Ալեքս Գրիգորյանի «Հիշատակարան Էվերեկ-Ֆենեսեի» աշխատությունն իր մեջ մեծ ժամանակագրություն և բազմաթիվ թեմաներ է ամփոփում: Այս գիրքն անգնահատելի աղբյուր է Կայսերիի ներկայիս Դեվելի շրջանի պատմության վերաբերյալ: Հազար էջանոց գիրքը հրատարակվել է 1963թ. Փարիզում Ռուբինյան-Մեսրոպյան հայրենակցական միության կողմից, որը հիմնել են սփյուռքում հաստատված Էվերեկից և Ֆենեսեից գաղթյալները: Մենք օգտագործել ենք այս աղբյուրն՝ Էվերեկում և Ֆենեսեում 19-րդ դարի հայկական դպրոցները բացահայտելու համար: Այս հոդվածում օգտագործված լուսանկարները ևս վերցրել ենք նույն գրքից:

Էվերեկում ընդհուպ մինչև 1840թ. ուսուցիչները դասավանդել են եկեղեցիների տարածքում գտնվող փոքր դպրոցներում և սենյակներում: 1864թ. արդեն հղացել էր դպրոցի շենք ունենալու միտքը: Շենքը կառուցելու համար Դպրոցասեր ասոցիացիան հավաքում է 30 հազար քուրուշ: 1870թ. Ստամբուլի Չաթալ Հանի էվերեկցի հայ վարպետները Վռամշապուհ անունով մի երիտասարդ ուսուցիչ են ուղարկում Ստամբուլից Էվերեկ: Թեև Վռամշապուհի գործունեության շրջանը կարճ էր, Էվերեկի կրթական պատմության մեջ այն բեկումնային եղավ: 

1872-1873թթ. Էվերեկում աղջիկների և տղաների առանձին մեկական դպրոցներ էին գործում, որոնք ունեին ընդհանուր թվով 300 աշակերտ: Դպրոցասեր ասոցիացիան տարեկան 540 քուրուշ էր տրամադրում դպրոցներին: Էվերեկի բնակիչ Բարսեղ Վարդուկյանն, ով իր կրթության համար մեկնել էր արտասահման, վերադառնում է իր քաղաք և սկսում դասավանդել: Լինելով Օքսֆորդ համալսարանի շրջանավարտ՝ Վարդուկյանը ժամանակակից կրթության կողմնակից էր, իսկ Էվերեկի առավել հարուստ խավը պահպանողական էր: Այս անհամաձայնութունն այնքան խորն էր, որ Էվերեկի կրթական պատմության համար ոչ այնքան բարենպաստ հետևանքների հանգեցրեց: Երկու տարի անց Վարդուկյանը լքում է Էվերեկը, իսկ դպրոցի տնօրեն է դառնում հարուստ խավի թեկնածու Կարապետ Լաչիկյանը: 

Դպրոցների վատթար վիճակը բարելավելու համար Էվերեկի հայերը 1879թ. Թալասից հրավիրում են Մերգերիոս Ադամյանին: Ադամյանից հետո Էվերեկ է ժամանում Սարգիս Մելեքյանը: Մելեքյանը մնում է Էվերեկում և 35 տարի զբաղեցնում է տարբեր պաշտոններ՝ այդպիսով կայունություն բերելով Էվերեկի կրթական կյանքում:

Կայսերիի հայկական դպրոցները Թուրքիայի մշակութային ժառանգության քարտեզի վրա

Վաղ 1880-ականներին, երբ կրթությունն արդիականացման փուլում էր, Չաթալ Հանի Էվերեկցի հայ վարպետները դիմում են Պոլսո հայոց պատրիարքարան՝ Էվերեկ ուսուցիչ ուղարկելու խնդրանքով: Պատրիարքարանի խորհրդով 1883թ. Երվանդ Երկաթյան Էֆենդիին ուղարկում են Էվերեկ:

Էվերեկի հայերը 1894-1897թթ. կառուցում են Էվերեկի Սբ. Թորոս եկեղեցին (այսօրվա Ֆաթիհ մզկիթը): Մեկ տարի անց եկեղեցու դիմաց գտնվող շինությունը տրամադրվում է դպրոցների համար: Կարապետ Քալայջյանը 1898թ. դառնում է դպրոցների տնօրենը: Կարապետ հոջան նախաձեռնում է մեկ տանիքի տակ տարբեր դասակարգերի աշակերտներին միավորելու գործը: 

Թեև առավել հարուստներն այնքան էլ չեն ողջունում այս մոտեցումը, Կարապետ հոջային հաջողվում է հաղթահարել դժվարությունները: 1901թ. Էվերեկի դպրոցում սովորում էր 290 տղա և 150 աղջիկ: Դպրոցն ուներ իննը ուսուցիչ, տարեկան ստանում էր 1000 քուրուշ, որից 550-ը՝ Մեսրոպյան ասոցիացիայից, որը հիմնադրել էին Ստամբուլի էվերեկցի հայերը: Մնացած գումարը տեղական միջոցներից էին: Մեսրոպյան ասոցիացիայի հետ կապ ունենալու հետևանքով Էվերեկի դպրոցները կոչվում էին Էվերեկի մեսրոպյան դպրոց: 

Բացի Մեսրոպյանից, Էվերեկում գործում էր նաև աղջիկների բողոքական դպրոցը՝ 60 աշակերտով:

Ֆենեսեի հայերի հիմնադրած Ռուբինյան ասոցիացիա,Ստամբուլ, 1886թ.

Ֆենեսեում՝ Սբ. Հակոբ մատուռի մոտ, 1885թ. մանկապարտեզի շենք կառուցվեց: Ֆենեսեի Սբ. Թորոս եկեղեցու դիմաց գտնվող այս հաստատությունը հետագայում ընդլայնվեց և միավորվեց Ֆենեսեի տղաների և աղջիկների դպրոցների հետ: Այս միավորված հաստատությանն աջակցում էր Ստամբուլի՝ Ֆենեսեի հայերի կողմից հիմնադրված Ռուբինյան ասոցիացիան: 1901թ. Ռուբինյան դպրոցն, ինչպես այն սկսեց կոչվել, ուներ 7 ուսուցիչ, 290 տղա և 130 աղջիկ աշակերտներ: Դպրոցի 1000 քուրուշ բյուջեի կեսը տրամադրվում էր Ֆենեսեի Սբ. Թորոս եկեղեցու, իսկ մյուս կոսը Ռուբինյան ասոցիացիայի կողմից:

Ընդհանուր առմամբ Կայսերիում կար 61 հայկական և 48 հունական դպրոց:

Քարտեզի համար սեղմել այստեղ: