանց կազմակերպությունների կոալիցիային և մեծ դեր խաղացել Եգիպտոսի Սահմանադրության մեջ կանանց իրավունքները ներառելու գործում: «Նազրա»-յի իր գործընկերների հետ և գործակցելով պետական այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են Կանանց ազգային խորհուրդը, Մարդու իրավունքների ազգային խորհուրդը և Արդարադատության նախարարությունը՝ նա հասավ այն բանին, որ կանանց իրավունքները ներառվեցին օրենքներում և քաղաքական որոշումներում, և Եգիպտոսի ոստիկանության ուժերի կազմում ստեղծվեց հատուկ ստորաբաժանում՝ կանանց հանդեպ գործադրվող բռնությունների դեմ պայքարելու համար: Մ. Հասսանը կանանց իրավունքների ոտնահարումների, կանանց նկատմամբ բռնության և խտրականության թեմաները բարձրացրել է մի շարք միջազգային հարթակներում, ինչպիսին է ՄԱԿ-ը: 2015թ. նա քաղհասարակության կազմակերպությունների «Մերձավոր Արևելքում կանանց իրավունքների պաշտպանության կոալիցիա»-յի և «Արաբական աշխարհի կին քաղաքական գործիչների խմբավորում» կազմակերպության ստեղծման առաջամարտիկներից է:
2011թ. Մ. Հասսանի դեմ քննություն սկսվեց այն պատրվակով, որ «Նազրա»-ն ապօրինի կերպով ընդունել է օտարերկրյա ֆինանսավորում, և Մ. Հասսանն աջակցում է կանանց՝ ձեռք բերելու «անպատասխանատու ազատություն»։ 2016թ. նրա նկատմամբ ուղևորությունների արգելք է դրվել: «Նազրա»-յի և Մ. Հասսանի ակտիվների սառեցման պատճառով «Նազրա»-ն ստիպված էր փակել գրասենյակը: Հակառակ բոլոր խոչընդոտներին՝ Մոզն Հասսանը շարունակում է պայքարը՝ վերջ տալու կանանց իրավունքների ոտնահարումներին և դրանք տեսանելի դարձնելու։
Ամենից առաջ ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել՝ Հրանտ Դինքի անվան մրցանակի դափնեկիրը դառնալու համար:
Ստանալով այս մրցանակը՝ ինձ պատիվ է վիճակվում միանալ ողջ աշխարհի ֆեմինիստների խմբին, ովքեր ինձնից առաջ են ստացել այս մրցանակը՝ կանանց և այլ խոցելի խմբերի նկատմամբ խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարելու ջանքերի համար:
Հրանտ Դինքն անկեղծորեն հավատում էր, որ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները կկառուցեն առավել արդար ու հանդուրժող աշխարհ՝ հաղորդակցվելով խաղաղության լեզվով և ստեղծելով տարածքներ տարբեր ձայների համար:
Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարին, երբ նրա դեմ դատավարություն էր ընթանում՝ Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը խախտելու համար, որի համաձայն՝ Թուրքիայի դեմ վիրավորանք հնչեցնելը հակաօրինական է։ Այս դեպքում դա նշանակում էր բարձրաձայնել հայկական համայնքի առջև ծառացած անհավասարությունների և Թուրքիայի համար ժողովրդավարության անհրաժեշտության մասին։
Այս մրցանակը ոչ միայն մեծարում է Հրանտ Դինքի կյանքը և նրա՝ իր իդեալներին հասնելու շարունակական ջանքերը, այլև բացում է մեր աչքերն այն բանի հանդեպ, որ խաղաղ փոփոխություն փնտրելը պայքար է, որը սովորաբար գին ունի և վտանգում է մեր անձնական և մասնագիտական կյանքը՝ մեր անվտանգության հետ միասին։
Հաշվի առնելով դա՝ կարծում եմ, որ գենդերային անհավասարությունների, խտրականության, բռնաճնշումների և կանանց նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարը կարևոր է՝ հակառակ անձնական ռիսկերի, հատկապես այժմ՝ առավել քան երբևէ, երբ ֆեմինիստները և կանանց իրավունքների պաշտպանները բռնությամբ թիրախավորվում են իշխանատիրական (ավտորիտար) առաջնորդների կողմից:
