Ռադիոն հիմնադրվել է 1995 թվականի նոյեմբերի 13-ին որպես տարածաշրջանային ռադիոկայան, որը հեռարձակվում է Ստամբուլում և նրա շրջակայքում: Մինչ օրս հրապարակել է ավելի քան 1200 ծրագիր, որոնց մեծ մասը արտադրվել է ավելի քան 1300 կամավոր ծրագրավորողների կողմից: Համայնքային ռադիոյի ասպարեզում հազվագյուտ օրինակ հանդիսացող այս ռադիոյի հաղորդումների 99 տոկոսը պատրաստում և ներկայացնում են կամավորները։ Նրա բազմաժանր ծրագրերն ընդգրկում են բազմաթիվ թեմաներ, ինչպիսիք են էկոլոգիան, տնտեսագիտությունը, սոցիոլոգիան, հոգեբանությունը, քաղաքականությունը, փիլիսոփայությունը, գրականությունը, պոեզիան, գիտությունը, պատմությունը, հնէաբանությունը, մարդաբանությունը, հիմնարար իրավունքներն ու ազատությունները և ակտիվիզմը: Երաժշտական ​​ծրագրերը ներկայացվում են հարուստ բազմազանությամբ՝ հանդիսատեսին փոխանցելով տարբեր ժանրերի և երաժշտական ​​մշակույթների օրինակներ աշխարհի տարբեր անկյուններից:

Ռադիոհաղորդումներում առավել լուսաբանվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մոլորակի ապագան, կլիմայական գլոբալ ճգնաժամը, պատերազմն ու խաղաղությունը, իրավունքների համար պայքարը, ակտիվիզմը և երկրաշարժերը։ Ռադիոն, որը տարիներ շարունակ լուսաբանում և ահազանգում է կլիմայական գլոբալ ճգնաժամի մասին, այս ոլորտում նախաձեռնող և առաջնային հեռարձակումներ է կատարել։ Հեռարձակման ողջ կյանքի ընթացքում ռադիոն խրախուսում էր մարդկանց քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ: Ռադիոն Թուրքիայի կլիմայի փոփոխության և կլիմայի պահպանման ջատագով շարժումների առաջամարտիկն է եղել, ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է բազմաթիվ իրադարձություններ և հանրահավաքներ և մեծապես նպաստել գոյություն ունեցող շարժումների հասնելիությանը: Բազմաթիվ ծրագրավորողներ ակտիվ մասնակցություն են ունեցել 2005 թվականին Կիոտոյի արձանագրության ստորագրման և վավերացման համար Ստամբուլում աշխարհի բազմաթիվ երկրների հետ համատեղ անցկացված հանրահավաքի կազմակերպման գործում։ Միջոցառման Ստամբուլյան հատվածը, որն այս թեմայով անցկացվող առաջին միջազգային հանրահավաքն է, աշխարհի երկրորդ ամենամարդաշատ հանրահավաքն էր՝ Լոնդոնում տեղի ունեցած հանրահավաքից հետո։ 2014-ին ռադիոն անցկացրեց յուրօրինակ հեռարձակման մարաթոն պատմական «Ժողովրդական կլիմայական երթ»-ից, որին մասնակցում էր 400,000 մարդ, ովքեր Նյու Յորք էին ժամանել աշխարհի տարբեր կետերից:

Չնայած իր առջև ծառացած խոչընդոտներին, շահույթ չհետապնդող ռադիոն պահպանեց իր անկախությունը և շարունակեց իր գործունեությունը՝ չմիանալով որևէ շահագրգիռ խմբի: Այն միշտ հավատարիմ է եղել անկախության, բազմազանության և ազատ արտահայտվելու սկզբունքներին։ Իր անկախությունն ապահովելու համար ռադիոն 2004 թվականին սկսեց «Ունկնդիրների աջակցության նախագիծը» և ապահովեց, որ հիմնադիրների և կամավոր ծրագրավորողների հավաքական ջանքերը լրացվեն ունկնդրի մասնակցությամբ։ Այսպիսով, այն դարձավ կայուն և մշտական ​​մի հարթակ՝ հանդիսատեսի շարունակական ֆինանսական և գաղափարական մասնակցությամբ և աջակցությամբ: Ռադիոն, որը Թուրքիայում և միջազգային ասպարեզում արժանացել է ընդհանուր առմամբ 60 մրցանակների, շարունակում է հեռարձակվել օրը 24 ժամ, շաբաթը 7 օր՝ 239 ծրագրավորողների կողմից արտադրված 142 տարբեր հաղորդումներով։

Անկախ երաժշտությունը խթանելու և տեղական արտիստներին աջակցելու, հասարակական և մշակութային ոլորտում տեղական հասարակական կազմակերպությունների, համալսարանների և մշակութային հաստատությունների հետ համագործակցելու գործում առաջամարտիկ լինելու, սեմինարների, մշակութային միջոցառումների, տոնակատարությունների, ցուցահանդեսների և հանրային ֆորումների միջոցով հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսությանը նպաստելու շնորհիվ 2023 թվականի Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակի դափնեկիր է «Աչըք» ռադիոն, որ իր իսկ կարգախոսով բաց է «տիեզերքի բոլոր հնչյունների, գույների ու թրթիռների» համար։

Ողջույն բոլորին,

Համայնքային «Աչըք» ռադիոն այս տարի արժանացավ Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակին: 92 հոգի միավորվեցին մի խելահեղ գաղափարի շուրջ, որը հանգուցյալ որդիս՝ Ջեմ Մադրան, առաջարկել էր մոտ 30 տարի առաջ, և ահա ստեղծվեց ռադիոն։

Սա 61-րդ ազգային և միջազգային մրցանակն է, որ այս ամբողջ տարիների ընթացքում ստացել ենք մենք՝ մեր ռադիոն և մեր ծրագրերի հեղինակները։ Այս մրցանակն, անկասկած, ամենաթանկն է: Չեմ կարող բառերով նկարագրել այն հպարտությունն ու երջանկությունը, որ զգում եմ այս պահին մեր ողջ ռադիոյի անձնակազմի անունից այս մրցանակը ստանալիս:

Վերջին 29 տարվա ընթացքում, ունենալով ավելի քան 1400 հաղորդավար, որոնց 99%-ը աշխատում են կամավոր հիմունքներով, «Աչըք» ռադիոն ձգտում է լուրերի և մեկնաբանությունների միջոցով աշխարհի և երկրի ամենահրատապ խնդիրները հասցնել իր ունկնդիրներին։ Այն փորձում է միջմայրցամաքային ճամփորդություններ և սերունդների միջև զրույցներ ծավալել՝ ամենահրատապ հարցերի շուրջ։

Ավելին՝ ռադիոն փորձում է ամբողջ հասարակության հետ կիսել աշխարհի գրեթե բոլոր երաժշտական ​​ժանրերը, երգերը, որոնք երգվում են գրեթե բոլոր լեզուներով (նույնիսկ անհետացած լեզուներով), բոլոր հայտնի երաժշտական ​​գործիքներով կյանք ստացած երգերը, ինչպես նաև մոլորակի կենդանի էակների (գայլեր, թռչուններ, կետեր, ձկներ…) ձայներն ու թրթիռները:

Սա մի հաստատություն է, որը փորձում է այս բոլոր հնչյունները, հնչերանգները, մտքերը, մեկնաբանությունները, բանաստեղծությունները, երգերը, ժողովրդական մեղեդիները, անպայման պատմվելիք պատմությունները հնարավորինս կիսել իր ունկնդիրների հետ, ոգեշնչման աղբյուր լինել նրանց համար և ընդհանուր ջանքերով աշխարհն ավելի լավը դարձնել։

Մենք իսկապես ռադիոն կարող ենք անվանել «հանրային»: Այնպիսին, ինչպիսիք են անտառները, պարտեզները, այգիները, գրադարանները... (Ի դեպ, քանի որ խոսում ենք գրադարանների մասին, կցանկանամ նշել, որ մեր ռադիոյում մշակույթի, երաժշտության, գրականության, արվեստի, մարդաբանության, քաղաքաշինության և նմանատիպ այլ թեմաների շուրջ հազար հաղորդումից բաղկացած 27 գրքից բացի՝ վաղը լույս կտեսնի նոր գիրք, որը բաղկացած է հանգուցյալ ծրագրի հեղինակ, կինոքննադատ Ջյունեյթ Ջեբենոյանի վարած կինոհաղորդումներից: Այս նոր գրքով մենք ավելի կհարստացնենք «Աչըք» ռադիոյի գրադարանը):

1995 թ. ամռանը հրապարակված մեր ռադիոյի մանիֆեստում մենք հայտարարել էինք, որ անհրաժեշտ է արժանապատիվ քայլեր ձեռնարկել։ Մանիֆեստը շարունակվում է հետևյալ կերպ. «Մենք խոստանում ենք լուծումներ չառաջարկել։ Լավագույն դեպքում մենք կարող ենք փորձել ժամանակավոր լուծումներ տալ աշխարհի «հետաքրքրասիրության» համախտանիշին: Մենք չենք ցանկանում ձեզ ինչ-որ բան տալ։ Ընդհակառակը, մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շատ ձեզնից ստանալ: Որովհետև սա մեր ընդհանուր նախագիծն է:

Այո՛, այդ ժամանակից ի վեր մեր ռադիոն ջանասիրաբար ձգտել է պահպանել անկախ հեռարձակման սկզբունքը և ապահովել կայունությունը՝ հիմնականում իր ունկնդիրների անհատական աջակցության և հովանավորության շնորհիվ։ Այդ նպատակով 20 տարի առաջ մենք մեկնարկեցինք «Ունկնդիրների աջակցություն» նախագիծը: Այս նախագծի առաջին օրերին մենք հյուրընկալում էինք ծրագրի հեղինակ և մեր սիրելի ընկեր Հրանտին: Տեսեք, թե ինչպես է նա նկարագրել ռադիոն.

«Ի՞նչ է «Աչըք» ռադիոն նշանակում ինձ համար: Փորձեմ ամփոփել մեկ նախադասությամբ. սա Թուրքիայում այն միակ ապաստանն ու պաշտպանական գոտին է, որը կարողացել է պահպանել իր ամբողջականությունը, իրեն էսթետիկորեն փոխել և իր յուրահատուկ անկյունը ստեղծել՝ երկրի ինտելեկտուալ լանդշաֆտի անկումային ֆոնին: Ահա իմ կարծիքը։ Ստեղծման օրվանից ի վեր իր յուրօրինակ ծրագրերով, երկրներով և իր ունկնդիրներով, իր հյուրերով, իր երաժշտությամբ, իր մշակույթով, ամեն ինչով կարծես թե այն վայրն է, որտեղ արվել ու արարվել է ոչ թե սովորականը, այլ արտասովորը, բայց միևնույն ժամանակ նաև իրականը, այն ամենը, ինչ իրականում պետք է որ արարվեր»:

(Ավելացնեմ նաև, որ մեր սիրելի Հրանտի ժառանգությանը՝ «Ակօս» թերթին հարգանքի տուրք մատուցելու համար 2012-ին «Աչըք» ռադիոն բացեց «Ռադիո Ակօս» նախագիծը, որն արդեն 12 տարի է շարունակում է իր առաջին օրերի թարմությամբ գրավել հանդիսատեսին)։

Մեր հիմնական նպատակն է համեստ ներդրում ունենալ ազատ, ժողովրդավարական, հավասար և խաղաղ հասարակության ստեղծման և պահպանման գործում։

Օրինակ՝ վերցնենք խաղաղությունը։ Հաղորդման առաջին իսկ օրվանից մենք ամիսներ շարունակ ուղիղ եթերում հեռարձակում էինք «Սարաևոյի օրագիրը», որը ներկայացնում էր Բոսնիա և Հերցեգովինայի խաղաղ բնակիչների իրական առօրյա կյանքի պատմությունները, ովքեր այն ժամանակ տառապում էին դիպուկահարների անողոք կրակների ներքո: Մենք հստակ դիրքորոշում որդեգրեցինք 2003 թ. արևմտյան երկրների՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, Իրաք ներխուժելու դեմ։ Դա բուն ներխուժումից 17 ամիս առաջ էր: 2003 թ. փետրվարի 15-ին պատմության ամենամեծ խաղաղության ցույցերից մեկը Լոնդոնից ուղիղ եթերում լուսաբանում էր մեր հանգուցյալ ընկեր, բանաստեղծ և ակտիվիստ Ռոնի Մարգուլիեսը: Իսկ մարտի 1-ին մենք ուղիղ եթերով լուսաբանեցինք տասնյակ հազարավոր ցուցարարների բողոքի ձայները, ովքեր հավաքվել էին Քըզըլայ հրապարակում [Անկարա] և իրենց բողոքի ձայնն էին արտահայտում ընդդեմ պատերազմի և զորակոչի։ Մենք նաև ուղիղ եթերով երեք օր հեռարձակեցինք Իրաքի Միջազգային տրիբունալի վերջին նիստերը, որոնք տեղի ունեցան Darphane-i mire-ում [Թուրքիայի դրամահատարան]։ Նիստերի նպատակն էր պատասխանատվության ենթարկել պատերազմի արդյունքում տեղի ունեցած ավերածությունների մեղավորներին․ ավերածություններ, որոնք ցավոք հնարավոր չեղավ կանխել:

Հետագա տարիներին մենք ջանք չենք խնայել այս ամենակարևոր խնդրի վերաբերյալ հեռարձակումը շարունակելու համար։ Մենք ձեռքից բաց չենք թողել այսպես ասած «խաղաղության դրոշակը» թե՛ Թուրքիայում, թե՛ ամբողջ աշխարհում։

2001 թ. մենք գործարկեցինք «Աչըք» ռադիոյի ինտերնետային հարթակը և այս առցանց տիրույթում հրապարակեցինք մի հիմնարար մանիֆեստ, որտեղ մեր հորդորը հայտնեցինք հետևյալ կերպ. վստահեցնել և հասկանալ, որ ամենահիմնական արժեքներից հանդիսացող ազատությունն ու ժողովրդավարությունը «ոչ միայն սոսկ արժեքներ են, այլև հավանաբար մեր գոյության շարունակականության կարևոր տարրերը»: Ռադիոյի ինտերնետային հարթակը մինչ օրս գոյատևել է որպես այս ոլորտում ռադիոյի առաջամարտիկ ջանքերի «թվային հայելի»՝ իր փոդքաստներով, հոդվածներով, թարգմանություններով, մեկնաբանություններով, որոշ հաղորդումների տառադարձություններով, ունկնդիրների նամակներով և խնամքով ընտրված տեսողական նյութերով:

2002 թ. վերջին մենք հետաքրքիր հարցազրույց ունեցանք հայտնի մտածող և ակտիվիստ Նոամ Չոմսկիի հետ։ Նա նշեց, որ Թուրքիայի մտավորականները շատ առումներով պետք է ոգեշնչման աղբյուր հանդիսանան Արևմուտքի համար, մասնավորապես՝ ազատությունների պաշտպանության հարցում.

«Օրինակ՝ վերցնենք Թուրքիան։ Թուրքիան շատ առումներով պետք է ոգեշնչման աղբյուր հանդիսանա արևմտյան մտավորականների համար։ Որքան ես գիտեմ, Թուրքիան միակ երկիրն է, որտեղ մտավորական դասի մի զգալի հատվածը՝ գրողները, արվեստագետները, լրագրողները և այլք, ոչ միայն իրենց ձայնն են բարձրացնում հանուն ազատության, այլ նաև իրականում ինչ-որ բան անում են այս ուղղությամբ։ Եվ իհարկե նրանք դա անում են մշտական ​​սպառնալիքի և վտանգի ներքո:

Որտե՞ղ կարելի է հանդիպել Յաշար Քեմալի նման մեկին: Աշխարհահռչակ գրողը պատրաստ է իր ձայնը բարձրացնել հանուն մտքի ազատության և պատրաստ է վճարել դրա գինը և դիմանալ դրա առաջացրած ցավին։ Կարո՞ղ եք գտնել նման մեկին Արևմուտքում: Կամ, օրինակ, Իսմայիլ Բեշիկչին։ Այս մարդը գիտակցեց 15-ից 20 տարվա ազատազրկման դատավճռի հավանականությունը և դիմացավ այդ ցավին։ Նա դա արեց՝ իր իսկ պետության գործած դաժանությունների դեմ ճշմարտությունն արտահայտելու համար։ Արևմուտքում կարո՞ղ եք այդպիսի մարդ տեսնել: Ընդ որում, նման մարդկանց հսկայական մի ցանկ կա։ Գրողներ, նկարիչներ, լրագրողներ, պատգամավորներ։ Լեյլա Զանայի նման մեկը։ Այս մարդիկ ոչ միայն խոսում են մտքի և խոսքի ազատության մասին, այլև անընդհատ՝ ամեն օր, ինչ-որ բան են անում այս ուղղությամբ։ Եվ նրանք դեմ առ դեմ են մնում իրական վտանգների հետ։ Արևմտյան մշակույթում նման բան չկա։ Արևմուտքում երբեք նման բան չի եղել և այսօր էլ չկա»։

Անդրադառնանք մեկ այլ խնդրի՝ երկրաշարժ։ Այստեղ պետք է նշել, որ Թուրքիայում՝ «երկրաշարժերի երկրում», «Աչըք» ռադիոն՝ իբրև «երկրաշարժի ռադիո» ծավալում է շատ հատուկ հեռարձակման գործունեություն։ 1999 թ. օգոստոսի 17-ին Գյոլչուկի երկրաշարժից հետո, երբ հաղթահարեցինք մի քանի ժամվա այդ սկզբնական ցնցումը և շփոթմունքը, մենք արագ ձևավորեցինք Երկրաշարժի հաղորդակցության կենտրոնը (ARDIM)։ Ամբողջովին փոխեցինք մեր ձևաչափը և երկու ամիս շարունակ գործեցինք որպես «ռադիոկապ»՝ փորձելով լինել «կարիքների և միջոցների միջև կամուրջ»։ Մեր հիմնական կարգախոսն էր․ «Մի՛ փակիր ճեղքերը, մի՛ թող փակեն»: «Երկրաշարժի ռադիոն» 12 միջազգային թերթի, BBC ռադիոկայանների և հեռուստաալիքների համար դարձավ նորությունների և տեղեկության հիմնական աղբյուր: Երկրաշարժի և աղետների նախապատրաստմանն ու օգնությանը նվիրված մեր ռադիոհաղորդումը՝ «Ոսկե ժամեր»-ը, 24 տարի է, ինչ անխափան հեռարձակվում է: 2023 թ. փետրվարի 6-ին Մարաշի խոշոր երկրաշարժերից հետո մենք ամիսներ շարունակ ամենօրյա ծրագրեր ենք իրականացրել երկրաշարժերի վերաբերյալ։ Մեր ծրագրերից շատերն իրենց տեղը զիջեցին «Ոսկե ժամեր» հաղորդմանը: Ծրագրի մի մասը դեռ շարունակվում է։

Ահա մեկ հետաքրքիր և «պատմական» զուգադիպություն ևս. անտառային հրդեհներով, ջրհեղեղներով և երաշտով լի կատաղի և սարսափելի ամռան հետևանքով այն ժամանակ, երբ մեր մոլորակը ամբողջ արագությամբ վազում է դեպի ամեն հնարավոր աղետները, այսօրվանից՝ սեպտեմբերի 15-ից, աշխարհի հազարավոր քաղաքներից կլիմայի փոփոխությամբ զբաղվող միլիոնավոր ակտիվիստներ գործադուլ են անելու՝ պահանջելով կլիմայական արդարություն և միևնույն ժամանակ հանածո վառելիքի օգտագործման դադարեցում:

Եվ ի վերջո խոսենք կլիմայական ճգնաժամի մասին։ Ամենահրատապ և ամենատխուր պատմությունը՝ բառիս բոլոր իմաստով։ Ինչպես ասվում է «Կլիմայի գրքում» [The Climate book], որը խմբագրվել է կլիմայի ոլորտի երիտասարդ ակտիվիստ Գրետա Թունբերգի կողմից․ «Սա աշխարհի ամենամեծ պատմությունն է․ պատմություն, որի մասին պետք է պատմել ամեն տեղ, ուր հասնում է մեր ձայնը, եթե կուզեք, անգամ դրանից էլ հեռու ծիրերում»:

Մեր հիմնադրման գրեթե առաջին իսկ օրվանից սկսած՝ մենք փորձել ենք պատմել այս պատմությունը և այն կիսել լայն զանգվածների հետ՝ թե՛ մեր խոսքերով, թե՛ գործերով։ Եվ դա արել ենք աճող հաճախականությամբ: Մենք համառորեն հետևել և լուսաբանել ենք կլիմային նվիրված բոլոր գագաթնաժողովները՝ սկսած Կոպենհագենի գագաթնաժողովից։ Մենք «լողացինք» այն մե՜ծ-մե՜ծ ալիքների վրա, որոնք ձևավորվել էին Նյու Յորքի Մանհեթեն կղզում կլիմայի փոփոխությանը նվիրված երթի համար հավաքված 400 հազար ակտիվիստների կողմից: Մենք խոսափող տրամադրեցինք, լսեցինք այն փոքրիկ տղային, որը ձեռքում պահում էր «Երբ մեծանամ, այդ ժամանակ էլ եմ ուզում ապրել» գրությամբ պաստառ։ Իսկ այն պաստառի վրա, որը մենք երբեք ցած չենք դնում, գրված է. «Փոխի՛ր համակարգը, ոչ թե կլիման»:

2018 թ. աշնանը, երբ 15-ամյա Գրետան սկսեց իր «պատմությունը փոխող» դպրոցական դասադուլը, երկու օր անց մենք նրան փոխանցեցինք մեր խոսափողը, մեր կայքում լուսաբանեցինք նրա դասադուլը և այդ ժամանակվանից շարունակեցինք հետևել նրան: Երկու ամիս անց, երբ մենք անձամբ հանդիպեցինք նրան Լեհաստանում՝ կլիմային նվիրված գագաթնաժողովի ժամանակ, Գրետան «Աչըք» ռադիոյին արեց հետևյալ հայտարարությունը.

Ումիթ Շահինը հարցնում է՝ ո՞րն է Ձեր ուղերձը Թուրքիայի երիտասարդությանը: Թուրքիայում կան կլիմայի փոփոխության դեմ պայքարող բազմաթիվ երիտասարդ ակտիվիստներ: Ի՞նչ ուղերձ կցանկանաք հղել նրանց:

Գրետան պատասխանել է հետևյալ կերպ. «Մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում հենց հիմա: Մենք պետք է ավագ սերունդներին պատասխանատվության ենթարկենք նրանց ստեղծած այս խառնաշփոթի համար: Իսկ նրանք ակնկալում են, որ մենք պետք է կարողանանք ապրել այս խառնաշփոթի մեջ։ Եվ մենք պետք է համոզվենք, որ մեր ձայնը լսելի է և փորձենք փոփոխություններ իրականացնել: Որովհետև մեր ապագան վտանգված է»:

Ահա այսպես: Վերջին 28 տավա ընթացքում մենք էպիկական հեռարձակման ճամփորդության մեջ ենք եղել՝ ընդգրկելով Հյուսիսային բևեռից մինչև Հարավային բևեռ, արևադարձային անտառներից մինչև ձյունածածկ լեռների գագաթների վրա հալվող սառցադաշտեր և հենց այնտեղից մինչև ամենախոր ծովերի ընդերքը, դժոխային հրդեհներից այրված հնագույն անտառներից մինչև ածխի համար դաժանորեն հատված Ակբելենի ծառերը: Եթե ասենք Գրետայի խոսքերով. «Ժամանակն է, որ բոլորս պատմենք այս պատմությունը և գուցե նույնիսկ փոխենք դրանց ավարտը»:

Կարելի է ասել նաև, որ մեր հրապարակումները նպաստել են երկրում կլիմայի ոլորտում երիտասարդ ակտիվիստների կայացմանը։ 11-ամյա մի տղա, ով լսել էր կլիմայական ճգնաժամի մասին «Աչըք» ռադիոյի հաղորդումներից, այժմ ամբողջ աշխարհում հարցազրույցներ է անցկացնում կլիմայի փոփոխության դեմ պայքարող երիտասարդ ակտիվիստների հետ, միանում է կլիմայի վերաբերյալ բողոքի ակցիաներին, դատի է տալիս քաղաքական գործիչներին՝ իրենց հասանելիք գործողությունները չկատարելու համար։ Իսկ ամեն շաբաթ հեռարձակվող իր հաղորդումը փակում է հետևյալ խոսքերով. «Լա´վ հոգ տարեք ձեր, ձեր սիրելիների և մեր մոլորակի մասին»։

Իբրև վերջնական խոսք կցանկանամ նշել հետևյալը. կլիմայական ավերածությունները, ավերիչ պատերազմներն ու հակամարտությունները, փախստականների հետզհետե աճող ճգնաժամը, ժողովրդավարության՝ մեր ամենամեծ «ինքնապաշտպանության զենքի» բազմաթիվ երկրներում վնասներ կրելը, կեղծավորության, խարդախության, անբարոյականության, չարամտության և ստի ալիքը մեր աշխարհը վերածել են մղձավանջի։ Ահա նման միջավայրում «Աչըք» ռադիոն ջանքեր է գործադրում առանց շեղումների շարունակելու իր ընթացքը։ Մեր շուրջն այնպիսի զզվելի բաների ենք հանդիպում, ակամա վերհիշում ես մեր մեծերի խոսքերը. «Մի քիչ պարկեշտությու՜ն»: Բայց ահա արագ վերագտնում ենք մեզ ու փոխարենն ասում՝ «ÖDEB» [թուրքերեն՝ ազատություն, ժողովրդավարություն, հավասարություն, խաղաղություն]:

Անսահման հպարտություն և երջանկություն է այս մրցանակին արժանի համարվելը: Մրցանակն ընդունում եմ ծրագրերի բոլոր հեղինակների և իմ բոլոր սիրելի գործընկերների անունից, որոնց ճնշող մեծամասնությունը ինձնից առնվազն մեկ սերունդ փոքր է։

Անսահման շնորհակալություն բոլորիդ։

Իմ անկեղծ սերը, հարգանքը և սրտանց ողջույնները Հրանտի բոլոր նախկին և նոր ընկերներին։

Ծնունդդ շնորհավո՜ր, Հրանտ։

Օմեր Մադրա, 2023 թ․ սեպտեմբերի 15