«Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում» ոլորտային քաղաքականության հուշագիրն արդեն հասանելի է: Հայաստանի և Թուրքիայի միջև մինչ այս իրականացված քայլերն առաջին հերթին էականորեն նպաստել են անհատական կապերի ձևավորմանը, սակայն ոլորտում անմիջական և կայուն ինստիտուցիոնալ հարաբերությունների հաստատումը մեծ հավանականությամբ խոստումնալից կարող է լինել, քանի որ Հայաստանն ու Թուրքիան բարձրագույն կրթության ոլորտում ունեն իրենց ուժեղ կողմերը:

Այս աշխատությունը մշակվել և հրապարակվել է Հայաստան-Թուրքիա փորձագետների երկխոսության խմբի շրջանակներում: Խումբը ձևավորվել է Հրանտ Դինք հիմնարկի կողմից 2016 թ.: Այն երկու երկրներից փորձագետների համատեղ նախաձեռնություն է՝ բաղկացած քաղաքականության, դիվանագիտության, գիտության և քաղաքացիական հասարակության ոլորտի մասնագետներից, ովքեր պատրաստ են աջակցելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը տարբեր մակարդակներում: Երկխոսության խմբի հիմնական նպատակը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մշակումն է։