Բալտասար Գարսոն Ռեալը ծնվել է Իսպանիայի Տոռես քաղաքում 1955 թ․ հոկտեմբերի 26-ին։ Մինչև 1973 թ․ Սևիլյայի համալսարան ընդունվելը, նա արդեն վճռել էր, որ դատավոր է դառնալու։ Ավարտելուց հետո տեղափոխվեց Պորտուգալիայի սահմանի մոտ գտնվող մի փոքրիկ քաղաք, որտեղ սկսեց դատավորի իր կարիերան։
1985 թ․ 30 տարեկանում նա կոռուպցիայի ապացույցներ բացահայտեց Մարբելյայի դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների գործունեության մեջ ու խորհրդապահական զեկույց գրեց՝ պահանջելով հետաքննություն։ Երբ գործը կասեցվեց, նա աշխատանքից դուրս եկավ։ 32 տարեկանում նրա որակավորումները բավարար համարվեցին Մադրիդի բարձրագույն դատարանում թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար։ Ընթանում էր հետաքնություն, որի ժամանակ բացահայտվեցին ապացույցներ, որ Իսպանիայի անվտանգության ուժերը կապեր ունեին սպանություններ իրականացնող աջակողմյան զինված խմբերի հետ՝ հայտնի Grupos Anti-terroristas de Liberación (GAL, Ազատագրման հակաահաբեկչական խմբեր) անվամբ։ Նա տեղեկություններ հայցեց GAL-ի հետ կապված գաղտնի պետական հաշիվների մասին։ Վարչապետ Ֆելիպե Գոնսալեսը պնդում էր, որ նման տեղեկատվության տրամադրումը կվտանգեր ազգային անվտանգությունը, բայց Բալտասար Գոնսալես Ռեալն անդրդվելի էր։
1993 թ․ տալով բարեփոխումների խոստում՝ Սոցիալիստական կուսակցությունը Գարսոնին առաջարկեց տեղ զբաղեցնել խորհրդարանում՝ կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով։ Հակակոռուպցիոն ջանքերը ոչ մի տեղ չտարան, նա հուսահատվեց ու հրաժարական տվեց՝ վերադառնալով բարձրագույն դատարան։ Նա հրատապ քայլեր ձեռնարկեց՝ գաղնազերծելու այն ապացույցները, որոնք ցույց էին տալիս կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությունը GAL-ում։
1998 թ․ նրա որոշմամբ փակվեց KAS բասկյան քաղաքական բլոկը՝ սեպարատիստական ԷՏԱ խմբավորման մաս կազմելու պատճառով։ Կառույցի գործունեությունը հետապնդելու համար նա հայտնվեց ԷՏԱ-ի սև ցուցակում։
1998 թ․ նա արձակեց Չիլիի խունտայի առաջնորդ և այդ պահին Անգլիայում գտնվող Պինոչետի միջազգային ձերբակալման օրդեր Իսպանիայի քաղաքացիների նկատմամբ խոշտանգումների ու սպանությունների հանցանքների համար։ Պինոչետը ենթարկվեց 13 ամսով տնային կալանքի Անգլիայում։ Այս դատավարությունն ազդակ էր աշխարհի շատ բռնակալների համար, որ նրանց անպատժելիությունը սանձվել էր։ Այն նաև ճանապարհ հարթեց Եվրոպայում, Ամերիկայում ու Աֆրիկայում մարդկության դեմ հանցանքների մի շարք այլ դատավարությունների համար։
Նա ցեղասպանության մեղադրանք ներկայացրեց նաև Արգենտինայի զինվորական սպայակազմին 1976-1983 թթ․ արգենտինական բռնատիրության ժամանակ Իսպանիայի քաղաքացիների անհետացումների համար։ 2005 թ․ արգենտինական նավատորմի բարձրաստիճան սպա Ադոլֆո Շիլինգոն մարդկության դեմ հանցանքների համար դատապարտվեց 640 տարվա ազատազրկման։
2008 թ․ նա հետաքննություն նախաձեռնեց Ֆրանկոյի ռեժիմի ժամանակ Իսպանիայում 114․000 մարդու անհետացումների համար։ Նրան մեղադրեցին համաներման օրենքը խախտելու մեջ, որով Ֆրանկոյի ռեժիմի ժամանակ սանձազերծված հանցանքների համար սահմանված էր անձեռնմխելիություն։ Գարսոնի նկատմամբ հետապնդում սկսվեց, նրան հեռացրին իր պաշտոնից 2010 թ․ մայիսին, իսկ գործը դեռևս հետաքննվում է։
Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հրանտ Դինք հիմնադրամին ավելի լավ աշխարհի, խաղաղության, խտրականության, ռասիզմի ու բռնության մերժման գաղափարներիս համար ինձ այս մրցանակը շնորհելու կապակցությամբ։
Միևնույն ժամանակ ուզում եմ ոգեկոչել այն մարդուն, ով հանդես եկավ անհանդուժողության դեմ ու դարձավ օրինակելի հանուն խաղաղության, մարդու իրավունքների ու ընդդեմ խտրականության իր խիզախությամբ ու համոզմունքով։
Մամուլը ժողովրդավարություն կառուցելու ամենաանօտարելի գործիքներից մեկն է ցանկացած երկրում։ Անհանդուրժողականության դեմ պայքարող ցանկացած լրագրողի նկատմամբ հարձակումը մարդու իրավունքների խախտման ամենազազրելի մեթոդներից է։ Յուրաքանչյուր պետություն պարտավոր է իր քաղաքացիների պաշտպանության գործիքներ ապահովել, հատկապես եթե այն կառուցում է ավելի ազատ, ավելի հավասար ու արդարամիտ հասարակություն։
Իրենց գաղափարների համար մարդկանց հետապնդումը ի ցույց է դնում տվյալ երկրում մարդու իրավունքների հիմնարար բացակայությունը։ Հրանտ Դինքը դատապարտվեց ու իր կյանքը տվեց սրա պատճառով։ Նրա սպանությունը բոլորիս համար է խայտառակություն։
Իբրև անհատ ու իբրև դատավոր, միշտ համարել եմ, որ խաղաղության հասնելու ու ռասիզմից, խտրականությունից ու բռնությունից ձերբազատվելու ամենակարևոր ու հստակ մեթոդներից մեկը արդարությունն է ու անպատժելիության դեմ պայքարը։
Մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ անպատժելիությունն աշխարհի դրվածքի հետ հարաբերվելու ամենավատ մեթոդն է։
Աշխարհի պատմությունը լեցուն է օրինակներով, երբ անպատժելիությունը կանոն է եղել։ Օրինակ, Հայոց ցեղասպանությունը հերքվել ու շարունակվում է հերքվել, Լատինական Ամերիկայի բռնատիրությունների, Կամբոջայի, Թիմորի ու այլուր տեղ գտած հանցանքներին անդրադարձ է արվում միայն հիմա։ Իսպանիայում Ֆրանկոյի բռնատիրության ժամանակ մարդկության դեմ հանցանքները նույնիսկ ճանաչված չեն իբրև հանցանքներ, թեև փաստ է, որ այդ ժամանակ անհետացել է ավելի քան հարյուր երեսուն հազար մարդ։ Առևանգման, անհետացման, խոշտանգման ու ահաբեկչության դեմ պայքարի անունից իրականացվող մյուս բոլոր հանցանքներն իրականում հակասում են օրինականության գաղափարին ու ցույց են տալիս, որ օրինականության նկատմամբ անվտանգության գերազանցությունը ձախողված գաղափար է։
Այսօր պարտավոր ենք տեսնել, որ նման հեռանկարն անընդունելի է, և ուղին ցույց են տվել Հրանտ Դինքն ու «Ակoս» թերթը։ Պետք է տեսնենք, որ այս պատկերը փոխվում է։
Խտրականության դեմ պայքարն անհրաժեշտ է, բայց մենք պարտավոր ենք անցնել տարբերությունները չճանաչելուց էլ անդին։ Անհրաժեշտ է արդարություն, որպեսզի կարողանանք հաղթահարել դժվարություններն ու անպատժելիությունը։ Այս պատճառով հանցանքները՝ լինեն դրանք ներպետական, թե միջազգային, պետք է լինեն միջազգային արդարադատության գործողության առարկան, իսկ ահա անպատժելիությունը ողջ մարդկության խայտառակության խորքային աղբյուրն է։ Ինչպես ասել է Տոքվիլը, ժողովրդավարությունն իսկապես հիմնված է մարդկանց բարոյական վերաբերմունքի վրա, և մինչև անպատժելիության դեմ պայքար չմղվի, արդյունքը կլինի տոտալիտարիզմը։ Սա է պատճառը, որ կարիքն ունենք համընդհանուր խղճի, և տնտեսական արդարացումների փոխարեն՝ մեզ պետք է վարչակարգ, որը հիմնված է կարիքների վրա, մենք պետք է նաև մարդու իրավունքների պաշտպանությունը դարձնենք մեր գաղափարախոսությունը։ Անտարբերության փոխարեն՝ պետք է պատասխանատվություն դնենք, անհանդուրժողականության փոխարեն՝ պետք է հաստատենք հարգանք տարբերության նկատմամբ։ Մենք շատ ենք ու դեռ կշատանանք։ Երբեմն, կարող է ներգրավվենք համընդհանուր արդարության համար պայքարում։ Երբեմն, կարող է ներգրավվենք պատերազմի դեմ պայքարում։ Երբեմն, կարող ենք պայքարել անտաշ ու տգեղ գլոբալացման դեմ, որը բոլորին աղքատացնում է։ Գուցե ի վիճակի կլինենք վերջ տալ աշխարհում գուանտանամոների գոյությանը։ Գուցե ի վիճակի կլինենք միաձայն պահանջել, որ ՄԱԿ-ը ստանձնի մարդասիրական առաջնորդություն, որը համապատասխանում է իր առաքելությանն ու որ այն կարողանա միջազգային նորմերը կիրարկել։ Մի օր գուցե կկարողանանք գտնել կրթական գործիք, որը կպայքարի մարդու իրավունքների նկատմամբ բոլոր տեսակի բռնացումների դեմ։
Գուցե Եվրամիությունը կգտնի ճանապարհ՝ ժողովուրդների հետ համերաշխվելու ինտեգրող մի եղանակ՝ առանց ռասայի կամ ազգության հիմքով մարդկանց դուրս թողնելու։ Գուցե, ընկերներ, ի վիճակի կլինենք անպատժելիությանը վերջ տալ ու հաստատել իրական միջազգային արդարություն, և գուցի այն չլինի անպատժելիության դեմ միակ բավարար լուծումը, բայց գոնե կլինի անհրաժեշտ պայմանը։
Այսօր, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Հրանտ Դինքի, թույլ տվեք ասել, ընկերներ, որ չենք համակերպվելու, որ մարդու իրավունքների համար պայքարը հնացած պայքար է, ընդհակառա՛կը․ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն, առավել քան երբևէ, արդիական է՝ իր ընդունումից վաթսուներկու տարի անց այն կարող է լինել ցանկացած կառավարության լավագույն քաղաքական ծրագիրը։ Արժե պայքարել հանուն մարդու իրավունքների, քանի որ ապագան դրանից է կախված։ Կլինի ժամանակ, երբ սահմանափակ թվով մարդկանց ջանքը կհաջողի աշխարհի իրադարձությունների ընթացքը փոխել։ Հրանտ Դինքը շատ օրինակելի է։ Նա դա արեց, ու չենք կարող իր գործողությունից երես թեքել։ Նրա հիշատակը մեզ պետք է հանուն մեր իսկ պատվախնդրության։
Շնորհակալ եմ ինձ այս երեկո հրավիրելու ու մրցանակը շնորհելու համար։