2014 թվակականի հոկտեմբերի 23-ին Բոսֆորի համլսարանի Դեմիր Դեմիրգիլ սրահում տեղի ունեցավ «Լրատվամիջոցներում ատելության խոսքի մշտադիտարկում» ծրագրի կողմից կազմակերպված բաց քննարկում՝ «Խտրականությունն ու ատելությունը մեդիայում․ սոցիալական մեդիան, տարբերության ներկայացվածությունն ու խտրականության դեմ ակտիվիզմը» խորագրով։ Քննարկումը վարում էր Գալաթասարայ համլսարանի Հաղորդակցության ֆակուլտետի անդամ դոկտոր Իդիլ Էնգինդենիզը, իսկ բանախոսներն էին Կիբեր ատելության դեմ միջազգային ցանցի հիմնադիրներից Ռոնալդ Էյսենսը և Իռլանդիայի Մեյնութի ազգային համալսարանի Մեդիա ուսումնասիրությունների ամբիոնի դոկտոր Գավան Թիթլին։

««Ատելության» շրջանառությունը հիբրիդ մեդիա միջավայրում․ համակարգ, համատեքստ, բովանդակություն» խորագրով իր ելույթում դոկտ․ Գավան Թիթլին անդրադարձավ սոցիալական մեդիայում շրջանառվող տարատեսակ ատելության խոսքին՝ ընդգծելով յուրաքանչյուր դեպքի համատեքստի կարևորությունը և ատելության բովանդակությունը։ Նա նաև ընդգծեց, որ մեր առօրյայում գրեթե անհնար է նշմարել և հրապարակայնացնել շրջանառվող թիրախավորումներն ու այլականացման դիսկուրսները՝ կարևորելով ատելության խոսքի դեմ պայքարում այն իմաստները, որոնք վերագրվում են ատելության խոսքի այդ «անտեսանելի» ձևերին։ 

Թիթլիի համոզմամբ ատելության խոսքը քաղաքական դիսկուրս է և անմիջականորեն կապված է գաղափարախոսության հետ։ Երբ որոշակի դիսկուրսը համարվում է ատելության խոսք, ապա այն սկիզբ է դնում սոցիալական արժեքների և խոսքի ազատության կարևոր քննարկումների։ Այնուհետև նա մատնանշեց ատելության խոսքի շուրջ ծավալվող վիճահարույց բանավեճերը, որոնք ուղղված են տվյալ համատեքստում հզոր դիրքում գտնվող խմբերին: Թեպետ ատելության խոսքը հիմնականում ուղղված է պատմականորեն ճնշված, սոցիալապես մարգինալացված և քաղաքականորեն թիրախավորված ինքնություններին, այն նաև կարող է ուղղված լինել հզոր խմբերի կամ անհատների դեմ՝ նրանց ինքնության պատճառով: Ըստ նրա, նման դեպքերը պահանջում են ատելության խոսքի առանձնահատուկ կոնտեքստին ու բովանդակությանը, ինչպես նաև արտոնյալ ու ոչ-արտոնյալ խմբերի վրա ատելության խոսքի թողած վնասներին վերաբերող քննարկումներ։ Նրա պնդմամբ, երբ ատելության խոսքին ենթարկվելիս թիրախավորված ու ոչ-արտոնյալ խմբերը լռում են մշակութային ու քաղաքական պատճառներով, ապա ուժեղանում են ճնշողների և գերիշխող խմբերի հզոր դիրքերը: Ելույթի ավարտին Թիթլին ընդգծեց սոցիալական մեդիայի կարևոր դերը նման խտրական և ատելության դիսկուրսների տարածման մեջ և բնորոշեց սոցիալական մեդիան որպես հանրային ոլորտի մի մաս՝ այն անվանելով «դիսկուրսի մշտական հրավեր»:

Քննարկումը շարունակեց Ռոնալդ Էյսենսը, ով խոսեց առցանց և այլ տեսաակի ատելության խոսքի դեմ պայքարի մասին՝ շեշտադրելով բառերի հզորությունն ու խոսքի ազատության, վեբ 2.0-ի ու սոցիալական մեդիայի միջև կապի կարևորությունը:

Էյսենսի համոզմամբ ատելության խոսքը, որը չի սահմանափակվում կամ պատժվում խոսքի ազատության պահանջներով, հանգեցնում է բռնության, ծայրահեղականության և շատ դեպքերում՝ սպանությունների: Նշելով, որ խոսքի ազատությունը կարևոր է ժողովրդավարության համար, նա նշեց, որ ատելության խոսքն առաջացնում է տառապանք, պառակտում, բռնություն, սպանություն, չարաշահում, էթնիկ լարվածություն, պատերազմ և ահաբեկչություն: Ահա թե ինչու խոսքի ազատությունը միշտ պետք է հակակշռվի ճնշված և ոչ-արտոնյալ ինքնությունների նկատմամբ ատելության խոսքի դեմ օրենսդրությամբ:

Ներկայացնելով ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարող տարբեր արշավներ և ինստիտուտներ՝ Էյսենսը կարևորեց քննարկման խմբերի, առցանց կրթության և ատելության խոսքի, խտրականության ու ատելության հանցագործությունների դեմ արշավների կարևորությունը: Նա հավելեց, որ ատելության խոսքը սոցիալական մեդիայից չէ սկիզբ առել, սակայն այն ավելի ու ավելի է տարածվում սոցիալական մեդիայի տրամադրած հաղորդակցության նոր ձևերի միջոցով։ Նա իր ելույթն ամփոփեց ճշմարտացիորեն նշելով, որ «Ատելության խոսքը լուրջ և աճող վտանգ է. մենք կարող ենք ինչ-որ բան անել: Ոչինչ չանելը ոչնչի չհասնել է»



Ռոնալդ Էյսենսը Ամստերդամում գտնվող «Մագենտա» միջազգային մարդու իրավունքների հասարակական կազմակերպության գլխավոր տնօրենն ու համահիմնադիրն է: Նա Կիբեր ատելության դեմ միջազգային ցանցի խորհրդի անդամ և համահիմնադիր է, կազմակերպությունների ցանց, որոնք պայքարում են կիբեր ատելության դեմ 22 երկրներում։ 1992 թվականից ի վեր Ռոնալդը պատասխանատու է եղել հակառասիզմի և մարդու իրավունքների վերաբերյալ ազգային և միջազգային նախագծերի համար: Համահիմնադիր Սյուզեթ Բրոնխորստի հետ միասին նա ստեղծել է աշխարհում առաջին ինտերնետային ատելության խոսքի Բողոքների բյուրոն, ստեղծել է Առաջին նավարկային ինտերնետ կապը (միջազգային հակառասիստական կրթական ծրագրի շրջանակում), կազմակերպել է սննդի և դեղորայքի տեղափոխում դեպի պաշարված Սարաևո քաղաք, Հարավային Աֆրիկայի Դուրբանից կատարել է անաչառ ուղիղ զեկուցում «ԵՍ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՄ աշխարհի համար» համաշխարհային հակառասիստական համաժողովից, համացանցով կարդացել է Հոլոքոսթի ժամանակ մահացած հոլանդացի հրեաների անունները և ստեղծել է ծայրահեղականության, հակասեմիտիզմի և Հոլոքոստի ժխտման վերաբերյալ իրազեկման արշավներ: Նա նաև Հակասեմիտիզմի դեմ պայքարի գլոբալ ֆորումի Հակասեմիտիզմի առցանց աշխատանքային խմբի անդամ է:

Դոկտ․ Գավան Թիթլին դասախոսում է Իռլանդիայի Մեյնութ ազգային համալսարանի Մեդիայի ուսումնասիրությունների ամբիոնում: Նրա ուսումնասիրության առանցքում են Արևմտյան Եվրոպայում ռասիզմի և բազմամշակութայնության քաղաքականությունը՝ կենտրոնանալով մեդիա դիսկուրսի և հասարակական մշակույթի վրա: Նրա վերջին աշխատանքների թվում են «Բազմամշակութայնության ճգնաժամերը. ռասիզմը նեոլիբերալ ժամանակաշրջանում» գիրքը (2011, Zed Books, Ալանա Լենտինի հետ միասին) և համախմբագրած «Ազգային երկխոսություններ. հանրային ծառայության մեդիան և մշակութային բազմազանությունը Եվրոպայում» գիրքը (Intellect 2014): Ներկայումս նա ավարտին է հասցնում Եվրախորհրդի պատվերով գրված «առցանց ատելության խոսքի» մասին գիրքը, իսկ Sage հրատարակչության համար՝ «Ռասիզմը և մեդիան» գիրքը։ Նա նաև «The Guardian»-ի հոդվածագիր է։