Հրանտ Դինքի անվան 15-րդ միջազգային մրցանակաբաշխության դափնեկիրները հայտարարվեցին ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ: 

Մրցանակը շնորհվեց Թուրքիայից «Աչըք» ռադիոյին՝ անկախ երաժշտությունը խթանելու և տեղացի արվեստագետներին աջակցելու, ինչպես նաև մոլորակի ապագայի, գլոբալ կլիմայական ճգնաժամի, պատերազմի և խաղաղության, մարդու իրավունքների, ակտիվիզմի և երկրաշարժերի վերաբերյալ իր ծրագրերի համար: Ռադիոն նաև խթանում է երկխոսությունը հասարակության տարբեր շերտերի միջև աշխատարանների, մշակութային միջոցառումների, փառատոնների, ցուցահանդեսների և հանրային ֆորումների միջոցով: Մրցանակը շնորհվեց նաև Կոլումբիայից Խոսե Ալվեար Ռեստրեպոյի անվան Իրավաբանների կոլեկտիվին (CAJAR), որը հիմնադրվել է իրավաբանների կողմից՝ մարդու իրավունքների խախտման հետևանքով հասարակության տարբեր շերտերից տուժած մարդկանց պաշտպանելու համար: Կոլեկտիվը ակտիվ դեր է խաղացել Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) և Կոլումբիայի կառավարության միջև 1960-ական թթ. աղքատության, քաղաքական գործընթացներին մարդկանց մասնակցությունը բացառելու և թմրամիջոցների ապօրինի շրջանառության պատճառով սկսված զինված հակամարտության շուրջ խաղաղ բանակցություններում: Վերջին տարիներին Կոլեկտիվը աշխատում է գյուղացիների և աֆրիկյան ծագում ունեցող բնիկ համայնքների հետ՝ փորձելով պաշտպանել վերջիններիս հողի արդյունահանությամբ զբաղվող ընկերություններից:

Մրցանակաբաշխության արարողությունը վարում էր Յիղիթ Օզշեները։ Շնորհակալություն ենք հայտնում Թիլբե Սարանին և Էրիկ Նազարյանին՝ մրցանակաբաշխության ետկադրային ձայնավորման համար։ Արարողությունը տեղի ունեցավ «Արտեր»-ում։ Հրանտ Դինք հիմնարկի նախագահ Ռաքել Դինքը ներկաներին ողջունեց՝ ասելով․ «Որպես Հրանտ Դինք հիմնադրամ՝ մենք հանդես ենք գալիս հանուն համերաշխության, բարի կամքի, հավասարության և արդարության, հանուն բնության և մարդու՝ կյանքի իրավունքի։ Ընդդիմանալով բևեռացման և մարգինալացման քաղաքականությանը՝ մենք շարունակում ենք մեր պայքարը ավելի լավ, խաղաղ և արդար աշխարհի և երկրի համար, որտեղ մենք կապրենք խաղաղության մեջ մեր հարևանների հետ՝ հարգանքի և սիրո հիման վրա»։

Մրցանակաբաշխությանը ցուցադրվեց նաև «Ոգեշնչման աղբյուրներ» շարքը, որը ներկայացնում է Թուրքիայից և աշխարհի տարբեր երկրներից այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր իրենց գործողություններով հույս են ներշնչում ապագայի համար՝ անկախ ռիսկերից: Այս տարվա «Ոգեշնչման աղբյուրներ»-ը ներառում էին մարդկանց և նախաձեռնությունների Ֆրանսիայից մինչև Վրաստան, Հնդկաստանից մինչև Իսրայել, Կիպրոսից մինչև Բրազիլիա. նրանք ոգեշնչում են մարդկությանը իրենց գործունեությամբ՝ ուղղված այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են մարդու իրավունքները, արդարությունը, սեքսիզմը, տնտեսական անհավասարությունը, կլիմայի հետ կապված ճգնաժամը:

Արարողությունը համեմված էր յուրահատուկ երաժշտական կատարումներով:  «Değer İçin» երգին, որի հեղինակն է Էդիզ Հաֆըզօղլուն, նվագակցեցին  Բիդարը, Ջենք Էրդողանը և Օրհան Դենիզը։ Երգը կատարվել էր Հրանտ Դինքի «23,5» հուշավայրում։ Երեկոյին մասնակցեց նաև «Միասին» («MİASİN») խումբը՝ «Ապագա» երգով: Խմբի անդամները տարբեր երկրներից են՝  Թուրքիայից, Հայաստանից և Ֆրանսիայից։  «Ապագա» երգի տեսահոլովակը նկարահանվել էր Դիարբեքիրում՝ հատուկ մրցանակաբաշխության համար։ Մաբել Մաթիզը բեմ բարձրացավ «Արտեր»-ում՝ կատարելով իր «Derin Olur» երգը։ Նա նաև առաջին անգամ հանդիսատեսին ներկայացրեց իր  «Yeniliğe Doğru»-ի նոր տարբերակը։

Դափնեկիր «Աչըք» ռադիոյի անունից ելույթ ունեցավ Օմեր Մադրան։ Նա ամփոփեց «Աչըք» ռադիոյի 29-ամյա ճանապարհորդությունը՝ նշելով. «Կլիմայական ավերածությունները, ավերիչ պատերազմներն ու հակամարտությունները, փախստականների հետզհետե աճող ճգնաժամը, ժողովրդավարության՝ մեր ամենամեծ «ինքնապաշտպանության զենքի» բազմաթիվ երկրներում վնասներ կրելը, կեղծավորության, խարդախության, անբարոյականության, չարամտության և ստի ալիքը մեր աշխարհը վերածել են մղձավանջի։ Ահա նման միջավայրում «Աչըք» ռադիոն ջանքեր է գործադրում առանց շեղումների շարունակելու իր ընթացքը»։

«Աչըք» ռադիոյի անունից մրցանակը ստացած Օմեր Մադրայի ամբողջական ելույթին ծանոթանալու համար անցեք այս հղմամբ:

Կոլումբիայից Խոսե Ալվեար Ռեստրեպոյի անվան Իրավաբանների կոլեկտիվի անունից ելույթ ունեցավ Ջոմարի Օրտեգոն Օսորիոն՝ տեղեկություններ տալով Կոլումբիայի անցյալի և ներկայի մասին։ Նա նաև ավելացրեց․ «Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը խրախուսում է մարդկանց, համայնքներին, իրենց սեփական կյանքի ու հողի համար պայքարող ցանկացած մեկին՝ շարունակելու այս կարևոր պայքարը։ Կոլումբիան կարելի է համարել աշխարհի ամենավտանգավոր երկրներից մեկը` մարդու և շրջակա միջավայրի իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Իրավունքների պաշտպանությունը շատ թանկ գին ունի: Միայն այս տարի սպանվել է առնվազն հարյուր իրավապաշտպան։ Հարյուրավորներ էլ սպառնալիքների են ենթարկվել, շատերը գտնվում են աքսորում, բանտում կամ ենթարկվում են անարդար հետապնդման՝ կյանքի, հողի, տարածքի, շրջակա միջավայրի, խաղաղության և բոլորի իրավունքների պաշտպանության պատճառով: Այս մրցանակը նվիրված է Կոլումբիայի բոլոր իրավապաշտպաններին, քանի որ նրանք մեր ոգեշնչումն են, մեր խրախուսման և հույսի աղբյուրը»։

Կոլումբիայից Խոսե Ալվեար Ռեստրեպոյի Իրավաբանների Կոլեկտիվի (CAJAR)  անունից մրցանակը ստացած  Ջոմարի Օրտեգոն Օսորիոյի  ամբողջական ելույթին ծանոթանալու համար անցեք այս հղմամբ։  

Այս տարվա ժյուրիի կազմում էին 2022 թ․ դափնեկիր, կանանց իրավունքների պաշտպան Շահարզադ Աքբարը, 2022 թ․ դափնեկիր Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամը, լուսանկարիչ, հեղինակ և մարդու իրավունքների պաշտպան Շահիդուլ Ալամը, ֆեմինիստ և իրավունքների պաշտպան Իշտար Լախանին, հեղինակ և իրավաբան Բուրհան Սոնմեզը, իրավաբան և ակադեմիկոս Թուրգութ Թարհանլըն, մարդու իրավունքների պաշտպան և ակադեմիկոս Նիլգյուն Թոքերը, լրագրող, պրոդյուսեր և սցենարիստ Նունե Սարգսյանը, դերասան Սերրա Յըլմազը, ինչպես նաև Հրանտ Դինք հիմնարկի նախագահ Ռաքել Դինքը:

Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը 2022 թ. շնորհվել է կանանց իրավունքների պաշտպան Շահարզադ Աքբարին, Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամին: 2021 թ․ այն շնորհվել է հետաքննող լրագրող Մարիա Ռեսսային, կանանց իրավունքների պաշտպան և փաստաբան Ջանան Արընին: 2020 թ. այն շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան Օսման Քավալային և կանանց իրավունքների պաշտպան Մոզն Հասսանին: 2019 թ. «KAMER»-ի հիմնադիր Նեբահաթ Աքքոչին, որը երկար տարիներ աշխատում է կանանց, մարդու իրավունքների իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, և Ագնես Խարսիինգին, որը պայքարում է հանուն աղքատների, կանանց, երեխաների և անապահով մարդկանց իրավունքների և բնապահպանական իրավունքների Հնդկաստանի այն տարածաշրջանում, որտեղ ապրում է։ 2018 թ. մրցանակը շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան Մուրաթ Չելիքանին և «Մվատանա» իրավապաշտպան կազմակերպությանը։ 2017 թ. մրցանակն ստացել են փաստաբան Էրեն Քեսքինը, որը մարդու իրավունքների խախտումները բերում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ միջազգային հանրության օրակարգ՝ տարիներ շարունակ կրելով բոլոր ռիսկերը, և չինացի նկարիչ Այ Վեյվեյը, որ ողջ աշխարհում ուշադրություն է հրավիրում անհավասարությունների և մարդու իրավունքների խախտումների վրա։ 2016 թ. մրցանակը շնորհվել է Մալավիում երեխաների, մարդու իրավունքների և կրթության իրավունքների ոլորտում աշխատող ցեղապետ Թերեզա Կաչինդամոտոյին և մարդու իրավունքների և օրենքի գերակայության համար պայքարող Դիարբեքիրի իրավաբանների ընկերակցությանը։ 2015 թ. մրցանակակիրներն են կանանց իրավունքների պաշտպան Սամար Բադավին՝ Սաուդյան Արաբիայից, և «KAOS GL»-ն, որը պայքարում է Թուրքիայում ԼԳԲՏ-ների իրավունքների և հավասարության համար: 2014 թ. մրցանակը շնորհվել է դատաբժշկական փորձագետ և իրավապաշտպան Շեբնեմ Քորուր Ֆինջանջըին և ակտիվիստ Էնջի Զելթերին: 2013 թ. մրցանակը ստացել են իրավապաշտպան Նատաշա Կանդիչը և «Շաբաթնօրյա մայրեր/մարդիկ» շարժման անդամները, 2012 թ.՝ գրող Իսմայիլ Բեշիքչին և միջազգային «Հուշահամալիր» հանրույթ իրավապաշտպան կազմակերպությունը, 2011 թ.՝ լրագրող, գրող Ահմեթ Ալթանը և լրագրող, իրավապաշտպան Լիդիա Քաչոն, 2010 թ.՝ Թուրքիայի «Բարեխիղճ առարկություն» շարժման անդամները և իրավագետ Բալթասար Գարզոնը, 2009 թ.՝ լրագրող-գրող Ալփեր Գյորմյուշը և լրագրող-գրող Ամիրա Հասսը:

Մրցանակաբաշխությունը հեռարձակվեց Հրանտ Դինք հիմնադրամի սոցցանցերի հաշիվներով։ Երեկոյի մասին բոլոր մանրամասներն արարողությանը համընթաց տարածվեցին ինչպես հիմնադրամի, այնպես էլ մրցանակաբաշխության ֆեյսբուքյան, թվիթերյան և ինստագրամյան հաշիվներով՝ հետևյալ հեշթեգերով՝ #HrantDinkÖdülü, #UmuduÇoğalt, #DayanışmaGüçlendirir; #HrantDinkAward, #BuildHope, #StrongerTogether; #ՀրանդՏինքՄրցանակ, #բազմապատկէյոյսը, #զօրակցութիւնըուժէ:

2023 թ. Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխության գրքույկին ծանոթանալու համար անցեք այս հղմամբ: