«Քաոսը» հիմնադրվել է 1994 թ․ թուրք գեյ ակտիվիստների կողմից՝ Գեյերի ու լեսբիների իրավունքների հանձնախմբի շրջանակներում, որը ստեղծվել էր Մարդու իրավունքների միության Անկարայի մասնաճյուղի հովանու ներքո։ Հենց սկզբից բախվելով արգելքների, երբ ասոցիացիայի անվանումն ու կանոնադրությունը Անկարայի նահանգապետարանի կողմից համարվեցին «անբարոյական», այն այդուհանդերձ առաջին ԼԳԲՏ խումբն էր Թուրքիայում, որին հաջողվեց դառնալ իրավաբանական անձ 2005 թ.։ Իր հիմնադրումից ի վեր, «Քաոսն» աշխատել է այն սկզբունքով, որ «նույնասեռականների ազատագրումը կազատագրի հետերոսեռականներին նույնպես»։ Ասոցիացիան իր գաղափարները տարածել է լայն ու բազմազան հանրությանը «Քաոս ԳԼ» ամսագրի միջոցով, որը ասոցիացիայի հիմնադրումից ի վեր տպագրվում է իբրև գեյերի, լեսբիների, բիսեքսուալների, տրանսսեքսուալների ու հակա-հետերոսեքսիստների ձայն։ Իր ակադեմիական քույր ամսագիրը՝ «ՔաոսՔ»-ն հետազոտական հոդվածներ է տպագրում քվիր ուսումնասիրությունների ոլորտում՝ ուշադրություն հրավիրելով սեռականության ու հասարակության հետ փոխհատվող այլ անհավասարությունների միջև հարաբերությունների վրա։ ԼԳԲՏ ուսումնասիրությունների ոլորտում ակադեմիական հետազոտության տեսանելիությունը բարձրացնելու նպատակով «Քաոսի» անդամները ելույթներ են ունենում  Անկարայի համալսարանի տարբեր բաժիններում՝ իբրև հրավիրյալ խոսնակներ։  

2006 թ. «Քաոսը» կազմակերպեց Տեղացի լրագրողների ցանցի դասընթաց՝ նպատակ ունենալով նպաստել հոմոֆոբիայից, տրանսֆոբիայից ու սեքսիզմից զերծ հանրային գրավոր խոսքին և ստեղծեց KaosGL.org կայքը, որը մինչ օրս բազմաթիվ հոդվածներ, լուրեր ու թարգմանություններ է հրապարակել։ 2000 թ. հիմնադրվել է նաև կենտրոնը, որտեղ անց են կացվում մշակութային միջոցառումներ, հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրություններ, որտեղ գործում է նաև Թուրքիայում ստեղծված առաջին ԼԳԲՏ գրադարանը։ «Քաոսը» հիմնել է նաև թմբկահարների խումբ (Taliga Ritim Şugariyetleri), որը ծիածանադրոշով մասնակցում է բազմաթիվ երթերի։ «Քաոսը» Թուրքիայի տարբեր քաղաքներում կազմակերպում է նաև հոմոֆոբիայի դեմ հանդիպումներ, հնարավորություններ ստեղծում, որ ԼԳԲՏ անձանց խնդիրները քննարկման արժանանան տեղական մակարդակում։ 2006 թ. այն կազմակերպում է Հոմոֆոբիայի դեմ միջազգային օրը, որը կարևոր դեր է խաղացել ԼԳԲՏ անձանց փորձառությունները փոխանակելու ու նրանց տեսանելիությունը Թուրքիայում բարձրացնելու հարցում։ 2008 թ. Անկարայի «Pembe Hayat» ԼԳԲՏ ասոցիացիայի հետ միասին, «Քաոսը» կազմակերպեց առաջին ԼԳԲՏ շքերթը քաղաքում՝ Հոմոֆոբիայի դեմ միջազգային օրվա միջոցառումների շարքում։ Յուքսել փողոցում գտնվող Մարդու իրավունքների հուշարձանի մոտ հավաքված ավելի քան 10 գեյ, բիսեքսուալ ու տրանսսեքսուալ տղամարդիկ ու կանայք քայլեցին դեպի խորհրդարանի շենք։ Այս տարվանից սկսած շքերթերը դարձել են ամենամյա։ 

Ֆեմինիստական միջազգային ֆորումին, որը 2012 թ. անցկացվող ամենամյա միջոցառում է, «Քաոսը» քննարկում է ֆեմինիզմի ու պահպանողական վարչակարգերի միջև հարաբերությունը։ Տարածաշրջանային ցանցի աշխատանքային խմբի միջոցով այն համախմբում է Հարավային Կովկասից, Միջին Արևելքից ու Բալկաններից ԼԳԲՏ այլ խմբերին։ Ասոցիացիայի անդամ հանդիսացող իրավաբանների, հոգեբանների ու հոգեբույժների աջակցությամբ «Քաոսը» իրավական ու հոգեբանական աջակցություն է տրամադրում խտրականությունից, ատելության խոսքից կամ ատելության հիմքով հանցանքներից տուժածներին։

 

Սիրելի՛ ընկերներ,

Հրանտ Դինքի հիմնադրամ, ժյուրիի անդամներ, մրցանակաբաշխության հանձնաժողով, հարգարժան հյուրեր, 

Բոլորիդ ողջունում եմ սիրով ու հարգանքով, երախտագիտություն հայտնում «Քաոսի» անունից՝ կազմակերպություն, որը վերջին քսան տարիների ընթացքում պայքարել է լեսբի, գեյ, բիսեքսուալ ու տրանս համայնքի իրավունքների համար։ 

Այդ օրը, երբ «աղավնական վախվորած ու խռոված կյանքի» դատապարտողները, բայց նաև ատելությամբ կյանք խլողները խլեցին Հրանտ Դինքին մեզնից, բնազդաբար հավաքվեցին Անկարայի մեր ասոցիացիայի գրասենյակում։ 

Նույնիսկ այն դեպքում, երբ նույնասեռականների սպանությունները՝ որակված «սադրանքի» արդյունք, հայերի սպանությունները՝ որակված «չնպատակադրված», շարունակում են նորմալ ու սովորական համարվել այս հասարակությունում, որտեղ ապրում ենք, ամեն դեպքում զգում էինք, որ սիրելի Հրանտի վճարած գինը բոլորովին էլ «նորմալ» չէր...  

Մինչ անհանգիստ աչքերով իրար էինք նայում գրասենյակում, առաջին բանը, որ արեցինք, մեր քույր կազմակերպություն՝ «Pembe Hayat» զանգահարելն էր...

Մինչ այդ մեր տրանս կին ընկերները, որոնց կյանքերը վերածված էին դժոխքի, վիրավորանքի, հարձակումների, նվաստացման, բռնաբարման, մահվան վախի, շանտաժի, ծեծի, շորթումների՝ ոստիկանական բռնության պատճառով, պատրաստվում էին հացադուլ հայտարարել՝ պահանջելով իրենց կյանքի իրավունքը։ Հրանտ Դինքի եղկելի սպանության մասին լուրը ստանալով՝ նրանք առանց վարանելու թողեցին իրենց մտադրությունը։ 

Իբրև նույնասեռական ու տրանսսեռական մարդիկ, մեր ողջ կյանքն ապրել ենք «խռովքի» մեջ, մի բան, որ խլեց մեզնից Հրանտ Դինքին։ Նրան հիշում ենք սիրով ու կարոտով։ Երբ մեր պայքարի ճամփան էինք ընկնում, ասացինք՝ «այս հասարակությունում միայն հետերոսեքսուալները չեն ապրում, մե՛նք էլ ենք այստեղ»․․․

Երբ սկսեցինք մեր պայքարը՝ հաղթահարելու մեզ հարկադրված արգելանքներն ու շուրջկալումը, դուրս գալու մեր գետտոներից, որոնցում վերջին իննսուն տարիներին ինքներս մեզ փակել էինք՝ հանուն գոյատևման, շատ լավ գիտեինք, որ միայն մեզ ազատագրելը բավարար չէր լինի։ 

Մեզ սեռական կողմնորոշման ու ինքնության հիմքով խտրականության դեմ պայքարելուն սահմանափակելու փոխարեն, բարձրացայնել ու տարածել ենք մեր կոչը, որ նույնասեռականների ազատագրումը կազատագրի նաև հետերոսեռականներին...

Սիրելի՛ ընկերներ…

Այնպես, ինչպես հայկական համայնքն է խնդրում «արդարություն և ո՛չ խղճահարություն», ԼԳԲՏ համայնքը նույնպես մինչ օրս դիմադրում է՝ վանկարկելով՝ «մենք այստեղ ենք, ոչ մի տեղ չենք գնալու, ավելի լավ է ընտելանաք մեզ»․․․ 

Մենք շատ լավ գիտենք, որ հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ մեր պայքարում հաջողության չենք հասնի, եթե չպայքարենք ռասիզմի ու ազգայնականության դեմ։ 

Սա մտքում պահելով՝ այս բոլոր տարիներին ոչ միայն պայքարել ենք հետերոսեքսիզմի սահմանների դեմ, այլ նաև սեքսիզմի, նացիոնալիզմի, ռասիզմի ու միլիտարիզմի սահմանների դեմ...

Մինչև չհասկանանք, թե ինչ կապերով են կապված խտրականության տարբեր տեսակները, մինչև հակախտրական պրակտիկաների ու ազատության համար պայքարների միջև հորիզոնական ցանցեր չստեղծենք, վիճակված ենք լինելու մեր «սեփական հարցերի» մեջ պտտվող փակ շրջապտույտին...

Հրանտ Դինքը, ում այսօր սիրով ու կարոտով հիշում ենք, մնում է «մեր» Հրանտ Դինքը, որովհետև նա հրաժարվեց իր սեփական շրջապտույտի մեջ պտտվել, հատկապես որովհետև նա կոչ արեց կոլեկտիվ փոխակերպման ու կոլեկտիվ ազատագրման, որը լսեցին այստեղ ու արտասահմանում գտնվող շատ մարդիկ...

Ուստի, իբրև «Քաոս», մենք չենք խուսափում միաժամանակ տալու հետևյալ հարցերը՝ «ո՞ւմ խնդիրն է հոմոֆոբիան» և «ի՞նչ է թաքնված ազգայնականությամբ կողպված դարպասների հետևում»․․․

Սիրելի՛ ընկերներ,

նրանք, ովքեր պնդում են, որ նույնասեռականներն ու հայերը պատկերվեն իբրև «զարդարանք» կամ իբրև «ազգի թշնամի»՝ նայած պատեհությանը, այդ մարդիկ միշտ գոյություն են ունենալու...

Մենք շատ հստակ ուղերձ ունենք նրանց, ովքեր փորձում են մեզ սիրել զուտ իբրև «զարդարանք»՝ «մի՛ բացեք ձեր սրտերի դարպասները, բացե՛ք սահմանների դարպասները»․․․

Դուք պետք է դադարեցնեք «վտարելու» ձեր շանտաժը և հետապնդման «հյուրի» կարգավիճակը, փոխարենը պետք է կացության ու աշխատանքային թույլտվություններ տաք Հայաստանից այստեղ եկած միգրանտ աշխատողներին՝ այսպես կոչված «ապօրինի», «անկանոն» միգրանտներին...

Ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանի սահմանները բացելը՝ առանց նախապայմանների ու ձգձգումների, ո՛չ լավություն է, ո՛չ էլ գթասրտություն, այլ պատմական ու ակտուալ պահանջ...

Սիրելի՛ ընկերներ,

Շատ լավ գիտենք, որ բոլորս թունավորված ենք «ազգային պետության» ծրագրով՝ ինչպես իբրև քաղաքացիներ, այնպես էլ՝ իբրև պետություն...

1915-ի հարյուրամյակին այս երկրի քաղաքական գործիչները վատ չզգացին հրապարակայնորեն ասել նման խոսքեր. «Ինձ ինչ ասես չեն ասել, ինձ վրացի են անվանել, ներողություն արտահայտությանս համար՝ ավելի անճոռնի բառեր էլ են ասել՝ ասել են՝ հա՛յ ես։ Բայց ես թուրք եմ»․․․

Անատոլիայի ու Միջագետքի հողերը բերրի հողեր են։ Այդուհանդերձ, մշակման ու սոցիալականացման նույն թունավոր գործընթացներով ենք բոլորս անցել։ Ու քանի թունավորված ենք ազգային պետություն ծրագրով, մենք այս հողերի պարարտանյութին ու ոգուն չե՛նք համապատասխանում։ 

Եթե իրականությունը սա է, ապա մինչև չստանձնենք սիրելի Հրանտի դեղատոմսն իրագործելու պատասխանատվությունը, այսինքն՝ չազատագրենք մեզ հայերի մասին մեր պատմական տրավմաներից, մի բան, որը Հրանտին իր կյանքն արժեցավ, մինչև չճանաչենք, որ սա է միակ ճանապարհը դուրս գալու թուրքի սեփական պարանոյայից, այդ թույնը կշարունակի հոսել ցանկացած տեղից ու կթունավորի մեզ՝ անկախ քաղաքական առաջարկների փորձերից ու նախաձեռնություններից...

Ուստի մենք շարունակում ենք հիշեցնել նրանց, ովքեր, իրենց պատեհ ժամանակ, շարունակում ենք մեզ տեսնել իբրև «ազգի թշնամի», որ այս «ազգը» իրականում լայն իմաստով կեղծ է...

Սիրելի՛ ընկերներ,

Մենք գիտենք, որ մինչ ռասիստական ու ազգայնական դիսկուրսները ինստիտուցիոնալացվել են պետական քաղաքականությունների կողմից, երկրների միջև սահմանները իսկապես վերածվում են հասարակությունների համար անհաղթահարելի արգելքների...

Այսօր, չնայած այդ սահմաններին, եթե մենք՝ իբրև լեսբիների, գեյերի, բիսեքսուալների ու տրանսերի շարժում ի վիճակի ենք եղել ազատության համար մղվող տարբեր պայքարների միջև կամուրջներ կառուցել, մենք հաստատապես երբեք չենք թողնի մեր համատեղ պայքարն ընդդեմ հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի, ռասիզմի ու ազգայնականության...

Հրանտ Դինքի՝ Ակօս օրաթերթի գլխավոր խմբագրի հիմնական հարցը, որի սպանությունը  1915-ի մտածողության հետևանք էր, շարունակում է անպատասխան մնալ․

«Արդյո՞ք շարունակելու ենք գործել նրանց պես, ովքեր պատասխանատու էին անցյալում տեղի ունեցած մեծ աղետի համար, թե՞ դասեր ենք քաղելու ու պատմության նոր էջերը լցնելու ենք արժանապատվությամբ ու մարդկայնությամբ»։

Իբրև «Քաոս ԳԼ» կազմակերպություն, մենք շարունակում ենք այս հարցի պատասխանի փնտրտուքները մեր համատեղ պայքարով ու Հայաստանում ԼԳԲՏ համայնքի անդամների հետ համագործակցությամբ․․․

Գիտենք, որ ծիածանների ներքո մեզ ազատագրելու ճանապարհը ճշմարտության մասին անդադրում խոսելն է, ճշմարտություն, որը մշուշապատվել ու ստվերվել է ազգայնականության կողմից։ Մենք այդ պատասխանատվությունը մեզ վրա վերցնում ենք․․․

Սիրելի՛  ընկերներ,

Այսօր դուք ոչ միայն պատվեցիք «Քաոս ԳԼ»-ի քսան տարվա պայքարը հանուն ավելի ազատ ու անկախ աշխարհի՝ զերծ խտրականությունից, ռասիզմից ու բռնությունից, բայց անկասկած նաև պատվեցիք մեր համատեղ ԼԳԲՏ շարժումը, որի բաղկացուցիչներից միայն մեկն է մեր կազմակերպությունը։

«Քաոսի» անունից իմ խոսքերն ավարտելով՝ ուզում եմ կրկին անգամ ողջունել բոլոր նրանց, ովքեր մեզ շնորհեցին սիրելի Հրանտ Դինքի հիշատակը վառ պահող այս մրցանակը։