Ընդամենը անցյալ ամիս քուրդ-թուրք իրավաբան Էբրու Թիմթիքը մահացավ արդար դատաքննության պահանջով 238 օրվա հացադուլից հետո։ Սա հիշեցնում է, թե ինչ է նշանակում պայքարել մի աշխարհում, որտեղ սեփական և այլոց իրավունքներին պաշտպան կանգնելը ինքնին վտանգավոր քայլ է:
Այսօր ձեզ հետ լինելու և այս հեղինակավոր մրցանակն ստանալու փաստը, ի հեճուկս աշխարհի տարբեր մասերում իշխող բռնապետերի, մեծարանքի տուրք է այն գործերին, որոնց համար ես պայքարել եմ, առաջին հերթին՝ ընդդեմ կանանց մարդու իրավունքների պաշտպանների հանդեպ գործադրվող բռնության և կանանց հանդեպ սեռական բռնությունների իմ հայրենի Եգիպտոսում և Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրներում։
Նախապաշարմունքի, սեքսիզմի և խտրականության դեմ ոտքի կանգնելը ֆեմինիստի համար շարունակական պայքար է՝ բազում բարդություններով։ Կարծում եմ, որ պատմության ընթացքում ֆեմինիստները պայքարել են ոչ միայն այրիշխանական մշակույթների և գործելակերպերի դեմ, այլև աշխատել և պայքարել են այրիշխանական ավտորիտար ռեժիմների և ֆունդամենտալիստների դեմ՝ իրենց շարժումներն ստեղծելու և պահպանելու համար:
Պատկերացրեք ֆեմինիստների նկատմամբ ճնշումներով ու անարդարություններով լի աշխարհ, որը բարդանում է համընդհանուր ճգնաժամով, ինչպիսին է COVID-19 համավարակը: Այս ճգնաժամը պարտադրում է լրացուցիչ անհավասարություններ՝ տեղի տալով այնպիսի հարցերի, թե ինչպիսի իրողությունների են բախվում ֆեմինիստները՝ փորձելով պայքարել խտրականության բոլոր ձևերի դեմ:
Ինչպե՞ս կարող ենք Եգիպտոսում, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրներում մշակել նոր գործիքներ կամ փնտրել նույնանման փորձառություններ՝ շարունակելու մեր աշխատանքը կանանց և այլ խոցելի խմբերի համար առավել արդար աշխարհ կառուցելու ուղղությամբ։
Այսօրվա միջոցառմանը բոլորս մասնակցում ենք վիրտուալ տիրույթում COVID-19- ի դեմ ձեռնարկված միջոցառումների պատճառով:
Դա ձեզ կարող է թվալ կաշկանդված կյանք վարելու օտարոտի ու դժվարին փորձառություն կամ այն, ինչ այժմ անվանում են «նոր բնականոն ընթացք»։ Այնուամենայնիվ, անձամբ ես ինձ ավելի հավասար եմ զգում գործընկերներիս, քանի որ ազգային իշխանությունների կողմից 2016թ. մայիսից իմ նկատմամբ սահմանվել է ուղևորությունների արգելք՝ ի պատիժ իմ աշխատանքի՝ որպես ֆեմինիստ ակտիվիստ։
Ուղևորությունների արգելքն ընդամենը մի մասն է ճնշման այն բազում միջոցների, որոնք օգտագործվել են իմ և իմ հիմնադրած «Նազրան հանուն ֆեմինիստական ուսումնասիրությունների» կազմակերպության նկատմամբ։ Մի քանի տարի առաջ ինձ կանչեցին մի գործով քննության, որը կավարտվեր ցմահ ազատազրկմամբ, իսկ «Նազրա»-յի և իմ անձնական ակտիվները սառեցվեցին։
Արդեն չորս տարի է, ինչ ապրում եմ կարանտինի և ծուղակի մեջ գտնվելու այս զգացողությամբ։ Ես վաղուց էի պատրաստվել «նոր բնականոն» կյանք վարելուն, որի ընթացքում մտածել եմ տարբեր գործիքների մասին, որոնք կարող եմ օգտագործել՝ իմ տարածաշրջանում սեռական բռնության դեմ պայքարելու և ֆեմինիստական շարժման հանդեպ եռանդս վառ պահելու համար:
Այսօր ստանալով այսպիսի պատվավոր մրցանակ՝ մեկ անգամ ևս համոզվում եմ, որ արժեր անցնել այդ ամենի միջով, և երբեք չպետք է չկորցնեմ հույսս՝ անկախ հետևանքներից, միշտ պետք է շարունակեմ պայքարել` անկախ հետևանքներից, ուստի ամբողջ սրտով անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ձեզ։