.

Հրանտ Դինք հիմնարկը՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ, Երևանում բացված «Հրանտ Դինք․ հոս և հիմա» ցուցահանդեսին զուգահեռ 2022 թվականի սեպտեմբերի 3-ին կազմակերպել էր քննարկում դատավոր Ալբի Սաքսի հետ՝ Լարա Սեդրակյանի մոդերացմամբ։ Լինելով ցուցահանդեսին զուգահեռ կազմակերպված միջոցառումներից մեկը, «Օգտագործելով «փափուկ վրեժ»-ի ուժը» խորագիրը կրող քննարկումը նվիրված էր այն անձանց ջանքերին, ովքեր աշխատում են հանուն արդարության, խաղաղության, ժողովրդավարության, հավասարության և ազատության՝ անկախ մարտահրավերներից և խոչընդոտներից: Քննարկումը հնարավորություն ընձեռեց Ալբի Սաքսի ոգևորիչ կյանքի և պայքարի մասին պատմությունն անմիջականորեն լսել այն վայրում, որտեղ ցուցադրվում էր Հրանտ Դինքի պայքարն ու պատմությունը:

Ալբի Սաքսը և Լարա Սեդրակյանը միասին փորձեցին բացահայտել «փափուկ վրեժ»-ի գաղափարը՝ անդրադառնալով ազատության համար մղվող պայքարներին, անցյալի հետ առնչվելու և համակեցությունը խթանելու հարցում հիշողության վայրերի ունեցած դերին, հավասարությունն ու ազատությունը ապահովելու հարցում ժողովրդավար սահմանադրություն ունենալու կարևորությանը, ինչպես նաև խոսեցին անցյալից դասեր քաղելու անհրաժեշտության մասին՝ որպես գործուն քայլեր իրականացնելու միջոց։ Ալբի Սաքսը կիսվեց իր անձնական պատմությամբ, որի միջոցով ներկայացրեց «փափուկ վրեժ» հասկացությունը: Նա անդրադարձավ նաև Հարավաֆրիկյան Հանրապետության նոր սահմանադրության մշակման գործընթացին և ներկայացրեց, թե ինչպես էր Յոհանեսբուրգի Օլդ Ֆորտ բանտը վերածվել Սահմանադրական դատարանի։

Քննարկմանը հաջորդած հարցուպատասխանի ժամանակ ներկաները տարբնույթ հարցեր բարձրացրին՝ սկսած Հարավային Աֆրիկայում սահմանադրական արդարադատության ձեռքբերումներից, մինչև «փափուկ վրեժ»-ի դերը տրավմատիկ իրադարձությունների հաղթահարման մեջ։ Միջոցառումը հայաստանյան մասնակիցներին հնարավորություն ընձեռեց դիտարկել, թե ինչպես կարելի է պաշտպան կանգնել ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին:

 

Դատավոր Ալբի Սաքս

Դատավոր Ալբի Սաքսը թոշակի անցած հարավաֆրիկյան ակտիվիստ, փաստաբան և գրող է, ով եղել է Նելսոն Մանդելայի կողմից Հարավային Աֆրիկայի առաջին Սահմանադրական դատարանում նշանակված 11 դատավորներից մեկը։ Նա մեկուսի բանտարկության է դատապարտվել իր փաստաբանական գործունեության և ապարտեիդի դեմ պայքարի համար՝ ենթարկվելով հարկադրված աքսորի։ 1988 թվականի ապրիլի 7-ին նրա նկատմամբ սպանության փորձ է իրականացվել, որից նա հրաշքով փրկվել է՝ մեկ տարի վերականգնողական բուժում ստանալով Անգլիայում։ Այս իրադարձությունից հետո նա հանդես եկավ «փափուկ վրեժ»-ի գաղափարով, ըստ որի՝ բռնության շրջապտույտը շարունակելու փոխարեն անհրաժեշտ է բռնություն կիրառողներին հասկացնել և հանրային կերպով ընդունել տալ իրենց կատարած մեծագույն վնասները՝ այդպիսով խթանելով ազգի, զոհերի և նույնիսկ ոճրագործների վերականգնման գործընթացը։ Ալբի Սաքսի համար «փափուկ վրեժ»-ը Հարավային Աֆրիկայում օրենքի ուժի, հավասարության, արդարադատության, ազատության և ժողովրդավարության հաստատումն էր։

1990 թվականին՝ Նելսոն Մանդելայի ազատ արձակվելուց հետո, Ալբի Սաքսը վերադառնում է Հարավային Աֆրիկա։ Նա աջակցում է նոր Սահմանադրություն կազմելու աշխատանքներին, այնուհետև առաջին 11 դատավորների հետ նշանակվում է որպես նոր Սահմանադրական դատարանի դատավոր։ Նա 15 տարի աշխատել է երկրի դատական համակարգում՝ մարդու իրավունքների պաշտպանությունը ամրապնդելու ուղղությամբ։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ մարդու իրավունքների և արդարադատության ոլորտում կատարած աշխատանքի, ինչպես նաև իր հրատարակած գրքերի համար։ 2022 թվականին Քլունիների արդարադատության հիմնադրամը սկիզբ դրեց «Ալբի մրցանակ»-ի շնորհմանը՝ ի պատիվ Ալբի Սաքսի՝ հարգանքի տուրք մատուցելով բոլոր այն մարդկանց, ովքեր անմնացորդ աշխատում են մարդու իրավունքների և արդարության համար՝ վտանգելով սեփական կյանքը։


Լարա Սեդրակյան

Լարա Սեդրակյանը «News Deeply»-ի համահիմնադիրն է, որն այժմ գործում է «The New Humanitarian»-ի հետ համագործակցությամբ: Նա «Fresco Capital»-ում՝ Սինգապուրում գտնվող համաշխարհային վենչուրային կապիտալի ֆոնդում, հանդես է գալիս նաև որպես արդյունքի կառավարման գծով գործընկեր: Լարան 5 տարի աշխատել է որպես «ABC News»-ի և «Bloomberg Television»-ի օտարերկրյա թղթակից՝ ներկայացնելով Մերձավոր Արևելքի վերաբերյալ նյութեր: Այդ ժամանակից ի վեր նա սկսել է միավորել լրագրությունն ու տեխնոլոգիան՝ ստեղծելով խորքային բովանդակություն՝ աշխարհի կարևորագույն խնդիրների վերաբերյալ: Նրա առաջին լրատվական հարթակը՝ «Syria Deeply»-ն, սիրիական քաղաքացիական պատերազմի վերաբերյալ մրցանակի արժանացած բովանդակություն է ստեղծել: Այնուհետև նա գործարկել է «Ebola Deeply»-ն, որին հաջորդեցին «Water Deeply»-ն, «Refugees Deeply»-ն, «Oceans Deeply»-ն, «Malnutrition Deeply»-ն և այլ հարթակներ: «Inc Magazine»-ը նրան ընդգրկել է «Կանայք, ովքեր կարող են տնօրինել ապագան» ցուցակում, իսկ «Fast Company»-ն նրան ճանաչել է «Բիզնեսում ամենաստեղծագործ 100 անձանցից» մեկը:

Միջոցառումն իրականացվել է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ և Քրեսթ հիմնադրամի աջակցությամբ: