ՕՍՄԱՆ ՔԱՎԱԼԱՆ ծնվել է 1957թ. Փարիզում: Նա ստացել է բիզնեսի բակալավրի աստիճան Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանում, իսկ մագիստրոսի աստիճան տնտեսագիտության ոլորտում՝ Մանչեսթրի համալսարանում։ Մինչ Քավալան ԱՄՆ-ում աշխատում էր դոկտորականի վրա, հայրը մահացավ, և նա վերադարձավ Թուրքիա: 1983թ. իր ընկերների հետ հիմնադրել է «Իլեթիշիմ» հրատարակչությունը՝ աջակցելու սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո ժողովրդավարության և քաղաքացիական իշխանության վերադարձին՝ հանրամատչելի ժողովրդական հրատարակությունների միջոցով։

Մարմարայի երկրաշարժը շրջադարձային եղավ Քավալայի կյանքում. նա աջակցում էր երկրաշարժից հետո տարածաշրջանում ստեղծված քաղաքացիական ցանցերին: Հաջորդած ժամանակահատվածում նա կարևոր դեր խաղաց երկրում նոր զարգացող քաղհասարակության գործունեության մեջ՝ մասնակցելով մի շարք քաղհասարակության կազմակերպությունների ստեղծմանը և դրանց աշխատանքներին:

2002թ. գործարար շրջանակների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ միասին հիմնադրել է «Անադոլու քյուլթյուր» (Anadolu Kültür) մշակութային կառույցը՝ փորձելով տարածել և մասշտաբավորել մշակույթի և արվեստի միջոցառումները և հանդես գալ ի պաշտպանություն մշակութային բազմազանության և իրավունքների։ Օ. Քավալան մասնակցել է տեղական նախաձեռնություններին աջակցող նախագծերին և իրականացրել է նախագծեր՝ տեղական մակարդակում գործող կազմակերպությունների և մշակույթի ու արվեստի գործիչների, ինչպես նաև Եվրոպայում քաղաքհասարակության կազմակերպությունների միջև կապերի ամրապնդման նպատակով:

1990-ականներին Օ. Քավալան ռահվիրայի դեր խաղաց Anadolu Kültür-ի առաջին՝ Դիարբեքիրի արվեստի կենտրոնի ստեղծման նախագծում՝ նպատակ ունենալով օգնել Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում տեղի ունեցած մարտերի թողած վերքերն ամոքելուն և արվեստի միջոցով երկխոսության և խաղաղության մշակույթ կերտելուն: Կարսի արվեստի կենտրոնը՝ դարձյալ Anadolu Kültür-ի աջակցությամբ, դարձավ մշակութային հանդիպումների վայր ոչ միայն Թուրքիայի, այլև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների ընթացքում Օ. Քավալան ուշադրությունը կենտրոնացրել է եվրոպական և անատոլիական քաղաքների միջև կապեր հաստատելու նախագծերի վրա՝ օժանդակելով Անատոլիայի երիտասարդների գեղարվեստական ​​աշխատանքներին և մշակույթի աշխարհի առաջատար գործիչների միջև երկարատև աշխատանքային հարաբերություններին։ «ԴԵՊՈ» (DEPO) կազմակերպությունը, որը հիմնադրվել է ծխախոտի օսմանյան նախկին պահեստում 2008թ., արվեստի անկախ տարածք է, որը հյուրընկալում է բազմաթիվ արվեստագետների՝ շեշտը դնելով բազմակարծության վրա:

2011թ. Վանի երկրաշարժից հետո Օ. Քավալան անցկացրել է լուսանկարչական աշխատաժողովներ: Նա նաև մշակել է նախագծեր և հրատարակել գրքեր եզդի և սիրիացի փախստական ​​երեխաների համար, որոնք ապրում էին ծանր պայմաններում: Օ. Քավալան միավորել է հարյուրավոր արվեստագետների, ինչպես նաև նրանց գործերը՝ ձգտելով նպաստել փակ սահմանի բացմանը Թուրքիայի և Հայաստանի միջև, որ 1993թ. ի վեր չունեն դիվանագիտական ​​հարաբերություններ: Նա մասնակցել է Անատոլիայի մշակութային ժառանգությունը պաշտպանելու, փաստագրելու և վերականգնելու նախագծերին:

Նա իր կյանքը նվիրել է բազմակարծ, ժողովրդավարական հասարակության կառուցմանը: Օ. Քավալան հանդես է եկել ի պաշտպանություն երկխոսության և բազմամշակութայնության։ Նա ցույց է տվել, որ քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները կարող են մշակույթի և արվեստի միջոցով ամրապնդել հարաբերությունները ժողովուրդների միջև: Նա ձերբակալվել է 2017թ. նոյեմբերի 1-ին: 2020թ. սեպտեմբերի 15-ի դրությամբ նա դեռևս գտնվում է Ստամբուլի մարզի Սիլիվրի քաղաքի խստացված ռեժիմով բանտում և նույնիսկ բանտախցում շարունակում է իր արդյունավետ գործունեությունը և միավորում է մարդկանց:

 

Ինձ համար մեծ պատիվ է՝ արժանի համարվել Հրանտ Դինքի անվան մրցանակին: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ժյուրիի անդամներին: Այս օրերին բանտի խցում ես ավելի քան երբևէ զգում եմ Հրանտի ընկերակցության կարիքը. այս մրցանակի շնորհիվ ես ինձ շատ ավելի մոտ եմ զգալու նրան:

Ի տարբերություն Հրանտի, ի տարբերություն իրավապաշտպանների, որոնցից ոմանց բախտ եմ ունեցել ճանաչելու՝ ես այնպիսի անձնավորություն չեմ, ով իր կյանքը նվիրել է հանուն իրավունքների և ազատությունների պայքարին: Այնուամենայնիվ, իմ իսկ ձեռնարկներում ես միշտ ձգտել եմ հետևել հավասար քաղաքացիության սկզբունքին և ջանքեր եմ գործադրել մարդու իրավունքների և փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման համար: Ես հավատում եմ, որ հասարակության տարբեր շերտերի, ինչպես նաև տարբեր երկրներում ապրող մարդկանց նախապաշարմունքները կարող են հաղթահարվել՝ գործի դնելով մեր բանականությունը, երկխոսության մեջ մտնելով և միմյանց լսելով: Իմ համեստ կարծիքով՝ արվեստի և գրականության՝ մարդկությանը բերած ավանդը մարդկանց օգնելն է՝ ձեռք բերելու այդ հմտությունները: Anadolu Kültür-ի գործընկերների հետ միասին ձեռնարկել ենք մի շարք ծրագրեր, որոնք իմ կարծիքով, ծառայել են հենց այդ նպատակին:

Դժբախտաբար, խիստ հիասթափեցնող է տեսնել, որ որոշ նախաձեռնություններ, որոնց մեջ ես ջանքեր եմ ներդրել, չունեցան նախատեսված ազդեցությունը, կամ, ավելի շուտ, տեսնել, որ վերջին զարգացումները չեղարկում են դրանց ազդեցությունը։

Մեզ մեծ ցավ է պատճառում տեսնել, որ երիտասարդները, ովքեր այլ հանգամանքներում և հավասարության ու ազատության պայմաններում հեշտությամբ կդառնային մտերիմ ընկերներ, սպանում են միմյանց Հարավ-Արևելքում, Իրաքում և Սիրիայում: Ես վշտանում եմ՝ տեսնելով, որ հնարավոր չէ միմյանց հաղորդակից դարձնել մեր ընդհանուր՝ էգեյան և միջերկրածովյան, մշակութային ժառանգությանը, և Հայաստանի հետ մեր սահմանը դեռ մնում է փակ:

Այդուհանդերձ, ես չեմ ընկնում հուսահատության գիրկը։ Իմ լավատեսության հիմնական աղբյուրը բխում է երիտասարդներից, արվեստագետներից, մտավորականներից, որոնց հետ ծանոթացել եմ տարբեր նահանգներ՝ Դիարբեքիր, Բաթման, Վան, ինչպես նաև Սալոնիկ, Բեյրութ և Երևան կատարածս ուղևորություններիս ընթացքում: Նրանք են, որ հավատում են մարդկության ընդհանուր իմաստությանը և խղճին, նրանք են, որ հանդես են գալիս հօգուտ խաղաղության և հավասարության։

Վերջերս մեր բազում քաղաքացիների համար, որոնցից մեկն էլ ես եմ, ամենահրատապ հարցը հանրապետության հիմնական հենասյուներից մեկի՝ օրենքի գերակայության քայքայումն է:

Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության ընթացքում, ինչպես նաև «Էրգենեկոն»-ի, «Կռան»-ի և «Քուրդիստանի համայնքների միության» (KCK) դատավարություններում, օրինական գործելակերպ է դարձել դատական ​​համակարգի գործիքացումը՝ որոշակի ընտրված անձանց և խմբերի պատժելու նպատակով: Արտակարգ դրությունը պաշտոնապես վերացվեց, սակայն դրա ստեղծած կլիման տակավին իշխում է: Դատական ​​համակարգը գործում է ոչ թե իրավական նորմերի, այլ թերևս կառավարության քաղաքական առաջնահերթությունների և հրահանգների համաձայն, և այս իրավիճակը նորմալ է ընկալվում:

Կոնկրետ փաստերի անաչառ քննության հիման վրա օրինախախտին բացահայտելու կանոնը նաև ռացիոնալ մտածողության հրամայական է: Երբ այս կանոնը չի կիրառվում, իրականության ընկալումը կարող է հեշտությամբ նենգափոխվել:

