Մուրատ Չելիքքանը ծնվել է 1957 թվականին Անկարայում: Կրթությունը ստացել է Միջին Արևելքի տեխնիկական համալսարանում՝ կառավարման ֆակուլտետում: Երկու անգամ բանտարկվել է. առաջին դեպքում՝ 1978-ին սոցիալիստական գործունեություն իրականացնելու, ևս մեկ անգամ՝ 1980-ին՝ հեղաշրջման ընթացքում ընդդիմադիր գործիչներին թիրախավորող գործողությունների ժամանակ: Երկու դեպքում էլ Չելիքանն արդարացվել է:
1979 թվականին սկսել է լրագրողական գործունեությունը՝ աշխատանքի անցնելով «Դեմոկրատ» թերթում, իսկ 1983-ից աշխատանքը շարունակելով «Նոքտայում»: Անդամակցել է Մարդու իրավունքների միությանը, որն աշխատանք էր տանում 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո հասարակությանը հասցված վնասները վերացնելու ուղղությամբ: Միության Ստամբուլի մասնաճյուղում աշխատելու ժամանակ Չելիքանը խոսքի ազատության խախտումների և խոշտանգումների վերաբերյալ զեկույցներ էր պատրաստում:
1990-ից սկսել է աշխատել Թուրքիայի «Մարդու իրավունքների հիմնադրամում», որը հիմնվել էր խոշտանգումներից տուժածների իրավունքների պաշտպանության համար: Ներկայացնելով Հիմնադրամն արտասահմանում՝ նա մշտապես խոսել է Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի մասին: Մի խումբ գրողների, լրագրողների, քաղաքական գործիչների, մտավորականների և ակտիվիստների հետ նույն տարում միացել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» (այսօր հայտնի է որպես Քաղաքացիական ասամբլեա) իրավապաշտպան կազմակերպությանը, որն աշխատում է ժողովրդավարության ու բազմակարծության խթանման ուղղությամբ, երկար տարիներ կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է եղել: Չելիքանը «Իրավական օգնություն փախստականներին» ծրագրի հիմնադիրներից է, որը Թուրքիայի քաղհասարակության առաջին նախագիծն է՝ ուղղված փախստականների խնդիրների լուծմանը: Այսօր այդ ծրագիրն անկախ կազմակերպության է վերաճել և կոչվում է «Փախստականների իրավունքների կենտրոն»: 1995-ին նա միացել է «Ամնեսթի Ինթերնեյշընլ Թուրքիա»-ի հիմնադիր խմբին:
Երկար տարիներ աշխատել է որպես լրագրող, խմբագիր, գլխավոր խմբագիր, հրապարակումների տնօրեն և սյունյակագիր մի շարք թերթերում և ամսագրերում: Չելիքանը հեղինակել է բազմաթիվ հոդվածներ մարդու իրավունքների, ժողովրդավարության, սոցիալական պայքարների, Քրդական հարցի, ինքնությունների և ազատությունների թեմաներով, լրագրություն է դասավանդել տարբեր համալսարաններում և կազմակերպություններում: Նա նաև մասնակցել է «Հասարակական ուսումնասիրությունների, մշակույթի և արվեստի հիմնադրամ», «Խաղաղության կոնգրես», «Խաղաղության հիմնադրամ» կազմակերպությունների ստեղծման ու ծրագրային աշխատանքներին:
2000 թվականից ի վեր Չելիքանն իրականացնում է Քրդական հարցի, խաղաղության և անցյալին առերեսվելու խնդիրներին առնչվող նախագծեր: 2011 թվականին նա մի խումբ ակտիվիստների հետ հիմնել է «Ճշմարտության արդարության հիշողության կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է լույս սփռել պատերազմների ընթացքում և բռնապետական վարչակազմերի կողմից իրականացված մարդու իրավունքների խախտումների վրա, աջակցել անցյալի խնդիրների լուծմանը «անցումային արդարադատության ժամանակահատվածի» տեսանկյունից և իրավական գործողություններ իրականացնել, որոնք թույլ կտան մարդու իրավունքների խախտումներից տուժած խմբերին արդարության հասնել: Որպես Կենտրոնի հաղորդակցության ծրագրերի համաղեկավար՝ Չելիքանը ծրագրեր է իրականացրել՝ ուղղված մարդու իրավունքների խախտման փաստերը ու մարդկանց «հարկադիր անհետացման» հանցագործություններն ընդունելուն և տվյալ խնդիրների շուրջ կոլեկտիվ հիշողության ամրապնդմանը:
