Թերեզա Կաչինդամոտոն ծնվել է Աֆրիկայի հարավ-արևելքում գտնվող Մալավիում՝ տոհմապետական ավանդական ընտանիքում՝ լինելով 12 երեխաներից կրտսերը։ Զոմբա քաղաքի քոլեջում շուրջ քսանյոթ տարի աշխատել է իբրև քարտուղար։ 2003 թ․ իր 900 հազարանոց տոհմն առաջադրեց նրան ընտրություններում՝ պատճառաբանելով մարդկանց հետ նրա լավ շփումները։ Արդյունքում նա ընտրվեց տոհմապետ։
Երբ նա քաղաքից տեղափոխվեց այն շրջան, որտեղ ապրում էր իր տոհմը, ապշեց՝ տեսնելով անչափահաս ամուսիններ ունեցող տասներկուամյա աղջիկներին՝ ծծկեր երեխանեով։ Մի երկրում, որտեղ աղջիկների կեսին ամուսնացնում են, որպեսզի նրան չշարունակեն իրենց ընտանիքների համար լինել տնտեսական բեռ, նա սկսեց հատուկ միջոցառումներ ձեռնարկել այդ խնդրի լուծման ուղղությամբ՝ օգտագործելով իր լիազորությունները։
Առաջին հարցը, որով զբաղվեց «ամուսնական ճամբարներն» էին, ուր աղջիկներին ուղարկում էին՝ այսպես կոչված «մաքրման» (կուսասա ֆումբի կոչվող ծեսի)։ Ըստ տարածված լուրերի, սրանք ճամբարներ էին, որտեղ աղջիկներն անցնում էին սեռական կյանքի կնունք (ինիցիացիա), անց էին կացվում ավանդական ծեսեր՝ կենտրոնացած իբրև «ամուսիններին հաճույք պատճառել» սովորելու վրա, բայց իրականում դրանք սեռական բռնության գործողություններ էին։ «Ճամբարն ավարտելու» համար շատ աղջիկներին հարկադրում էին սեռական ակտերի իրենց ուսուցիչների հետ, ինչի արդյունքում նրանք ստանում էին մինչև կյանքի վերջ իրենց տառապանք պատճառող տրավմաներ։ Բացի դրանից, մի երկրում, որտեղ տասը հոգուց մեկը ՄԻԱՎ-վարակակիր է, սեռական պաշտպանություն գրեթե չէր կիրառվում, արդյունքում՝ սեռական ինիցիացիաները հանգեցնում էին վաղաժամ մահերի։
Թերեզան պնդում էր, որ երկրի բոլոր հատվածներում ապրող աղջիկները պետք է խուսափեն «ամուսնական ճամբարներից» ու շարունակեն իրենց կրթությունը։ Թեև կային ընտանիքներ, որոնք ասում էին, թե հինգ տղա ունեցող տոհմապետն իրավունք չուներ իրենց սովորեցնել, թե ինչպես մեծացնեն իրենց աղջիկներին, Թերեզան շարունակում էր իր պայքարը։ Նա արգելեց ճամբարներն իր լիազորության ներքո գտնվող շրջանում, համոզեց հիսուն այլ տոհմապետերի հրաժարվել վաղ ամուսնությունը խրախուսող ավանդույթներից։ 2015 թ․ նա չորս տոհմապետի զրկեց իրենց լիազորություններից երեխաների ամուսնության պրակտիկան՝ ի խախտում համապետական մակարդակով ընդունված օրենքի, շարունակելու համար՝ թույլ տալով վերադառնալ լիազորություններին միայն օրենքի կիրառումն ապահովելուց հետո։
Թերեզա Կաչինդամոտոն շարունակում էր իր գործը, հանդիպումներ անցկացնում հասարակական կազմակերպություններում, հատ-հատ խոսում իր տոհմի անդամների, մայրերի, ուսուցիչների, կրոնական առաջնորդների հետ։ Նրան հաջողվում է երկրի ընտանեկան օրենսգրքում անցկացնել վաղահասակ ամուսնության արգելքը։ Մինչ օրս նա չեղարկել է 850 երեխաների ամուսնությունները՝ թույլ տալով երեխա-հարսներին ու փեսաներին շարունակել իրենց կրթությունը։
Տոհմապետ հանդիսացող այս կինը բացի երեխաների իրավունքներից ու կրթության իրավունքից աշխատում է նաև տնտեսական այն դժվարությունների ուղղությամբ, որոնք մղում են վաղ ամուսնության։ Կաչինդամոտոն ստեղծել է հիմնադրամ, որը կրթաթոշակներ է տրամադրում աղքատ ընտանիքների աղջիկներին՝ ամրապնդելով երեխաների կապվածությունը դպրոցի հետ։
13 տարի առաջ ինձ ընտրեցին իբրև երջանկահիշատակ եղբորս հետնորդ՝ Մալավիի Դեձա շրջանի ղեկավար։ Ուզում եմ պատմել, թե ինչպես եմ փորձել փոխել Մալավիի մշակույթում արմատացած ավանդույթներից մեկը, որի հետ բնավ համաձայն չէի։ Ուզում էի փորձել նվազեցնել վաղ տարիքում աղջիկներին ու տղաներին իրենց կամքին հակառակ ամուսնության տալու պրակտիկան։
Մինչ այդ 27 տարի իմ հայրենի շրջանից հեռու՝ Զոմբա քաղաքում էի ապրել, որտեղ Աստվածաբանական քոլեջում աշխատում էի որպես քարտուղար։ Ինձ համար անսպասելի էր հայրենի շրջան վերադառնալն ու այնպիսի դեր ստանձնելը, որի փորձը նախկինում չունեի։ Երբ ինձ զանգահարեցին ու հրավիրեցին, ես վարանում էի, չնայած պատվելով այդ լիազորությունը՝ ստանձնեցի պատշոնն ու այդպիսով նախկին նախագահ Բակիլի Մուլուզիի ստորագրությամբ պաշտոնապես հաստատվեցի իմ պաշտոնում։
Երկրի կենտրոնում գտնվող շրջանում վերահաստատվելուց կարճ ժամանակ անց հանդիպեցի մի աղջկա, որի ձեռքերում նորածին էր։ Աղջկան ասացի, որ երեխային տանի հանձնի մորը, ու շշմեցի, երբ ասաց՝ «մայրը ե՛ս եմ»։
Նա հետո ձեռքով ցույց տվեց երեխայի հորը՝ մեզից ոչ հեռու ֆուտբոլ խաղացող տղային։ Ասաց, որ ինքը 13 տարեկան է, տղան՝ 14։
Ես ցնցված էի ու տխուր։
Ինչպե՞ս է այս աղջնակը շարունակելու դպրոց գնալ, ինչպե՞ս է նրան թույլ տրվելու հասունանալ բնականոն տեմպով, եթե արդեն նրա ուսերին ամուսնության ու երեխա պահելու բեռ է դրված այսպիսի վաղ տարիքում։
Սիրտս ուզում էր օգնել աղջնակին, բայց միտքս ինձ հուշեց, որ այս ձևով երկարաժամկետ հաջողության չեմ հասնի մի երկրում, որտեղ աղջիկներն ու տղաները պետք է այսպես մեծանան։
Որոշեցի քայլեր ձեռնարկել ու սկսեցի հետազոտության երկարատև մի գործընթաց, որպեսզի վստահ լինեի, որ լիովին հասկանում եմ խնդիրը, ու գուցե այդ ճանապարհով կարող եմ լուծում գտնել։
Խնդիրը հեշտ չէր։ Շատ մարդկանց համար սա մալավիական ավանդույթների ու հավատալիքների առանցքն է կազմում, ու դրա պատճառով էլ շատ շրջաններում, մանավանդ իմ շրջանում, հատուկ խրախուսվում է։
Կան նաև տնտեսական խնդիրներ, որոնք ծնողներին մեծ ուժով մղում են դժվար որոշումների։ Ծնողներ, ում համար արդեն իսկ մեծ դժվարություն է դպրոցի վարձավճար հայթայթելը։ Ծնողների որոշմամբ աղջիկներին ամուսնության տալը մեծ եկամուտ կարող է ապահովել՝ անասնագլխի ու փողի տեսքով։ Իմ գյուղում իրենց երկու աղջիկներին ամուսնացրած ընտանիքը նրանց օժիտի շնորհիվ կարողացել էր շարունակել իր գոյությունը պահպանել, անասնագլխաքանակ էր ավելացրել ու բարելավել էր կենսապայմանները։
Իհարկե, այս ամուսնությունների հետևանքները հստակ են ու տխուր։ Աղջիկները դադարում են դպրոց հաճախել վաղ տարիքում, սովորաբար՝ 12-13 տարեկանում։ Նրանց հարկադրում են սեռական հարաբերություններ ունենալ իրենցից շատ ավելի մեծահասակ տղամարդու՝ իրենց ամուսինների հետ։ Նրանք ստիպված են լինում ծննդաբերել մի տարիքում, երբ դեռ ֆիզիկապես զարգացման շրջանում են ու բնականորեն անպատրաստ երեխածնությանը։ Եվ անշուշտ, վաղ տարիքում բանտարկվում են ամուսնական կյանքի՝ չունենալով իրենց ապագայի հետ կապված ընտրություն կատարելու հնարավորություն։
Տարածված է նաև, որ ամուսինները փնտրեն նոր, ավելի երիտասարդ կնոջ, երբ առաջին կինը սկսում է տարիքն առնել։
Ես Մալավիի աղջիկներին ու տղաներին այսպիսի կյանք չէի մաղթի։ Ես ավելին կուզեի, շա՛տ ավելին իրենց համար։
Իմ, ինչպես նաև հարցով շահագրգիռ այլ մարդկանց կատարած վերլուծությունները ցույց տվեցին, որ կա հստակ ճանապարհ, որով պետք է ընթանալ։
Համայնքում ապրող բոլոր կողմերը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենային երեխա տարիքում ամուսնության վտանգների ու հետևանքների մասին, պետք էր փորձել մարդկանց հեռացնել իրենց հնամենի հավատալիքներից, թե այս պրակտիկան նորմալ է։ Այնուհետև մենք փոփոխություններ կատարեցինք օրենքներում՝ պրակտիկան դարձնելով անօրինական ու հստակ լիազորություն տալով պատժել այն պաշտոնյաներին, որոնք խրախուսում էին այս անարդար ամուսնությունները։ Ես հանդիպումներ էի ունենում ու իրազեկում է բազմաթիվ համայնքների, պառլամենտականների, խորհրդականների, կրոնական առաջնորդների, ոստիկանների, կին ու տղամարդ գյուղապետերի, երիտասարդների, կրթության պատասխանատուների ու անթիվ-անհամար ծնողների։ Շաբաթվա գրեթե բոլոր օրերին գնում էի հանդիպումների, հասնում էի իմ շրջանի բազմաթիվ գյուղեր։ Բոլոր տարիքի մարդկանց հետ անթիվ-անհամար զրույցներ էի ունենում։
Այդ տարի բավականին առաջընթաց գրանցեցինք։
Տոհմապետերն ու կրոնական առաջնորդները համաձայնեցին, որ սեփական կամքին հակառակ ամուսնության օրինական տարիքը սկսվում էր 18-ից, որ բոլոր ամուսնությունների համար պետք է լինելու իրենց թույլտվությունը՝ գրանցված պաշտոնական գրանցամատյաններում։
Ընդունվեցին օրենքներ, որոնք տեղական այս ղեկավարներին լիազորություններ տվեցին կիրարկել դրանք իրենց տարածքներում։ Եթե բացահայտվի, որ որևէ շրջանի ղեկավար 18-ից ցածր տարիքում աղջկան ամուսնացնելու թույլտվություն է տվել, նա անմիջապես կհեռացվի պաշտոնից։ Մինչ օրս ես նման 4 ղեկավարի հեռացրել եմ իրենց պաշտոններից։
Անշուշտ, սա պայքարի միայն մի մասն է, քանզի դեռ պետք է շարունակենք համոզել ծնողներին, որ նրանք կենտրոնանան իրենց աղջիկների ու տղաների կրթության վրա, ոչ թե վաղ ամուսնություններից ստացվող օգուտների։
Չնայած այս մարտահրավերներին ու իմ դեմ համայնքների ու այլ ղեկավարների դիմադրությանը՝ մինչ օրս չեղարկել ենք երեխաների 549 ամուսնություն, որոնցից 377-ը՝ աղջիկների, 172-ը՝ տղաների։