2017 թվականի հոկտեմբերի 23-ին Անարատ հղության շենքի «Հավաք» սրահում տեղի ունեցավ Հրանտ Դինք հիմնադրամի Դիսկուրսի, երկխոսության, ժողովրդավարություն «ԱՍՈՒԼԻՍ» լաբորատորիայի կողմից կազմակերպված բաց քննարկում՝ «Նման դիսկուրսներ, նոր մեթոդներ Թուրքիայում և Եվրոպայում. ատելության խոսքի դեմ պայքարը արվեստի և ներկայացման միջոցով» խորագրով։ Քննարկումը վարում էր գրող, լրագրող, թատերական քննադատ, մշակութային խմբագիր, ֆեմինիստ, խաղաղության ակտիվիստ, դասախոս, Ջումհուրիյեթ օրաթերթի սյունակագիր և PEN Թուրքիայի նախագահ Զեյնեփ Օրալը։ Քննարկման մասնակիցներից էր Փիթեր Մոլնարը, ով Կենտրոնական եվրոպական համալսարանի Եվրոպական ընդլայնման ուսումնասիրությունների կենտրոնի խոսքի ազատության հարցերով հետազոտող է։ Նա 2004 թվականին Կենտրոնական եվրոպական համալսարանում ստեղծված Մեդիա և հաղորդակցության ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադիր հետազոտողներից է, Հունգարիայի խորհրդարանի նախկին անդամ է (1990-1998), գրող, կամավոր ռադիոհաղորդավար, մասնակցային թատրոնի ռեժիսոր և ակտիվիստ։ Քննարկման մասնակիցն էր նաև Իդիլ Էնգինդենիզ Շահանը, ով Գալաթասարայ համալսարանի Հաղորդակցության ֆակուլտետի անդամ է և մի շարք հասարակական կազմակերպությունների հետ միասին աշխատում է այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են մեդիա ներկայացվածությունը, ատելության խոսքն ու կանանց սպանությունները։ Նա նաև դերասանական վարպետություն է սովորում «Şahika Tekand Studio Players»-ում։
Բացման խոսքում Զեյնեփ Օրալն անդրադարձավ ատելության խոսքի արդյունքում Թուրքիայում ի հայտ եկած վնասների և աղետի մասին: Օրալը նշեց, որ էթնիկ, կրոնական, ռասայական, սեռական անջատողականությունը հանգեցնում է ատելության, իսկ ատելությունը միշտ ուղեկցվում է բռնության տարբեր ձևերով: Այս առումով նա ընդգծեց, որ արվեստի բոլոր ձևերը, հատկապես՝ թատրոնը, կարող են ծառայել որպես հայելի, որպես կյանքի մանրակերտ, քանի որ հին Հունաստանից ի վեր թատրոնը եղել է քաղաքական հարթակ և կարող է օգտագործվել որպես կրթական գործիք, սոցիալական փոփոխությունների միջոց և բժշկող գործընթաց: Նա ամփոփեց իր խոսքը հետևյալ հարցադրմամբ․«Արդյոք կարո՞ղ ենք մենք դիմագրավել ատելության խոսքին թատրոնի, արվեստի և ներկայացման միջոցով»։
Բացման խոսքից հետո քննարկումը շարունակեց Փիթեր Մոլնարը, ով ընդգծեց արվեստի, հատկապես՝ մասնակցային արվեստի կարևորությունը, որն ատելության խոսքի դիմագրավման ամենահզոր միջոցներից է։ Նա նաև նախազգուշացումներ արեց ատելության խոսքի սահմանման վերաբերյալ և բացատրեց, թե ինչու է ատելության խոսք եզրույթին ավելացնում «այսպես կոչված» արտահայտությունը։ Նա ընդգծեց, թե ինչու մենք պետք է զգույշ լինենք այսպես կոչված ատելության խոսքի ցանկացած բովանդակային սահմանման հետ, հատկապես երբ խոսքը վերաբերում է ծանրագույն իրավական միջոցն օգտագործելու թույլտվությանն ու կառավարմանը՝ խոսքի ազատությունը սահմանափակելու քրեական օրենսդրությանը: Ելույթի ավարտին Փիթեր Մոլնարն ու Կենտրոնական եվրոպական համալսարանի իր ուսանող Ասլը Քարաջան ներկայացրեցին «Ատելության խոսք» մենախոսությունը, որը Մոլնարը ստեղծել և ներառել է համալսարանական իր կուրսի մեջ՝ ստուգելու իրականության վերաբերյալ իր ուսանողների պատկերացումները և ցույց տալու, որ «Ատելության խոսքին» գեղարվեստական արձագանքի տարբերակ կա։
Բանախոս Իդիլ Էնգինդենիզ Շահանն ընդգծեց հասարակության մասնակցության կարևորությունն արվեստի միջով/արվեստին: Նա կարևորեց Օգյուստ Բոալի «Ճնշվածների թատրոնի» դերն ատելության խոսքի դեմ պայքարում, երբ արվեստի միջոցով հաղորդակցություն է ստեղծվում հասարակության հետ։ Առօրյայում ատելության խոսքի օգտագործման խնդրին անդրադառնալով, Շահանն իր խոսքը սկսեց հետևյալ հարցադրումով․ «Ինչպե՞ս կարող է թատրոնը մեզ իրազեկել մեր իսկ վերաբերմունքի մասին»: Նա ամփոփեց իր խոսքն՝ անդրադառնալով ճնշվածների պոետիկայի փուլերին։