2016 թվականին մասնակցել է արշավի՝ ի պաշտպանություն «Ազատ օրակարգ» (Özgür Gündem) թերթի, որը փակվել էր Թուրքիայի դատարանի որոշմամբ՝ մեկ օրով (մայիսի 28) դառնալով թերթի գլխավոր խմբագիր: Դրա համար մեկ տարի անց՝ 2017-ի մայիսի 16-ին, դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման: Ինքնակամ ներկայացել է «Քըրքլարելի» փակ ռեժիմի բանտ նույն տարվա օգոստոսի 14-ին, հոկտեմբերի 21-ին նրան բաց են թողել փորձաշրջանով:
2018-ին Չելիքանն արժանացել է Ստոկհոլմում գործող «Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ» կազմակերպության ամենամյա մրցանակին:
Շատ, շատ շնորհակալ եմ: Սա երկրորդ մրցանակն է, որին այս տարի արժանանում եմ: Կարծում եմ՝ եթե մարդուն բանտ են նետում նրան «սանձելու» նպատակով՝ հաշվի չառնելով, որ նա 60 տարեկան է, այդ մարդը բազմաթիվ մրցանակներ է ստանում: Երբ քսանն անց էի, բանտերում իմ արկածների համար մրցանակներ չէի ստանում, այդ տարիքում ոչ ոք չի ստանում: Իհարկե, երբ 60-ում քեզ բանտարկում են, դա նշան է, որ դու չես պատրաստվում «խելոքանալ» և «սանձվել»: Կատակները մի կողմ, ես իրոք շատ շնորհակալ եմ: Ես հպարտ եմ այս մրցանակը ստանալով․ ավելի քան որևէ այլ մրցանակ, որ ստացել եմ կյանքիս ընթացքում։ Սա այն մրցանակն է, որը միշտ ամենաշատն եմ ցանկացել ստանալ․ Հրանտ Դինքի անվան մրցանակը:
Ինձ համար պատիվ է ոչ միայն այն պատճառով, որ ճանաչել եմ Հրանտին և աշխատել նրա հետ: Այդ անունը, ինչպես և մարդու իրավունքների համար պայքարը, վերջավորություն չունեցող առաքելություն իրականացնելու լիցք է տալիս: Սա, իրոք, այդպես է. 11 տարի է անցել Հրանտի սպանությունից, իսկ հանցագործների դատավարությունը դեռևս շարունակվում է: Չնայած փաստաբանների ջանքերին՝ մենք դեռևս հեռու ենք բոլոր իրական հանցագործներին բացահայտելուց: Ու ասենք՝ նրանք բացահայտվեն: Արդյո՞ք ողջ ճշմարտությունը ջրի երես դուրս կգա: Դա մեզ կփոխադրի մյուս առաքելությանը՝ բացահայտել Թուրքիայում տեղի ունեցած բոլոր սպանությունները, դավադրությունները, ջարդերը, ռումբերի պայթյունները, բացահայտել խորքային պետությունը (դիփ սթեյթ), որը ոչ մի ածականով չի բնորոշվում, բայց բնորոշվում է ռումբերով, բացահայտել պետության էությունն ինքնին․ բացահայտել և դատապարտել: Դա դեռ վերջը չէ՛։ Դեռ պետք է հաշիվ տալ Թուրքիայում իբրև փոքրամասնություն ապրողների ու սպանվողների համար։ Կա Հայոց ցեղասպանությունը, կա ռասիզմը և խտրականությունը, որոնք որպես թուրքեր մեր կյանքի բաղկացուցիչ մասն են դարձել: Դեռ պիտի հասնենք տարրական դասարանների դասագրքերում «Այշեն գնդակը նետում է Հակոբին» նախադասությանը։
Պատահական չէ, որ Հրանտ Դինքի անունը դարձել է Թուրքիայում մարդու իրավունքների համար պայքարի հոմանիշ:
«Մրցանակը, որը ես այսօր ստանում եմ լավ մարդու անունն է կրում: Մրցանակը, որը ես այսօր ստանում եմ, կրում է մի մարդու անուն, ով սպանվել է»: Այս բնութագիրը, որի հետ ես լիովին համաձայն եմ, արվել է Ահմետ Ալթանի կողմից՝ 2011-ին Հրանտ Դինքի մրցանակը ստանալիս հնչեցրած ելույթի ժամանակ: Ահմետ Ալթանը բանտում է 2016 թվականի սեպտեմբերի 10-ից:
Իսմայիլ Բեշիքչին, որը մրցանակը ստացել է 2012-ին, բանտում է անցկացրել շատ ավելին, քան որևէ այլ մարդ իր կյանքի որևէ ժամանակահատվածում: «Շաբաթօրյա ցուցարար մայրերը», որոնք ստացել են մրցանակը 2013-ին, Ներքին գործերի նախարարի կողմից թիրախավորվելուց հետո փորձում են շարունակել իրենց պայքարն արդարության և ճշմարտության համար, մի պայքար, որը նրանք շարունակում են 700 շաբաթ շարունակ՝ այդ ընթացքում ձերբակալվելով, վիրավորանքներ ստանալով, քրեականացվելով և արգելվելով:
Մի փոքր էլ այլ մրցանակակիրների մասին.
Նրանից հետո, երբ Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն ստացավ մրցանակը, ինձ նման բանտ գնաց՝ ի աջակցություն «Ազատ օրակարգ» թերթի. բարեբախտաբար, այժմ նա ազատության մեջ է: «Քաոս ԳԼ»-ի LGBTI+ բոլոր տիպի ակցիաներն ու միջոցառումներն Անկարայում արգելված են: Նրանց շքերթերը, որոնք մեծ թվով մասնակիցներ էին հավաքում և անցնում առանց միջադեպերի, չնայած ուժային կառույցների մեծ թվով ներկայացուցիչների ներկայության, այլևս չեն կարող անցկացվել: Ավելացնեմ, որ «Քաոս»-ի հիմնադիր Ալի Էրոլը մեկ շաբաթով բանտարկվեց, ապա նրանց բաց թողեցին, սակայն Էրոլը գտնվում է դատարանի հսկողության տակ: Թահիր Էլչին՝ «Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիայի» նախագահը, սպանվեց 2015-ին: Կազմակերպությունը շարունակում է արդարության համար պայքարը. նրանք փորձում են ջարդել անպատժելիության այն վահանը, որը սովորական է Թուրքիայում այս և նմանօրինակ սպանությունների դեպքում, ինչպես փորձում են կոտրել Դիարբեքիրի՝ մինչ օրս շուրջկալում գտնվող Սուր թաղամասի շուրջ վահանը։
Էրեն Քեսքինին, որին մենք այդքան սիրում ենք, ոչ միայն սպառնում է հարյուր հազարավոր լիրայի չափով տուգանք, այլ նաև բանտարկման հարյուրավոր տարիներ: Եվ այսպես, վստահաբար կարող ենք ասել, որ մենք դարձել ենք մի հանրություն, որ բանտ է գնում և ստանում մրցանակը, կամ մրցանակը ստանում է և բանտարկվում է: Եվ պետք է ասել, որ մրցանակները իսկապես տեղին են:
Բայց այս ամենը տեղի է ունենում ազգայնականության, ֆաշիզմի և ռասիզմի կտրուկ աճի հետ համընթաց, ինչը լուրջ ախտ է Թուրքիայում և ամբողջ աշխարհում: 20-րդ դարում մարդու իրավունքների և ժողովրդավարության գաղափարները հարգանքի էին արժանացել ցեղասպանությունների և համաշխարհային պատերազմների համար զղջալու միջոցով, բայց այժմ՝ 21-րդ դարում, տպավորություն կա, որ այդ գաղափարները կորցրել են այդ հարգանքը: Միգրացիա, որն աղքատության և պատերազմների հետևանք է, Արևմուտքում այլատյացության աճ, թշնամանք օտարազգիների նկատմամբ, ազգայնական, ռասիստական ռեժիմներ, որոնք անհանդուրժող են տարբերվողների նկատմամբ, այս ամենը միշտ էլ բնորոշ է եղել մարդու էությանը. սկիզբ առնելով Եվրոպայում՝ դրանք տարածում են գտել Արևմուտքում և առկա են Արևելքում: Ավելի ու ավելի շատ տեղերում ֆաշիստական վարչակազմերը, որոնք փորձում են վերացնել տարբերություններն իրենց հասարակություններում, սեղմում և խեղդում են քաղհասարակական այն հատվածը, որտեղ ժողովրդավարական քաղաքականությունը և մարդու իրավունքները կարող են ծաղկել և զարգանալ: Նման մթնոլորտում քաղաքականությունն ինքնին դառնում է անհնարին:
Նույնը Թուրքիայում: Արդարադատության ինստիտուտները, որոնք պետք է մեզ ապահովագրեն բացասական պրակտիկաներից, ամբողջովին խարխլված են: Մեկը մյուսի հետևից վերացվում են այն մեխանիզմները, որոնք կոչված են ապահովել անհատների պաշտպանությունը պետությունից: Մենք ապրում ենք մի երկրում, որը փորձում է քրեականացնել յուրաքանչյուր մարդկային, ժողովրդավարական և խաղաղությանը ձգտող պահանջ:
Ինչպես արդարադատությունը, ճշմարտությունը նույնպես զավթվել է բռնապետության կողմից: Գնալով ավելի բարդ է դառնում խոսել ճշմարտության կամ դրա ուժի մասին, և ավելի հեշտ է դառնում խոսել հավատի ուժի մասին: Ճշմարտությունն այժմ թելադրում են իշխանություն ունեցողները, ովքեր պարտադրում են հավատ նրա նկատմամբ, ինչին իրե՛նք են ցանկանում, որ մարդիկ հավատան, իսկ արդարադատությունն ամբողջապես ածանցյալ է այդ ուժին. կարելի է ասել՝ այն չի գործում: Եվ անկախ այս բացասական երանգներից, չեն դադարում գոյություն ունենալ նրանք, ովքեր գնում են ճշմարտության հետևից: Նրանք չեն հյուծվում: Նրանք թույլ չեն տալիս, որպեսզի հասարակության հիշողությունը ձևավորվի իշխանություն ունեցողների համար ցանկալի կերպով, նրանք թույլ չեն տալիս, որպեսզի արդարադատությունը գործի միմիայն որպես վարչակազմի մտրակ կամ որպես ճշմարտության արգելք: Ինչ մասնագիտություն ու զբաղմունք էլ ունենան, նրանք իրավապաշտպաններ են:
Ես այսօր այստեղ եմ, որովհետև ոմանք «Մարդու իրավունքների միության» գրասենյակում հերթապահում են, որպեսզի մարդիկ կարողանան ամեն օր դիմումներ ներկայացնել: Ես այսօր այստեղ եմ, որովհետև կան փաստաբաններ, որոնք ոստիկանության կամ անվտանգության մարմինների դռներն են ընկնում, երբ մարդիկ ձերբակալվում են: Կան գիտնականներ, որոնք ստորագրահավաքներ են անում, որպեսզի մարդիկ չմահանան, կան մարդիկ, որոնք գնում են ԼԳԲՏ շքերթների՝ անկախ բռնաճնշումներին, արգելքներին և խոչընդոտներին, մարդիկ, որոնք աջակցում են շաբաթօրյա ցուցարարներին Ստամբուլում, Դիարբեքիրում, Ջիզրեում և Բաթմանում:
Կան մարդիկ, որոնք լուսաբանում են նրանց գործունեությունը, որոնք դատապարտում են բռնությունները, արդարություն են որոնում, որոնք փորձում են մարդկանց պատասխանատվության կանչել: Կան նաև նրանք, ովքեր մերժում են ազգայնականություն կոչվող մասայական էգոիզմը: Ովքեր պայքարում են մեր ժամանակների ոգու դեմ: Ովքեր մերժում են հանձնվել չարի տարածուն միջակությանը և ականջալուր են իրենց խղճին:
Ես այստեղ եմ, որովհետև անկախ նրանից, որ քաղաքացիները դատապարտվում են մահվան՝ դեմ լինելով արյան և ոչնչացման այս քաղաքականությանը, կան մարդիկ, որոնք բարձրացնում են իրենց ձայնը խաղաղության համար: Հենց նրա՛նց եմ ես պարտական իմ այստեղ գտնվելու և այս մրցանակը ստանալու համար: Պարտական եմ Լեման Յուրտսեվերներին, Գյուլսերեն Յոլերիսներին, Ռաջի Բիլիջիներին, Ֆիլիզ Քարաքուսներին, Սևիմ Սալիհօղլուներին, Յումիթ Բիչերներին. նրանց և նրանց նման հազարավոր մարդկանց: Բոլոր նրանց, ովքեր մարդու իրավունքների համար պայքարը իրենց կյանքը դարձրին:
Այս մրցանակը համընդհանուր պայքարի արդյունք է: Ես կիսում եմ այն «Հիշողության կենտրոնի» իմ գործընկերների հետ, Էմել Աթաքթյուրք Սեվիմլիի, ում հետ ամենամեծ հաջողություններն եմ գրանցել, կիսում եմ Մելթեմ Ասլանի հետ, որն իմ համաղեկավարն է աշխատանքի վայրում և ղեկավարն է տանը, իմ ընկեր Օսման Քավալայի հետ, որը պահվում է բանտում առանց մեղադրանքի և դատավարության հնարավորության, և բոլոր նրանց հետ, ովքեր բանտում են մարդու իրավունքների համար իրենց պայքարի պատճառով:
Ես ուզում եմ հավատալ, որ ստացել եմ այս մրցանակը, որովհետև լավ մարդ եմ:
Հենց մարդու իրավունքների համար պայքարն է, որ վառելու է հուսո ճրագը հուսահատության դեմ ոչ միայն Թուրքիայում, այլ նաև ամբողջ աշխարհում: «Ամենուր ճաքեր կան, հենց այդպես է ներխուժում լույսը»:
Հանուն հույսի՝ ընդունում եմ այս մրցանակը: