ԼԻԴԻԱ ԿԱՉՈՆ ծնվել է 1963 թ․ Մեխիկոյում՝ հոգեբան մոր ու մեխանիկ-ինժեներ հոր ընտանիքում։ Մայրը ֆեմինիստ էր, Ֆրանսիայից Մեքսիկա էր գաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
1980-ականների կեսերից նա ակտիվորեն թղթակցել է թերթերի ու ամսագրերի՝ գրելով թրաֆիքինգի ենթարկված մարդկանց, կազմակերպված հանցավորության, թմրանյութերի թրաֆիքինգի, գենդերային հիմքով բռնության ու պետական պաշտոնյաների կոռուպցիայի թեմաներով։ Լիդիա Կաչոն մասնագիտացած է կանանց իրավունքների պաշտպանության հարցերով, 2000 թ․ Կանկուն քաղաքում հիմնադրել է Կանանց լիարժեք աջակցության կենտրոնը՝ հատուկ նախատեսված բռնությունից տուժած կանանց ու երեխաների համար։
Նրա հետաքննության շնորհիվ բացահայտվել է մեքսիկացի մի գործարարի կողմից ղեկավարվող մանկապիղծների խմբավորում։ 2005 թ․ նա հրապարակեց
«Եդեմի դևերը» գիրքը, որտեղ մերկացրեց մանկական պոռնոգրաֆիայի հետևում կանգնած ուժերին՝ բացահայտելով մանկապիղծների խմբավորման ու կառավարության պաշտոնյաների, քաղաքական գործիչների, բիզնեսմենների ու թմրանյութերի թրաֆիքինգով զբաղվողների միջև կապերը։
Գրքի հրատարակումից հետո նրան դատի են տալիս, իսկ Պուեբլայի նահանգապետը նրան վարկաբեկելու արշավ է սկսում։ Լիդիա Կաչոյին բանտարկում են և ազատ արձակում միայն այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը նրան քաղաքական ապաստանի առաջարկ է անում։ Նա դատի է տալիս նահանգապետին, տարածքային դատախազին ու դատավորին՝ կոռուպցիայի և իր նկատմամբ բանտում բռնաբարության փորձի համար։ Գործը Կաչոն հասցնում է մինչև Մեքսիկայի գերագույն դատարան՝ դառնալով առաջին կինը, ում գործով դատարանը լսում է կազմակերպում։
Երեխաների ու կանանց թրաֆիքինգի մասին իր գրքի համար նա աշխարհով մեկ շրջել է։ Հետազոտության ընթացքում օգտագործել է թաքնված տեսախցիկներ, ստիպված է եղել կերպարանափոխվել՝ կրելով միանձնուհու կամ մարմնավաճառի հանդերձանք։ Որպեսզի իրեն գտնելը հեշտ լինի այն դեպքում, եթե իրեն սպանեն, ինչպես իր բազմաթիվ մեքսիկացի գործընկերներին, միշտ իր վրա կրել է տեղորոշման սարք։
Նրա գրքերից են՝ «Խայծիր սիրտը»՝ հրատարակված 2005 թ․-ին, «Անարգանքի մեմուարները»` 2008-ին, «Իշխանության ստրուկները»՝ 2010-ին, որոնք հիմնված են թրաֆիքինգի ենթարկված և մարմնավաճառության հարկադրված աղջիկների ու կանանց հետ հարցազրույցների վրա։
Լիդիա Կաչոն այժմ Մեքսիկայի ամենախոշոր թերթի՝ «Էլ ունիվերսալի» սյունակագրերից է, թրաֆիքինգից տուժածներին օգնելու նպատակով դասընթացներ է վարում։ Լինելով ազատության ու հավասարության մեծ հավատավոր՝ նա շարունակում է պայքարել, չի ընկրկում վտանգների առջև, իր արդեն վաղուց ցուցադրած խիզախությամբ նոր ճամփաներ է հարթում։
Ստուգում եմ անձնագիրս, տոմսս ու թուրքական վիզան։ Պատրաստ եմ սկսել ճամփորդությունս դեպի Կենտրոնական Ասիա․ նախ՝ Լոնդոն, հետո Ստամբուլ, որտեղից էլ՝ Ուզբեկստան, մինչև հասնեմ Ճապոնիա։ Ուսումնասիրում եմ քարտեզն, ու ինձ են այցելում նախորդ ճամփորդություններիս հիշողությունները։
Մեկ տարի առաջ հետևում էի կոլումբիական մաֆիային մինչև Վենեսուելա, Գվատեմալա ու իմ սեփական երկիր՝ Մեքսիկա։ Ողջ Միացյալ Նահանգներով ճամփորդել եմ՝ փնտրելով ստրուկների շուկան ու գտա դրանք Սպիտակ տան կողքը, Չիկագոյում ու Նյու Յորքում։ Ահա լսում եմ երեխաներին Կուբայում, Դոմինիկյան Հանրապետությունում, հագել եմ մարմնավաճառի հանդերձանք, որպեսզի զրուցեմ եվրոպացի ու ամերիկացի սեքս տուրիստների հետ, որոնք 3000 դոլար են վճարում կույս անչափահասի համար։
Տարիներ առաջ Ֆինլանդիայում էի, հետո ճամփորդեցի Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա ու Կիև։ Հետո թռա Թիֆլիս՝ Վրաստան, որտեղ ծանոթացա Աննա Պոլիտկովսկայայի հետ ու շատ հարգեցի նրան։ Նա ինձ օգնեց հասկանալ տարածաշրջանի բարդությունները։ Այնուհետև անցա Ադրբեջանով ու Հայաստանով, այցելեցի Տաշքենտ ու Սամարղանդ՝ Պարսից Կայսրության երբեմնի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը։ Ուզբեկստանից գնացի Աշխաբադ՝ Թուրքմենստանի սահման։ Հոկտեմբեր ամիսն էր, ցուրտ էր։
Այնպիսի ցուրտ էր, ինչպիսին այն ժամանակ էր, երբ յոթ տարեկան էի, ու ամեն անգամ, երբ ես ու քույրս փողոց էինք դուրս գալիս, մայրս զգուշացնում էր, որ հեռու մնանք «աղջիկ գողացող» ծեր կնոջից, որը մեր թաղում բավականին հայտնի էր։ Նա աղջիկներին կոնֆետով գայթակղում էր, որ մոտենան իրեն, հետո բռնում էր նրանց ու վաճառում օտարներին։
Քառասուն տարի անց բացահայտեցի, որ այն, ինչ կարելի էր որպես դաս քաղել Դիքենսյան վեպերից, դարձել էր քսանմեկերորդ դարի ամենալուրջ խնդիրներից մեկը։ Հանրությունն ընդհանուր առմամբ միտված է համարելու, թե կանանց ու աղջիկների թրաֆիքինգը անցյալում մնացած ժամանակաշրջան է, որում մարդկանց թրաֆիքինգը ծովահենների անկարևոր գործերից էր, երբ նրանք առևանգում էին կանանց ու վաճառում հեռու երկրների՝ հասարակաց կամ գեյշաների տներին։ Կարծում էինք, թե արդիականացումն ու հզոր գլոբալ շուկաները կվերացնեին նման առևանգումները, որ երեխաների չարաշահումը «թերզարգացած» աշխարհի ամենամութ անկյուններում պարզապես կչքանար արևմտյան օրենքների ու շուկայական տնտեսությունների հետ շփումից։ Սակայն այսօր ճիշտ հակառակի ականատեսն ենք։ Շատ երկրներ օրինականացրել են սեքսի ստրկությունն՝ անվանելով այն մարմնավաճառություն, որոշ կառավարություններ նույնիսկ հանդես են գալիս իբրև պաշտոնական կավատներ, որպեսզի նվաստացնեն կանանց ու երեխաներին, վաճառքի հանեն նրանց՝ կողոպտելով նրանցից որևէ հեռանկար, որ կարող են դառնալ որևէ այլ բան, քան տուրիստների ու տեղական հաճախորդների համար առարկան է։
Հինգ տարի շարունակ ճամփորդել եմ ողջ աշխարհով՝ հետևելով մաֆիայի մեծ ու փոքր խմբավորումների հետքերին, որոնք տարեկան 35 միլիարդ դոլար են աշխատում տեղական ու միջազգային շուկաներում սեքս-ստրուկներ վաճառելով։ Ականատեսն ենք դառնում մի միտումի, ըստ որի աղջիկների ու անչափահասների առևանգումը, անհետացումը, առևտուրն ու այլասերումը համարվում է նորմալ։ Այս աղջիկներն ու անչափահասները դառնում են վարձակալության ու վաճառքի ենթակա սեքսուալ օբյեկտներ, մինչդեռ այս մշակույթը խրախուսում է նրանց մարդկային օբյեկտիվացումն իբրև ազատության ու առաջընթացի ակտ։ Ապամարդկայնացնող շուկայական տնտեսության մեջ միլիոնավոր մարդիկ ենթադրում են, թե մարմնավաճառությունը չարյաց փոքրագույնն է։ Նրանք նախընտրում են անտեսել այն, որ ողջ աշխարհում մարմնավաճառության հիմքում շահագործումն է, խտրականությունը, ռասիզմը, չարաշահումը և մեծ ու փոքր մասշտաբներով կազմակերպված հանցավորության հզոր ուժի գործադրումը։ Այս ամենի մեջ ամենազորեղ ուժը պատված է հետևյալ ուղերձով․ «Անչափահաս աղջիկներն արժեք չունեն, մենք նրանց իմացնել կտանք, որ մարմնավաճառությունն ու պոռնոգրաֆիան նրանց միակ շանսն է ազատ էրոտիկ փորձառություն ապրելու»։
Սա բարոյական տագնապի հերթական մի պատմություն չէ, ընդհակառակը, ամբողջ աշխարհով ինձ հանդիպած կանայք ու աղջիկներն ինձ հետևյալ դասն են սովորեցրել․ եթե իրական հնարավորություններ չունես իրավունքներդ իրացնելու համար, ինչպե՞ս կարող ես ազատորեն ընտրություն անել։
Ես իմ իրավունքները գիտեմ։ Վերապրել եմ բռնաբարություն, կալանավորում, երկու դատավարություն, մահափորձ․ այս ամենը այն պարզ ակտի համար, որ իմ ազատությունն եմ իրացրել՝ լինելու կանանց ձայներին արձագանք տվողը։ Եվ այստեղ էլ ազատ ընտրություն եմ կատարում այն պարագայում, երբ մեր քույրերից միլիոնավորները չեն կարող դա անել․ մինչև չկարողանանք ձեռք ձեռքի անցնել ճանապարհը, ես շարունակելու եմ գրել։ Անելու եմ դա աշխարհում իրենց կյանքը զոհած գործընկերների ջերմ ոգեշնչումով, նրանց ոգեշնչումով, ովքեր սպանվել են իրենց անկեղծության ու խիզախության համար, ինչպես Հրանտ Դինքը, ում կյանքն ու մահը ցնցել է մեզնից շատերին Լատինական Ամերիկայում։
Նրա շնորհիվ շատերս ունեցանք Թուրքիայի վերահաս ժողովրդավարացման մասին ավելի լավ պատկերացում, Հայաստանում զարգացումների մասին նորությունների նրա մեկնաբանություններն օգնում էին մեզ ավելի հստակ տեսնել Հայոց ցեղասպանության պատկերն ու Հայկական սփյուռքի բարդությունները։
Կարեկցանքը, որը Հրանտը տածում էր բոլոր մարդ արարածների հանդեպ, նրա հետևողականությունը երբեք չեն մոռացվի։ Ստանալով այս մրցանակը՝ խոնարհ կանգնած եմ ձեր առջև։ Նրա հիշատակը, պրոֆեսիոնալիզմը, մարդու իրավունքների ու արտահայտվելու ազատության հարցում նրա թողած ժառանգությունը վառ են իմ սրտում։