Նկարները՝ Մուրաթ Քյոք

Ուրբաթ օրը՝ հունվարի 19-ին, ժամը 15։00-ն (UTC+3), Հրանտ Դինքի հիշատակը ոգեկոչվեց 17 տարի առաջ տեղի ունեցած նրա սպանության վայրում՝ «Սեբաթ» շենքի առջև, որտեղ գտնվում էր «Ակօս» շաբաթաթերթի խմբագրատունը։ «Սեբաթ»-ի առջև հավաքված մարդկանցից բացի՝ Ստամբուլից դուրս գտնվող հազարավոր մարդիկ ևս հնարավորություն ունեցան դիտելու հիշատակման արարողությունը՝ անգլերեն և թուրքերեն հեռարձակված ուղիղ եթերով։

Հանըմ Թոսունը, ով «Շաբաթօրյա մայրեր» նախաձեռնության անդամ է, կարդաց ապրիլից Գեզիի դատավարության շրջանակում Բաքըրքյոյի բանտում անազատության մեջ գտնվող Չիդեմ Մաթերի նամակը, որի մեջ ասվում էր. «2007 թվականի հունվարի 19-ին հենց «Սեբաթ» շենքի մուտքի առջև կատարված սպանությունը «պատահականորեն» տեղի ունեցած բան չէր. մենք դա շատ լավ գիտենք։ Ի լրումն վերջին 17 տարիների ընթացքում տեղի ունեցած անօրինականությունների՝ դրանց ներքո դարավոր անօրինականություններ են ընկած»։

Հիշատակի արարողությանը, որի ժամանակ հնչում են արդության այդպես էլ անարձագանք մնացող պահանջներ, այս տարի հանրությանը դիմեց սոցիոլոգ և գրող Օյա Բայդարը։ Իր խոսքում անդրադառնալով Հրանտ Դինքին և նրա պայքարին՝ նա ասաց, որ Դինքի վրա արձակված փամփուշտները ուղղված էին նաև այս երկրում ապրող ազգերի ու խաղաղության վրա։ Նա հիշեցրեց, որ ամեն տարի «Սեբաթ» շենքի առջև հավաքվողները այս հողի վրա ցանկանում են ապրել միասին՝ հավասար և ազատ՝ ի հակադրումն նրանց, ովքեր փորձում են պառակտել և թշնամացնել մեզ։

Օյա Բայդարի ուղերձը․

«ՀՐԱՆՏԻ ՀԱՄԱՐ

Եղբայրներ, բարեկամներ, Հրանտի սիրելի ընտանիք ու ընկերներ, մեր երկրի խաղաղ, բարեխիղճ, լուսավոր մարդիկ, ինչպես նաև նրանք, ովքեր այսօր չեն կարողացել գալ։

17 տարի առաջ այստեղ, այս դռան առաջ, հարգելի Ռաքելի անմոռանալի խոսքերով ասած` «խավարը, որ մանուկներից մարդասպան է կերտում», սպանեց Թուրքիայի խիղճը։ Այո՛, Հրանտը թե՛ կրողն էր այս երկրի նեղությունների ու ցավի և թե՛ նրա ճնշված ու տառապյալ ժողովրդի դարմանն ու խիղճն էր։

Մարդիկ կան, որ յուրահատուկ են. նրանք մարմնավորում են իրենց ժամանակաշրջանի, իրենց երկրի և ժողովրդի արժեքները: Հրանտն այդպիսին էր։ Չկարծեք, թե պարզապես գովեստի խոսքեր եմ հնչեցնում Հրանտ Դինքի հասցեին, մինչ այսօր այստեղ ոգեկոչում եմ նրա հիշատակը։ Այս մասին մտածել եմ, երբ առաջին անգամ մենք հանդիպեցինք 2002 թվականին, երբ հավաքվել էինք՝ հիմնելու «Խաղաղության նախաձեռնությունը»։ Նա է հեղինակը թե՛ մեր նշանաբանի՝ «Խաղաղություն առանց «եթե»-ների և «բայց»-երի» և թե՛ կարգախոսի՝ «Ո՛չ ուժի սարսափին և ո՛չ սարսափի ուժին»։ Եթե մի օր երկընտրանքի առաջ կանգներ՝ երկկողմանի մեղադրանքների մեջ, ասել էր, որ Թուրքիայում՝ հենց Թաքսիմի հրապարակում կկանգնի ու կաղաղակի՝ «Դա Ցեղասպանություն էր», բայց Փարիզում՝ Կոնկորդի հրապարակում, կկանգնի մի քարի վրա ու կբղավի՝ «Ցեղասպանություն չի եղել»։ Իրականում նա խաղաղության լեզվով գոռում էր ռասիստական-ազգայնամոլական մոլեռանդության դեմքին, որ մարդկանց իրար դեմ էր հանել։ Նա առաջնամարտիկ էր, որ կոտրում էր տաբուներ, մերժում ստեր ու պաշտոնական պատմության խեղաթյուրումը։ Եվ մենք գիտենք, որ խավարածին ուժերը ամենից շատ վախենում են, որ տաբուները կկոտրվեն, որ նրանց ստերը ջրի երես դուրս կգան և որ նրանց խավարասեր դեմքերը երևան կգան։ Դրա համար էլ սպանեցին Հրանտին։

Նա աղավնի էր, ոչ թե բազե: Նա սխալվում էր, երբ ասում էր՝ ես աղավնային վեհերոտությամբ եմ ապրում, բայց գիտեմ, որ այս երկրում աղավնիներին չեն սպանի։ Եթե բազե լիներ, ագրեսիվ լիներ, եթե զենքով ու բռնությամբ պաշտպաներ ժողովուրդների միասնությունն ու եղբայրությունը, թիրախ չէր դառնա։ Այս երկրում տիրող հինավուրց խավարը Դինքի մահապատժի դատավճիռը կայացրեց հենց այն պատճառով, որ նա աղավնի էր: Նրանք ուզում էին լռեցնել աղավնուն, որովհետև հասկացան, որ չեն կարող ստեղծել Հրանտ Դինքի՝ դավաճանի կերպար, հասկացան առանց «եթե»-ների և «բայց»-երի խաղաղարարության լուռ ուժը․ նրանք ուղղակի ցանկանում էին լռեցնել աղավնուն։

17 տարի առաջ՝ հենց այս ժամերին էր, որ քեզ բաժանեցին քո սիրելի երկրից, ընտանիքից, ընկերներից, հողից և մեզնից, ահպարիգ։ Մարդիկ կային, որ քեզ վրա հարձակվելով, ասում էին՝ «Դու աչք ունես այս հողերի վրա»։ Եվ շատ լավ եմ հիշում, թե ինչ պատասխան տվեցիր դու նրանց՝ «Այո, մենք [հայերս] աչք ունենք այս հողերի վրա, քանի որ մեր արմատներն այստեղ են, բայց մի՛ անհանգստացեք, ոչ թե այս հողերը խլելու, այլ այս հողերի ներսում թաղվելու համար»։ Դու, լինելով այս հողի ամենաազնիվ, ամենաթանկ և արդարամիտ մարդկանցից մեկը, հիմա պառկած ես այն հողի ներսում, որտեղ քո արմատներն են՝ խորը գցած։ Այս երկրի բոլոր ազգերի՝ թուրքերի, քրդերի, հայերի, հույների, հրեաների, լազերի, չերքեզների, արաբների, եզդիների, ասորիների, մեր բոլորի արմատները միահյուսված են իրար մեր այս հողի խորքերում։ Ահա թե ինչու ենք մենք ամեն տարի հանդիպում այստեղ՝ ի հեճուկս ռասիստների, ֆաշիստների և բոլոր նրանց, ովքեր փորձում են մեզ պառակտել և մեզ իրար թշնամի դարձնել։ Ահա թե ինչու ենք ամեն տարի մենք բացականչում. «Չնայած ֆաշիզմին՝ դու իմ եղբա՛յրն ես, Հրա՛նտ»։ Ահա թե ինչու ենք մենք վանկարկում՝ «Բոլորս հայ ենք»։ Հիշողությունը վառ պահելու, չմոռանալու և մոռացության չմատնելու համար։ Բայց նախևառաջ ցույց տալու համար, որ մենք միանում ենք քո՝ միասին ապրելու ցանկությանը՝ որպես այս հողի վրա ապրող հավասար և ազատ մարդիկ, ինչը քո կտակն է մեզ։

Ցավոք, քեզ համար լավ լուր չունեմ, ահպարիգ։ Մեր երկրի գլխին եկած խավարը օրեցօր, տարեցտարի ավելի է մթագնում։ Մենք չկարողացանք հաղթել նրանց իշխանությանը, ովքեր մանուկներից մարդասպաններ են դաստիարակում, իսկ անմեղ երիտասարդներից՝ քինոտ սերունդներ: Այն մարդկային արժեքները, որոնց համար դու քո կյանքը զոհաբերեցիր, հարձակման տակ են ռասիստ և ֆաշիստական խմբերի կողմից։ Նրանք, ովքեր ղեկավարում են այս երկիրը, պաշտպանում և ամրապնդում են իրենց գոյատևումն ու իշխանությունը՝ ժողովրդին միմյանց դեմ հանելով: Մարդիկ կորցնում են իրենց հավատը ապագայի նկատմամբ, նրանց հույսը օրեցօր մարում է։ Նրանք շարունակում են սպասել՝ առանց իմանալու, թե իրենց ինչ է սպասվում։ Մենք հիմա ավելի լավ ենք հասկանում, որ քո վրա արձակված գնդակները ուղղված էին նաև այս երկրի ազգերի, խաղաղության վրա։

Դու մեր խիղճն էիր, ահպարիգ։ Ամեն ինչ և բոլորին կարելի է սպանել, բայց խիղճը, բարությունը, քաջությունը չի կարելի սպանել։ Ահա թե ինչու ես դու վերջին 17 տարվա մեջ բոլորիս մեջ վերածնվում ամեն հունվարի 19-ին: Հունվարի 19-ը այս հողերի խղճի ու եղբայրության օրն է, և այն պետք է նշել որպես այդպիսին։

Հարգանքներիս հավաստիքը նրանց, ովքեր կիսում են նույն արժեքները, ինչ որ դու էիր կարևորում։ Հարգանքներիս հավաստիքը նրանց, ովքեր երդվել են խիզախորեն՝ իրենց կյանքի գնով, պաշտպանել այդ արժեքները: Հարգանքներիս հավաստիքը նրանց, ովքեր գին են վճարում այս արժեքների համար բանտախցերում և աքսորում։ Միգուցե չկարողանամ բոլորի անունը թվարկել, բայց թույլ տվեք մի քանի անուն առանձնացնել՝ Սելահաթթին Դեմիրթաշ, Օսման Քավալա, Գյուլթան Քըշանաք։ Հարգանքներիս հավաստիքը նրանց նաև ձեր անունից:»

2020 թ․ի վեր հունվարի 18-ին և 19-ին «Սեբաթ» շենքի ֆասադային հատվածում արտացոլվում է Ումիթ Քըվանչի հեղինակած տեսանյութը։ Այս տարի Հալե Թենգերի «
Հույս և արդարություն» խորագրով տեսանյութն է սփռվում «Սեբաթ» շենքի վրա։