«Նրանք, ովքեր պաշտպանում են այսօրը մոռանալը, վախենում են ոչ միայն անցյալից, այլև ապագայից: Չմոռացված անցյալն ապագայի երաշխիքն է»
Հրանտ Դինք


Հրանտ Դինքի «23,5» հուշավայրը, տանելով հիշողությունն իր ամբողջ ճշմարտությամբ դեպի ապագա, ծառայելով որպես երկխոսությունն ամրացնող, ապագան միասին կիսելու պատկերացումներով գործող տարածք, ապրիլի 23,5-ին դառնում է մեկ տարեկան: Մեկ տարվա ընթացքում 23,5-ը հանդես է եկել որպես հիշատակման, ոգեկոչման, անդրադարձման, ճշմարտության և խղճմտանքի վայր: Իր աշխատարաններով և միջոցառումներով 23,5-ը դարձել է կենդանի հանդիպման վայր՝ համախմբելով տարբեր տարիքի, մասնագիտությունների, ծագման և ինքնության մարդկանց:


Մեր այցելուները գրանցել են իրենց մտքերն ու երազանքները ճշմարտության, հիշողության, արդարության և հույսի վերաբերյալ մեզ մոտ, մինչդեռ շատերն էլ վստահել են իրենց պատմությունները 23,5-ին: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել միմյանց հարցեր տալու կարևորությանը՝ մտապահելով այն, որ հուշավայրերն ավելի շատ հարցեր են, քան պատասխաններ: Անցյալի դառնությունը հիշելիս, մենք երբեք չենք մոռացել, որ ապագան խոստումնալից է: Երազելով Ալիի մասին, որը գնդակը նետում է Հակոբին, մենք մեր մտքում ունեցել ենք երկխոսությունը որպես միակ բաղադրատոմս, և որ հազարավոր մարդիկ ցանկանում են այն դժոխքը, որում ապրում են, վերածել դրախտի: Երջանիկ ենք մենք, որ հնարավորություն ենք ունեցել այդպիսի մարդկանց հանդիպելու 23,5-ում և քաջալերվելու:
Մենք կարևորել ենք ներառական, մասնակցային և երկխոսության վրա հիմնված զրույցները և ձգտել ենք խոսելու մարդկանց հետ, այլ ոչ՝ մեր ասելիքը պնդելու։ Այս կերպով մենք ջանացել ենք սատարել համընդհանուր արժեքներ, ինչպիսին են ժողովրդավարությունը, հավասարությունը, արդարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, որոնք ընդունվել և պաշտպանվել են Հրանտ Դինքի կողմից։

Մենք ցանկանում ենք մեր մեկ ամյակը նշել ձեզ հետ՝ բազմապատկելով ժողովրդավարության, արդարության, խաղաղության և համակեցության մասին մեր ցանկությունները։

Իր հոդվածներից մեկում Հրանտ Դինքը գրել է․

«Նախ եկեք հասկանանք միմյանց․․․
Նախ եկեք միմյանց ցավերին հարգանք ցույց տանք․․․
Նախ եկեք իրար ապրեցնենք․․․»

Ոգեշնչվելով Հրանտ Դինքի խոսքերից՝ մենք տեսանյութ ենք պատրաստել։ Այն ձեզ հետ կիսվելուց զատ՝ ցանկանում ենք հարթակը տրամադրել ձեզ՝ բազմապատկելու ապագայի հանդեպ հույսը և բարի ցանկությունները։

Նախ եկեք բազմապատկենք բարությունը՝ ապրիլի 23.5-ին հղելով հույսի ուղերձներ #comeletusfirst 2020 նշումով։

Չմոռանալով հիշատակումը՝ կառուցենք ապագա, որտեղ կգերիշխեն համակեցությունը, փոխըմբռնումը, ժողովրդավարությունը և խաղաղությունը, ինչպես նաև միմյանց փոխօգնությունը և աճը։

Հաստատակամությամբ, խղճով, հույսով և սիրով։