Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի առաջատար փաստաբան Արա Ղազարյանի հեղինակած «Ուղեցույց և տեղեկություններ Հայաստան ժամանող Թուրքիայի  քաղաքացիների համար» աշխատությունն արդեն հրապարակվել է: Հյուպատոսական ներկայացուցչությունների բացակայության պայմաններում սույն փաստաթուղթը տրամադրում է տեղեկություններ մուտքի արտոնագրի և կացության թույլտվության ստացման ընթացակարգերի, արտաքսման, ազատազրկման, արտահանձնման, ապաստանի հայցման, սեփականության իրավունքի, դրամական փոխանցումների և իրավական աջակցության մասին, որոնց վերաբերյալ Թուրքիայի քաղաքացիները հարկ է, որ տեղյակ լինեն ինչպես Հայաստան մեկնելիս, այնպես էլ Հայաստանում գտնվելիս։

Վերը նշված փաստաթղթի հետ մեկտեղ առաջարկում ենք նաև դիտարկել «Հայաստանի քաղաքացի միգրանտները Թուրքիայում» քաղաքականության համառոտագիրը, որը կարիքների գնահատման ուսումնասիրություն է՝ իրականացված Ստամբուլի Բիլգի համալսարանի Միգրացիայի ուսումնասիրության կենտրոնի հետ համատեղ: Ուսումնասիրությունն արվել է Ստամբուլում բնակվող Հայաստանի քաղաքացի միգրանտների և նրանց երեխաների շրջանում: Համառոտագիրը ներկայացնում է տեղեկատվություն Թուրքիայում բնակվող Հայաստանի քաղաքացիների կարգավիճակի և նրանց խնդիրների մասին, անդրադառնում է ինստիտուցիոնալ շրջանակներին, հնարավորություններին, ինչպես նաև տրամադրում է համապատասխան առաջարկություններ: Համառոտագրի բովանդակությունն այսօր էլ շարունակում է մնալ կիրառելի և հետաքրքրական՝ հաշվի առնելով հարաբերությունների զարգացող բնույթը:       

Այս աշխատությունները երկուսն էլ մշակվել և հրապարակվել են Հայաստան-Թուրքիա փորձագետների երկխոսության խմբի շրջանակներում: Խումբը ձևավորվել է Հրանտ Դինք հիմնարկի կողմից 2016 թ.: Այն երկու երկրներից փորձագետների համատեղ նախաձեռնություն է՝ բաղկացած քաղաքականության, դիվանագիտության, գիտության և քաղաքացիական հասարակության ոլորտի մասնագետներից, ովքեր պատրաստ են աջակցելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը տարբեր մակարդակներում: Երկխոսության խմբի հիմնական նպատակը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մշակումն է։