«ՔարԴես»-ի հիշողության նոր շրջայցերի միջոցով Դուք կարող եք բացահայտել Անկարան, մասնավորապես՝ Հիսարը/Միջնաբերդ, Ուլուս հրապարակը, հրեական և Քավաքլըդերե թաղամասերը, լսել բնակիչների և շենքերի բազմամշակութային պատմությունները և ականատես լինել այս թաղամասերի փոփոխությանը և վերափոխմանը: Ետկադրային ձայնավորումը թուրքերենով ներկայացված է Նազ Գյոքթանի, Գյուլչին Քյուլթուր Շահինի, Հալե Սոյգազիի և Նիշան Շիրինյանի կողմից։ Անգլերեն եդկադրային ձայնավորումը ներկայացված է Այլա Ջին Յակլիի և Սայմոն Ջոնսի կողմից։ Շրջայցերը տևում են միջինը երկու ժամ՝ 9-15 կանգառով:

Անկարայի փողոցներում կամ տանը «ՔարԴես»-ի հետ կարող եք գտնել բազմաթիվ կանգառներ, որոնք կրում են Անկարայի բազմաշերտ հիշողության հետքերը, օրինակ՝ Թոփալյանների խանութը, Սուրբ Նիկողայոս հունական եկեղեցին, Ռավզա-ի Թերաքքիի տղամարդկանց դպրոցը, 1916 թ. Անկարայի հրդեհը, Քոջամանօղլու թատրոնը և ամերիկյան սինագոգը։

Ի հավելումն հիշողության շրջայցերի՝ «Բացահայտիր» բաժնում կարող եք գտնել տեղեկություններ Անկարայի մոտ 200 շենքի՝ մզկիթների, եկեղեցիների, սինագոգների, դպրոցների, գերեզմանոցների, ամառանոցների և ջեմեվիների [ալևիների աղոթատեղիներ] մշակութային ժառանգության մասին:

«ՔարԴես»-ը ներկայացնում է դինամիկ պատմություն՝ բանավոր պատմության շուրջ 50 հարցազրույցի տեսանյութերով։ «ՔարԴես»-ի միջոցով Դուք Անկարայի բնակիչներից կարող եք լսել «Akba» գրախանութի, «Flamingo Patisserie»-ի, Երիտասարդության այգու, Շենգյուլ համամի, Քավաքլըդերե կինոթատրոնի, Քուղուլու այգու և Անկարայի սինագոգի պատմությունները:

 

Ի՞նչ է «ՔարԴես»-ը

«ՔարԴես»-ը համախմբում է անցյալի անհայտ բազմամշակութային պատմությունները և պատրաստում քայլելու երթուղիներ, որոնք պատմվում են թուրքերեն և անգլերեն: Օգտատերերը կարող են քայլել այս երթուղիներով և բացահայտել թաղամասերի բազմաշերտ անցյալը։ Այս ամենը ուղեկցվում է բանավոր պատմության տեսանյութերով և հին լուսանկարներով։ Բացի հիշողության շրջայցերից, «Բացահայտիր» բաժնի միջոցով օգտատերերը հնարավորություն ունեն իմանալու, թե ինչ մշակութային ժառանգության կառույցներ կան իրենց բնակավայրերում:


«ՔարԴես»-ը կշարունակի ավելացնել Անկարայի հիշողության շրջայցերը։ «ՔարԴես» բազմամշակութային հիշողության զբոսաշրջային ուղեցույցը անվճար կարելի է ներբեռնել այստեղից:


Նկարի աղբյուր` «Անկարայի ամրոց», «Salt» հետազոտական կենտրոն` https://archives.saltresearch.org/handle/123456789/117988