ՆԱՏԱՇԱ ԿԱՆԴԻՉԸ ծնվել է 1946 թ. նախկին Հարավսլավիայում՝ Կրագուժևաչ քաղաքում, որն այժմ գտնվում է Սերբիայում։ 1972 թ․ ավարտել է Բելգրադի համալսարանի Սոցիոլոգիայի բաժինը։ Սոցիալական ծառայությունների մասնագետի աշխատանքով ապահովված լինելով՝ նա նախընտրեց իրավաբանի աշխատանքը։
1990-ականների սկզբին՝ հարավսլավական պատերազմների սկսվելուց ի վեր, Կանդիչը փաստագրել է 1991-ից մինչև 1999 թվականը տեղի ունեցած պատերազմական հանցանքները։ Բոսնիայում պատերազմի ժամանակ նա առաջնագծերը հատում էր, որպեսզի փաստագրի օկուպացված տարածքներում սերբական զինված ուժերի գործողությունները ոչ սերբ քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Նրա ջանքերը շատերին են օտարել իրենից Սերբիայում, նրանց, ովքեր հաստատակամ չեն եղել նախկին հարավսլավական պատերազմների ժամանակ սերբական զինուժի գործողությունները ճանաչել իբրև պատերազմական հանցանքներ։ Դա չէին անում նույնիսկ դեմոկրատամետ ուժերը։ Կոսովոյում տեղի ունեցած պատերազմի ժամանակ նա Սերբիա էր վերադառնում, այնուհետև՝ նորից Կոսովո գնում, որպեսզի աշխարհին տեղեկացնի ոստիկանական ու պարազինվորական խմբավորումների կողմից մարդու իրավունքների խախտումների մասին։
1992 թ․ նա Բելգրադում հիմնադրեց Մարդասիրական իրավունքի կենտրոնը, որպեսզի փաստագրի նախկին Հարավսլավիայում տեղի ունեցած զինված բախումների ժամանակ մարդու իրավունքների խախտումները։ Կենտրոնը շարունակում է ականատեսների փնտրտուքը ու վկայությունների հավաքագրումը, իրավական օգնություն է տրամադրում և աջակցում է իրավախախտումների զոհերին։
1998 թ․ Սերբիայի կողմից մեծացող ճնշման ներքո Մարդասիրական իրավունքի կենտրոնի գրասենյակը Պրիշտինայում հրապարակեց զեկույց Կոսովոյում մարդու իրավունքների խախտումների մասին։ Զեկույցի տեղեկատվությունը տրամագծորեն հակասում էր սերբական իշխանությունների տարածած տեղեկատվությանը։ Կանդիչի հավաքագրած ապացույցները հետագայում օգտագործվել են Քրեական միջազգային տրիբունալի կողմից նախկին Հարավսլավիայի նկատմամբ մեղադրանքներ նախապատրաստելիս։ Հատկանշական է, որ նա տրամադրել էր Տրնովոյի շրջակայքում վեց բոսնիացի մահմեդական բանտարկյալների մահապատժի տեսանյութը, որն օգտագործվեց որպես Սրեբրենիցայի ջարդերի մասին ապացույց։ Սրեբրենիցայում սպանվել էր ավելի քան 7500 բոսնիացի տղամարդ ու տղա։
Երբ 2012 թ․ հրապարակված զեկույցում Մարդասիրական իրավունքի կենտրոնը մեղադրեց Հարավսլավական բանակի մոտորակային բրիգադի հրամանատար, այնուհետև մինչև Սերբիայի բանակի շտաբի պետի աստիճանի բարձրացած Լյուբիշա Դիկովիչին մի շարք պատերազմական հանցանքներում, որոնք կատարվել էին Կոսովոյում, վերջինս դատի տվեց Կանդիչին։ Լյուբիշա Դիկովիչի գործը վերաբացեց պատերազմական հանցանքների խնդիրը Սերբիայում։ Բոլոր նրանք, ովքեր պաշտպանում էին Դիկովիչին, ընդունում էին, որ Կոսովոյում ոստիկանությունն ու բանակը սարսափելի հանցանքներ էին գործել։ Սա առաջին անգամն էր, որ ոչ ոք չհերքեց հանցանքները կամ չհավասարեցրեց կոնֆլիկտի բոլոր կողմերի պատասխանատվությունը։
Պատերազմական դաժանությունների մասին Նատաշա Կանդիչի փաստահավաք առաքելություններն արժանացան և՛ ատելության Սերբիայի իշխող էլիտայի ու ազգայնական խմբերի շրջանում, և՛ գովասանքի՝ միջազգային հանրության կողմից։ Նա ոչ մի պահ չի դադարել խոսել ճշմարտությունը՝ նույնիսկ երբ դա մեծամասնության համար անցանկալի էր։ Կանդիչը շարունակում է պայքարել և «կարեր դնել» պատերազմի վերքերի վրա։
Հենց հիմա, երբ լսում էի ելույթ ունեցող կանանց․․․ Մինչ օրս առիթն եմ ունեցել կապ հաստատելու ու հարցազրույցներ վարելու հարյուրավոր, երևի հազարավոր կանանց, մայրերի ու քույրերի հետ։ Այս պահին նրանք մտքիս եկան։ Անկասկած, աշխարհի երեսին ամենամեծ ցավն է, որ մայրը, հայրը չկարողանան գտնել իրենց երեխայի մարմինը, նվազագույնը՝ գոնե ոսկրային մի մասունք։
Մի հանդիպման ժամանակ, երբ հարցազրույց էի վարում անհետ կորած երեխաների ծնողների հետ, հայրերից մեկի խոսքերից քարացա, բառերս կորցրի։ Նրա դեմքին կար երջանկության արտահայտություն, ասաց․ «Տղայիս գտել եմ, նույնը ձեզ եմ մաղթում, բոլոր մայրերին ու հայրերին։ Երանի դուք էլ գտնեք ձեր երեխաներին»։ Նա իր երեխայի ոսկորներն էր գտել։ Գտնել սպանված կամ մահացած երեխայի դիակի ոսկորները հավասար է նրա գտնվելու տեղը գտնելուն։ Հիմա նա գերեզման ունի, տեղ ունի։ Մայրը կամ հայրը կարող են գնալ այնտեղ, ծաղիկներ դնել, հիշել իրենց երեխային, հիշատակը վառ պահել։ Գոնե նա հիմա տեղ ունի։ Անհետ կորած հարազատներ ունեցողները, մայրերն ու հայրերը, ինչպե՞ս գտնեն նրանց։ Անկասկած դժվար գործընթաց է, բայց գոնե մի ճանապարհ կա՝ գտնել զանգվածային գերեզմանները։ Ինչպե՞ս են բացահայտվել այդ զանգվածային գերեզմանները, ինչպե՞ս են սպանվել այս երիտասարդները, երիտասարդ մարմինները սպանվել, ի՞նչ եղանակով են նրանք մորթվել։
Հրանտ Դինքի անվան այս մրցանակն ինձ համար պատվի ու արժանապատվության առիթ է։ Այն ինձ է հանձնվում մի երկրից, որն իմ երկրին մոտ է։ Մեր երկրներում, ավելի լայն ասած՝ մեր տարածաշրջանում, մի բանի շատ հազվադեպ եմ հանդիպում, եթե ընդհանրապես հանդիպում եմ․ դա մրցանակն է։ Սովորաբար մրցանակները գալիս են ԱՄՆ-ից կամ Եվրոպայից։ Շնորհակալ եմ այս մրցանակի համար։ Երբ կարդում էի Հրանտ Դինքի մասին հոդվածներ, հետևում լուրերին ու հիմնադրամի գործունեությանը, երկու կարևոր հանգամանք իմ ուշադրությունը գրավեց․ ռասիզմի դեմ պայքարն ու «ուրիշներին» էմպատիայով վերաբերվելը։ Ես ռասիզմը սահմանում եմ հետևյալ կերպ՝ «վատթարագույն ու ամենաարդյունավետ գործիքն ընդդեմ մարդկային արժանապատվության»։ Չնայած այն ժամանակներից քսան տարի է անցել, հիշողություններս փորագրված են ուղեղիս մեջ, իմ մեջ։ Հատկապես մի հիշողություն Բոսնիա-Հերցեգովինայի սահմանից․․․ միայն մի բան էի տեսնում այդ սահմանին, թե ինչպես է սպանվում մարդկային արժանապատվությունը։ Ինչպես գիտեք, մինչև 90-ականները մենք՝ սերբերս, բոսնիացիներս, խորվաթներս ու մահմեդականներս ապրում էինք մեկ երկրում։ Պատերազմի ժամանակ այս ժողովուրդները դժբախտաբար դարձան թշնամիներ։ Ես իմ համեստ գործունեությամբ ամեն ինչ արել եմ փոխելու դրությունը։ Անասելի դժվար էր։
Մի դիպված տեղի ունեցավ 1993 թվականին այդ սահմանի երկայնքով, ու ես որոշեցի, գրեթե խոստում տվի ինքս ինձ, որ «սրան պետք է վերջ տրվի, ես պետք է վերջ տամ սրան, այս ռասիզմին, այս օտարումին, մարդկանց այս նվաստացմանը, մարդկային արժանապատվության այս ոտնահարմանը»։ Նվաստս, իմ սեփական հնարավորությունների սահմաններում։ Փորձեցի մի խումբ մահմեդականների օգնել, որ անցնեն Սերբիայից Բոսնիա՝ իրենց երկիր։ 1993 թվականն էր։ Նրանք աշխատում էին Սերբիայում նախքան պատերազմի սկսվելը, պատերազմի պատճառով մնացել էին Սերբիայում երկփեղկված, իսկ այդ ժամանակ սահմանային անցակետերը վերահսկում էին սերբերը։ Ոստիկանները մեզ կանգնեցրին։ Նրանց բառերը ոչնչացրին իմ մեջ մարդկային գրեթե ամեն ինչ, որովհետև նրանք խաղում էին մարդկանց արժանապատվության հետ։ Նրանք բոսնիացի մահմեդականներին ասացին․ «Դուք թուրք եք, մենք թուրքերին ներս չենք թողնում։ Նաև ներս չենք թողնում սերբական աղբին, սերբական զիբիլին»։ Շատ էի բարկացել, ավելին քան բարկությունը, կատաղության մեջ էի։ Հենց այդ է, մեկ բառով ասած՝ կատաղություն։ Բայց երբ բոսնիացի մահմեդականների աչքերում տեսա վախը, սկսեցի ճչալ։ Այդ ժամանակ պաշտոնով ամենաբարձր ոստիկանը վրաս եկավ՝ ձեռքին հրացան։ Մահմեդական ընկերներս արցունքների մեջ էին, ես կատաղությունից ճչում էի։ Եվ ես գոհ էի ճակատագրով։ Ինչ ուզում է լինի․․․ Հետո հանկարծ մի երիտասարդ ոստիկան դուրս եկավ։ Նա ինձ ձեռքով քաշեց, հրեց դեպի մահմեդականները։ Նրանք ինձ բռնեցին։ Կուզեի՞ք իմանալ ինչ զգացի այդ պահին․․․ Միակ բանը, որ զգացի, խաղաղությունն էր։ Ինձ ապահով զգացի մահմեդականների կողքին։ Հետո նորից, ես գոհ էի ճակատագրից։ Ինչ ուզում է լինի, նույնիսկ մահից չէի վախենում։ Ահա իմ փոքրիկ պատմությունը, եթե կարող եմ այդպես ասել, ապա ամեն ինչ լավ ավարտվեց․․․
Մահմեդական այս մարդիկ միայն կես ժամ ունեին։ Գնում էին իրենց ընտանիքներին տեսնելու։ Ընդամենը կես ժամից կկարողանային տեսնել իրենց ընտանիքներին, ամուսիններին, երեխաներին, բայց հետո պետք է դուրս գային։ Այս ժամանակ էր, որ տեսա պատերազմի անճոռնի, դառը դեմքը։
Թույլ տվեք մի երկու բան էլ ասեմ ու ավարտեմ։ Առանց էմպատիայի՝ ապրումակցման, առանց մեր միջև կամուրջների չկա խաղաղություն ու հաշտեցում։ Երբ ասում եմ խաղաղություն, երբ ասում եմ խաղաղության կառուցում, դա նշանակում է խաղաղության կառուցում մեր անցյալի հետ, մեր իսկ պատասխանատվության ու մյուս ժողովրդի հետ։ Իմ երկրում ու Բալկաններում մեր արվեստագետների մեծ մասը փորձեց պատասխան տալ արվեստի միջոցով, ոմանք՝ թատրոնի, մյուսները՝ արվեստի մյուս ճյուղերի։ Նրանց պատասխանն էր՝ կառուցել էմպատիա, կառուցել կամուրջներ, կառուցել խաղաղություն։ Մեր արվեստագետները, մեր ժողովուրդն են մեր իրական աջակիցները։ Ովքե՞ր ենք մենք, ուրեմն։ Ում հետ որ պայքարում եմ, ում հետ որ ընկել ենք այս ճամփան մեծ ոգևորությամբ, առանց իրար ուրիշ դարձնելու, առանց ասելու՝ «ուրիշը»։ Հետպատերազմյան շրջանում, դեմառդեմ, ակնընդական նստել մեր ողջ ցավի հետ, գիտակցել այս ցավի ճշմարտությունն ու ջնջել պատերազմի ցավերը, թողնել դրա անճոռնի դեմքը հետևում․․․ Արվեստագետներն ասում են․ «Խաղաղության ու հաշտեցման համար կա միայն մեկ նախապայման՝ ապրումակցել»։ Ես ու ինձ պես մարդիկ, ավելի քան երկու հազար մարդ, որ ինքնակազմակերպվել են նախկին հարավսլավական հանրապետության հասարակական կազմակերպություններում, ասում են․ «Այո՛, թող լինեն ապրումակցման կամուրջներ։ Այո՛, բայց դեռ պետք է գտնենք, անվանապես գտնենք այն 130 հազար մարդկանց, որոնք կորսվեցին այս վերջին պատերազմում»։
Այստեղ՝ Թուրքիայում, դուք փորձում եք ձեր անհետացածների, ձեր սպանվածների անունները տալ։ «Անուն ասելով»՝ ի նկատի ունեմ գտնել նրանց, փաստեր հավաքել նրանց մահվան հանգամանքների մասին, շարունակել փնտրել մյուս կորածներին։ Ահա սա է այս մրցանակի բուն հիմքում ընկած։
Շնորհակալություն բոլորին։