2002 թ. նա նախաձեռնեց «Խաղաղության կանանց միջազգային ծառայություն. Պաղեստին» ակցիան, ու Trident Ploughshares-ի իր ակտիվիստ ընկերների հետ միասին կազմակերպեց Faslane 365-ը։ Ակցիայի մասնակիցները մեկ տարի շարունակ խաղաղ բլոկադայի մեջ պահեցին Շոտլանդիայում Ֆասլեյն նավատորմային ռազմաբազան։ Օկուպացիայի արդյունքում Շոտլանդիայում ընտրվեց հակամիջուկային կառավարություն։ «Trident Ploughshares» շարժումը շարունակում է Շոտլանդիայի կառավարության հետ միասին պայքարել հանուն նրա, որպեսզի միջազգային իրավունքն օգտագործվի իբրև զինաթափման միջոց՝ չնայած ՄԹ կենտրոնական կառավարության դիմադրությանը։ Trident Ploughshares-ի ակցիաները տարածվել են Միացյալ Թագավորության ողջ տարածքով մեկ։
Բողոքելով Շվեդիայի ու ՆԱՏՕ-ի միջև ավելի սերտ համագործակցության դեմ, որը բացահայտվել էր նաև Վիկիլիքսի միջոցով գաղտնազերծված փաստաթղթերով, Էնջին նախաձեռնեց արշավ, որպեսզի շվեդական զորքերը դուրս գան Աֆղանստանից։
2012 թ. մարտին նա ձերբակալվեց հարավկորեական ոստիկանության կողմից, քանի որ աջակցում էր Ջեջու կղզում նավատորմային ռազմաբազայի կառուցման դեմ դիմադրությանը։ Դեռևս 2005 թ. Հարավային Կորեան կղզին հայտարարել էր Համաշխարհային խաղաղության կղզի, որտեղ գտնվում են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության հուշարձաններ։
Իր ակտիվիստական գործունեությունից բացի նա բազմաթիվ մարդկանց խրախուսել է գործողության դիմել իրենց կառավարությունների դեմ՝ կանխելու միջուկային ցեղասպանությունը և ոչնչացնելու ատոմային ու զանգվածային ոչնչացման բոլոր զենքերը։ 1990-ականներից ի վեր նա ավելի քան 100 անգամ ձերբակալվել է. այդ ձերբակալությունները նշանակալի դեր են ունեցել միջուկային զինաթափման մասին հանրային իրազեկում իրականացնելու ու լրատվական հետաքրքրություն առաջացնելու համար։ Էնջին շարունակում է ոչ-բռնի ու իրավական իր պայքարը հանուն համաշխարհային խաղաղության։
Պատիվ է այս մրցանակն այսօր ստանալն ու այստեղ գտնվելը։ Շնորհակալ եմ այս շնորհաշատ վերաբերմունքի համար։ Սիրտս լցված է հիացմունքով Հրանտ Դինքի քաջ ու կարեկից գործունեության նկատմամբ, ու խորը կսկիծ եմ զգում, որ նրա կյանքի թելը կտրվեց այդ եղկելի սպանությամբ։ Նրա գործունեությունը հանուն ավելի ներառական ու ժողովրդավարական Թուրքիայի իսկապես ոգևորող է։ Հազարավոր տարիներ մարդկային հանրություններին իշխել են փոքր, հարուստ էլիտարները, որոնք ուժը կենտրոնացրել են իրենց սեփական ձեռքերում, այնուհետև չարաշահել այն, բռնություն կիրառելով վերահսկել մարդկանց հողերն ու ռեսուրսները։ Այս շահագործող, մրցակցային, բռնի գործընթացը հանգեցրել է միլիոնավոր մարդկանց սպանություններին, բռնաճնշումներին ու ունեզրկմանը, ինչպես նաև բնական միջավայրի ու այլ կենսատեսակների ոչնչացմանը։
Այսօր գլոբալ կորպորացիաներն ու անսանձ ռազմարդյունաբերական ոլորտը շահույթ է կորզում մարդկանցից ու բնությունից, միևնույն ժամանակ՝ հսկայական արտանետումներով մեծացնում ջերմոցային էֆֆեկտի բերող ծավալները։ Կլիմայական քաոսն իր ազդեցությունն է ունենում բոլորիս վրա, սակայն ամենամեծ զրկանքների ենթարկվում են ամենաաղքատները։
Միլիոնավոր սովորական մարդիկ շարունակում են պայքարել չդադարող չարիքների դեմ։ Մեր գործողություններով ու խոսքերով մենք հավաստում ենք, որ այդ չարիքները գործի չեն դրվել մեր անունից։
Ամաչում եմ ընդունել, որ իմ սեփական երկիրը՝ Միացյալ Թագավորությունն ունի մարդու իրավունքների չարաշահման զազրելի պատմություն, որը ձգվում է դարերի խորքերը։ Բրիտանական պետության ձեռքով միլիոնավոր մարդիկ են սպանվել։ Սպանություններն այսօր էլ շարունակվում են՝ չնայած այն տարածված պրոպագանդային, թե բրիտանական կառավարությունը սատարում է ժողովրդավարությունը, ազատությունն ու մարդու իրավունքները։
Անշուշտ, կան բրիտանական բազմաթիվ հիանալի քաղաքացիական խմբեր, որոնք ճիշտ սրանով են զբաղված։ Բրիտանիայի ժողովուրդը չէ, որ ընդհանուր առմամբ մեղավոր է։ Բրիտանիայի կառավարությունն է, դրա հաստատությունները՝ կրկնօրինակված աշխարհի տարբեր մասերում, որոնք գործում են այս սքանչելի իդեալներին ճիշտ հակադարձ կերպով։
Բրիտանիան հետևողականորեն անտեսում ու խախտում է միջազգային իրավունքը։ Այն սատարում ու զենք է վաճառում աշխարհի ամենաբռնարար վարչակարգերին։ Այն օգնում ու նպաստում է մարդու իրավունքների ոտնահարմանը բոլոր այն տեղերում, որտեղ իրեն անհրաժեշտ է գրավել աշխարհառազմավարական դիրքեր, ռեսուրսներ կամ ակտիվներ։ Այն խրախուսում է միլիտարիզմը՝ ստեղծելով վախ ու մեզ բոլորիս ստիպելով զգալ անապահով։ Փոխանակ զբաղվի կոնֆլիկտների բուն պատճառներով, այն ավելի շատ է կոնֆլիկտ ստեղծում։ Ներկայումս Բրիտանիան զենք է մատակարարում Իսրայելին ու հրաժարվում է դատապարտել Արևելյան Ափի օկուպացիայի ու Գազայի շրջափակման ժամանակ Իսրայելի իրականացրած պատերազմական հանցանքները ու մարդասիրական իրավունքի խախտումները։
Ավելին, Բրիտանիան՝ իր 100 կիլոտոննա անօրինական միջուկային մարտագլխիկներով, օտարերկրյա «միջամտություններով» ու ԱՄՆ-ի անվերջ այսպես կոչված՝ «տեռորի դեմ պատերազմին» իր աջակցությամբ ի՛նքն է մասնակցում «պետական տեռորիզմին»։
Իմ երկրի հետ կապված արժեքավոր շատ բաներ կան, որոնք ես գնահատում եմ, բայց ինձ համար կարևոր է, որ յուրաքանչյուր ոք կարողանա սեփական պետությանը քննադատել, անի դա ներսից և դրսից՝ հանուն դեպի լավը փոփոխության։
Շատերի հետ միասին փորձել եմ քայլեր ձեռնարկել տարբեր տեսակի չարիքներին վերջ տալու ուղղությամբ։ Ուժերս հիմնականում կենտրոնացրել եմ միլիտարիզմի չարիքի վրա ու օգտվել եմ միջազգային մարդասիրական իրավունքից՝ որպես կոնֆլիկտների խաղաղ լուծման գործիք։ Ես հանձն եմ առել գործել ոչ բռնի կերպով, քանի որ համարում եմ, որ բռնությունը միայն հանգեցնում է ավելի շատ բռնության ու որ պետք է փորձենք ապրել մեր սեփական արժեհամակարգին համապատասխան։
1995 թ. ես միացա մի խումբ կանանց, որոնք պայքարում էին, որպեսզի կանխեն Բրիտիանիայի կառավարության կողմից զենքի վաճառքը Սուհարտոյին՝ Ինդոնեզիայի ռեպրեսիվ դիկտատորին, որն արդեն շուրջ մեկ միլիոն մարդ էր սպանել սեփական երկրում։ Չնայած գիտեինք, որ անհավանական էր, որ Բրիտանիան կդադարեցնի 400 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ 24 ռազմական օդանավերի գործարքը, մենք վճռական էինք հնարավոր ամեն բանն անել՝ դրա դեմն առնելու համար։ Երբ մեր նամակներն ու ցույցերը արդյունքի չհասցրին, երեքով վերցրինք մուրճերը ու վնասեցինք բրիտանական «Hawk» կործանիչներից մեկը, որը պիտի ուղարկվեր Արևելյան Թիմոր, որի բնակչության արդեն մեկ երրորդը ոչնչացվել էր, ու պիտի գործածվեր այնտեղ ցեղասպան ռազմական գործողություններում։ Կործանիչը կարելի է ասել «զինաթափվեց», քանի որ օդանավի կորպուսին ու կառավարման համակարգին հասցվել էր մեկուկես միլիոն ֆունտ ստերլինգի վնաս, ու այն այլևս չէր կարող արտահանվել։
Դրան հաջորդեց մեր համատեղ գործողության երկրորդ փուլը, որը ես անձամբ վերջին հասցրի՝ դատական գործ նախաձեռնելով Առևտրի ու արդյունաբերության պետքարտուղարի դեմ, ով դավադրաբար խոստացել էր աջակցել ու նպաստել ցեղասպան գործողություններին։ Դատարանում ես ներկայացրի մյուս կործանիչների մատակարարման արգելանքի միջնորդություն։ Զինաթափման մեր գործողություններին միանալու մի քանի հրապարակային կոչերից հետո, որոնք ուղղում էինք հանրությանն ու խորհրդարանականներին, ոստիկանությունը վերջապես հասավ նաև ինձ, ու մեր խմբից ևս երեք հոգու հետ 6 ամիս անցկացրինք խիստ հսկողության բանտում։ Եթե մեր մեղադրանքը հաստատվեր, պետք է 10 տարի բանտարկված մնայինք։
Չնայած դատավարությունը քննող դատավորի դիրքորոշմանը, թե մենք վտանգ ներկայացնող կանայք էինք, որոնց անհրաժեշտ էր շատ երկար ժամկետով փակի տակ պահել, 12 հոգուց բաղկացած երդվյալ ատենակալների խորհուրդն արդարացրեց մեզ՝ համաձայնելով, որ մեր գործողություններն արդարացված էին հանուն պատերազմական հանցանքների և մարդու իրավունքների նկատմամբ բռնությունների կանխման։
Մեզ դեռևս չի հաջողվել կանգնեցնել զինամթերքի առևտրի այս հզոր ու կոռումպացված համակարգը, բայց ավելի ու ավելի շատ մարդիկ են դրա դեմ բողոքում։
Հատկանշական է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները՝ Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունն ու ԱՄՆ-ը, աշխարհում զինամթերքի ամենամեծ գործարքները կնքողներն են։ Նրանք վաճառում են զենք, ռազմական ու հետախուզական վերապատրաստումներ անցկացնում ռեպրեսիվ ռեժիմների ներկայացուցիչների համար, ի վերջո նրանց հետ ռազմական դաշինքների մեջ են մտնում։ Նրանք բոլորն ունեն միջուկային զենք։ Սրանք, սակայն, այն խոշոր գերտերություններն են, որոնց հանձնարարված է խաղաղություն ու անվտանգություն ապահովելու պատասխանատվությունը։
Սրա պատճառով բազմաթիվ մարդիկ պայքարում են, որպեսզի ռեֆորմներ անցկացվեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որ տեղի ունենա միջուկային զինաթափում ու ՆԱՏՕ կոչվող էքպանսիոնիստական միջուկային դաշինքին վերջ տրվի։
Միջուկային զենքն իմ ուշադրության կենտրոնում է, քանի որ այն ոտնատակ է անում այն կրող ու գործածող բոլոր ազգերի բարոյականությունն ու բարեվարքությունը։ Դրա համար եմ մասնակցել «Trident Ploughshares» շարժման հիմնադրմանը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա, ու բացեիբաց նետված ձեռնոց է Միացյալ Թագավորության միջուկային ուժերի լեգիտիմության դեմ։ Հազարավորներս ենք գործողություններ կատարել, ձերբակալվել, դատարաններով անցել, որպեսզի արտահայտենք մեր բողոքն ընդդեմ Մեծ Բրիտանիայի կողմից միջուկային պատերազմական հանցանքների նախապատրաստություններին։
1999 թ. ես ու Trident Ploughshares-ից ևս երկու կին նավակ նստեցինք ու մոտեցանք Շոտլանդիայի Լոչ Գոյլ նավահանգստում հանգրվանած ծովային հիդրոլոկացիոն լաբորատորիային։ Սա բրիտանական միջուկային զենքի համակարգի առանցքային մասերից մեկն է։ Մտնելով լաբորատորիա՝ մեզ հաջողվեց այն ամբողջովին շարքից հանել, քանի որ ջուրն էինք նետում սարքավորումներ, էլեկտրական լարեր էինք կտրտում։
Հինգ ամիս բանտում անցկացրինք, հետո հաղթեցինք ուղենշային դատական մի գործ։ Ինչպես դատավորը, այնպես էլ երդվյալ ատենակալները համաձայն էին մեր իրավական փաստարկների հետ, որ Միացյալ Թագավորության միջուկային զենքերը երբեք չէին կարող օգտագործվել միջազգային իրավունքի շրջանակներում։ Այսպիսով, մեր իրավունքն էր ոչ բռնի քայլեր ձեռնարկել՝ զանգվածային սպանդի համար տեղի ունեցող նախապատրաստական գործողությունները կանխելու համար։
Մեզ դատարանում արդարացնելը քաղաքական ֆուրոր առաջացրեց։ Կառավարությունը չէր կարողանում բողոքարկել, ուստի դատավարության ժամանակ բարձրացված տարբեր իրավական հարցեր այն տարավ ավելի բարձր դատական ատյան։ Հնամենի մի նախադեպ էին գտել, որտեղ ասված էր, թե զինված ուժերի իրավաչափության հարցը չի կարող վիճարկվել դատարաններում։ Անշուշտ, սա նոնսենս էր։ Ցանկացած ժողովրդավարական երկիր, որն այդ անվանը արժանի է, պետք է հնարավորություն ունենա իրավական քայլեր ձեռնարկել պետության ցանկացած ճյուղի դեմ, եթե այն ապօրինություն է գործում։ Այս բանավեճը դեռևս շարունակվում է, բայց շարունակվում են նաև մեր ակցիաները։ Սա երկար ու դանդաղ ընթացող ճանապարհ է դեպի միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ իսկական հարգանքի դրսևորում։
Trident Ploughshares-ի ու մյուս այլ պայքարները, որոնցում ներգրավված եմ, հնարավորինս ամեն բան անում են, որպեսզի դելեգիտիմացնեն Միացյալ Թագավորության միջուկային զենքերը՝ օգտագործելով իրավունքն ու ոչ բռնի, պատասխանատու ուղիղ ակցիայի գործողությունները։ Շարունակում ենք արգելափակել ու խուժել միջուկային ռազմաբազաներ, որպեսզի խախտենք ռազմական բիզնեսի սովորական ընթացքը։ Մեր հաճախակի ոչ բռնի, բայց արդյունավետ ներխուժումները բարձր անվտանգությամբ միջուկային ռազմաբազաներ հանգեցրին ի վերջո նրան, որ Բրիտանիայում պահպանվող բոլոր ամերիկյան միջուկային զենքերը դուրս բերվեցին, քանի որ հնարավոր չէր լինում ապահովել դրանց անվտանգությունը։
Հանրային ուշադրություն հրավիրելու համար մեր բողոքի ակցիաները լցնում ենք գույներով ու ստեղծարարությամբ։ Օրինակ, շուրջ երկու տարի մեզնից հազարավորները գործում էին մեկ-մետրանոց խաղաղություն խորհրդանշող վարդագույն վզնոցներ, որոնք ի վերջո կարվեցին իրար ու կազմեցին 7-մղոնանոց պարան, որը ձգվում էր Ալդեռմասթոնում միջուկային ռումբ արտադրող մի գործարանից մյուսը՝ Բըրգֆիլդում։ Խաղաղության պարանը մի քանի անգամ կրկին կգործածվի ակցիաների ժամանակ մինչև դրանից ծածկոցներ կգործենք փախստականների համար։
Մեր տներում պայքարելը շատ կարևոր է, բայց նույնքան կարևոր է միջազգային զորակցությունը։ Միացյալ Թագավորությունում շատ մարդիկ ուղղակիորեն պատասխանատու են զգում Պաղեստինում Բրիտանիայի պատմական դերակատարման ու պաղեստինցիներին դավաճանելու համար։ Պաղեստինցիների իրավունքներին սատարող ակցիաների եմ միացել, երբ դեռ Միջազգային զորակցության շարժումն էր սկսվում։ Բազմաթիվ անգամներ նաև ձերբակալվել եմ Արևմտյան Ափի գյուղական մի բնակավայրում Խաղաղության կանանց միջազգային ծառայությունը հիմնադրելուց հետո անցկացված խաղաղ ցույցերի ժամանակ։ Իմ մուտքն Իսրայել այժմ արգելված է, սակայն ծրագիրը շարունակում է աջակցություն տրամադրել ծանր կացության մեջ գտնվող պաղեստինցիներին։
Վերջերս հարձակումը Գազայի վրա բարձրացրել է բողոքի ալիք, քանի որ սովորական մարդիկ այլևս չեն հանդուրժում մեր կառավարության գաղտնի համաձայնությունը իսրայելական պատերազմական հանցանքների հետ։ Տարիների ընթացքում մեծացել է հանրության իրազեկվածությունը, այժմ շատ ավելի շատ մարդիկ են ներգրավված ոչ բռնի ակցիաներում, ներառյալ՝ օկուպացնելով այնպիսի ընկերությունների գրասենյակները, ինչպիսիք են Elbit-ն ու G4S-ը, որոնք ուղղակիորեն շահույթ են ստանում իսրայելական ռազմական ռեժիմից ու պաղեստինցիների բռնաճնշումից։
Այնքան շատ են հիացմունքի արժանի օրինակները, թե ինչպես են մարդիկ ոտքի կանգնում մարդու իրավունքների խախտումների դեմ, ինչպես են կանգնում կառավարությունների ու կորպորացիաներին դեմառդեմ։ Ողջ աշխարհում մարդիկ վերջապես իրենց նույնացնում են իբրև գլոբալ քաղաքացիներ ու դեն են շպրտում կարճատես ու նեղ ազգայնական շահադիտության նախապաշարումները։ Եթե շարունակենք իրար ձեռք մեկնել, այն ժամանակ միգուցե կկարողանանք վերականգնել բնական միջավայրը, ստեղծել ապրումակցող, սիրող հասարակություններ։
Եվ ես ապրում եմ այդ հույսով լի։