Չանտեսելով այն փաստը, որ անօրինական գործողությունների և իրավունքների ոտնահարման դեպքերի մեծ մասն ուղղված է այն մարդկանց դեմ, ովքեր հանրությանը հայտնի չեն՝ կցանկանայի հիշեցնել վերջերս տեղի ունեցած մի շարք միջադեպեր:

Սելահաթթին Դեմիրթաշը կրկին ձերբակալվեց նոր մեղադրանքներով, որոնք հիմնավորված էին քննչական գործում օգտագործված ճիշտ նույն ապացույցներով, որոնց դեպքում ՄԻԵԴ-ի վճռից հետո նրան ազատ արձակելու հրաման էր տրվել:

Ցմահ ազատազրկումը վերացնելուց հետո Ահմեթ Ալթանը դատապարտվեց ևս մեկ խիստ պատժաչափի, այս անգամ՝ ինչ-որ մի կազմակերպության օժանդակելու և հրահրելու մեղադրանքով: Ազատ արձակվելուց հետո նա կրկին ձերբակալվեց դատարանի որոշմամբ, որը գերազանցում էր իր լիազորությունները:

Դիարբեքիրի քաղաքապետ Սելչուկ Մըզրաքլըն ձերբակալվել է իրազեկիչ անձի՝ վկայի ցուցմունքի հիման վրա և դատապարտվել ազատազրկման 9 տարի 4 ամիս ժամկետով։

Լրագրողներ Բարըշ Թերքօղլուն, Բարըշ Փեհլիվանը, Մուրաթ Աղըրելը, Ֆերհաթ Չելիքը, Մյուեսեր Յըլդըզը, Այդըն Քեսերը և Հյուլյա Քըհընչը ձերբակալվեցին՝ արդեն իսկ հանրությանը մատչելի դարձած տեղեկությունների լուսաբանման համար:

«Առաջադեմ փաստաբանների ընկերակցության» (ÇHD) նախագահ Սելչուկ Քոզաղաչլըն և փաստաբան անդամները ազատ արձակվելուց անմիջապես հետո կրկին ձերբակալվեցին. ազատման հրաման տված դատավորների կազմը ցրվեց, իսկ փաստաբանները դատապարտվեցին տասնամյակների ազատազրկման՝ բացառապես իրազեկիչ անձի և անանուն վկայի ցուցմունքների հիման վրա:

Ամենից ցավալին տեսնելն է այն մարդկանց վախճանը, ովքեր հեռանում են կյանքից անօրինականության դեմ բողոքելիս։ Այսքան երկար ժամանակ փաստաբաններ Էբրու Թիմթիքի և Այթաչ Ունսալի՝ արդար դատաքննության պահանջների հետ կապված քայլեր չձեռնարկելը ոչ միայն իրավական նորմերի, այլև մարդկային կյանքին վերագրվող արժեքի քայքայման վկայությունն է:

Դատական իշխանության կողմից համընդհանուր իրավական նորմերին հետևելը նույնպես չափազանց կարևոր է՝ տարբեր մտքերի ու հավատքի մարդկանց ընդհանուր բարոյական արժեքների շուրջ համախմբելու համար: Երբ դա տեղի չի ունենում, հակաօրինական գործելակերպերը դառնում են սովորական, և դա հանգեցնում է այն բանին, որ դրանք նորմալ են ընկալվում։ Այս պարագայում մարդիկ արձագանքում են միայն այն ժամանակ, երբ իրենք, իրենց ընկերներն ու հարազատները կամ հավատակիցներն են անարդարության հանդիպում: Այս վերաբերմունքը նաև խոչընդոտ է ստեղծում անցյալում կատարված իրական հանցագործությունների հատկանիշների գնահատման համար։

Այնուամենայնիվ, ես հույսս չեմ կորցրել, քանի որ կան զգալի թվով մարդիկ, ովքեր դեմ են այս իրավիճակին ընտելանալուն: Այսօր ինչպես քաղաքական դերակատարները, այնպես էլ քաղհասարակության կազմակերպությունները կարծես ավելի լավ են հասկանում այն փաստը, որ դատական իշխանության անկախությունը և հիմնական իրավական նորմերի պահպանումը ժողովրդավարության առաջին և գլխավոր նախապայմանն է:

Կոնկրետ իմ դեպքում, տարբեր կարծիքներ պաշտպանող քաղաքական գործիչները, ինչպես նաև սյունակագիրները, ովքեր առարկություն են հայտնում այն ամենին, ինչ պատահեց ինձ հետ, օգնում են ինձ ավելի լավատեսորեն նայել մեր երկրում իրական դատակաիրավական բարեփոխումների հնարավորությանը:

Եթե կեղծ հանցագործություններ հորինելու ժամանակաշրջանը փակվի, հուսով եմ, որ հնարավոր կլինի ստեղծել խաղաղ գոյակցության հանգամանքներ:

Հարգանքներիս ջերմագույն հավաստիքն եմ հղում Հրանտ Դինք հիմնադրամին, Հրանտի հին ու նոր ընկերներին: