Հրանտ Դինք հիմնադրամը, համագործակցելով «Բերգհոֆ» և «Քրեստ» հիմնադրամների հետ, նախաձեռնել է Հայաստան-Թուրքիա փորձագետների երկխոսության խումբ` նպատակ ունենալով խթանել քաղաքացիական հասարակությունում եղած ազդակները և երկու հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վստահության ամրապնդման միջոցառումներ մշակել:

Քաղաքական, ակադեմիական և քաղաքացիական հասարակության ոլորտները ներկայացնող Հայաստանի և Թուրքիայի մի խումբ փորձագետներ 2016 թվականի հոկտեմբերի 24-27-ը հանդիպեցին Երևանում, 2016 թվականի դեկտեմբերի 12-14-ը՝ Ստամբուլում, 2017-ի հունիսի 12-14-ը՝ Երևանում և 2017-ի հոկտեմբերի 16-18-ը՝ Ստամբուլում և Անկարայում:

Այս հանդիպումների ընթացքում երկխոսության խումբը հստակեցրեց, որ իր ուշադրության առանցքում է լինելու Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը: Խումբը քննարկեց և կարևորեց, որ պետք է տարբերակել կարգավորումն ու հաշտեցումը: Խումբը սահմանում է կարգավորումը որպես երկու հարևան երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումների վրա հիմնված գործընթաց, մինչդեռ հաշտեցումը դիտարկվում է որպես ավելի լայն հասկացություն` անցյալի մասին փոխըմբռնման հասնելով: Խումբը նաև կարծում է, որ երկու ձևաչափերում էլ մեթոդներն ու մասնակիցները պետք է տարբեր լինեն: Այս քննարկումների արդյունքում խումբը որոշեց իր աշխատանքը կենտրոնացնել կարգավորման գործընթացի վրա՝ ընդունելով այն փաստը, որ առանց կարգավորման չի կարող լինել հաշտեցում:

Երկխոսության խմբի անդամները սկսել են իրենց համատեղ աշխատանքը` հրավիրելով թեմատիկ փորձագետների, ովքեր վերլուծում են Հայաստան-Թուրքիա կարգավորման նախորդ նախաձեռնություններից քաղած դասերը՝ ներառյալ Արձանագրությունների գործընթացը, ինչպես նաև վստահության կառուցման համեմատական փորձը տարածաշրջանից և աշխարհից: Խումբը շարունակեց իր աշխատանքը՝ քարտեզագրելով տարբեր ոլորտներում առկա խոչընդոտները, ինչպես նաև հնարավորությունների վերաբերյալ մտագրոհներ կազմակերպելով, որոնց նպատակն էր բացահայտել վստահություն կերտող համապատասխան մեթոդներ:

2018 թվականին խումբը նախատեսում է շարունակել հանդիպումները և կարգավորման կառուցողական ուղիների որոշակի առաջարկություններ անել: