2016 թվականի մայիսի 27-ին Անարատ հղության շենքում կազմակերպվել էր Հրանտ Դինք հիմնադրամի Դիսկուրսի, երկխոսության, ժողովրդավարություն «ԱՍՈՒԼԻՍ» լաբորատորիայի առաջին միջոցառումը՝ «Արվեստ և խտրականություն» խորագրով։ Քննարկումը վարում էր Ջումհուրիյեթ թերթի մշակույթի և արվեստի ծառայության ղեկավար Էվրիմ Ալթուգը, իսկ մասնակիցներն էին Բուլութ թատերական համայնքի անդամ և սցենարիստ Էբրու Նիհան Ջելքանը, «Filmmor»-ի կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Մելեք Օզմանը և սցենարիստ Ահմետ Սամի Օզբուդակը։ Քննարկման ընթացքում բանախոսները կիսեցին իրենց կարծիքն այն մասին, թե ինչպես կինոն և թատրոնը կարող են խտրականության դեմ պայքարելու գործիք հանդիսանալ։

Էբրու Նիհան Ջելքանը խոսեց իր թատերախմբի անցած ճանապարհի մասին։ Նա ներկայացրեց, թե ինչպես են վերլուծում թատերական սցենարներն ու կերպարները և ինչպես են դրամատուգիայի ընթացքում դիմագրավում խտրականությանը։ Նա նշեց, որ իրենց ներկայացումները պատրաստում են ելնելով այն խնդրից, թե ինչքանով ենք տեղյակ մեր շրջապտում առկա խտրականությանը, ավելին՝ բեմադրելիս նրանք հնարավորություն են ստեղծում հարցականի տակ դնել խտրականության հանդեպ իրենց իսկ մոտեցումները։ Ջելքանը նշեց, որ խտրականության դեմ պայքարում հրաշք լուծում գոյություն չունի, սակայն առաջարկեց, որ կոլեկտիվ մտածողությունն ու արարումը կարող են խտրականության դեմ պայքարի արդյունավետ գործիքներ լինել։

Այնուհետև, Ահմետ Սամի Օզբուդակը պատմեց, որ  իր պիեսների մարգինալացված հերոսների պատմությունները գրելիս նա ոգեշնչվում է պատմությունից և քաղաքային իրականությունից։ Օզբուդակն ընդգծեց, որ այս մեթոդն արդյունավետ է խտրականությունը չվերարտադրելու համար։ Ամփոփելիս նա նշեց, որ թատրոնը կարող է նույնիսկ ամենասուր խնդիրները վերափոխել՝ դրանք միամտության ֆիլտրով անցկացնելու շնորհիվ։ Այսպիսով, նա ընդգծեց թատրոնի կարևորությունը խտրականության դեմ պայքարում՝ այն համարելով հանդիսատեսի խղճի հետ առճակատման գործիք:

Վերջում Մելեք Օզմանը խոսեց այն մասին, թե ինչպես է կինոն կանանց համար ինքնարտահայտման գործիք հանդիսանում: Մյուս կողմից՝ նա ընդգծեց կինեմատոգրաֆիայում կանանց դիրքի նվազումը, ինչը կինոյի քաղաքական և տնտեսական հզորության բացահայտման արդյունք է: Նա նշեց, որ «Filmmor»-ի նպատակն է գտնել կանանց սեփական պատմությունը։ Ըստ նրա, ֆիլմերի համար կարևոր հարցեր են, թե ովքեր են դրանք ստեղծել, ինչ հանդիսատեսի համար և, ի վերջո, ինչ լեզվով են դրանք խոսում։ Հետևաբար, խտրականությանը դեմ ֆեմինիստական արվեստի նպատակն է խոսել իր իսկ լեզվով և կոտրել այս լեզուների միջև եղած հիերարխիան։