Այս ուսումնասիրությունը, որը ծավալվում է պետության գործունեության հետևանքով Ստամբուլի հայկական հիմնադրամների սեփականության խնդրի շուրջ, Հրանտ Դինք հիմնադրամի՝ 2011թ. մարտից մինչ 2012թ. հոտկեմբերն իրականացրած հետազոտական ծրագրի արդյունքն է: Հաշվի են առնված պատմական և իրավական կողմերը. տասնամյակներ տևած իրավունքների ստորադասման մասին ընդհանուր նկարագիր կազմելու համար՝ իրականացվել է նաև Ստամբուլում հայկական հիմնադրամների բռնագրավված անշարժ գույքի համապարփակ գույքագրում, վիճակագրական վերլուծություններ, խնդրի մարդկային-սոցիալական տեսանկյունների ուսումնասիրություն: Ուստի ծրագրի նպատակն է Թուրքիայի հանրությանը ներկայացնել, որ խնդիրը ոչ միայն «սեփականության պահանջն» է, այլև մշակույթի գոյության կենսակայունության և այս երկրում ժողովրդավար իրավունքների հաստատման հարց:
Ծրագրի շրջանակներում հնարավոր չէր ընդգրկել Թուրքիայի ողջ տարածքը, ինչպես նաև երկրի բոլոր փոքրամասնական համայնքները: Ինչպես հայտնի է, խնդիրը չի սահմանափակվում Ստամբուլով կամ էլ հայերով: Հասկանալի է, որ հարկավոր են ծրագրեր, որոնք կընդգրկեն ողջ Թուրքիան և բոլոր փոքրամասնություններին՝ պատկերն ամբողջացնելու համար: Այնուամենայնիվ, սխալ չի լինի ասել, որ այս ծրագրի արդյունքները որոշ չափով արտացոլում են Թուրքիայի բոլոր փոքրամասնությունների իրավիճակը:
Մեր հետազոտության մեկնակետը եղել է Հրանտ Դինքի, «Ակօս»-ի, փաստաբան Դիրան Բաքարի և հայկական հիմնադրամների արխիվները: Ներկայումս այս արխիվների հազարավոր փաստաթղթեր թվայնացվել են: Նախորդող հետազոտական աշխատանքի, պատմական քարտեզների, գրքերի, և ամենակարևորը, 2001թ. Պոլսո Հայոց Պատրիարքարանի ներքո ձևավորված Համայնքային գույքի հանձնաժողովի աշխատանքների հիման վրա մենք պատրաստեցինք տվյալների բազա, որը կարող է կիրառվել համապատասխան թեման ուսումնասիրող հետազոտողների կողմից: Տվյալների այս բազան գրքի գույքագրման բաժնի հիմքն է հանդիսացել:
Խնդիրը միայն սեփականության վերադարձը չէ. խնդիրը մեր պատմության այս կողմը հասկանալն ու գալիք սերունդներին այդ գիտելիքը փոխանցելն է: Քանի դեռ այս երկրի հնագույն ժողովուրդներին օտարող մտածելակերպը տիրում է, և նրանք չեն դիտարկվում որպես հավասար քաղաքացիներ, Թուրքիայի ժողովրդավարացման փորձերը չեն հաջողվելու: Հուսով ենք, որ այս աշխատանքը կնպաստի փաստերի առերեսմանն ու կհանգեցնի փոփոխությունների: